Տեխնոլոգիաների ռեւանշը. 2012-ի դասերը

Միքայել ԶՈԼՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Երեւան

Երբ փորձում ես գտնել բառեր, որոնք կարող են բնորոշել անցած տարին, ակամա միտքդ են գալիս այնպիսի բառեր, ինչպիսին են ՙանսպասելի՚, ՙանհասկանալի՚, ՙտարօրինակ՚, ՙպարադոքսալ՚, կամ, ինչպես մի քանի ամիս առաջ մեկ այլ համատեքստում ասաց մեր պետության ղեկավարներից մեկը, ՙսթափեցնող՚:

Այսօր, ընտրություններին ընդառաջ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարծես թե պարտվել են գրեթե բոլորը: Ընդդիմության դաշտն, ըստ էության, կազմալուծված է: Ամենահզոր ընդդիմադիր կառույցը` Հայ Ազգային Կոնգրեսը, որը դեռեւս երկու տարի առաջ կարող էր հանդես գալ հասարակության զգալի մասի անունից եւ ներկայանալ իբրեւ երկրում արմատական փոփոխություններ կատարելու ընդունակ ուժ, այսօր ստիպված է եղել հրաժարվել առաջիկա ընտրապայքարին մասնակցելուց: Ավելին, այն ունի բազմաթիվ ներքին խնդիրներ եւ հայտնվել է պառակտման վտանգի առջեւ: Մյուս ընդդիմադիր ուժերը, որոնք, թվում է, պետք է օգտվեին այս իրավիճակից եւ փորձեին դառնալ ընդդիմության առաջատարը, եւս այնքան էլ նախանձելի վիճակում չեն. նրանք կամ իրենք էլ հրաժարվում են ընտրություններին մասնակցելուց, կամ մասնակցում են, բայց առանց որեւէ լուրջ ակնկալիքների: Իրեն ՙայլընտրանք՚ համարող ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն այդպես էլ չկարողացավ ձեւակերպել իր դերը ներկայիս քաղաքական համակարգում (ընդդիմությու±ն, թե± իշխանություն) եւ, ըստ էության, գոնե մի առ ժամանակ, դուրս մնաց քաղաքական պայքարից: Քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքացիական շարժումները, որոնց ՙզարթոնքի՚ մասին վերջին տարիներին խոսում էին շատերը (այդ թվում նաեւ տողերիս հեղինակը), այսօր հայտնվել են մի իրավիճակում, երբ ըստ էության ի վիճակի չեն ազդել երկրում ծավալվող գործընթացների վրա:

Թվում է, թե այս իրավիճակում կա գոնե մեկ շահող կողմ` իշխանությունը: Եվ, իրոք, 1991 թվականից հետո նախագահական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը հնարավորություն է ստանում նվազագույն ջանքերով եւ գրեթե առանց ռիսկի ապահովել իր վերարտադրությունը: Ամեն ինչից զատ, դա նաեւ նշանակում է, որ իշխանական ճամբարի օլիգարխներին այս տարի բավականին լուրջ խնայողություններ են սպասում, եւ շատ գումարներ, որոնք պետք է ուղղվեին ընտրակաշառքներին, այս տարի կարող են ներդրվել նոր բիզնես- նախագծերում, կամ, ասենք, հարավային Եվրոպայի երկրների անշարժ գույքի շուկայում (առավել եւս, որ տնտեսական ճգնաժամի պատճառով անշարժ գույքի գները բավականին ցածր են): Սակայն, անգամ եթե իշխանության ստորին եւ միջին օղակներում խանդավառություն է տիրում, կարծում եմ, իշխանության վերին օղակներում գտնվող եւ որոշումներ կայացնող մարդիկ պետք է որ հասկանան, որ իրավիճակը հենց իրենց համար այնքան էլ ձեռնտու չէ:

Հայաստանին սպասում են անմրցակից ընտրություններ, կամ, ավելի ճիշտ, ընտրությունների իմիտացիա: Այսպիսի ընտրություններով հնարավոր չէ լուծել իշխանության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրներից մեկը` իշխանության լեգիտիմության խնդիրը: Անգամ եթե արտասահմանյան դիտորդները եւ եվրոպական կառույցներն ինչ-ինչ պատճառներով գերադասեն չնկատել որոշ ակնհայտ բաներ, սեփական հասարակությանը խաբելը շատ ավելի դժվար կլինի: Առաջիկա ընտրություններով իշխանության եւ հասարակության օտարացումը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն չի հաղթահավի, այլ, ընդհակառակն, կարող է ավելի խորանալ: Իսկ սա վտանգավոր է նախեւառաջ հենց իրենց` իշխանությունների համար: Հիշենք Եգիպտոսի օրինակը, որտեղ 2010 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցան գրեթե առանց մրցակցության, եւ իշխող կուսակցությունը տարավ ջախջախիչ հաղթանակ, իսկ արդեն 2011 թ. հունվարի 25-ին երկրում սկսվեց հեղափոխություն: Հասկանալի է, որ իրավիճակը Հայաստանում շատ է տարբերվում թե Եգիպտոսից, թե ՙարաբական գարնան՚ մյուս երկրներից, եւ դա, անշուշտ, ուրախալի է:  Սակայն, ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել, որ լեգիտիմությունից զուրկ իշխանությունը թույլ է թե ներքին, թե արտաքին ճնշումների առջեւ:

Նման իրավիճակից խուսափելու համար օպտիմալ կլիներ, եթե ընտրություններին մասնակցեր որեւէ լուրջ ՙայլընտրանքային՚ կամ ընդդիմադիր թեկնածու, որը կհավաքեր զգալի քանակությամբ ձայներ, բայց այնուհետեւ կընդուներ իշխանական թեկնածուի հաղթանակը: Ամենայն հավանականությամբ, իշխանական շրջանակներում նման սցենարներ շրջանառվում էին, սակայն որոշակի փուլում որոշվեց, որ այսպիսի սցենարը չափազանց վտանգավոր է: Չէ± որ ՙայլընտրանքային՚ թեկնածուն կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ իրական մարտահրավեր նետել իշխանությանը: Այդ առումով, այն հանգամանքը, որ իշխանությունն արեց ամեն հնարավորը, որպեսզի ընտրություններից առաջ մաքրի դաշտը բոլոր շատ թե քիչ լուրջ մրցակիցներից, խոսում է ոչ այնքան իշխանությունների հզորության, այլ, ընդհակառակը, թուլության մասին:

Թե ինչպես կզարգանա այս իրավիճակը` այսօր դժվար է ասել, առավել եւս, որ կանխատեսումներ անելը, հակառակ մեր հասարակության մեջ տարածված պատկերացումների, ամենեւին էլ քաղաքագետի հիմնական առաքելությունը չէ: Կարծում եմ, այս համատեքստում քաղաքագետի իրական նպատակը պետք է լինի հասկանալ, թե ինչ գործոնների ազդեցությամբ ձեւավորվեց այս իրավիճակը: Ըստ իս, դրանցից  ամենկարեւորը իշխանության  գրեթե տոտալ վերահսկողությունն է տնտեսական ռեսուրսների հանդեպ: Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այն մարդիկ, ովքեր տիրապետում են քաղաքական իշխանությանը, նաեւ այս կամ այն չափով վերահսկում են Հայաստանում առկա տնտեսական ռեսուրսները:

Թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ թե քիչ արդյունավետ ու երկարատեւ քաղաքական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է փող: Իհարկե, կարող են լինել քաղաքական կամ քաղաքացիական շարժումներ, որոնք կարող են առաջանալ եւ որոշ ժամանակ գոյատեւել գրեթե առանց ֆինանսական աջակցության: Ավելին, այդպիսի շարժումները, եթե ներառում են բավական լայն զանգվածներ, կարող են շատ արագ հասնել տպավորիչ հաջողությունների: Որքան էլ հետխորհրդային դավադրաբանները պնդեն, որ վերջին տասնամյակների ընթացքում տարբեր երկրներում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում, առաջացած սոցիալ-քաղաքական շարժումները կազմակերպվել եւ ֆինանսավորվել են ինչ-ինչ մութ ուժերի կողմից, նման շարժումների իրական շարժիչ ուժը գաղափարներն ու էնտուզիազմն են: Սակայն, եթե այդպիսի շարժումը փորձում է վերածվել ինստիտուցիոնալ քաղաքական ուժի, դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:  Կարելի է առանց փողի մարդկանց մեկ օր, մեկ շաբաթ, անգամ մի քանի ամիս պահել փողոցներում (անգամ եթե կա ծեծվելու, բանտարկվելու, նույնիսկ զոհվելու վտանգ), եթե նրանք հավատում են շարժման հռչակած նպատակներին եւ վստահում են շարժման առաջնորդներին: Սակայն, երբ շարժումը վերածվում է ինստիտուցիոնալ քաղաքական ուժի, նրան անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ` կուսակցական աշխատանք կազմակերպելու համար: Այլապես, այն դատապարտված է վաղ թե ուշ վերածվելու մարգինալ ուժի` զուրկ քաղաքական արդյունքի հասնելու որեւէ հնարավորությունից:

Հետխորհրդային որոշ երկրներում իշխող վերնախավերը վաղուց արդեն գլխի են ընկել, որ իրենց վերարտադրությունն ապահովելու համար բոլորովին պարտադիր չէ փակել ընդդիմադիր թերթերը կամ ահաբեկել ընդդիմադիր ակտիվիստներին: Շատ ավելի արդյունավետ է կտրել կամ վերահսկողության տակ վերցնել ընդդիմության ֆինանսավորման պոտենցիալ աղբյուրները, եւ այն վաղ թե ուշ կամ կկազմալուծվի, կամ էլ ստիպված կլինի համակերպվել ՙհամակարգային ընդդիմության՚ դերի հետ: Ռուսաստանում այդ առումով ջրբաժան էր Խոդորկովկսկու գործը, ինչպես նաեւ մի քանի այլ ՙօլիգարխների՚ սնանկացումը, ինչը հստակ ազդանշան ուղարկեց երկրի հարուստ մարդկանց, որ պետք է հեռու մնալ քաղաքականությունից: Հայաստանում նման ազդանշան ուղարկվեց այն ժամանակ, երբ իր բիզնեսների զգալի մասից զրկվեց Խաչատուր Սուքիասյանը: Ի դեպ, ՙօլիգարխների՚ դեմ իրականացվող միջոցառումներն ավելի հեշտ է իրականացնել, քանի որ, ի տարբերություն, ասենք, լրագրողների կամ քաղաքացիական ակտիվիստների, հասարակության վերաբերմունքը խոշոր բիզնեսմենների հանդեպ, որպես կանոն ու մեղմ ասած, այնքան էլ դրական չէ: Առավել եւս, որ հետխորհրդային երկրներում շատ դժվար է գտնել իրապես հարուստ մարդկանց, ովքեր երբեւիցե այս կամ այն չափով օրենք չեն խախտել, ինչն էլ նրանց դարձնում է առավել խոցելի իշխանական ճնշումների համար:

Իսկ երբ ընդդիմադիր քաղաքական ուժերի ֆինանսավորման պոտենցիալ աղբյուրները դրված են հսկողության տակ, մնացածն արդեն տեխնիկայի, կամ, ինչպես սիրում են ասել զանազան փորձագետներ, ՙքաղաքական տեխնոլոգիաների՚ հարց է: Որոշ դեպքերում կարող են կիրառվել բավականին բարդ եւ աշխատատար տեխնոլոգիաներ, ինչպես, օրինակ, մանիպուլյացիաներ տեղեկատվական դաշտում կամ կեղծ ընդդիմադիր ուժերի ստեղծում: Որոշ դեպքերում էլ տեխնոլոգիան շատ ավելի պարզ է, եւ այն կարելի է բնութագրել մեկ բառով` ընտրակաշառք: Այդպիսով ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր ուժերը կարծես թե ազատ են իրենց գործունեության մեջ, ոչ ոք նրանց չի արգելում հանրահավաքներ կամ երթեր անցկացնել, բախումներ ոստիկանության հետ եւ ձերբակալություններ գրեթե տեղի չեն ունենում (բացառությամբ առանձին դեպքերի), ընդդիմադիրները պարբերաբար հայտնվում են հեռուստաալիքների եթերում, սակայն, այդ ամենով հանդերձ, իշխող քաղաքական ուժը գրեթե չունի մրցակիցներ:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ 2012 թվականին պատմությունը Հայաստանում ավարտվեց, եւ այստեղ այլեւս չի լինելու մրցակցային քաղաքականություն: Ներկայիս քաղաքական վերնախավը, ճիշտ է, կարողացել է ինչ-ինչ տեխնոլոգիաների միջոցով չեզոքացնել իր մրցակիցներին, սակայն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար տեխնոլոգիաները բավարար չեն: Դրա համար պետք է երկրի զարգացման հստակ հայեցակարգ եւ այդ հայեցակարգն իրականություն դարձնելու վճռականություն: Եթե վերնախավը զուրկ է այդ հատկանիշներից, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, հնարավոր է երկու ճանապարհ. կամ այդ վերնախավը հեռանում է հասարակության ճնշման տակ, կամ այդ վերնախավի ներսում գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են փոխել իրավիճակը ներսից: Առայժմ Հայաստանում երկու տարբերակներն էլ բավականին անհավանական են թվում: Սակայն, ի վերջո, ո՞վ կարող էր ընդամենը մեկ-երկու տարի առաջ կանխատեսել ներկայիս իրավիճակը, գուցե 2013 թվականը եւս մեզ անակնկալներ կարող է մատուցել:

Share

Comments are closed.