Հարավային Կովկաս. 2012 թվականի դասերը

Ալեքսանդր ՍԿԱԿՈՎ
Ռուսաստանի ԳԱ արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող
Մոսկվա

2012 թվականը Հարավային Կովկասի համար չի եղել հեղափոխությունների, արմատական բարեփոխումների կամ պատերազմների տարի: Այդ տարին, ըստ երեւույթին, կարելի է բնութագրել որպես տեղում դոփելու եւ լճացման տարի: Բայց ես, այնուամենայնիվ, այն կհամարեի անցումային տարի, որի մեջ ներդրված են եւ, ինչպես ինձ է թվում, ներկայիս օրվա առօրեականության եւ ունայնության միջից նշմարվում են ապագայի նախանշանները:

Այդ ապագայի հետ կարելի է ենթադրմամբ կապել երեք իրադարձություններ. Հարավային Օսիայում բազմաչարչար նախագահական ընտրությունները, Վրաստանում փորձագետների մեծամասնության համար խորհրդարանական ընտրությունների անսպասելի ելքը եւ ՙսաֆարովի գործը՚: Հարավօսական եւ վրացական ընտրությունները Հարավային Կովկասը երկու աշխարհի բաժանող գիծ են քաշել, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ է կառավարվող ժողովրդավարության սեփական մոդելը: Անկառավարելի, մարդկային դեմքով անկանխատեսելի եւ հաճախ` վտանգավոր ժողովրդավարությունը հետզհետե վերանում է հետխորհրդային տարածությունից: Մենք այն վաղուց չենք տեսնում (կամ սկզբից եւեթ չենք տեսել) Կենտրոնական Ասիայում, այն վաղուց չենք տեսնում Ռուսաստանում, Բելառուսում եւ Ադրբեջանում: Հավանաբար, այն հեռացել է նաեւ Հայաստանից ու թերեւս` Աբխազիայից: ԱՊՀ տարածքում միակ հիրավի ժողովրդավարական պետություն կարելի է համարել Ուկրաինան, թեեւ կարծում եմ, որ սա էլ է ժամանակավոր: Սակայն, կառավարվող ժողովրդավարությունը տարբեր է լինում. 2012թ. հարավկովկասյան ընտրությունները դրա լավագույն վկայությունն են: Առաջին դեպքում` Հարավային Օսիայում արտաքին գործոնը (Մոսկվան)` ի դեմս իր պաշտոնյաների, տվյալ տարածքի բնակչության փոխարեն որոշում է կայացնում, թե որ նախագահն է այնտեղ անհրաժեշտ: Բնակչության կարծիքը ոչ ոք բացարձակապես հաշվի առնել չի կամենում: Երկրորդ դեպքում` Վրաստանում արտաքին ուժն` ի դեմս Վաշինգտոնի, ՙօգնում՚ է բնակչությանը ընտրություն կատարել, սատարում է կատարված ընտրությանը եւ երաշխավորում գեթ համեմատական կայունությունը: Երկու մոդելներն էլ պայմանավորված են ոչ այնքան հասարակության ներքին զարգացմամբ, որքան արտաքին գործոնով եւ վերջինիս ՙորակով՚: Այստեղ ես նկատի չունեմ, որ ԱՄՆ-ն ՙավելի լավն՚ է, քան ՌԴ-ն. ես հարցն այդպես չէի դնի: Պարզապես Վաշինգտոնում Մոսկվայից ավելի լավ են կարողանում հեռանկարային մտածել, իրենց քայլերի երկարաժամկետ հետեւանքները հաշվարկել եւ խուսափել կոպիտ սխալներից: Կարծում եմ, որ Վրաստանում իշխանության օրինավոր փոփոխության օրինակը (թող` դեռեւս ոչ կատարյալ) կներազդի նաեւ հետխորհրդային տարածության մյուս երկրների վրա: Օրինակը կարող է վարակիչ դառնալ, ինչպես դա տեղի է ունեցել ՙԱրաբական գարնան՚ պարագայում:

Երկրորդ` ապագայի հիմք հաստատող իրադարձությունը ՙՍաֆարովի գործն է՚: Իր ոչ նշանակալից լինելով հանդերձ (մեկ-երկու մարդու ճակատագիրը ժամանակակից աշխարհում շատ բան չարժե) այս գործը ձեռք է բերել խորհրդանշական խորունկ նշանակություն: Նախ` միանգամայն ակնհայտ է, որ ՙՍաֆարովի գործը՚ որոշակի գիծ է քաշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ այսուհետ հնարավոր է լրջորեն խոսել վստահության միջոցառումների ամրապնդման կամ հակամարտող կողմերի փոխզիջումների եւ կարգավորման տարբերակների ինքնուրույն որոնման մասին: Երկրորդը` ՙՍաֆարովի գործը՚ ցուցադրել է տարածաշրջանում միջազգային խաղաղարարության խորը ճգնաժամը: Պարզվել է, որ միջազգային բոլոր (կամ` համարյա բոլոր) դերակատարներն անտարբեր են խաղաղ գործընթացի նկատմամբ: Չեմ կարող հավատալ, որ խորը տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող եւ Եվրամիության կողմից կիսաշրջափակման մեջ հայտնված Հունգարիան Օրբանի կառավարության ոչ այնքան համարժեք քաղաքականության պատճառով Սաֆարովին փաստացի ազատություն է շնորհել առանց Բրյուսելի համապատասխան համաձայնության: Եթե չլիներ Եվրամիության համաձայնությունը` Բրյուսելը կարող էր շատ ավելի կոշտ դիրք բռնել Օրբանի այս հերթական ՙարարքի՚ նկատմամբ: Իսկ եթե Բրյուսելը տվել է այդ համաձայնությունը, ապա դրանով իսկ նա բացահայտել է իր վերաբերմունքը թե հայ-ադրբեջանական հակամարտության, եւ թե Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Դա, ըստ էության, Եվրամիության կողմից Բաքվին տրված քարտ-բլանշ է` հետագա ցանկացած ՙհերոսությունների՚ եւ արկածախնդրությունների համար: Այսպիսով, ՙՍաֆարովի գործը՚ լավագույնս պատկերում է Հայայստանի համար ՙԵվրաինտեգրման՚, ՙԱրեւելյան գործընկերության՚ եւ առհասարակ եվրոպամետ ընտրության հեռանկարները: Եվրամիությանը Հայաստանը պետք չէ. անհրաժեշտ է սոսկ կտրել Հայաստանը Ռուսաստանից եւ սեպ խրել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ: Դրա համար էլ հորինվել է ՙեվրաինտեգրման՚ սույն բավականին տձեւ երեւույթը:

Վերոհիշյալը չի նշանակում, թե ես Հայաստանի համար լավագույն կամ միակ տարբերակն եմ համարում ՙՄաքսային՚ կամ, առավել եւս, ՙԵվրասիական միության՚ մեջ ինտեգրվելը: ՙՄաքսային միությունը՚ դեռեւս կազմավորման փուլում է եւ ինքն իրեն բավարար չափով դեռ չի դրսեւորել: Իսկ ՙԵվրասիական միությունն՚ ավելին չէ, քան նախընտրական քարոզարշավի մեջ շահարկված գաղափար` նախատեսված ԽՍՀՄ համար կարոտախտ ապրող սովորական քաղաքացուն վճռական հաղթանակի ձգտող նախագահի թեկնածուի կողմը քաշելու համար: Առհասարակ, երբ ես լսում եմ որեւէ ինտեգրացիոն կազմակերպության մեջ Ղրղզստանը կամ Տաջիկստանը ներառելու մտադրությունների մասին, ապա հստակորեն հասկանում եմ, որ այն առաջարկող փորձագետներն ու քաղաքական գործիչներն այդ կազմակերպությանը լուրջ չեն վերաբերվում կամ պարզապես կամենում են ՙթաղել՚ այն: Պաշտոնական անձի կողմից տարօրինակ է լսել ՙՄաքսային միության՚ մեջ առավելագույն թվով անդամներ հրավիրելու Մոսկվայի ցանկության մասին հայտարարություններ: Յուրաքանչյուր ինտեգրացիոն կազմակերպություն նախ պետք է ընդլայնվի փուլ առ փուլ` հարստացնելով ոչ միայն ինտեգրման փորձը, այլեւ անխուսափելի հակասությունների հաղթահարման ունակությունը: Երկրորդ` ամեն մի ինտեգրացիոն կազմավորումն ունի ընդլայնման ՙառաստաղ՚` անդամների այն առավելագույն քանակը, որը նա ի վիճակի է ՙմարսել՚:  Հիշատակածս ՙչմարսման՚ ցայտուն օրինակը Եվրամիությունն է, որը չմտածված ընդլայնման հետեւանքով ՙհիվանդացել՚ եւ ՙկոտրվել՚ է:  Կարծում եմ, որ Հայաստանը դեռեւս ի զորու է վարել ՙկոմպլեմենտարության՚ քաղաքականությունը, քանի դեռ այն իրականացնելու պաշարներն առկա են:

Իմ կարծիքով, ներկայումս Հայաստանի առջեւ ծառացած է երկու հարց` ռուս-հայկական եւ ռուս-վրացական հարաբերությունների ապագան: Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը Հայաստանին նոր հնարավորություն է ընձեռում, որից հարկավոր է անհապաղ օգտվել: Այդ հնարավորությունը վերաբերում է ոչ այնքան Վրաստանի հայերի իրավունքներին` Ջավախքին, հայկական եկեղեցիներին եւ այլն, այլ Վրաստանի միջով արտաքին աշխարհի եւ, մասնավորապես, Ռուսաստանի հետ լայն եւ ապահով միջանցք ստանալու եզակի առիթին: Հասկանալի է, որ Լարսի ճանապարհը միջանցք չէ. այն բավականին փոքր եւ հնացած օդանցք է: Անհրաժեշտ է աշխատել (հավանաբար` Ռուսաստանի հետ միասին) թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջով հաղորդակցային ուղիների վերաբացման, եւ թե նոր միջկովկասյան հաղորդակցային ուղիների ստեղծման ուղղությամբ: Ես նկատի ունեմ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին համարյա իրականացված Կովկասյան լեռնանցքային երկաթուղու (Վլադիկավկազ-Թբիլիսի) եւ Հյուսիսային Օսիան եւ Ռաճան միմյանց կապող այսպես կոչված Ռազմաօսական ավտոմայրուղու նախագծերին վերադառնալը: Օդանցքների փոխարեն անհրաժեշտ է դռներ բացել, եւ շատ զարմանալի է, որ դրա մասին ոչ ոք չի խոսում ու հավանաբար ոչ իսկ մտածում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հասկանալ, որ այս բոլոր հարցերում հայերը ստիպված կլինեն հաղթահարել Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնելու ձգտող եւ դրա համար (այդ թվում եւ Վրաստանում) որոշակի պաշարներով օժտված Ադրբեջանի հուժկու դիմադրությունը:

Երկրորդ հարցը կապված է ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական բախման աճող հավանականության հետ: Հարցը վերաբերում է Ռուսաստանի հավանական անելիքին` մի կողմից հաշվի առնելով Հայաստանի հետ նրա ունեցած դաշնակցային հարաբերությունները, իսկ մյուս կողմից` ՙառանձնահատուկ՚ (իսկ ռուսաստանյան գործարար վերնախավի զգալի հատվածի համար` պարզապես ՙմտերմիկ՚) հարաբերություններն Ադրբեջան հետ: Հարկ է հասկանալ, որ չճանաչելով ԼՂՀ անկախությունը` Մոսկվան ու Երեւանը  դրանով իսկ (միջազգային իրավունքի նորմերի համաձայն) ճանաչում են Բաքվի տարածքային ամբողջականությունը: Ուստի, եթե Բաքուն հարվածի զուտ Լեռնային Ղարաբաղի տարածքը, ապա Ռուսաստանը ոչ մի հիմք չի ունենա միջամտելու հակամարտությանը, իսկ Հայաստանի հնարավոր միջամտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից կբնութագրվի որպես ՄԱԿ-ի անդամ պետության դեմ ագրեսիա: Բայց ի՞նչ անել:

Նվազագույնը` այս բոլոր հարցերը պետք է բարձրացնել, քննարկել եւ դրանց ուղղությամբ խորհել: Իմ կարծիքով, մեկնարկած տարում բոլորիս խորհելու առիթները միայն կշատանան: Գլխավորը` չուշանալ եւ պատրաստ լինել իրավիճակի զարգացման բոլոր տարբերակներին: Եթե զգուշացված ես, ուրեմն` զինված ես:

Share

Comments are closed.