Արցախյան կարգավորումը 2012 թվականին

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության
հանրային խորհրդի  նախագահ
Ստեփանակերտ

Անցած 2012 թվականն Արցախի համար հոբելյանական էր` ԼՂՀ պետական անկախության Հռչակագրի ընդունման (1992 թ. հունվարի 6), ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման (1992 թ. մայիսի 9) 20-ամյակն էր:

2012 թ. մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որի ժամանակ ցուցադրվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներ: ԼՂՀ ԶՈՒ տեխնիկական լավ համալրումը եւ անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը զսպող գործոն են, ուստի եւ` Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության գրավականը:

Տարին անցել է համանախագահող բոլոր երեք երկրներում եւ Արցախում նախագահական ընտրությունների ՙհովանու՚ տակ: Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Որպես կանոն, ընտրական տարիները հանգեցնում են բանակցային աշխուժության անկման, իսկ հակամարտության առկայությունն օգտագործվում է ներքաղաքական շահարկումների համար: Այս առումով 2013 թվականը եւս բացառություն չի լինի. փետրվարին նախագահական ընտրություններ տեղի կունենան Հայաստանի Հանրապետությունում, իսկ աշնանը` Ադրբեջանում:

Անցած տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած առաջին եւ միակ հանդիպումը հունվարի 23-ին տեղի է ունեցել Սոչիում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է Համատեղ հայտարարություն:1  Վերջինիս բովանդակությունից ակնհայտ է դարձել, որ կարգավորման հիմնարար կամ ՙմադրիդյան՚ սկզբունքները դեռեւս մնում են բանակցության սեղանին եւ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացից համապարփակ խաղաղ պայմանագրի մշակմանն անհապաղ անցնելու ադրբեջանական կողմի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:[2]

Ադրբեջանը վերահաստատել է իր անպատրաստությունը` հետաքննելու հրադադարի կարգի խախտումները: Հենց այդ պատճառով միջնորդների մշակած մեխանիզմը նախագահների կողմից ընդամենն ի գիտություն է ընդունվել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին առաջարկվել է այդ ուղղությամբ աշխատանքը շարունակել: Ընդունված փաստաթղթում նախագահները հայտարարել են մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ երկխոսության կայացմանը նպաստելու իրենց պատրաստակամության մասին: Այս մոտեցումն ընդունելի կլիներ, եթե մտավորականության եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների մասին խոսելիս նախագահները նկատի չունենային Ռուսաստանում Ադրբեջանի ու Հայաստանի դեսպանների մասնակցությամբ անարդյունավետ, ավելի ճիշտ` հակառակ արդյունք տվող այցերը կամ ներղարաբաղյան ՙմիջհամայնքային՚ երկխոսության ձեւաչափի ստեղծման ուղղությամբ պաշտոնական Բաքվի անհաջող փորձերը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը3, որը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն իսկ փետրվարի վերջերին չեղյալ է հայտարարել:4  Սենատի որոշումը Ֆրանսիայի հասցեին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախահարձակ քայլերի եւ սպառնալիքների առիթ է դարձել: Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ կառավարող կուսակցությունը դատապարտել են Ֆրանսիայի Սենատի որոշումը: ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ այս քայլը կարող է վնաս պատճառել որոշ տարածաշրջանային գործընթացներում Փարիզի մասնակցությանը: Ադրբեջանական կողմը նաեւ կասկածի տակ է առել Ֆրանսիայի անկողմնակալությունը ղարաբաղյան հակամարտության հետ առնչվող հարցերում: Ֆրանսիայի հեռացումը Մինսկյան գործընթացից կարող էր էապես ազդել վերջինիս ընթացքի վրա:[5]

2012 թ. գարնանը մեկնարկել է նախագահական մրցապայքարը, եւ որոշակիացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնող թեկնածուները: Ընտրություններն ունեին նաեւ արտաքին-քաղաքական ուղղվածություն: Այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանը հասարակության դատին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ նոր գաղափարներ, ինչպես նաեւ կողմ է արտահայտվել Արցախի սուբյեկտության ու անվտանգության բարձրացման եւ ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու օգտին:[6]

Հուլիսի 19-ին Բալասանյանի ծրագիրն արժանացել է, ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տարբերակով, քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի 1/3-ի հավանությանը:7  ԼՂՀ-ում կայացած այս նախագահական ընտրությունները հնարավորություն են ընձեռել քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների սանդղակում երկրի վարկանիշի բարձրացման համար: Այլընտրանքային թեկնածուի մասնակցության շնորհիվ հնարավոր է դարձել հասնել ՙFreedom House՚-ի կողմից ԼՂՀ նախկին` մասնակիորեն ազատ երկրի կարգավիճակի վերականգնումը, որը կորսվել է 2010 թ. խորհրդարանական ընտրությունների ոչ խելամիտ անցկացման հետեւանքով, եւ կրկին վերականգնել ԼՂՀ խորհրդարանում տեւական ժամանակ թափուր մնացած ընդդիմադիր բեւեռը:

Հարկ է նշել, որ ժողովրդավարության ամրապնդման շնորհիվ ապահովվող արժանապատիվ կեցությունը նախ եւ առաջ անհրաժեշտ է հենց Արցախի քաղաքացիներին: Միաժամանակ, Արցախի ժողովրդավարական վարկանիշը նպաստելու է գլխավոր արտաքին-քաղաքական խնդրի լուծմանը` ԼՂՀ միջազգային ճանաչմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ հրապարակավ խոստովանել են, որ ԼՂ իշխանությունները պարտավոր են ընտրական գործընթացների միջոցով ապահովել հանրային կյանքի կազմակերպումը ժողովրդավարական սկզբունքների հիման վրա:[8]

Անցած ընտրությունները ցույց են տվել, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը եւ դավադրամոլական տեսություններից հրաժարվելը կարող են կարեւոր դեր ունենալ երկրի զարգացման օրակարգի որոշման եւ նրա միջազգային վարկանիշի բարձրացման հարցում: Սա 2012 թ. դասերից մեկն է:

2012 թ. ամերիկյան Ռոդ-Այլենդ եւ Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինները9, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ճանաչել են արցախցիների ինքնորոշման իրավունքը եւ իրենց երկրների դաշնային իշխանություններին կոչ են արել ճանաչել ԼՂՀ անկախությունը: Արտերկրի հայկական սփյուռքի կողմից ակտիվորեն սատարվող այս գործընթացը պետք է իր շարունակությունն ունենա նաեւ 2013 թ.: Մեր իրավունքների ճանաչումն անգամ տարբեր երկրների տարածաշրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոգեւորում է արցախցիներիս` ամրապնդելով մեր կամքն ու հանդիսանալով լուրջ բարոյական պատվար: Միաժամանակ, մեկնարկած գործընթացը միջազգային հասարակական կարծիք է ստեղծում առ այն, որ ԼՂՀ անկախության ճանաչումն այլընտրանք չունի:[10]

Ճանաչման հարցում կարեւոր քայլ էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության պատվիրակության ԼՂՀ կատարած այցը` այդ երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Պատվիրակության ներկայացուցիչներից ոմանք չեն բացառել, որ Ուրուգվայը կարող է դառնալ ԼՂՀ անկախությունը ճանաչող առաջին երկիրը. նշվել է, որ տվյալ այցը կարելի է դիտել որպես այդ ուղղությամբ կատարված առաջին քայլ:[11]

Անցած տարում կողմերի զինված ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում էր բարդ մնալ: Տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր: Առաջնագծում իրավիճակը հատկապես թեժացել էր հունիսի սկզբներին, երբ ադրբեջանական կողմը մի քանի փորձ էր ձեռնարկել ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերը12  եւ ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի հայկական հենակետերը ներթափանցելու ուղղությամբ: Պատասխան գործողությունների հետեւանքով հակառակորդի դիվերսիոն առաջխաղացումները կասեցվել են. ադրբեջանական կողմը, կորուստներ կրելով, հարկադրվել է նահանջել:  Ադրբեջանական ռազմական դիվերսիայի հետեւանքով ադրբեջանական եւ հայկական կողմերը կորուստներ են կրել:[13]

Իրավիճակի լարման կապակցությամբ լուրջ մտահոգություն են արտահայտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին-քաղաքական գերատեսչությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ ներկայացուցիչները:[14]

Եթե Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները լարվածության աճ են հրահրել պետական սահմանների երկայնքով, ապա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման շուրջ ադրբեջանա-հունգարական դավադրությունը լուրջ վնաս է հասցրել կարգավորման խաղաղ գործընթացին եւ էլ ավելի է սրել հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ առկա լարվածությունը:

Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միացյալ Նահանգները  Բաքվից եւ Բուդապեշտից բացատրություններ են պահանջել ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ներման, նրա զինվորական կոչման բարձրացման եւ հերոսացման կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է. ՙՌամիլ Սաֆարովին ներելը, զինվորական կոչումը բարձրացնելը եւ հերոսացնելը` այս ամենը հարուցում է մեր լրջագույն անհանգստությունը: Դա ողջ տարածաշրջանի համար իսկական սադրանք էր՚: [15]

Հայաստանի Ազգային ժողովը մարդասպանի արտահանձնման եւ ներման առնչությամբ հայտարարություն է տարածել, բայց այն բավական թույլ էր եւ ստեղծված իրավիճակին անհամապատասխան:16  Հայաստանում եւ աշխարհում հզոր բողոքի ալիքը եւ ստեղծված բարենպաստ ֆոնը պաշտոնական Երեւանին պետք է ավելի վճռական քայլերի մղեին, այդ թվում եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-յուրե ճանաչմանը եւ վերջինիս հետ փոխադարձ անվտանգության տարրեր պարունակող ռազմավարական գործընկերության վերաբերյալ միջպետական պայմանագրի ստորագրմանը:

ՙՍաֆարովի գործը՚ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային եւ ազգային պաշտոնյաներին կաշառելու Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի եւ ՀՀ անվտանգության համար իրական վտանգ է, որը կասկածի տակ է առնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորումը: Ստեղծված պայմաններում Հայաստանը կարող էր դադարեցնել իր մասնակցությունը Մինսկյան գործընթացում, իսկ ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերը բանակցությունները վերսկսելու համար իրավունք ունեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից պահանջել անվտանգության վստահելի երաշխիքներ: Այդպիսի երաշխիք կարող է լինել Արցախի միջազգային ճանաչումը եւ ներառումն անվտանգության համաշխարհային համակարգի մեջ: Այսպիսով, միջնորդները կփակեին ռազմական հեռանկարը եւ կապահովեին հավասար պայմաններ` կարգավորման մյուս առանցքային խնդիրների քննարկման համար:17  Սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց. հայկական կողմն առանց նախապայմանների ընդունել է միջնորդների առաջարկը`  Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հոկտեմբերի 27-ին Փարիզում հերթական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Փարիզյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մամուլի համար հայտարարություն տարածեցին, որում խոսվում էր երկու նախարարներին ներկայացված ինչ-որ նոր գաղափարների մասին:18  Հատկանշական է, որ հարավկովկասյան տարածաշրջանային այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոտեցումների մասին խոսել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:[19]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն` ի դեմս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Բեռնար Կազնեւի, դեկտեմբերի 6-ին Դուբլինում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել խաղաղ գործընթացում ավելի մեծ հետեւողականություն դրսեւորել եւ համանախագահների հետ աշխատել` վերջիններիս կողմից առաջարկված գաղափարները նոյեմբերին սպասվելիք տարածաշրջանային այցի  ժամանակ ավելի հանգամանորեն ու մանրազնին կերպով քննելու համար: Նախարարները ողջունել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների` 2013 թ. սկզբներին հանդիպելու եւ քննարկումները շարունակելու պատրաստակամությունը:[20]

Նոր գաղափարների եւ մոտեցումների բովանդակության հրապարակումը թույլ կտար հասկանալ, թե որ ուղղությամբ են մտադիր շարունակել իրենց առաքելությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2013 թվականին: Ակնհայտ է, որ կարգավորման նախորդ մոտեցումների եւ փիլիսոփայության հիման վրա անհնարին է հասնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման: Միջնորդները պետք է համարձակություն ունենան երեք հակամարտող կողմերին առաջարկել արդի միջազգային-իրավական իրողությունները եւ այլ հակամարտությունների վերջին նախադեպային լուծումները  հաշվի առնող մոտեցումներ:

————————————————————————

1. Совместное заявление Президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию от 23 января 2012 года, http://news.kremlin.ru/ref_notes/1135

2. “Мадридские” принципы все еще остаются на столе переговоров по Карабаху – карабахский эксперт, http://www.regnum.ru/news/polit/1491068.html

3. French Senate passes Armenian genocide law, http://www.bbc.co.uk/news/world-europe-16677986

4.Loivisant à réprimer la contestation de l’existence des génocidesreconnuspar la loi, http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/les-decisions/acces-par-date/decisions-depuis-1959/2012/2012-647-dc/decision-n-2012-647-dc-du-28-fevrier-2012.104949.html

5. МасисМаилян: Франция может уйти из минского процесса, захлопнув за собою двери, http://www.arminfo.info/russian/artsakh/article/27-01-2012/01-54-00

6. Сергей Маркедонов, “ЮЖНЫЙ КАВКАЗ: ОСНОВНЫЕ ИТОГИ 2012 ГОДА», http://www.politcom.ru/15091.html

7. Տեղեկատվություն ԼՂՀ Նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ, http://cec.am/?section=tim_itog

8. Statement of the OSCE Minsk Group Co-Chairs, 20.07.2012, http://www.osce.org/mg/92313

9. В ноябре 2004 года Ассамблея штата Массачусетс впервые признала демократические и экономические достижения НКР.

Massachussetts State Assembly Welcomes President Ghoukasian. Reps. Koutoujian and Kaprielian initiate a pioneer resolution in recognition of Artsakh’s achievements, http://nkrusa.org/press_releases/press_2004_12_16.shtml

В 2005 году 59 конгрессменов США, а в 2006 году 77 конгрессменов призвали президента США поддержать НКР и установить двусторонние отношения.
Fifty-Nine Members of Congress Urge President Bush to Support NKR Aspiration to Live in Freedom
http://nkrusa.org/press_releases/press_2005_10_03.shtml
Nearly 80 Members of Congress Urge U.S. President to Expand Relations with Independent Artsakh
http://nkrusa.org/press_releases/press_2006_10_03.shtml

10. В Карабахе воодушевлены признанием австралийского штата их права на самоопределение, http://www.regnum.ru/news/1587079.html

11. Уругвай может признать НКР, http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=77450

12. Очередная диверсия в зоне карабахского конфликта – есть погибший и раненые, http://www.regnum.ru/news/1539181.html

13. Минобороны Армении: Вооруженная диверсия пресечена, противник, неся потери, отступил, http://news.am/rus/news/108037.html

14. «Kарабахское урегулирование — 2012», журнал Аналитикон, http://theanalyticon.com/?p=2692&lang=ru#more-2692

15. Филипп Гордон: «Помилование Сафарова – провокация для региона», http://rus.azatutyun.am/content/article/24717930.html

16. Парламент Армении принял заявление по поводу экстрадиции и помилования Рамиля Сафарова, http://news.am/rus/news/119807.html

17. МасисМаилян: Армения может приостановить свое участие в Минском процессе, http://news.am/rus/news/120354.html

18. Press release of the OSCE Minsk Group Co-Chairs and Foreign Ministers of Armenia and Azerbaijan, Paris, 27 October 2012.,http://www.osce.org/mg

19. МасисМаилян: Слова Клинтон о «новых» подходах – признание не реалистичности «прежних», http://news.am/rus/news/108473.html

Share

Comments are closed.