ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (փետրվար)

Փետրվարի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3186 մարդ, որոնցից 3036-ը կանայք են, իսկ գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2944 մարդ (2850-ը` կանայք):

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ. նախագահը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության փետրվարի սկզբին տարածած հաղորդագրության համաձայն` նախնական տվյալներով հունվար ամսում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 1481.1 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 0.4 տոկոսով:

Փետրվարի 4-ին տեղի է ունեցել ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստը, որին մասնակցել է նաեւ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Փետրվարի 5-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին` Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նույն օրը ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ, որի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Նույն օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները կասեցրել են ադրբեջանական հերթական դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը:

Փետրվարի 7-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ հերթական նիստը, որի ընթացքում հիմնականում խոսվել է երկու կառույցների համագործակցության մասին, ինչպես նաեւ կառույցների ղեկավարների կողմից ստորագրվել ընթացիկ տարվա համատեղ աշխատանքային ծրագիրը:

ԼՂՀ ԿԱ ոստիկանության` փետրվարի սկզբներին կայացած կոլեգիայի նիստի ընթացքում նշվել է, որ հանրապետությունում գրանցվել է 393 հանցագործության դեպք` 2011թ. 368-ի դիմաց, ընդ որում` գրանցված հանցագործություններից 80-ը կամ 20.4 տոկոսը կատարվել է նախորդ տարիներին:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան կառույցների միջեւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը նույն օրն ընդունել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է Արցախի ներդրումային հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին եզրակացությունը, որում նշված են վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումների, անարդյունավետ ծախսերի եւ այլ թերությունների մասին:

Նույն նիստում հայտարարվել է, որ ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խախտումների հետ կապված նյութերը կուղարկվեն գլխավոր դատախազություն:

ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության տվյալներով` տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ անցած տարի ի հայտ է բերվել 47 հանցագործություն, որից 35-ը կոռուպցիոն բնույթի են:

Փետրվարի 8-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՙThe HALO Trust՚ բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Նիք Սմարթին. հանդիպմանը պարոն Սմարթը ներկայացրել է 2012 թվականին կազմակերպության կողմից կատարած աշխատանքները եւ 2013 թվականի անելիքները:

Նույն օրը Արցախյան մեծ հարսանիքի 78 զույգ, ում հարկի տակ 2012 թվականին երեխա է ծնվել,  իրենց նվերներն են ստացել 250 զույգի քավորությունը ստանձնած բարերար Ռուբեն Վարդանյանից.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 3-9-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

ԼՂՀ-ում ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով իրականացվող միջոցառումների ծրագրով այս տարվա հունվար ամսում բացվել են 23 ավանդային հաշիվներ` 13100,0 հազ. դրամի չափով, տեղեկացնում է ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքը. նույն աղբյուրի փոխանցմամբª հանրապետությունում 121 երեխաների ծննդյան կապակցությամբ տրամադրվել են 31000,0 հազ. դրամ միանվագ նպաստներ, իսկ 45 նորաստեղծ ընտանիքների` 13500,0 հազ. դրամ ամուսնության միանվագ նպաստներ:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել առողջապահության համակարգի աշխատողների հետ եւ քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները. առողջապահության ոլորտը որակելով որպես մեր հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկը` նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի բնակչության լայն խավերի համար բուժօգնության մատչելիության, որակի եւ արդյունավետության բարձրացման` սկսած առաջնային բուժօգնության ցուցաբերումից մինչեւ մասնագիտացված բուժման ավարտը, նյութական ու ֆինանսական միջոցների եւ կադրերի ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները:

Բակո Սահակյանը նույն օրն այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:

Փետրվարի 12-ին Հադրութում ցույց է կազմակերպվել, ինչպես 25 տարի առաջ. միջոցառման մասնակիցները հադրութցիները չէին միայն, այլ բազմաթիվ հյուրեր` Արցախի տարբեր շրջաններից ու Հայաստանից, ովքեր մինչեւ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված ցույցի մեկնարկն այցելեցին Հադրութի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան գոյամարտի ընթացքում զոհվածների հիշատակին:

Նույն ցույցում հրապարակվել է Հայաստանի նախախորհրդարանի ու ՙՍահմանադրական Արցախ՚ շարժման համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է փետրվարի 12-ին, Հադրութում` Արցախի հարցի վերջնական եւ հայանպաստ լուծման հեռանկարի վերաբերյալ տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում. ՙՀայաստանի նախախորհրդարանը եւ ՙՍահմանադրական Արցախ՚ շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է, ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն եւ զարգացվեն, Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ, Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում` Հայաստանում (ներառյալ Արցախ) ազգային նպատակներ եւ խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով՚:

ՙ88-յան շարժումով մենք սկսեցինք մի գործընթաց, որի արդյունքում մեզ հաջողվեց Արցախը միավորել Հայաստանին: Սակայն, դժբախտաբար, մեզ չհաջողվեց ձեւավորել մեր երազած ու պատկերացրած պետական համակարգը՚,- այս մասին ցույցի ժամանակ հայտարարել է ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Փետրվարի 12-ին Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ՙԿոմիտասի կյանքը եւ գործը՚ մուլտիմեդիա էլեկտրոնային հանրագիտարանի եւ ՙԿոմիտաս. երգենք միասին՚ ձայնասկավառակների շնորհանդեսը:

Փետրվարի 13-ին Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք կազմակերպվեց Ստեփանակերտում:

Նույն օրը Շարժման 25-ամյակին նվիրված կոչով հանդես եկան արցախցի երիտասարդները, ովքեր հայտարարեցին. ՙԻնքնիշխան պետություն կերտելու եւ մեր պետության ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքն այլընտրանք չունի, մենք ունենք անհրաժեշտ եւ բավարար ներուժ` մեզ ավանդված ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու եւ պաշտպանելու, անկախության ձեռքբերումները բազմապատկելու համար, մեր հաղթական երթն անկասելի է, մեր պետականության զորացման ուղին` անշեղ՚:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների. երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը, քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի փետրվարի 13-ին ստորագրած որոշմամբ Կարեն Ներսիսյանը հասարակական հիմունքներով նշանակվել է վարչապետի կենսաթոշակային բարեփոխումների եւ կրթության ու գիտության հարցերով խորհրդականª հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն օրը Ստեփանակերտի մամուլի ակումբում մամուլի ասուլիս են հրավիրել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Արցախում գտնվող Հայաստանի Նախախորհրդարանի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Էմիլ Աբրահամյանն ու Հասմիկ Էվոյանը:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ստորագրել է հրամանագիրª Վասիլի Ավետիսյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ նշանակելու մասին:

Երեւանի ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի եւ Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին Ստեփանակերտում ներկայացվել է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի` ՙՀԱՅԱՍՏԱՆ 2012. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ՚ տարեկան զեկույցը:

Զեկույցի ներկայացումից անմիջապես հետո տեղի է ունեցել քննարկում` ՙՀայաստանի ընտրությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը՚ թեմայով. բանախոսները երկուսն էին` ԼՂՀ Ազգային ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Փետրվարի 14-ին ԼՂՀ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների եւ զորամասերի հրամանատարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակային նոր ուսումնական տարվա առաջին փուլի մեկնարկային միջոցառումների վերլուծությանը:

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված հանքարդյունաբերության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2013 թվականի անելիքներին. նախագահը հատուկ ընդգծել է, որ հանքարդյունաբերության զարգացումը պետք է ընթանա բնօգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության նորմերի խստիվ պաշտպանությամբ:

Փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հրադադարի խախտման դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել հատկապես փետրվարի 15-17-ը. ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն նշված ժամանակահատվածում դիպուկահար զենքերից, ինքնաձիգերից եւ գնդացիրներից ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 400 կրակոց:

Փետրվարի 16-ին, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը, բազմաթիվ մարդիկ այցելել են նրա գերեզման-հուշաքար` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԳԽ առաջին նախագահի հիշատակին:

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը ՙ???՚ եւ ՙԻստիգլալ՚ տիպի դիպուկահար զենքերից:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարին 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված նկարչության մրցույթ, որը նախաձեռնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Փետրվարի 20-ին նշել են Արցախի վերածննդի օրը. ուղիղ 25 տարի առաջ` 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում` ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին` նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին` նրա կազմի մեջ մտնելու մասին եւ ԽՍՀՄ ԳԽ` այդ դիմումը բավարարելու մասին` հիմնվելով իրավական նորմերի եւ ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:

Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992թ.):

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին. հանդիպմանը քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանն առնչվող հարցեր:

Նույն օրը նախագահն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին, ում հետ քննարկել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

ԼՂՀ Ազգային ժողովի փետրվարի 21-ին կայացած լիագումար նիստի ժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ՙԺողովրդավարություն՚ խմբակցության ղեկավարի նամակը, ըստ որի` խմբակցության շարքերը համալրել են անցած տարվա վերջին լրացուցիչ ընտրությունների արդյունքներով ընտրված երկու պատգամավորները` Հրանտ Սաֆարյանն ու Նելսոն Մինասյանը:

Նույն նիստում ընդունվել է հայտարարություն` Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է`   ՙԱԺ-ն գլուխ է խոնարհում Շարժման երախտավորների անվան ու գործի, հայրենիքի ազատության, ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջեւ, հետամուտ է Ադրբեջանի Հանրապետության հետ առկա խնդիրների խաղաղ-բանակցային կարգավորմանն այն իրավական հիմքով, որ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, պատրաստակամ է ծանրակշիռ ավանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղության, պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված բոլոր այն ջանքերում, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի վրա՚:

Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի 22-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Փետրվարի 23-ին նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Փետրվարի 24-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի է ունեցել ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության հիմնադիր համագումարը, որը հաստատել է կուսակցության կանոնադրությունը եւ ընդունել կուսակցության ծրագիրը, ընտրել ղեկավար եւ վերահսկիչ մարմիններ:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի փետրվարի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ մի շարք հաճախականություններով` Ստեփանակերտ քաղաքի եւ միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային կամ կաբելային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթի հայտարարման մասին հարցը, որն էլ հանձնաժողովի անդամների կողմից ընդունվեց միաձայն:

Փետրվարի 26-ին ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասուլիս է հրավիրելª նվիրված Իտալիայի Միլան քաղաքում փետրվարի 14-17-ը կայացած միջազգային ցուցահանդեսին Ղարաբաղի մասնակցությանը:

Նույն ասուլիսի ժամանակ Սերգեյ Շահվերդյանը համոզմունք է հայտնել, որ այս տարի եւս կկարողանան պահպանել զբոսաշրջիկների թվի` վերջին 4 տարիների ընթացքում արձանագրված աճը, որը կազմում է շուրջ 40 տոկոս, ինչպես նաեւ տեղեկացրել, որ զբոսաշրջային երթուղիներին կգումարվի եւս մեկը` ՙՀունոտի կիրճ՚ բնապահպանական արգելոցի երթուղին:

Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմում կայացել է ՙՀայաստան-Լիտվա` հայացք դեպի ոչ վաղ անցյալ՚ խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանում եւ Լիտվայում ժողովրդավարական շարժումների եւ արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին:

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ:

Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորների մի խումբ հռչակագիր է ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին:

Փետրվարի 27-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբª սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ. ՙ25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին եւ համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների եւ ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետեւում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաեւ կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը՚:

Փետրվարի 28-ին Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը լրագրողների հետ ամփոփել է հիմնադրամի գործունեությունն անցած 2012 թվականին. վարկային միջոցներն ըստ գործունեության ոլորտների ուղղվել են. արդյունաբերության ոլորտին` 41.4 %, շինարարությանը` 6.0%, առեւտրին` 19.4 %, ծառայությունների մատուցմանը` 33.2 %:

2012 թվականին Արցախի ներդրումային հիմնադրամը շարունակել է բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գործընթացը. ծրագրի շրջանակում, ըստ Արտակ Միրզոյանի, տարվա ընթացքում հիմնադրամի կողմից աջակցություն ստացած ընտանիքների թիվն ավելացել է եւս 324-ով` բանկերի կողմից 2.3 մլրդ դրամի չափով վարկերի տրամադրմամբ:

Փետրվարի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն ընդունել են համատեղ հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ. ՙԽստորեն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը, վերահաստատում այդ հանցագործության միջազգային իրավական եւ քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականությունը, վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին` կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին, խոնարհվում ենք ազգային խտրականության եւ թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջեւ՚,- նշված է հայտարարության մեջ:

Փետրվարի 28-ին Ղարաբաղում հիշել են սումգայիթյան ջարդերի զոհերին. վաղ առավոտից հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Share

Comments are closed.