Թուրքիա. այդժամ մենք Եվրամիությանը «ցտեսություն» կասենք

(“Die Presse”, Ավստրիա)

Եվրամիության մեջ գոյություն ունեցող դիմադրության առաջացրած հիասթափությունը թուրքական կառավարության ղեկավարին հարկադրում է հրապարակավ խոսել  Չինաստանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հիմնադրած ՙՇանհայի հնգյակի՚ մեջ մտնելու հնարավորության մասին:  

Սյուզան ԳՅՈՒՍՏԵՆ (Susanne GUESTEN)

Անկարա: Թուրքական կառավարությունը փորձում է ճնշում գործադրել երկրի` Եվրամիության մեջ մտնելու բանակցային գործընթացի վրա եւ սպառնում Արեւելքի ուղենշով նոր կողմնորոշում որդեգրել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկիրն ընդունել ՙՇանհայի համագործակցության կազմակերպության՚  մեջ. այսպես է պաշտոնապես կոչվում ՙՇանհայի հնգյակը՚: ՙԴրանից հետո մենք ՙԵվրամիությանը ՙցտեսություն՚ կասենք՚, – հավելել է նա: Այս արտահայտությունները երկրում նոր բանավեճի առիթ են հանդիսացել` Թուրքիայի ավանդական արեւմտյան կողմնորոշումից հետքայլ կատարելու վերաբերյալ:

Եթե Թուրքիան իրականում հրաժարվի 50 տարի առաջ արեւմտաեվրոպական ժողովրդավարությունների ակումբ ընդունվելու ջանքերից, ապա դա լինելու է նշանակալից հետեւանքներ ունեցող ռազմավարական վերակողմնորոշում: ԱՄՆ պետդեպարտամենտի առաջին արձագանքում իսկ նշվել է Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հանգամանքը` դրանից բխող պարտականություններով հանդերձ: Վաշինգտոնը նախկինում բազմիցս հանդես է եկել Թուրքիային Եվրամիություն ընդունելու օգտին:

ՇՀԿ-ն եւ Թուրքիան

Էրդողանի հայտարարությունը պետք է ընկալել ոչ թե որպես մոտ ժամանակներում ծրագրված կողմնորոշման առանցքի փոփոխություն, այլ որպես Եվրամիության անդամներին եւ նրանց կառավարությունների ղեկավարներին հասցեագրված որոշակի ուղերձ: Ստամբուլցի քաղաքագետ Բերիլ Դեդեօղլուն (Beril Dedeoglu)` Die Presse թերթին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը կամեցել է եվրոպացիներին զգուշացնել, թե ՙԴուք մեզ հարկավոր չեք՚:

Դեդեօղլուն Kanal 24 հեռուստաալիքի եթերում Էրդողանին հարցեր ուղղած ինտելեկտուալների խմբից էր: Թուրքիայի վարչապետն իր հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը Թուրքիային չի պատասխանում, քանի որ չի ցանկանում իր շարքերը մահմեդական երկիր ընդունել: Նրա խոսքերով` եվրոպական որոշ նախարարներ դա բացեիբաց են խոստովանում: Վարչապետի հավաստիացմամբ` Թուրքիան մտադիր չէ ՙմոռանալ՚ 2005 թվականից ի վեր տեւող Եվրամիության մեջ մտնելու գործընթացի մասին: Ըստ վարչապետի, պատասխանատու լինելով 75 միլիոն թուրքերի հանդեպ, նա պարտավոր է մտածել նաեւ այլընտրանքային տարբերակների մասին:

Պատասխանելով իրեն ուղղված հարցին` Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ ՙՇանհայի հնգյակը՚ Եվրամիությունից լավն է եւ շատ ավելի հզոր: Սկզբնապես այս կազմակերպության մաս են կազմել Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, իսկ 2001 թվականին` Ուզբեկստանի միանալուց հետո, այն անվանափոխվել է: Անցած տարվանից Թուրքիան հանդիսանում է ՙՇանհայի համագործակցության կազմակերպության՚ ՙերկխոսության գործընկեր՚` հատուկ ուշադրություն սեւեռելով ռազմական եւ տնտեսական համագործակցության հարցերին:

ՙԲլե՞ֆ՚, թե՞ Թուրքիայի նոր` ՙասիական՚ կողմնորոշում

Հիասթափություն` երկարաձգվող անդամակցության պատճառով

Թուրք կառավարական շրջանակներում խոսում են այն մասին, որ Էրդողանը չի ցանկանում ընդհատել Եվրամիություն ընդունվելու գործընթացը: Բայց, գաղտնիք չէ, որ Թուրքիայում լայնորեն տարածված է հիասթափություն` անդամակցության բանակցություններում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Թուրքիայի աճող տնտեսական հզորությունը, ինչպես նաեւ վերջինիս հզորացումը որպես տարածաշրջանային տերություն, երկրում սեփական ուժի զգացողություն են ստեղծում:

Անկարայում եվրոպացի դիվանագետները փորձում են նվազեցնել Էրդողանի հայտարարությունների նշանակությունը: Եվրամիության անդամ-երկրների ներկայացուցիչներից մեկը նշել է, թե ՙՇանհայի հնգյակը՚ չի կարող նույնքան կարեւոր լինել Թուրքիայի համար, որքան Եվրոպական միությունը: Եթե Թուրքիան կարծում է, որ իր կողմնորոշման փոփոխության մասին հայտարարություններով կարող է երկյուղ առաջացնել, ապա նա միանգամայն սխալվում է:

Սակայն քաղաքագետ Դեդեօղլուն կարծում է, որ Էրդողանի հայտարարությանը հարկ է լրջորեն մոտենալ: Իր  գնահատմամբ, անգամ եթե վարչապետը մտադիր չէ Եվրամիությունից երես թեքել, որոշակի մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ, ըստ ամենայնի դատելով, նա ոչ մի ներքաղաքական վտանգ չի տեսնում այդ կարգի քայլի մասին հրապարակավ խոսելու մեջ: Վերջերս անցկացված հարցման համաձայն` թուրքերի միայն 33%-ն է պաշտպանում Եվրամիության մեջ ամբողջական անդամակցության գաղափարը, մինչդեռ 10 տարի առաջ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը գերազանցում էր 70%-ը: Դրա համար էլ երկրի հայտարարված նոր կողմնորոշումը կարող է ձեռք բերել սեփական դինամիկան:

 

Հրապարակման բնագիրը`  Türkei: “Dann sagen wir der EU auf Wiedersehen”

http://inosmi.ru/world/20130131/205300449.html

Share

Comments are closed.