Իրակլի Մենաղարիշվիլի. այսօր Վրաստանում բարդ, «երկբաղադրիչ» իշխանություն է

(“Georgian Times”, Վրաստան)  Հարցազրույց Վրաստանի նախկին արտգործնախարար, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իրակլի Մենաղարիշվիլու հետ 

Ֆրիդոն ԴՈՉԻԱ

 

 

– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հաջողված էին Բիձինա Իվանիշվիլու եւ նրա թիմի կառավարման 100 օրերը:

– Կառավարությունը հիմնականում հետեւում է ծրագրային փաստաթղթերում հռչակված ուղեգծին: Դա վերաբերում է թե արտաքին, եւ թե ներքին քաղաքականությանը: Սակայն հաջողությունը չի կարող ապահովվել միայն մեկ կողմի ջանքերով: Չէ՞ որ այսօր Վրաստանում բարդ, ՙերկբաղադրիչ՚ իշխանություն է, եւ այս 100 օրերի հիմնական մարտահրավերն այս բաղադրիչների ՙփոխգոյակցության՚ ապահովումն էր, որը գործնականում ենթադրում է ոչ թե պարզ համակեցություն, այլ` համագործակցություն ու համատեղ գործունեություն:  Ցավոք, իշխանական նոր ճարտարապետության անցած 100 օրը ցույց է տվել, որ այդպիսի համատեղ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ:

– Շատ փորձագետների կարծիքով` Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերաբացումը Վրաստանի համար կարող է եկամտաբեր լինել: Միաժամանակ, ՙԱզգային շարժումը՚ եւ անձամբ Միխեիլ Սաակաշվիլին պնդում են, որ Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերագործարկումն անհնարին է Աբխազիայի ապաբռնազավթումից առաջ: Դա իրո՞ք այդպես է:

– Երկաթգծի այդ հատվածն աբխազական խնդրի շուրջ ձեւավորված համայնապատկերի սոսկ մի բաղադրիչն է: Երկաթգծի այս հատվածի վերագործարկումը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս քննարկվել: Այն հայտարարությունները, թե երկաթգծի աբխազական հատվածի վերաբացումը հնարավոր է միայն Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո` միանգամայն անհիմն են: Ավելին` վերաբացումը  պետք է դառնա Աբխազիայի բնակչության հետ հաշտության ընդհանուր ռազմավարության կարեւոր բաղկացուցիչը:

– ՙԱզգային շարժման՚ պնդմամբ` Իվանիշվիլին եւ ՙՎրացական երազանքը՚ ռուսամետ ուժ է. նրանք շեղվել են եվրոպական ուղուց եւ վերջնականապես հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Թեեւ Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ՙինքը դեռեւս չի տեսել այնպիսի գործողություններ, որոնք կհամոզեին, որ երկրում իշխանության է եկել ռուսամետ ուժ՚: Ձեր կարծիքով, նրանցից ո՞վ է իրավացի: 

– Ցավոք, քաղաքական ընդդիմախոսների դեմ նման կլիշեներն ամենուր եւ համատարած են օգտագործվում: Որպես կանոն` այդ կլիշեների հեղինակներին բոլորովին չի հուզում դրանց անապացուցելիությունը: Ապացույցներ, իրոք, չկան:

– Վերջերս ուրվագծվել է որոշակի ջերմացում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում: Ո՞ւմ հետ եք Դուք այն կապում: 

– Ես առայժմ չէի շտապի ջերմացման մասին խոսել, քանի որ շփում հաստատելուն միտված սոսկ առաջին քայլերն են արվել` Վրաստանի վարչապետի առաջարկված խողովակով: Այսուհանդերձ, այդ խողովակը շատ կարեւոր է, եւ վերջինիս ստեղծումը նույնպես ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ծրագրի մասն էր:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումը եւ այդ պաշտոնին Զուրաբ Աբաշիձեի նշանակումը: 

– Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ խզված են դիվանագիտական հարաբերությունները: Դրանք չեն կարող վերականգնվել, քանի դեռ Ռուսաստանը բռնազավթում է մեր տարածքի մի մասը: Այսպիսի իրավիճակում այդ որոշումը թերեւս լավագույնն էր:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ կողմից է սադրվել փետրվարի 8-ին Ազգային գրադարանի շենքի հարեւանությամբ Սաակաշվիլու կողմնակիցների ու հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումը: 

– Իհարկե, անհրաժեշտ էր անել ամեն ինչ` բախումը չթույլատրելու համար: Ուժային կառույցների գործողություններն ակնհայտորեն բավարար չէին: Միաժամանակ, դուք նույնպես տեսել եք, թե ինչ վարքագիծ էին դրսեւորում նախագահի ելույթն ունկնդրելուն հրավիրված որոշ մասնակիցներ:

http://inosmi.ru/sngbaltia/20130212/205774095.html

Share

Comments are closed.