Մուսաների խոսելու ժամանակը

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ
Գրող
Հայաստան

Քսան տարի առաջ  խարխափուն վերնագրով մի հոդված էի գրել. ՙԹուրքը  որպես ազգ, եթե անգամ իմ թշնամին է, ապա որպես մարդ` բարեկամս՚: Վարդգես Պետրոսյանն իր մահից առաջ մի թերթ էր տպում ՙԵրկիր Նաիրի՚ խորագրով: Ինձ համար անսպասելի  այդ հոդվածը նա տպագրել էր իր թերթում` ակնկալելով բանավեճ ծավալել առաջարկածս թեմայով:  Սակայն եղավ առավել անսպասելին. մարդասպանի գնդակը խոցեց նշանավոր հրապարակախոսի սիրտը, եւ այդպես էլ սկսված վեճը շարունակություն չունեցավ:

Բայց արդյո՞ք անհեթեթ չէ բանավիճելը նախանշած թեմայով: Այդ ո՞վ է եղել այն իմաստունը, որ ժողովուրդները դասակարգել է լավի եւ վատի: Մենք բոլորս էլ մեր ծննդյան օրից ինչ-որ կերպ քարոզչության զոհ ենք: Մոր կաթի հետ մեզ ներարկել են այլատյացություն թուրքի նկատմամբ: Բոլորիս ուղեղի գալարով էլ նույն միտքն է անցել: Թուրքը նույնացվել է վատի, չարի, արյունարբուի եւ բորենու հետ: Ասես նրան մեր չի բերել, նրանց գորշ գայլն է բերել:

Ձեզ եմ հարցնում, իմ լավ ընթերցողներ, ո՞վ է այստեղ մեղավոր, միայն թուրքը՞… Ինչու՞ մենք հայտնվեցինք զոհի կարգավիճակում, թուրքի՞ պատճառով, մի այլ ժողովրդի՞ դրդմամբ, թե՞ ընդամենը մեր խելքի պատճառով:  Արդյո՞ք դրան չէր հասցնելու դեռ էն գլխից ռուսի նկատմամբ տածած մեր  անվարան հավատը:  Քանի-քանի դար ենք ապրել թուրք ժողովրդի հետ, ինչու՞  Եղեռն չէր լինում… Մինչդեռ,  իրար հաջորդած ռուս-թուրքական պատերազմներից հետո հայտնվեցինք տխուր վիճակում:  Թուրքիայում մենք հինգերորդ էշելոն էինք` ապրելով Թուրքիայում` ակնհայտորեն հայտնվել էինք  ռուսական բանակում, սա աներկբա փաստ է: Ժողովրդական ասացվածքն ասում է. ՙԳոգիդ նստեմ` միրուքդ փետեմ՚: Մինչեւ ե՞րբ պիտի ուրիշի միրուքը փետեինք: Վերջ ի վերջո, ի՞նչ տարբերություն, թե ում լծի տակ պիտի ապրեինք: Արեւմտյան Հայաստանում ապրում էինք, չէ՞, եւ կյանքն ամենեւին էլ կանգ չէր առնում…

Թուրքական խնդիրը միթոմ քիչ էր, հիմա էլ ադրբեջանական պրոբլեմը…  Ում էլ ասես` ադբեջանական ժողովուրդը չի կարող վատը լինել` աչքդ կհանեն: Ի՞նչ է, դա մեր կողմից ֆաշի՞զմ չէ, թե՞ նրանք են ֆաշիստը, քանզի անուն դնողը մենք ենք: Լավագույն դեպքում կարող են փոքր ինչ զիջողության գնալ, այո, կարող են ընդունել, որ նրանց մեջ էլ կարող են  լավ մարդիկ  լինել, բայց այդ ժողովուրդը` երբեք:

Երբ ես ՙՔիրվա՚ պատմվածքի համար ադրբեջանական մրցանակ ստացա, մամուլի որոշ միջոցներ քիչ էր մնում, որ ինձ հում-հում ուտեն: Այնինչ, այնտեղ պատմում էի ընդամենը հայի եւ ադրբեջանցու սրտառուչ բարեկամության մասին: Հայի  լավը թերեւս հասկանում էին,  բայց ադրբեջանցին ու՞մ ՙշունն՚ է…  Պատկերացնու՞մ եք, ՙԻրավունք՚ թերթն ութ էջ ունի, եւ այդ բոլոր ութ էջերն էլ լցված էին իմ նկատմամբ հայհոյագիր տառերով: Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ այդ վատ մարդկանց մեջ կա մի լավ գրող` Աքրամ Այլիսլի, որը  հանուն մեր նկատմամբ տածած եղբայրական զգացումների պատրաստ է իր իսկ երկրում ենթարկվել անասելի ճնշումերի: Այդ մարդն արդեն անցել է Ռուբիկոնը:

Երբ թնդանոթները խոսում են, մուսաները լռում են: Հիմա եկել է մուսաների խոսելու ժամանակը: Իսկ ու՞ր են հայ մտավորականության կարկառուն ներկայացուչիչները: Այստեղ են, ընդամենը իմ կողքին եւ ինձ խելք են սովորեցնում: Ես ՙՀրապարակ՚ թերթում բաց նամակ էի գրել Աքրամ Այլիսլիին, որտեղ օրհնում էի այն ժողովրդին, որ նման զավակ է ծնել, իսկ մեր մեծերն ինձ խրատում էին` հա, Այլիսլիին հասկացանք, բայց  ի՞նչ կապ ունի նրա ժողովուրդը…

Մենք Այլիսլիին օգնած կլինենք, եթե նրան չհակադրենք իր ժողովրդին: Խնդրում եմ, ինձ հասկացեք, ով հայ հայրենասերներ,  առանց հումանիզմի չկա հայրենասիրություն: Իսկական հայրենասերը նա է` Աքրամ Այլիսլին, որ իր ժողովուրդը փրկում է խայտառակությունից եւ ոչ թե դուք, երբ փորձում եք նրան փրկել իր ժողովրդից:

Այլիսլիի ցավը նաեւ մեր բոլորի ցավն է, բայց ափսոս, որ մենք նրա ցավը չենք կարող տանել: Այդ իսկ պատճառով ես երկրորդ նամակն եմ գրել Ստամբուլ, ուղղված թուրք առաջադեմ հասարակայնությանը` թախանձագին խնդրանքով, որ նրանք այդ բեռն իրենց ուսերին առնեն: Նապոլեոն Բոնապարտն ասում էր` մեկ առյուծը եթե անցնի ոչխարների գլուխ` կարող է ողջ ոչխարներին առյուծ դարձնել, իսկ եթե մի ոչխար դառնա առյուծների գլուխ, ապա նա կարող է եւ այդ առյուծներին ոչխար դարձնել: Այդպես էլ կյանքում, մեկ-երկու տականք կարող են իրենց ժողովրդի պատվի հետ խաղալ`  անգամ նրան դարձնելով մարդասպան եւ եղեռնագործ… Բայց որ ժողովուրդը կարող է եւ մաքրվել ու զուլալվել իր տականքներից` դա հայտնի է ոչ միայն ինձ:

Սիրելիներս, ընդունեք մարդկային այբբենական այս ճշմարտությունը` հավատացեք, վատ ժողովուրդներ չեն լինում… Լինում են ընդամենը ոչխարներ, որոնք իրենց մոլորյալ հոտի մեջ կորցնում են առյուծի գլուխը…

 

www.ejournal.am/news/society/2013-02-25/884/

Share

Comments are closed.