Հայաստանյան ընտրությունների երեք առանձնահատկություններ

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Ուշի ուշով հետեւելով նախագահական ընտրությունների ընթացքին, թեկնածուների վարքուբարքին ու հանրության արձագանքներին` ինձ համար առանձնացրել եմ այս  (եւ մյուս) ընտրությունների երեք կարեւոր առանձնահատկություն:

 

Առաջին: Հայաստանյան ոչ մի քաղաքական ուժի քաղաքական հաշվարկներում ժողովուրդը չկա, ոչ մի քաղաքական ուժ իր ապագայի պլաններում ժողովրդի վրա հույս չի դնում, ոչ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրությանը մասնակից չի դարձնում որոշումների ընդունմանը:

Ամենապերճախոս փաստը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ լրագրողներից մեկի հարցին տված պատասխանն է: Հարցին, թե որքան է գնահատում մարզում հաղթելու իր հնարավորությունները, Սարգսյանն ասել է` ՙինչքան ուզես, էնքան խփենք՚: Փաստորեն գործող նախագահն ասել է ժողովրդին` ՙինչքան ուզեմ` այնքան կուզես՚: Քիչ է մնում հայտնի անեկդոտի մանուկ հերոսի նման ժողովուրդը հարցներ` ՙմամ, սովա՞ծ եմ, թե՞ չիշիկս է գալիս՚:

Կարելի է զանազան որակումներ տալ նման վերաբերմունքին, բայց դժվար թե որեւէ մեկը վիճարկի, որ գործող նախագահը, համենայն դեպս, անկեղծ էր, եւ որ նրա խոսքերը փաստել են հայաստանյան ներկայիս իրողությունների ողբերգազավեշտն իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: Այն, որ ավտորիտար ռեժիմի պայմաններում իշխանության բոլոր լծակներին տիրացած եւ հանրությանը կառավարման ու վերահսկման լծակներից հեռու պահած քաղաքական վերնախավը կարող է իրեն թույլ տալ նման, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ, կարելի է ինչ-որ տեղ տրամաբանական համարել ՙու՞ր է այն տղամարդը՚ ազգային գաղափարախոսության ու հոգեբանության պարագայում:

Բայց որքանո՞վ է տրամաբանական այն, որ մոտավորապես նույնպիսի վերաբերմունք ունեն  որպես ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները, որոնք զուրկ են իշխանական լծակներից: Ինչ խոսք, նրանց վերաբերմունքը չի կարելի ցինիզմ անվանել, բայց ահա անզեն աչքով էլ կարելի է արհամարհանքի տարրեր գտնել:

Հաղթելու ենք` ասում են ընդդիմադիր քաղաքական ուժերը ժողովրդին: Լավ է, որ գոնե տեղյակ են պահում նրան: Այս միանշանակ հայտարարություն-պնդումի փիլիսոփայությունը նույնպես ենթադրում է ժողովրդի ՙխաղից դուրս՚ վիճակ: Մոտավորապես նույն հոգեբանությունն է. ուզես-չուզես` հաղթելու ենք: Չեն ասում` եթե միասին լինենք, եթե վստահես մեզ ու գաս մեր ետեւից, եթե հավատաս մեզ` հաղթելու ենք: Չէ, բարձր տրամադրությամբ գալիս-աչքալուսանք են տալիս ժողովրդին, հետո (չէի ասի` շատ վատ տրամադրությամբ) արդեն հեռվից (առանց առերեսման) մեղադրում են նույն ժողովրդին, որ 5000 դրամով ծախել է իր ապագան ապազգային ու կոռումպացված, ախք ու յախք իշխանություններին եւ ի չիք դարձրել իրենց պլանները:

Զավեշտը կայանում է նրանում, որ գոնե այս վերջին մեղադրանքում նրանք միանշանակ ու անվերապահորեն ընդունում են ժողովրդի որոշիչ դերը, այսինքն այն, ինչ պիտի անեին ոչ թե վերջում, այլ հենց ամենասկզբում:

Իսկ ամենասկզբում, հիշեցնենք, նրանք հույս չեն դնում ժողովրդի վրա եւ իրենց քաղաքական հաշվարկները կառուցում են իշխանությունների հնարավոր արձագանքների կամ, ամենավատ դեպքում, նրանց հետ գործարքների վրա: Ահա թե ինչու վերջում նրանք այնքան էլ վատ տրամադրություն չեն ունենում, քանի որ այդ հաշվարկների որոշ տարրեր, այնուամենայնիվ, իրականանում են:

Իսկ ընդհանրապես` ընտրական գործընթացի բոլոր փուլերում նրանք ժողովրդի հետ ոչ թե խորհրդակցում, այլ տեղյակ են պահում կամ փաստի առաջ կանգնեցնում: Թե սեփական թեկնածությունն առաջադրելիս, թե մարտավարություն ու ռազմավարություն մշակելիս (եթե, իհարկե, նման բաներ ընդհանրապես լինում են) եւ թե պայքարի ձեւեր ընտրելիս: Նախընտրական քարոզչության միամսյակին նախորդող բոլոր փուլերում էլ ժողովրդին մասնակից չեն անում որոշումների ընդունման գործին` ՙքո գործը չէ՚:

Երկրորդ: Այս եւ նախորդ գրեթե բոլոր ընտրությունների եւս մի կարեւոր առանձնահատկություններից է հնարավոր եւ անհնար թեկնածուների եսամոլությունը, չարիքներից փոքրագույնի դեպքում` եսակենտրոնությունը եւ ամենավատ պարագայում` նարցիսիզմը:

Ամեն ինչ սկսվում եւ վերջանում է սեփական անձով, սեփական անձից դուրս գրեթե ոչինչ չկա: Ցանկացած ճանապարհ` անգամ եթե դեպի դրախտ է տանում, մերժելի, անհուսալի ու անհեռանկարային է, եթե իրենք չեն տանում այդ ճանապարհով: Եվ հակառակը` ցանկացած ճանապարհ, անգամ եթե դեպի դժոխք է տանում, նախընտրելի է, քանի որ իրենք են առաջնորդում:

Եթե սրան ավելացնենք նաեւ հայաստանյան ընտրողների զգալի մասի եսամոլությունը (երկրի հերն էլ անիծած` միայն թե մի բան պոկեն այս ընտրություններից), ապա ողբերգազավեշտը կատարյալ ու անթերի տեսք կստանա նաեւ գործող անձանց առումով:

Ու շատ դժվար է նման հոգեբանության պայմաններում նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարելի է գնալ ՙավետյաց երկիր՚ տանող ճանապարհով: Ճանապարհ, որ ներկայիս իրողությունների պարագայում լավագույն դեպքում լաբիրինթոսի է նման: Բայց լաբիրինթոսը գոնե մի առավելություն ունի` ելք, այնուամենայնիվ, կա:

Երրորդ:  Ի սկզբանե էր բեմը: Ամեն ինչ բեմի վրա է, եւ բեմից դուրս ոչինչ չկա: Սույն թատերական ներկայացումն ունի իր հստակ կանոններն ու ժանրային առանձնահատկությունները: Ամեն ինչ կատարվում է բեմի վրա` հանրության աչքի առաջ: Ինչպես իսկական թատրոնում կամ ստադիոնում: Հանդիսականներն էլ անմիջականորեն կամ առցանց ռեժիմով նայում են ամեն ինչին, եւ նրանց աչքից ոչինչ չի վրիպում եւ չի էլ կարող վրիպել: Ինչպես, օրինակ, ուղիղ եթերով ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ երջանիկ հնարավորություն ունենք ըմբոշխնելու ոչ միայն ֆուտբոլիստների դիտարժան խաղը, այլ նաեւ այն, թե ինչպես են նրանք թքում խոտածածկին եւ նույն տեղում անմիջապես էլ պարպում իրենց  քթածակերը: Ավելի ճիշտ` հեռարձակման ռեժիսորներն ու օպերատորներն են (քաղաքական համապատկերում` ԶԼՄ-ները) մեզ երջանկացնում այդ անմոռանալի պահերի անմիջական մասնակիցը լինելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստներն (քաղաքական համապատկերում` քաղաքական ուժերն ու գործիչները) իրենք էլ գիտեն, որ հրամցվում են ոչ միայն իրենց գոլերն ու անհավանական անցումներն ու փոխանցումները, այլ նաեւ իրենց հրապարակային ինքնամաքրման ծեսերը, ուստի կրկնակի ջերմեռանդությամբ են դրանք անում: Սրանք ժանրի անսրբագրելի կանոններն են:

Էկրանից այն կողմ ու կուլիսների ետեւում ոչինչ չկա, ու երբ վարագույրը փակվում է, ապա դա իսկապես վերջ է նշանակում, այլ ոչ թե մեկ այլ բանի սկիզբ: Նույնիսկ անդրկուլիսյան գործարքներն ու պայմանավորվածություններն են այնքան շուտ բացահայտվում (ավելի ճիշտ` բացահայտում), որ դրանց միակ թերությունն առցանց չլինելն է, ինչը, սակայն, լուծելի հարց է:

Հենց էկրանի ու բեմի վրա են քաղաքական ուժերը ծնվում, չորեքթաթ տալիս, տակը թրջում, առաջին կեղտի հենքի վրա գլուխը հպարտորեն վեր պահելուն վարժվում, առաջին անկապ ու անհեթեթ բառերն արտաբերում, սովորում-սովորվում, հասակ առնում, գայթակղությունների տրվում, ամուսնանում, դավաճանում, լքում, հարսին նորից տուն բերում կամ նորից տնփեսա գնում, բարեւում, համբուրում, թիկունքից հարվածում, թքում, այս ամենին զուգընթաց հանճարեղ եւ ոչ այնքան մտքեր արտահայտում, լքվում, թքվում, մահանում, թաղվում (լավագույն դեպքում), չթաղվում, վերակենդանանում, նորից չորեքթաթ տալիս եւ այսպես շարունակ: Եվ սկզբում հենց այս քաղաքական սերիալ-ռեալիտի շոուն էր (կենցաղային հեռուստասերիալները ծնվեցին հետո):

Բեմից դուրս ոչինչ չկա: Աշխարհն ինքը բեմն է, վերջինս էլ կյանքի իմաստն է ու նպատակը: Աշխարհս մե փանջարա է` ասել է մեծն Սայաթ-Նովան: Եթե հանճարեղ սիրերգակն ապրեր մեր օրերում, ապա հաստատ կսրբագրեր իր ասածն այսկերպ` աշխարհս մե windows է:

Բեմից, փանջարա- windows-ից դուրս չկա զարգացում ու ինքնազարգացում, կրթություն ու ինքնակրթություն, չկա գաղափարների ընտելավարժում եւ կարծիքների բախում, չկա կուսակցական շինարարություն, չկա քաղաքական կյանք, չկան այս կամ այն քաղաքական քայլի ՙօֆլայն՚ նախապատրաստական աշխատանքներ, այս կամ այն ծրագրի ՙօֆ դը ռեկորդ՚ քննարկումներ: Ամեն ինչ բացբերան ու բացքամակ է: Ու, որպես այդ պոզա-դիրքորոշման հետեւանք, ամենի ինչ, մեղմ ասած, խոցելի:

Այնուամենայնիվ` լավատեսական վերջաբան: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում եւ դրան հաջորդած զարգացումներում ինձ համար միակ դրականն ու լուսավորն այն է, որ նախորդ ընտրություններում եւս իրեն դրսեւորած բողոքական զանգվածն արդեն սկսում է ինքնակազմակերպվել: Հստակ ուրվագծվել է հանրության գնալով մեծացող ու ահագնացող մի շերտ, որը չի հաշտվում երկրի ներկայիս կացության հետ եւ պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել իրավիճակը արմատապես փոխելու համար: Ընդ որում, արդեն սկզբունքային չէ` կառաջնորդի՞ նրան այս կամ քաղաքական ուժը, թե՞ ոչ: Հանրության այդ բարեփոխիչ շերտն, ըստ իս, արդեն գրեթե պատրաստ է ինքն իրեն առաջնորդելու:

Share

Comments are closed.