Կեղծ ընտրությունների խնդիրը

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ նախագահի թեկնածու
Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող
Երեւան

2013թ. նախագահական ընտրությունների նախընտրական փուլը որոշակի առանձնահատկություններ ուներ: Նախ` մինչ ընտրությունները գործող ռեժիմը փորձեց փոշիացնել քաղաքական դաշտը: Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ չաջակցեց որեւիցե թեկնածուի:

Այնուհետեւ ընտրապայքարից հրաժարվեց նաեւ ԱԺ-ում երրորդ ուժը ներկայացնող Հայ ազգային կոնգրեսը: Արդյունքում ստացվեց այնպես, որ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, որը համակարգի ճգնաժամի արտացոլում էր: Հանրապետական կուսակցությունն օգտագործեց պետական ռեսուրսները, որպեսզի չեզոքացնի հնարավոր մրցակիցներին եւ փոշիացրեց քաղաքական դաշտը: Եվս մի անգամ Հանրապետական կուսակցությունը հայտ ներկայացրեց ուժեղացնել ավտորիտար ռեժիմը Հայաստանում եւ հակասահմանադրական ճանապարհով իշխանության վերարտադրման խնդիր դրեց: Հստակ էր, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական խնդիր էր դրել իր առջեւ` վերարտադրվել ընտրակեղծիքների միջոցով:

Անհրաժեշտություն կար քաղաքական խնդիր ձեւակերպել եւ հնարավոր լուծումներ փնտրել, քանի որ վերարտադրման դեպքում Հանրապետականը ուժեղացնելու էր քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում, ինչպես դա արել էր վերջին տարիներին: Քրեաօլիգարխիկ համակարգի վառ ապացույց է հանդիսանում Սամվել Ալեքսանյանի տնտեսական գործունեությունը: Նա 2003 թ. Հայաստան էր ներմուծում շաքարավազի 75 տոկոսը, իսկ 2013 թ. նա արդեն ներմուծում է շաքարավազի 99 տոկոսը: Սա արդեն հուշում է, որ քրեաօլիգարխիկ համակարգը վերարտադրվելու դեպքում շարունակելու է մենաշնորհման ՙհաղթարշավը՚ Հայաստանում:

Մեր քաղաքական թիմը` ի դեմս Անդրիաս Ղուկասյանի, որոշեց վիճարկել Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին: Անդրիաս Ղուկասյանը պահանջ ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)` անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը որպես նախագահի թեկնածու: Պահանջը հիմնավորեց այն փաստով, որ Հանրապետական կուսակցությունը նախորդ ընտրություններում ընտրակաշառք է բաժանել: Եվ քանի որ ընտրակաշառքը տալը եւ վերցնելը քրեօրեն պատժելի արարք է, ապա այդ կուսակցությունն իրավունք չունի մասնակցել ընտրություններին իր թեկնածուով:

Հայտը ներկայացվել էր ԿԸՀ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը պարտավորություն ունի ազատ եւ մրցակցային ընտրություններ կազմակերպել, սակայն պետական այդ ինստիտուտը չկարողացավ իր գործառույթը կատարել, հաշվի առնելով պետական ինստիտուտների կախվածությունը իշխող կուսակցությունից:

Երբ պետությունը հայտնեց իր դիրքորոշումը եւ մերժեց Անդրիաս Ղուկասյանի դիմումը, վերջինս որոշեց գնալ անժամկետ հացադուլի, պահանջը թողնելով նույնը` անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը որպես նախագահի թեկնածու: Քարոզարշավը սկսելու օրը Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց անժամկետ հացադուլ: Նա իրեն տրամադրված անվճար եթերաժամանակը Հանրային հեռուստաալիքում տրամադրեց քաղաքացիներին ու քաղաքացիական խմբերին, որպեսզի վերջիններս բարձրացնեն իրենց հուզող խնդիրները ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու առումով: Այս քայլով փորձ էր կատարվում հանրային սեփականությունը վերադարձնել քաղաքացիներին, քանի որ Հանրային հեռուստաալիքն աշխատում է ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին:

Հունվարի 25-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, որում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին կոչ արեց Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժանակ հատկացնել քաղաքացիներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական միջոցներից ֆինանսավորվում ստացող Հանրային հեռուստաալիքն իր եթերը չի տրամադրում ՀՀ քաղաքացիներին երկրում հրատապ ու մտահոգիչ խնդիրների մասին խոսելու համար, ՙԹեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը՚ կոչ է անում ՀՀ նախագահի թեկնածուներին քարոզարշավում իրենց տրամադրված Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օրինակով ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել ՀՀ քաղաքացիներին:

Կոչին առաջինն արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ պատրաստակամություն հայտնեց Հանրային հեռուստաալիքում իրեն տրամադրված անվճար եթերժամանակը կիսել քաղաքացիների հետ: Թեկնածուններից Վարդան Սեդրակյանը եւս պատրաստակամություն հայտնեց համագործակցել քաղաքացիների հետ:

Հունվարի 25-ին Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, նշեց, որ չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսը: Նա պահանջեց, որպեսզի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություններին, ինչը կարող է լինել միակ պայմանը, որպեսզի ընտրություններն անցնեն օրինական ճանապարհով:

Հայտարարությունում նա նաեւ պահանջեց, որ միջազգային դիտորդները լքեն Հայաստանը, քանի որ նրանց մասնակցությունը ընտրություններին կառուցողական բնույթ չի ունեցել այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները չեն կատարել մրցակցային ընտրություններ կազմակերպելու մասով ստանձնած միջազգային պարտավորությունները: Խնդիրը կայանում էր նաեւ նրանում, որ միջազգային դիտորդները հիմնականում լեգիտիմացնում են քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում` իրենց դրական գնահատականները տալով Հայաստանի ընտրություններին:

Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը քաղաքացիներին տրամադրելով՝ Անդրիաս Ղուկասյանը նրանց փաստորեն առաջարկեց ինքնուրույն կողմնորոշվել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի շուրջ՝  հիմք դնելով քաղաքացիների հետ հարաբերությունների նոր ինստիտուտի: Նա գտնում է, որ եկել են նոր ժամանակներ, երբ քաղաքացին պետք է ինքնորոշվի և անձամբ ընտրի պայքարի իր միջոցները:

Անդրիաս Ղուկասյանը հստակ ձեւակերպեց քաղաքական խնդիրը` քաղաքական կուսակցությունը, որը ճնշել Է ազատ ընտրությունները եւ ստիպել է քաղաքացիներին հնազանդվել իրավիճակին, իրավունք չունի մասնակցելու ընտրություններին: Այն քաղաքացիներր, ովքեր համաձայն են այդ ձեւակերպման հետ, նա առաջարկեց միանալ իր պայքարին` այդ նպատակին հասնելու համար: Անդրիաս Ղուկասյանի հացադուլի հասցեատերը հասարակությունն էր:

Զուգահեռ մի խումբ երիտասարդներ կազմակերպեցին բողոքի ակցիաներ ԿԸՀ-ի դիմաց` պահանջելով վերջ տալ կեղծ ընտրություններին Հայաստանում: Միեւնույն ժամանակ, նրանք կազմակերպեցին բողոքի ակցիա ԵԱՀԿ Ժողովրդական համակարգերի եւ մարդու իրավունքների գրասենյակի դիմաց` պահանջելով լքել Հայաստանը եւ չսատարել ընտրակեղծիքներին Հայաստանում:

Չնայած հացադուլին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական խումբը Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցում չի անդրադարձել Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրած պահանջներին ու դրանց գնահատականներին, ինչն ի ցույց դրեց միջազգային դիտորդների անպատասխանատու վարքագիծը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նկատմամբ: Մինչդեռ ըստ եՊետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորություններըե փաստաթղթի 6.4 կետի` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում են սահմանադրությունը: Ըստ էության, զեկույցից պարզ դարձավ, որ դիտորդական առաքելությունն անտեսեց Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ երկար ժամանակ ՀՀ-ում իշխող Հանրապետական կուսակցությունը իրականացրել է հակասահմանադրական գործողություններ` բաժանել է ընտրակաշառք եւ հարկադրել է քաղաքացիներին քվեարկել: Սա հաստատեց, որ այդ առաքելության գործունեությունը որեւիցե կապ չունի ժողովրդավարության հետ եւ հետապնդում է քաղաքական այլ նպատակներ:

Երիտասարդները շարունակեցին իրենց ակցիաները եւ փետրվարի 19-ին ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդների  հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ փորձեցին խանգարել դիտորդներին եւ խոչընդոտել մամլո ասուլիսը: Նրանք պահանջեցին դիտորդներից հեռանալ Հայաստանից եւ իրենց գործողություններով չլեգիտիմացնել կեղծված ընտրությունները:

Այս նախընտրական փուլում Հայաստանում առաջին անգամ փորձ կատարվեց վիճարկել ընտրությունների լեգիտիմությունը մինչ ընտրությունները: Նախկինում ընտրությունները հիմնականում վիճարկվում էին ընտրություններից հետո: Մինչ ընտրությունները դրանց վիճարկումը կարեւոր է մրցակցային ընտրություններ ունենալու նպատակին հասնելու տեսանկյունից: Կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ միջազգային դիտորդներին մեղադրանք ներկայացվեց ապօրինի գործընթացին աջակցելու համար, ինչպես նաեւ պահանջվեց, որպեսզի նրանք լքեն Հայաստանը:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ քաղաքական նոր մշակույթի հիմք դրեց: Նա իրեն հասանելիք անվճար եթերաժամանակը տրամադրեց քաղաքացիներին, այդպիսով եւս մի քայլ առաջ տանելով հանրային սեփականությունը հանրությանը վերադարձնելու գործընթացը:

Փետրվարի 18-ի ընտրությունները ցույց տվեցին, որ առաջադրված քաղաքական խնդիրը ճիշտ է, ռեժիմը վերարտադրվում է կեղծ եւ շինծու ընտրությունների միջոցով: Եվ առանց այս քաղաքական խնդրի լուծման Հայաստանը չի կարող զարգացում ունենալ:

Share

Comments are closed.