«Անալիտիկոն» – 50

#02 (50) ՓԵՏՐՎԱՐ, 2013

Ինչպես ասում են` մեր փողոցում էլ տոն է… 

Ճիշտ է` փոքրիկ, բայց տոնի կարեւորությունը դրանից ամենեւին էլ չի մթագնում: Մեր ամսագիրը 50-րդ անգամ իր դռները բացեց ամենատարբեր կարծիքների առաջ, հաստատելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուր լինելու իր առաքելությունը: Իրապես անկախ մեր վերլուծական հանդեսը հենց այդ առաքելությամբ էլ ստեղծվել է` մատչելի լինելու ղարաբաղյան հասարակական կարծիքի բոլոր շերտերի համար: Ու ոչ միայն ղարաբաղյան: Այս ավելի քան չորս տարիների ընթացքում (տարեկան 12 համարով) մենք փորձել ենք ներկայացնել մեր տարածաշրջանում առկա զարգացումներն ու միտումները: Ու ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: Թվերն ինքնին խոսուն են` այս ընթացքում մեր ընթերցողների հետ կիսվել են ավելի քան 200 հեղինակներ` ավելի քան 20 երկրներից: Առանց կեղծ համեստության կարող ենք ասել, որ արցախյան (ու ոչ միայն) ընթերցողին նման հնարավորություն ընձեռելու հարցում քիչ հրատարակություններ կարող են հպարտանալ:

Մեր ամսագիրը երկխոսության ջատագովն է եւ ըստ այդմ էլ ամեն ինչ անում է, որպեսզի այդ երկխոսությունը լինի ամենուր: Մարդու հոգում, նրա ընտանիքում, բակում, բնակավայրում, երկրում, տարածաշրջանում, աշխարհում: Եւ որ երիցս կարեւորում ենք` հակամարտություններում: Եւ հատկապես` ղարաբաղյան հակամարտությունում: Ահա թե ինչու էն գլխից համագործակցել ենք ադրբեջանցի անկախ փորձագետների հետ, որպեսզի արցախցի ընթերցողները տեղյակ լինեն հակամարտության մյուս կողմում առկա հասարակական կարծիքի տարբեր շերտերին: Միգուցե այս շերտերն առնչության եզրեր ունենան, միգուցե այս ՙշերտային՚ երկխոսությունից էլ սկսվի վերջնական, համապարփակ ու լիակատար  ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ: 

Առանց ներքին երկխոսության (իր ներքին ձայնի ու իր կասկածների հետ) մարդ չի կարող մասնակցել ներհանրային երկխոսությանը, իսկ առանց ներհանրային երկխոսության հնարավոր չէ երկխոսություն հակամարտող կողմերի միջեւ: Կամ էլ դա լինում է մենախոսությունների ՙզրույց՚: Մեր առաքելությունն այս եռաստիճան երկխոսությանը նպաստելն է: 

Այս առաքելության նպատակը մարդկանց մտածելուն տրամադրելն է, որպեսզի անտարբեր չլինեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է իրենց հետ ու իրենց շուրջ: Մի խոսքով` այն, ինչ գրված է ամսագրի ճակատին` ՙմտածող եւ ոչ անտարբեր մարդկանց համար՚: 

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր

 

Share

Comments are closed.