ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (մարտ)

Մարտի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3192 մարդ, որոնցից 3038-ը` կանայք, գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2949 (2852-ը` կանայք), գործազրկության նպաստ է ստանում 291 մարդ:

Փետրվարի 24-ից մարտի 1-ը Հայաստանի Վանաձոր քաղաքում կայացած 1996-97թթ. ծնված աղջիկների վոլեյբոլի կիսաեզրափակիչ ընտրական մրցաշարում ԼՂՀ աղջիկների հավաքականը գրավել է առաջին տեղը:

Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների` 2013թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 76765.2մլն դրամ` 2012թ. մարտի 1-ի համեմատ աճելով 25.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.6 տոկոսով:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելլին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում նրանք ՙիրենց մտահոգությունն են հայտնում դեպի Արցախ պլանավորվող չվերթերի, ինչպես նաեւ շփման գծում վերջերս կիրառված բռնությունների վերաբերյալ՚:

Վերաբնակեցման եւ հայրենադարձության ՙՔաշաթաղցիներ՚ հասարակական կազմակերպությունը մարտի սկզբին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հայտարարել եւ հայտարարում են, որ վերաբնակեցման գործընթացի արդյունավետության համար առաջին պայմանն արդեն իսկ վերաբնակված, ոչնչից հանրույթ ձեւավորած, հասարակական-բարոյական նորմեր ստեղծած, դժվարությունների միջով անցած եւ այդ դժվարությունները հաղթահարած մարդկանց, այսինքն` քաշաթաղցիների նկատմամբ անիրավություններ թույլ չտալն է:

ՙՎերջին շրջանում Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարության կողմից հաճախ իրականացվել եւ իրականացվում են այնպիսի գործողություններ, որոնք ոչ միայն չեն գտնում հասարակության բարոյական աջակցությունը, այլեւ ապօրինի են: Որպես դրանց հաստատում կարող ենք, մասնավորապես, նշել աշխատանքային օրենսդրության հաճախակի խախտումները, տեղեկություն ստանալու մարդկանց իրավունքի ոտնահարումը, պետության կողմից քաղաքացիներին հատկացվող տարատեսակ աջակցությունների բաշխման ընթացքը գաղտնիության մեջ պահելով` անվստահության մթնոլորտի սերմանումը՚,- նշվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքի համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Սերգեյ Խաչատրյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում շնորհելու մասին:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի առաջին կեսին աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետություն, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական գործիչների հետ:

Մարտի 7-ին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը հանդիպել է գերմանական ՙՀույսի պատկեր՚ հասարակական կազմակերպության Հայաստանում գործող մասնաճյուղի ներկայացուցիչներ Վիգեն Աղանիկյանի եւ Ալենա Զեյթունյանի հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից ԼՂՀ-ում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող, ինչպես նաեւ սոցիալապես անապահով 90 ընտանիքների օգնություն ցուցաբերելու հարցեր` 100 կգ կարտոֆիլի եւ 20 կգ պարարտանյութերի տեսքով:

ԱՄՆ կոնգրեսի անդամները մարտի առաջին տասնօրյակում շարունակել են նշել ղարաբաղյան ազատագրական շարժման 25-ամյակը. Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տեղեկացմամբ` Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Մայքլ Գրիմը, Դեվին Նյունեսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել ղարաբաղյան ժողովրդավարական պետությանն ու հասարակությանն աջակցող հայտարարությամբ:

Նյույորքցի կոնգրեսական Մայքլ Գրիմը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը ձեռք է բերվել երիտասարդ ԼՂՀ –ի կողմից վերջին 25 տարիների ընթացքում. ՙԼՂՀ-ի կայուն առաջընթացը բանկային, գյուղատնտեսական, հեռահաղորդակցության ոլորտներում եւս մեկ անգամ վկայում է նրա հեռանկարի մասին` որպես միջազգային հանրության կենսունակ անկախ գործընկերոջ՚:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր` ՙԱրցախբանկ՚ փակ բաժնետիրական ընկերությունում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին. համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին՚ օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

Կառավարության մարտի 12-ի նիստում հաստատվեց 2013թ. գյուղական բնակչությանը մասնագիտացված բուժօգնության կազմակերպման ծրագիրը եւ ժամանակացույցը. ըստ այդ ծրագրի` հանրապետության գյուղական բնակչությունը տեղում կստանա բուժօգնություն:

Մարտի 13-ին Արցախի տարածքում բարձրացած ուժեղ քամին տարբեր վնասներ է պատճառել հանրապետության բնակավայրերում:

Մարտի կեսերին ԱՄՆ-ում նշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության եւ ազատության շարժման 25 ամյակը. միջոցառմանը մասնակցել եւ ելույթ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, ԼՂՀ երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը եւ այլոք:

Մարտի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Վերջին տարիներին բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի զգալի աճ եւ երիտասարդացում է նկատվում` այս մտահոգությունը ԼՂՀ կառավարության մարտի կեսին կայացած նիստում արտահայտել է առողջապահության նախարար Զոյա Լազարյանը` տեղեկացնելով, որ բնակչության շրջանում տարածված հիվանդությունները շարունակում են մնալ սրտանոթային եւ նյարդային համակարգի հիվանդությունները:

2012թ. հանրապետությունում արձանագրվել է շաքարային դիաբետի 267 դեպք եւ չարորակ նորագոյացությունների 320 նոր դեպք, փոխարենը նվազել են 0-6 օրական նորածինների մահացությունների եւ մանկամահացությունների դեպքերը` նույն նիստում տեղեկացրել է Զոյա Լազարյանը:

Մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:

Վարչապետ Արա Հարությունյանի մոտ մարտի 14-ին հրավիրված խորհրդակցությունում քննարկվեց հանրապետության քաղաքային համայնքներում գործող կոմունալ տնտեսության ոլորտի ընկերությունների ունեցած հարկային պարտավորությունների հարցը:

Մարտի 15-ին մեկնարկեց հանրապետության տարբեր դպրոցների ուսուցիչների հերթական ատեստավորումը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի առաջին նիստը. խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվելիք միջոցառումները, որոշվել պատասխանատուները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Այս տարի հանրապետության 33 կրթօջախներում կշարունակվեն շինարարական աշխատանքները, որոնցից 8-ը մանկապարտեզներ են` այս մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Նույն ասուլիսի ժամանակ Սլավա Ասրյանը տեղեկացրել է, որ հանրապետության 219 դպրոցներից միայն 40-50 դպրոցներ են, որ ապահովված են ինտերնետ կապով, եւ միաժամանակ հույս հայտնել, որ մոտ ժամանակներս ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերության կողմից իրականացվող ցանցի ընդլայնման աշխատանքների շնորհիվ որոշ դպրոցներ եւս կապահովվեն համացանցով:

ԼՂՀ-ում 2012 թվականին արտակարգ պատահարների թվաքանակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որը կազմել է 14.4 տոկոս` այս մասին նշել է կառավարությանն առընթեր փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը:

Մարտի 17-ին ԼՂՀ մի շարք համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Յան Քելլիին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց. անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման համար:

Համանախագահների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սահակյանն ափսոսանքով է արձանագրել, որ տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու մասին պաշտոնական Ստեփանակերտի առաջարկը Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, եւ Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով` 2012 թվականին Արցախ է այցելել 15559 զբոսաշրջիկ 86 երկրից (2011թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 36.9 տոկոսով):

2013թ. մարտի 19-ին Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին:

Մարտի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է կարգադրություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նույն օրը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Կարեն Կոստանդյանն ազատվել է նախագահի առաջին օգնականի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին հանրապետության արտաքին քաղաքականության եւ գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Մարտի 22-23-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած աղջիկների, պատանիների եւ մեծահասակների Եվրասիայի կիոկուշին կան կարատե դո առաջնությունում արցախցի երկու մարզիկներ գրավել են առաջին եւ երկրորդ մրցանակային տեղերը:

Մարտի 25-ին նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ. քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պարգեւատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին-քաղաքական գերատեսչության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ. տեղի են ունեցել երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցություններ` միջգերատեսչական համագործակցության տարբեր հայեցակետերի, մասնավորապես` հյուպատոսական ծառայության հարցերի վերաբերյալ:

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ընթացքում հանձնաժողովները հստակեցրին համագործակցությունը մի քանի ոլորտներում:

Մարտի երկրորդ կեսին Շուշիի ռադիոաշտարակից սկսեց հեռարձակվել ՙԹալիշստանի ձայն՚ (ՙԹալիշստանի սադո՚) ռադիոկայանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ. հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին-քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին եւ քննարկել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:

Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ ՙՂարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար՚ խորագրով կլոր սեղան-քննարկում` կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից իր դիմումի համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

Մարտի 26-ին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, հաշվի առնելով հանրակրթական, նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես` գրիպով հիվանդացության տարածման միտումները եւ հիմք ընդունելով առողջապահության նախարարի գրությունը, հանրակրթական, նախադպրոցական եւ արտադպրոցական ուսումնական հաստատություններում մարտի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ դադարեցվել են ուսումնական պարապմունքները:

ԼՂՀ Ազգային ժողովի մարտի 27-ի լիագումար նիստում պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հրապարակեց ԼՂՀ Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խմբի Հռչակագիրը:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Նախագահ Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում միջոցառում է կազմակերպվել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Մարտի վերջին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա. այցը նպատակ էր հետապնդում զարգացնել տնտեսական համագործակցությունը Արցախի Հանրապետության եւ ֆրանսիացի գործարարների ու ներդնողների միջեւ:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանում ՙՍինոփսիս Արմենիա՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունների եւ Արցախի մայր բուհի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը նախագահ Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Մարտի 30-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը  հրավիրել է խորհրդակցություն` նվիրված հանրապետության համայնքների ղեկավարների համար սեմինար-դասընթացների կազմակերպման նախապատրաստմանը. կարեւորելով ծրագրի նշանակությունը` փոխվարչապետը նշել է, որ դասընթացները կնպաստեն գյուղապետերի կողմից համայնքային նշանակության հարցերը լուծելուն, համայնքային սեփականությունը տնօրինելու կարողությունների, կառավարչական հմտությունների զարգացմանը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

 

Share

Comments are closed.