Երեւանը` Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում արձանագրված հաղթանակից հետո ՀՀ նախագահը մեկնեց Մոսկվա եւ Բրյուսել` նշանավորելով երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Դրա հետ մեկտեղ Երեւանում շարունակում են քննարկել Հայաստանի` եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու հեռանկարները:

Առաջին այցը` հաղթանակից հետո

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Խորհրդանշական է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին երկիրը, որ այցելեց Սարգսյանը, հենց Ռուսաստանն էր:

ՙԱյն, որ սա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է հատկապես Մոսկվա` օրինաչափ է: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր համախոհը, եւ դրանով ամեն ինչ ասված է՚,-ողջունելով իր ռուս գործընկերոջը` ասաց Սարգսյանը:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` այցի համար եւ նկատի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո սա նախագահ Սերժ Սարգսյանի առաջին արտերկրյա այցն է, եւս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին` այդ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ՌԴ նախագահի խոսքով` մոտ 60 տոկոս քվեն շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին եւ հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ՀՀ նախագահն իր առջեւ դրել է` սկսելով նախընտրական քարոզարշավը:

 

Ռազմական համագործակցություն եւ ներդրումներ

ՀՀ նախագահը հատուկ ուշադրություն հատկացրեց երկու երկրների համագործակցությանը ռազմական ոլորտում: ՙՎլադիմիր Վլադիմիրովիչ, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար: Մեզ մոտ այցերով եղել են ՌԴ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը: Հայ հասարակությունը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան այցելեց Հայկական բանակի օրը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կա նաեւ տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ հարցեր կան, բայց մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը՚,- նշեց նա:

Պուտինն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի: ՙԵվ Հայաստանում, եւ Ռուսաստանում դա լավ գիտեն: Նրա խոսքերով` այդ հարաբերություններն, ընդհանուր առմամբ, հաջողությամբ են զարգանում` չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին: ՙԱնցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը՚,-ասաց ՌԴ նախագահը:

Նա նշեց, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում նաեւ Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով` ավելի քան 3 միլիարդ դոլար, եւ այս գործընթացը շարունակվում է: ՙՄենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր՚,- նկատեց Պուտինը:

ՌԴ նախագահն ավելացրեց, որ պակաս ակտիվորեն չեն զարգանում կապերը քաղաքական եւ հումանիտար ոլորտներում, առանձնակի ընդգծելով Ռուսաստանի հայկական սփյուռքի դերը երկկողմանի հարաբերությունների զարգացման գործում: ՙՄենք փոխգործակցություն ենք իրականացնում գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով` եւ խորհրդարանների, եւ կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով: Այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին` մարդկանց միջեւ, հումանիտար ոլորտում: Այստեղ կարեւոր դեր են խաղում Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները՚,- նշեց ՌԴ նախագահը:

 

Երկաթուղային շրջափակումից դուրս գալու ճանապարհ 

Շատ փորձագետների ուշադրությունը գրավեց նաեւ այն փաստը, որ նույն օրը Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ նաեւ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ: Քաղաքագետների կարծիքով` Սարգսյանի եւ Անկվաբի հետ հանդիպումների ժամանակ, ամենայն հավանականությամբ, քննարկվել է Աբխազիայի տարածքի միջով երկաթուղային հաղորդակցություն բացելու հարցը, ինչը լիովին  սպասելի էր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու` Երեւանում արված մի շարք հայտարարություններից հետո:

Երկաթուղու բացումը թույլ կտա Մոսկվային լուծել տարածաշրջանում իր միակ դաշնակցի հետ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը, իսկ Երեւանը կկարողանա նվազագույնի հասցնել տրանսպորտային արգելափակման քաղաքականությունը, որը նրա նկատմամբ իրականացնում են Բաքուն եւ Անկարան:

Դեռեւս չկա կոնկրետ տեղեկություն Սարգսյանի եւ Անկվաբի հետ Պուտինի բանակցությունների արդյունքների վերաբերյալ, սակայն փորձագետներն ընդգծում են, որ Աբխազիայով երկաթուղու բացումը կախված կլինի ռուս-վրացական հարաբերությունների առաջընթացից:

 

Պահպանելով հավասարակշռությունը Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ 

Մոսկովյան այցից երկու օր անց իր հաջորդ այցը Սերժ Սարգսյանը կատարեց դեպի Բրյուսել` կարծես ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Այցի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի հետընտրական զարգացումներին, եւ եվրոպացի գործընկերները կրկին հաստատեցին իրենց օժանդակությունը Սերժ Սարգսյանին եւ իրենց վստահությունը փետրվարի 18-ի հաղթանակի կապակցությամբ:

ՙՀնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը, ստանալով ընտրություններում ոչ թե իր կողմից սպասված 20 տոկոս քվեներ, այլ ավելի շատ` 37 տոկոս, ներկայումս երեւակայում է, որ կարող էր հավաքել ավելի մեծ թվով քվեներ, սակայն դա իրական փաստ չէ: Իրականությունն այն է, որ առաջին փուլում ձայների մեծամասնությունը տրվել է գործող նախագահին՚,- հայտարարեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի ամենախոշոր կուսակցությունն է, եւ հայկական երեք կուսակցություններ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙՕրինաց երկիր՚ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունները նախորդ տարվա փետրվարից ստացել են դրա դիտորդի կարգավիճակ:

Հայաստանը կողմ է ինտեգրմանն ու միավորմանը, բայց դեմ է ԽՍՀՄ ռեինկարնացիային

Ռուս-հայկական հարաբերությունների եւ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացների համատեքստում հատուկ հետաքրքրություն է ներկայացնում մարտի 16-ին Երեւանում անցկացված ՙԵվրասիական ինտեգրման տնտեսական հայեցակետերն ու Հայաստանը՚ համաժողովը, որը կազմակերպվել էր ՙԻնտեգրացիա եւ զարգացում՚ հետազոտական վերլուծական կազմակերպության կողմից: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, գիտնականներ, վերլուծաբաններ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից:

Համաժողովը ցույց տվեց, որ նույնիսկ հայկական քաղաքական վերնախավի ներսում չկա միասնական կարծիք ինտեգրացիոն գործընթացների գերակայությունների վերաբերյալ: Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով` Եվրասիական միությունը պետք է դառնա Եվրամիության պես անկախ պետությունների միություն եւ չպետք է վերափոխվի միասնական պետության:

ՙԵվրասիական միությունն առանձին պետություն չէ եւ երբեք չի հավակնի դրան: Այն, ինչպես եւ Եվրամիությունը, անկախ պետությունների համակարգ է, որի նպատակներն ու արժեքները ներդաշնակ են համամարդկայիններին՚,- ասաց նա:

ՙՄենք չպետք է պատրանքներ ունենանք այն հարցում, որ մոտ ապագայում ԱՊՀ երկրներից գոնե մեկը կարող է դառնալ Եվրամիության անդամ` մի շարք պատճառներով, նախեւառաջ, հաշվի առնելով առկա խնդիրներն ու հակասությունները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղիների անորոշությունը՚,- ավելացրել է պատգամավորը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին կողմ արտահայտվելով հանրապետության մասնակցությանը ինտեգրման գործընթացներին, մասնավորապես, եվրասիականին` այնքան էլ միանշանակ մոտեցում չուներ Մաքսային կամ Եվրասիական միություններին անդամակցելու հարցում:

ՙՀայաստանը, որպես հարաբերականորեն ոչ մեծ տնտեսությամբ երկիր, պետք է եւ վստահ գնում է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ: Դա, նախեւառաջ, վերաբերում է այն գործընթացներին, որոնք կատարվում են ինտեգրացիոն այն միավորումներում, որոնք ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Եվ դա, նախեւառաջ, Եվրասիական միությունն է՚,- ասել է նա:

Դավթյանի խոսքով, Հայաստանում առկա է ինտեգրման ուղղությամբ գնալու քաղաքական կամք, եւ ՙմենք քայլ առ քայլ գնում ենք այդ ուղղությամբ՚: ՙՄենք միշտ նշել ենք եւ համարել, որ Հայաստանն առանց ինտեգրացիոն գործընթացների չի կարողանա ընթանալ 21-րդ դարի իրողություններին հավասար, չի կարող իրեն զգալ գլոբալ տնտեսությունում ինտեգրված երկիր՚,- նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարի կարծիքով` ունենալով արտահանմանն ուղղված տնտեսություն, Հայաստանի համար շատ կարեւոր է դուրս գալ աշխարհի միջազգային շուկաներ` հայրենական ձեռնարկություններին եւ արտահանողներին իրենց արտադրանքն այդ շուկաներում իրացնելու հնարավորություն տալու համար:

Եվրամիությունը նախազգուշացնում է

ԵՄ-ն, իր հերթին, կրկին նախազգուշացրել է Հայաստանին, որ անհնար է համատեղել մասնակցությունը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն ու Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին

ՙԵվրամիությունը չի կարող ստորագրել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր մի երկրի հետ, որը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության անդամ է: Իրավաբանորեն դա անհնար է: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ այդ ընտրությունը պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ՙԱրեւելյան գործընկերության այլ անդամ-պետությունները՚, որոնք նույնպես ձգտում են միանալ ԵՄ-ի առաջարկած ազատ առեւտրի գոտուն՚,- նշել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ Էլմար Բրոքն ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ինչպես հայտնի է, ՚Արեւելյան գործընկերության՚ հիմնադիր գագաթնաժողովը կայացել է 2009 թվականի մայիսի 7-ին` Պրահայում: Տվյալ ծրագիրն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ ԵՄ-ի մերձեցմանը: ԵՄ-ն 2010-2013 թվականներին 1.9 միլիարդ եվրո է հատկացրել ՙԱրեւելյան գործընկերության՚ իր մասնակիցներին` օժանդակելով սոցիալ-տնտեսական բարեփոխումների անցկացմանը:

Միաժամանակ փետրվարի 18-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կոչ արեցին արագացնել Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրերի նախապատրաստումը, որ աշխատանքն ավարտեն Արեւելյան գործընկերության` 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ:

Այսպիսով, ի դեմս Եվրախորհրդարանի պաշտոնյայի` Հայաստանը բավականին կոնկրետ մեսիջ է ստացել, եւ այժմ նա պետք է դժվար ընտրություն կատարի:

 

Հայկ Խալաթյան հատուկ ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալության համար

 ar.newsarmenia.ru/analytics/20130327/42837984.html

Share

Comments are closed.