Այլընտրանքային խորհրդարան Ստեփանակերտում

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

25 տարվա ընթացքում, ի հեճուկս ղարաբաղյան ժողովրդի գերակշիռ մասի ձգտումների, Ղարաբաղում ստեղծվում է գետտո: Դրան մասնակցում են շատ հայրենասերներ՝ եւ պատերազմի, եւ ղարաբաղյան շարժման հերոսներ: Այդպիսին է գավառական հայրենասիրության տրամաբանությունը, որն, իհարկե, բազմաթիվ արժանիքներ ունի եւ ընդունակ է մարդկանց մղել անձնազոհության, սակայն դատապարտված է քաղաքական պարտության:

Դա միայն սոցիալական օրինաչափություն եւ պատմական իրականություն չէ, այլ ավելի շուտ ողբերգական կանխորոշվածություն: Ղարաբաղում ձեւավորվել է մի յուրօրինակ փիլիսոփայություն, որը սարսափելի է իր հրեշավոր անկեղծությամբ ու ամենահասությամբ, որի վերաբերյալ պարզապես ամոթ է տարածվել, սակայն անտեսելը կնշանակեր այդ երկրամասը դատապարտել մահվան:

Հարմարվելու Ղարաբաղյան փիլիսոփայությունն ըստ էության քիչ է տարբերվում Հայաստանի այլ մարզերի իրավիճակից, սակայն ոչ մի այլ տեղ այդ «սկզբունքներն» ի ցույց չեն դրվում որպես գրեթե սխրանք կամ էթնիկ բացառիկություն:

Այս դատողությունների իմաստն այն է, որ Ղարաբաղում ներկայիս գետտոյի իրավիճակը կարելի է բացատրել միայն դրանով: Ավելին, հաճախ կարելի է լսել, որ Ղարաբաղում հայությունը դարեդար գոյատեւել է հենց այդ հարմարվելու փիլիսոփայության շնորհիվ, ինչը ոչ այլ ինչ է, քան հիմարություն եւ պատմականորեն չհիմնավորված:

Ղարաբաղը միշտ ընդվզել է եւ ընդվզելու է, հենց դրանում է նրա պատմական առաքելությունը:

Ղարաբաղի խնդիրը հենց վերոհիշյալ անհեթեթությունն է, որը ներմուծել են այդ երկրամասից դուրս եկածները, որոնք բերել են ղարաբաղյան էթնոսին խորթ բուրժուականությունը եւ բուրժուական հասարակության արատները:

Ներկայում Ղարաբաղում տեղի է ունեցել սոցիալական փլուզում եւ տեղի է ունեցել բնակչության չափազանց ուժեղ բեւեռացում, ինչպես ամբողջ աշխարհում: Սակայն, եթե դա գուցե քիչ թե շատ տանելի է այլ տեղերում, սակայն ոչ Ղարաբաղում, որի պայքարը բարբարոսական հարեւանին չեզոքացնելու ուղղությամբ դեռ չի ավարտվել:

Իշխող վարչակազմը փորձում է պահպանել իր կարգավիճակը հասարակությունից կտրվածության պայմաններում, անտեսելով ներքին մարտահրավերները: ԼՂՀ քաղաքական կուսակցություններն իրենց դրսեւորել են որպես սպասարկու եւ հնազանդ խմբեր, որոնց տեղն աղբանոցում է:

Պետք է ասել, որ երեւանյան քաղաքական կուսակցություններն ու գործիչները ղարաբաղյան իշխանությունների հետ լավ հարաբերությունները միշտ դիտարկել են որպես քաղաքական ռեսուրս, եւ այդպես էլ չեն արտահայտվել Ղարաբաղի խնդիրների վերաբերյալ, նույնիսկ ֆինանսավորում են ստացել Ստեփանակերտից, անհասկանալի է՝ ինչի համար: Այդ կապակցությամբ, նրանք այդպես էլ մնացել են Երեւանի կենտրոնական թաղերի գործիչներ: Դա այլեւս չի կարող շարունակվել:

Արժեքավոր առաջարկ է ստացվել: Եթե պաշտոնական ներկայացուցչական մարմիններն ի վիճակի չեն դառնալ խնդիրների քննարկման եւ հարցերի լուծման ասպարեզ, ժամանակն է ստեղծել այլընտրանքային խորհրդարան: Առաջին անգամ նման հաստատություն ստեղծվեց 1918 թվականին, այդ փորձը կրկնվեց 1987 թ. ամռանը, երբ որոշում կայացվեց ստեղծել Ղարաբաղի խորհրդարան, ինչն էլ իրագործվեց այդ նույն տարվա աշնանը:

Այդ խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցավ Երեւանում, Գնունի փողոցի մասնավոր բնակարաններից մեկում, 1987 թ. հոկտեմբերի սկզբին: Այն ժամանակ այդ խորհրդարանը հավաքվեց «էմիգրացիայում», սակայն ներկայում կարծես թե պայմանները փոխվել են, եւ կարելի է այլընտրանքային խորհրդարանը ստեղծել Ստեփանակերտում:

Մարդիկ նվազագույն հարգանքի կարիք ունեն, ուզում են, որ իրենց լսեն եւ հաշվի առնեն իրենց կարծիքը, որին ի պատասխան փորձում են փակել նրանց բերանները: Ավելի ամոթալի բան չկա: Դա անթույլատրելի է, եւ նրանք, ովքեր այդպես են անում, սահմանափակ, ագահ ու հիմար մարդիկ են:

Այլընտրանքային խորհրդարանի խնդիրն է ստեղծել ոչ միայն կարծիքների արտահայտման եւ խնդիրների քննարկման ասպարեզ, այլեւ կազմակերպված քաղաքական խմբեր եւ կուսակցություններ: Երեւում է, այս նախաձեռնությունը նույնպես կհռչակվի «հակապետական» գործունեություն: Դե ինչ, եթե կարիք լինի՝ հակապետական գործունեությունը կդառնա լիովին լեգիտիմ:

Ժամանակին, ԼՂՀ խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ, 1994 թվականին, ղարաբաղյան զորքերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն ասել էր, թե «երբ մենք առաջին անգամ դուրս եկանք հրապարակ, ոչ մեկից թույլտվություն չհարցրեցինք»: Կճեղքենք, տղերք, գլխավորը՝ գտնվել ճեղքման մեջ:

Share

Comments are closed.