Փոթորիկ մի բաժակ ջրում

Կամ՝ փոքր ինչ Ադրբեջանի և Թուրքիայի միջպետական հարաբերություններում «մանր կսմիթների» մարտավարության մասին

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

2013 թ. մարտին պաշտոնական Բաքվի և Անկարայի միջև կրկին սև կատու անցավ: Այս անգամ ևս ձևական առիթը Հայաստանն էր, իսկ ավելի ճիշտ՝ Վան-Երևան չվերթի ենթադրվող բացումը:

 

Առաջին հայացքից պաշտոնական Բաքվի արձագանքը խիստ էր: Արտահայտվել են շատերը: Օրինակ, կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար և խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալի Ահմեդովը Թուրքիայից պարզաբանումներ է պահանջել: Նրա խոսքերով՝ Վան-Երևան չվերթի բացումը չի համապատասխանում Ադրբեջանի հողերի բռնազավթման առնչությամբ Թուրքիայի ունեցած դիրքորոշմանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիան այս հարցի մեջ հստակություն կմտցնի: Քանի դեռ ադրբեջանական հողերը բռնազավթումից ազատված չեն, մենք չենք կամենում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացում»1, – ասել է Ահմեդովը:

 

Այս հարցի շուրջ ընդհանուր բացասական ֆոնը ձգտել է մեղմացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Թուրքիայի դեսպանն Ադրբեջանում Վան-Երևան չվերթի բացման կապակցությամբ բազմիցս պարզաբանել է, որ այդ չվերթը կազմակերպվում է մասնավոր ընկերության կողմից: Նրա հայտարարությունները մենք ընկալում ենք որպես Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում»2, – հայտարարել է Մամեդյարովը:

 

Ծագում է բավականին տրամաբանական հարց. եղածն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև առկա ռազմավարական բնույթի լուրջ հակասությունների՞, թե՞ ժամանակ առ ժամանակ անգամ դաշնակիցների փոխհարաբերություններին բնորոշ թյուրըմբռնումների դրսևորումն է:

Միանգամիցնշեմ, որ Վան-Երևան չվերթի ենթադրյալ բացմաննկատմամբ Ադրբեջանի կառավարող կուսակցության ներկայացուցիչների արձագանքը հազիվ թե կարելի է պատշաճ համարել: Նախ՝ այսօր «Արմավիա» ընկերությունը կատարում է Երևան-Ստամբուլ երկկողմանի կանոնավոր չվերթեր, ընդսմին՝ շաբաթական երկու անգամ: Սակայն, չգիտես ինչու, Բաքվում դա «չեն նկատում»:

Երկրորդ՝ փորձագետների մեծամասնությունը համարում է, որ ի տարբերություն Երևան-Ստամբուլ չվերթի՝ Վանից Երևան թռիչքը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում չի կարող եկամտաբեր լինել, անգամ եթե թուրք ընկերությունն առաջարկի «Արմավիայից» ավելի ցածր գներ: Հարկ է հաշվի առնել, որ Երևան-Ստամբուլ չվերթի հիմնական ուղևորները հայ անհատ առևտրականներն ու աշխատանքային միգրանտներն են: Սակայն, մի կողմից Վանը Թուրքիայի տնտեսապես ամենահետամնաց տարածաշրջաններից է և աշխատանքային միգրանտներն այնտեղ անելիք չունեն: Մյուս կողմից, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում չի գործելու նաև զբոսաշրջային գործոնը: Հայաստանում առկա տնտեսական դրության պայմաններում հազիվ թե կարելի է գտնել այնպիսի հայերի, որոնք պատրաստ կլինեն ավելի քան 200 դոլար վճարել զուտ իրենց պատմական հայրենիքն այցելելու համար:  Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Հայաստանը Վան-Երևան չվերթի ֆինանսավորումից տնտեսական շահ չեն ունենա:

Եվ, ի վերջո, երրորդ՝ Բաքվում գերազանց տեղեկացված են, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ էական առաջընթացի պաշտոնական Անկարան մտադիր չէ լուրջ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:  Ներկա պահին Անկարային չի վախեցնում անգամ մերձեցող 2015 թվականը: Թուրքիան իրեն շատ ավելի վստահ է զգում, քան երկու տարի առաջ: Անկարայում համոզված են, որ տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները և դրանցում Թուրքիային հատկացված դերը թույլ չեն տա առաջատար արևմտյան պետություններին մոտակա տարիներին առանձնապես կենտրոնանալ հայկական հարցի շուրջ: Իսկ Վան-Երևան չվերթի բացումը տեղավորվում է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի «մանր քայլերի» քաղաքականության շրջանակներում, որի մասին Բաքուն լիովին իրազեկված է:

Հետևաբար, խոսքը մի բաժակ ջրում փոթորկի մասին է:

Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կարող են  ծագել անհաղթահարելի տարակարծություններ: Եթե շատ կարճ պատասխանենք, ապա՝ ո՛չ: Բայց ինչո՞ւ ոչ:

Նախ, սկսեմ «մանրուքից»՝ տնտեսությունից: Ինչպես կասեր նացիստական Գերմանիայի գաղտնի պետական ոստիկանության («Գեստապոյի» 4-րդ բաժանմունք) պետ, ՍՍ գրուպենֆյուրեր և գեներալ-լեյտենանտ Հենրի Մյուլլերը՝ «դա բոլորովին էլ մանրուք չէ», համենայն դեպս՝ Թուրքիայի հետ հարաբերություններում:

2013 թ. սկզբին Ադրբեջանի կողմից Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումների քանակը գերազանցել է 11 միլիարդ դոլարը: Խոսքը տառացիորեն վերջին հինգ տարիների մասին է: Ընդսմին՝ դրանք սոսկ «հրապարակային» ներդրումներն են:

Համեմատության համար՝ անկախության քսանամյա շրջանում Ադրբեջանի տնտեսության մեջ թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել էր 6.5 միլիարդ դոլլար: Այսինքն, միայն մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ համարյա երկու անգամ ավելի մեծ ներդրումներ է կատարել: Ադրբեջանն արդեն մտնում է Թուրքիայի տնտեսության արտաքին ներդրողների առաջին հնգյակի մեջ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ներառված է Թուրքիայում մի շարք խոշոր նախագծերի ներդրումային աջակցության մեջ, որոնց մեջ հիշատակելի է  TANAP գազամուղը և այլն: Հետագա տարիներին Ադրբեջանից Թուրքիա ակնկալվող ներդրումների ծավալը գնահատվում է 21 միլիարդ դոլար:

Սա Թուրքիայի համար շատ կարևոր գործոն է, հատկապես՝ տնտեսական ճգնաժամով պայմանավորված արևմտյան ներդրումների նվազման և Թուրքիայի սեփական ներքին պաշարների սահմանափակության պարագայում:

Երկրորդ՝ Ադրբեջանը Վրաստանի հետ միասին դեպի Միջին Ասիա դուրս եկող Հարավային էներգետիկ միջանցքի կարևոր օղակն է: Այստեղ խոսքը միայն Թուրքիան էներգակիրներով ապահովելու մասին չէ: Թուրքիայի համար շատ կարևոր է «իրենով անել» համաշխարհային (նախևառաջ՝ եվրոպական) շուկաներ էներգակիրներ մատակարարելու ուղիները: Այս գործոնը բարձրացնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորությունը:

Երրորդ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը պաշտոնական Անկարայի համար հնարավորություն է ընձեռում մուտք գործել Միջին Ասիայի թյուրքական աշխարհ:

Չորրորդ՝ Ադրբեջանը տարածաշրջանում զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներում Թուրքիայի դաշնակիցն է:

Հինգերորդ՝ պաշտոնական Բաքվի համար շատ կարևոր է, որ Թուրքիան տարածաշրջանում Ադրբեջանի միակ վստահելի դաշնակիցն է և միջնորդը՝ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում որոշ վիճելի հարցերի լուծման հարցում:

Կողմերը միմյանց կարիքն ունեն և նրանց մեջ ոչ մի լուրջ հակասություն լինել չի կարող: Սակայն, կան նախևառաջ սուբյեկտիվ գործոններ, որոնք փոխադարձ «մանր կսմիթների» պատճառ են դառնում:

Սկսեմ նրանից, որ իսկզբանե հնարավոր չեղավ «անձնականշփում» կայացնել երկու առաջնորդների՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Նրանք շատ տարբեր մարդիկ են: Էրդողանը պահպանողական է և կրոնասեր, իսկ Ալիևը՝ զուտ աշխարհիկ մարդ է:

Այնուհետև, հարկ է հաշվի առնել հայկական հարցի ազդեցությունն ու բացասական հետևանքները, այսինքն, ՝ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը: Բաքվում Անկարայից նեղացած են այն բանի համար, որ հայ-թուրքական արձանագրությունները որոշ ժամանակով երկրորդ պլան մղեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Անկարան, այդ թվում և անձամբ Էրդողանը, իրենց հերթին չեն կարող ներել պաշտոնական Բաքվի չափազանց սուր արձագանքը հիշյալ արձանագրությունների ստորագրման առնչությամբ: Սակայն գոյություն ունեին և կան ավելի լուրջ խնդիրներ:

Օրինակ, Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուի 2008 թվականից մինչև 2010 թվականն իրականացրած «հարևանների հետ զրո խնդիրներ» ռազմավարությունը որոշակի շփոթություն և ապակողմնորոշում է մտցրել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Եվ դրա պատճառը միայն հայկական հարցը չէ: Պաշտոնական Բաքուն պարզապես հարկադրված է հաշվի առնել Անկարայից ստացվող արձագանքները արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելու համար: Ի տարբերություն Թուրքիայի՝ Ադրբեջանին ավելի դժվար է առանցքային փոփոխություններ մտցնել իրականացվող արտաքին քաղաքականության մեջ: Իսկ «հարևանների հետ զրո խնդիրներ» հայեցակարգի ձախողումից հետո մենք ականատես եղանք Ադրբեջանի՝ Իրանի և Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում կտրուկ սառնության: Չէ՞ որ այդ հարաբերությունների ջերմացման ջատագովը հենց Թուրքիան էր:  Այսինքն, Ադրբեջանը որոշ չափով Թուրքիայի արտաքին քաղաքականության «պատանդն» էր դարձել:

Եվ, ի վերջո, ի հեճուկս Ադրբեջանի հետ աշխույժ ռազմաքաղաքական համագործակցության, Թուրքիան չի շտապում ստանձնել հստակ պարտավորություններ Ադրբեջանի անվտանգության ապահովման հարցում, օրինակ, դաշնակից պետության տարածքում ռազմակայաններ տեղակայելու մասով: Անկարայում փորձում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից:

 

1. http://www.trend.az/news/politics/2130166.html

2. http://ru.apa.az/news/243785

Share

Comments are closed.