Եվրոպական ինտեգրման եւ մերձդնեստրյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները Մոլդովայում առկա քաղաքական ճգնաժամի պայմաններում

Վլադա ԼԻՍԵՆԿՈ
Մերձդնեստրի Տ. Գ. Շևչենկոյի անվան
պետական համալսարանի դասախոս, դոցենտ       

 Համառոտ ներածական: Հոդվածում համառոտակիորեն նկարագրվում են մոլդովացի քաղաքական գործիչների՝ պետության եվրաինտեգրման և մերձդնեստրյան հակամարտության կարգավորման ուղղությամբ արձանագրած հաջողություններն ու ձախողումները: Հոդվածում քննվում են այն արտաքին ու ներքին պայմանները, որոնց առկայությամբ զարգանում է մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, ինչպես նաև որոշ նորագույն միտումներ, որոնք կարող են նպաստել Մերդնեստրի ապագայի շուրջ համակողմանի փոխզիջման կայացմանը:

  

 

Մոլդովայի հաջողություններն ու ձախողումները եվրաինտեգրման գործում

2013 թ. եվրաինտեգրման ուղղությամբ Մոլդովայի իշխանությունները ծրագրել են մի շարք առաջնահերթային գործողություններ՝ Ասոցացման և ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրում, Վիզային ռեժիմի մասին երկխոսության պայմանների կատարման ավարտ, Մոլդովայի Հանրապետություն – Եվրոպական Միություն ասոցացման ծրագրի շուրջ բանակցություններ, եվրոպական էներգետիկ համակարգի մեջ ինտեգրման ջանքերի բազմապատկում, գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի մեկնարկ, Բալթյան և Վիշեգրադյան խմբի երկրների հետ համագործակցության ամրապնդում, ինչպես նաև Եվրամիության բոլոր երկրների հետ քաղաքական երկխոսության աշխուժացում:

Մոլդովայի Հանրապետության կառավարության սկսած բարեփոխումների գնահատականը տրված է վերջերս Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված՝ 2012 թ. Եվրոպական հարևանության քաղաքականության մասին զեկույցում:[1] Մոլդովան կատարել է հարևանության քաղաքականության անցած տարվա զեկույցում ներառված առանցքային գործողությունների մեծ մասը. Մոլդովան շարունակել է կենսագործել ժողովրդավարական բարեփոխումներ, ընդհանուր առմամբ հաջողություններ է արձանագրել  ԵՄ-ՄՀ Գործողությունների ծրագրի իրականացման մեջ, հաջողությունների է հասել վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի գործողությունների մեջ՝ կատարելով առաջին փուլի պայմաններն ու անցնելով նույն այդ ծրագրի երկրորդ փուլին: Սակայն, եվրապաշտոնյաներն իրենց հրապարակած զեկույցում Մոլդովային կոչ են անում հետևել մի քանի լուրջ խորհուրդների՝ ավարտի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի կատարումը, շարունակել արդարադատության համակարգի և ՆԳՆ բարեփոխումը, կոռուպցիայի վտանգը նվազեցնելու համար կատարելագործել մաքսային ընթացակարգերը, ապահովել Հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհրդի լիակատար և արդյունավետ անկախությունը, շարունակել հետևողականորեն ընթանալ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղիով, առևտրի և հարակից ոլորտներում (ըստ DCFTA մուտք գործելու նախապատրաստությանը վերաբերող խորհուրդների) շարունակել  բնագավառային բարեփոխումները և ներդաշնակեցնել հիշյալ ոլորտները ԵՄ օրենսդրությանը՝ զուգահեռ բանակցություններ վարելով Ազատ առևտրի համապարփակ գոտու (DCFTA) մեջ առավել ամբողջական ներառման շուրջ, արագացնել պետական կառավարման բարեփոխումը, այդ թվում և՝ պետական պաշարների առավել արդյունավետ օգտագործման և տեղական ինքնակառավարման կատարելագործման տեսանկյունից, շարունակել սեփականաշնորհման գործընթացը, մասնավորապես՝ խոշոր պետական ձեռնարկությունների պարագայում, միջոցներ ձեռնարկել բանկային հատվածում թափանցիկության բարձրացման ուղղությամբ, քայլեր կատարել ձեռնարկատիրական միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ՝ ներառելով ձեռնարկությունների առողջացումն ու օտարերկրյա ներդրողների գրանցման ընթացակարգի պարզեցումը և ստվերային տնտեսության դեմ պայքարը:

 

Մոլդովայի քաղաքական ճգնաժամը 

Եվրոպական միությունը մեծապես շահագրգռված է քաղաքական իրավիճակի կայունացմամբ Մոլդովայում, որտեղ կառավարությունը հրաժարական է տվել: Մոլդովայի եվրոպամետ կառավարությունը Վլադ Ֆիլատ վարչապետի ղեկավարությամբ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ 2013 թ. մարտի 5-ին խորհրդարանը նրան անվստահություն է հայտնել: Մոլդովայում ծագած քաղաքական ճգնաժամի պատճառը 2009 թվականից խորհրդարանական տեղերի մեծամասնությանը տիրացած եվրոպական ինտեգրման Դաշինքի երկու կուսակցությունների ներքին տարաձայնությունների հետևանքով առաջացած պառակտումն է: ԿառավարությանհրաժարականիպահանջովհանդեսէեկելՄոլդովայիՀանրապետությանԿոմունիստականկուսակցությունը (ՄՀԿԿ), հայտարարելով, թեվեր ջին շրջանում Մոլդովայի կառավարությունը թաթախվել է կոռուպցիայի մեջ, իսկ վերջինիս անդամները, որոնցից ոմանք արդեն մեղադրյալի կարգավիճակում են հարուցված քրեական գործերի շրջանակում, լայնորեն ներառված էին քրեական սխեմաների մեջ:

Օրենսդրության համաձայն վարչապետի թեկնածությունը առաջադրվում է նախագահի կողմից՝ խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացված խորհրդատվություններից հետո: Միաժամանակ, ՄՀ Սահմանադրության մեջ սահմանված չէ այն ժամկետը, որի ընթացքում պետության ղեկավարը պետք է կատարի վարչապետի թեկնածության առաջադրումը: Սահմանադրության մեջ ասված է միայն, որ  նախագահը վարչապետի թեկնածությունը խորհրդարանի հավանությանը կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու անգամ՝ 45 օրերի ընթացքում: Եթե խորհրդարանը երկու անգամ չհաստատի նոր վարչապետի թեկնածությունը, ապա նախագահը լուծարում է խորհրդարանը և նշանակում նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը:

 

Եվրոպական պաշտոնյաները մոլդավացի քաղաքական գործիչներին անմիջական երկխոսություն սկսելու և հանուն «Մոլդովայի Հանրապետության բոլոր քաղաքացիների՝ ժողովրդավարական արժեքներն ու Եվրամիության մեջ հետագա ինտեգրումն ապահովելու ունակ ուժեղ և կայուն մեծամասնություն ձևավորելու»[2] կոչ են հղել: Կարելի է միայն հուսալ, որ այս ճգնաժամը բացասաբար չի անդրադառնա ԵՄ հետ Մոլդովայի հարաբերությունների վրա և եվրոպական հարթակում երկրի վարկանիշին վնաս չի հասցնի՝ խնդիրն արագ կարգավորելու դեպքում:  

Եվրամիությունն առաջարկում է Մոլդովային մերձդնեստրյան կողմի հետ միասին աշխուժորեն մասնակցել ապագայի փոխընդունելի տեսլականի մշակմանը, որից պետք է բխեն հակամարտության կարգավորման հիմնական հարաչափերը:

 

Բանակցություններ Մոլդովայի և Մերձդնեստրի միջև 

Մոլդովայի և Մերձդնեստրի միջև պաշտոնական բանակցությունները հակամարտության կողմերը դադարեցրել էին դեռևս 2001 թվականին՝ այսպես կոչված «մաքսային» տարաձայնությունների պատճառով: Այդ ժամանակ միջնորդները ստիպված են եղել սեղմ ժամկետներում ստեղծել օժանդակ բանակցային մեխանիզմ, որը թույլ կտար հակամարտող կողմերի միջև երկխոսություն պահպանել գոնե կողմերի քաղաքական ներկայացուցչների մակարդակով: Այս նպատակով նախաձեռնվել է «Մերձդնեստրյան կարգավորման գործընթացի շրջանակներում Քաղաքական հարցերով մշտական խորհրդակցություն» ձևաչափի ստեղծումը, որը ստացել է «Բրատիսլավյան ձևաչափ» անվանումը, թեև այն առավել հայտնի է որպես «5+2» ձևաչափ:

Մոլդովա-մերձդնեստրյան կարգավորման գործընթացում կարելի է առանձնացնել տարբեր փուլեր՝ թե՛ հաճախականության մակարդակի և թե՛ արդյունավետության չափի առումներով: Տեսության մեջ առկա է մի շրջաբաժանում, որը տվյալ գործընթացը ենթաբաժանում է չորս փուլի՝ հետպատերազմյան փուլ, բանակցային գործընթացի կողմերի հավասարության փուլ, հակամարտային փուլ և բանակցային գործընթացի միջազգայնացման փուլ:[3]

2011 թվականը կարելի է համարել բանակցային գործընթացի «վերբեռնման» մեկնարկի կետ՝ Մերձդնեստրում հակամարտության կարգավորման գործընթացի նոր փուլը սկզբնավորելու առումով: Բանակցային գործընթացի «վերբեռնման» հնարավոր մեկնարկն էապես խոչընդոտվում է Մոլդովայում ներքաղաքական իրավիճակի փոփոխությամբ: Հարկ է նշել, որ 2009թ. մոլդովական ընտրություններից հետո միավորված բոլոր չորս կուսակցությունների ծրագրերում էլ հստակորեն ընդգծված էր Մոլդովայի՝ ՆԱՏՕ մտնելու, ԱՄՆ և ԵՄ առաջատար երկրների հետ նախապատիվ հարաբերություններ հաստատելու և հարևան Ռումինիայի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ձևավորված իրողություններում արդիականացել են Մոլդովայում ռուսաստանյան դիրքերի թուլացման և հակամարտության վրա ազդեցության լծակների Մոսկվայից Բրյուսելին, Վաշինգտոնին և Բուխարեստին անցնելու մասին տեսակետները:[4]

«5+2» ձևաչափում պաշտոնական բանակցային գործընթացի օրակարգը բաղկացած է երեք «զամբյուղից», որոնք դասակարգվում են հետևյալ կերպ. «սոցիալ-տնտեսական հարցեր», «ընդհանուր իրավական, մարդասիրական և մարդու իրավունքների հարցեր», «համապարփակ կարգավորում՝ ներառյալ կառուցակարգային, քաղաքական և անվտանգության հարցեր»: Ընդսմին՝ հակամարտության կարգավորման քաղաքական հայեցակետերին առնչվող երրորդ «բանակցային զամբյուղը» քննարկելի է միայն Մոլդովայի և Մերձդնեստրի միջև գոյություն ունեցող սոցիալ-տնտեական և մարդասիրական բնույթի բոլոր գործնական հարցերի լուծումից հետո և տվյալ պահին չի պարունակում առարկայական բովանդակություն և քննարկման ենթակա հարցեր: Ի հեճուկս վերոնշյալի՝ Մոլդովան, ինչպես նաև միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ-ի և Ուկրաինայի և դիտորդներն ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի բազմիցս հայտարարել են կարգավորման քաղաքական հայեցակետերի քննարկմանն անցնելու անհրաժեշտության մասին: Քիշնևը հանդես է գալիս հակամարտության կարգավորումը Մոլդովայի «տարածքային ամբողջականության» և «ունիտար կարգավիճակի» հիման վրա լուծելու օգտին, իսկ Տիրասպոլը վերահաստատում է անկախությանն ու միջազգային ճանաչմանը միտված քաղաքական ուղեգծի անշրջելիությունը:

Մերձդնեստրն արտաքին աշխարհի հետ կարող է շփվել կա՛մ Քիշնևի, կա՛մ Ուկրաինայի միջոցով: Սակայն, 2006 թվականից ի վեր Ուկրաինան վարում է Մոլդովայի տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված քաղաքականություն (դա Կիևի և ԵՄ մերձեցման պաշտոնական պայմաններից մեկն է)՝ Մոլդովայի չեզոք կարգավիճակի պահպանման պայմանով, ինչն, իր հերթին, նպատակ ունի բավարարել Մոսկվայի ձգտումը՝ կանխելու Մոլդովայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: 2013թ. Ուկրաինան նախագահում է ԵԱՀԿ-ում և մտադիր է ամենայն աջակցություն ցուցաբերել «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը:[5] ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում Ուկրաինան նույնպես մտադիր է պնդել բանակցությունների մեջ բոլոր երեք «զամբյուղներն» օրակարգային դարձնելու վրա՝ ի հեճուկս դրան ամեն կերպ ընդդիմացող մերձդնեստրյան կողմի: Ոչ միայն Մոլդովան, ԵՄ-ն և ԱՄՆ-ն, այլև ՌԴ-ն անվարան կերպով հաստատում են, որ Մերձդնեստրը միջազգային ճանաչման իրավունքը չունի: ՌուսաստանիԱԳՆ-ումմերձդնեստրյանկարգավորմանպատասխանատուՍ. ԳուբարևըՄերձդնեստրումհայտարարելէ, որեթեՄերձդնեստրըանկախությանէձգտում, ապանապետքէդեպիԼուսինթռիչքկատարի:[6] Իսկ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը Մերձդնեստրի կարգավիճակի մասին արտահայտվել է այսպես. «…Ճշմարտությունը միջակայքում ինչ-որ մի տեղ է: Մի բան միանգամայն հստակ է. ոչ մի միջազգային կառույցում Մերձդնեստրի անկախության գաղափարն աջակցություն չունի: Չկա աջակցություն այն գաղափարին, որ Մոլդովան պետք է մնա ունիտար պետություն: Հարկ է առանձնահատուկ կարգավիճակ որոնել»:[7]

Կարգավորման գործընթացում Քիշնևի և Կիևի դիրքորոշումները գրեթե լիովին համընկնում են: Մոլդովական կողմը վաղուց պնդում է բանակցային բոլոր երեք «զամբյուղների բացման», «խնդիրների լուծման մասնավոր դեպքերից դեպի միասնական ձևաչափ անցնելու անհրաժեշտության», ինչպես նաև «Դնեստրի երկու կողմերում էլ միասնական տնտեսական տարածություն ստեղծելու վրա»:  Ակնհայտ է, որ Տիրասպոլում այս գաղափարին առանց ոգևորության են վերաբերվում և, որպես այլընտրանք, Քիշնևին առաջարկում են սոցիալ-տնտեսական համալիր խնդիրների համատեղ լուծման հիման վրա «վստահության հատուկ գոտի» կառուցել:

 

 Մերձդնեստրի դերը եվրաինտեգրման գործընթացի մեջ 

Մոլդովան մտադիր է Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել մինչև 2013թ. ավարտը: Արտահանման ծավալների շուրջ 1/3-ը Եվրամիության երկրներ առաքող Մերձդնեստրին դա կարող է կորուստներ պատճառել: Որպես հետևանք՝ տեղի ձեռնարկատերերը հարկադրված կլինեն որոնել սպառման այլընտրանքնային շուկաներ: Մոլդովան կարող է խնդիրների բախվել մերձդնեստրյան ձեռնարկությունների արտադրանքը որոշելու կանոնների պահպանման հարցում: Համաձայնագրի ստորագրման հետաձգումը մոլդովական իշխանությունների համար կհանդիսանա քաղաքական աղետ և ԵՄ վարկանիշին ուղղված հարված:

Մերձդնեստրը պատրաստ է իր արտադրանքն այլ շուկաներ ուղղել՝ իրավիճակի զարգացման ցանկացած սցենարին պատրաստ լինելու համար:[8] Ժողովրդին և իշխանության մարմիններին հասցեագրված ամենամյա ուղերձի մեջ Մերձդնեստրի առաջնորդը կոչ է անում հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի և Ուկրաինայի տարածաշրջանների հետ, ինչպես նաև համագործակցել Հարավային Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հետ։[9] Մերձդնեստրը որպես սեփական ազգային գաղափար է ընկալում եվրասիականությունն ու եվրասիական կառույցների մեջ ինտեգրվելը: Եվրասիական վեկտորը 2012 թ. հունիսին պետության ղեկավարի կողմից պաշտոնապես հռչակվել է գերակա քաղաքական ուղղություն և ամրագրվել է 2012 թ. նոյեմբերի 20-ին Մերձդնեստրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում:[10]

Կան մտավախություններ, որ եթե Մերձդնեստրը չմտնի ՄՀ-ԵՄ ազատ առևտրի գոտի, ապա մոլդովական մաքսային սահմանը կարող է հաստատվել Դնեստրի երկայնքով:[11] Այսպիսի տարբերակը կարող է հանգեցնել երկրի վերամիավորման ընթացիկ ուղեգծի փոփոխությանը, Մերձդնեստրի միջազգային մեկուսացմանը և անգամ անվտանգության գոտում դիմակայությանը:

Որոշ եզրակացություններ 

Ներկայումս եվրոպական ինտեգրման գործընթացների դրսևորման ձևերն են՝ Եվրամիության մեջ ինտեգրում՝ անդամության ձեռքբերում, Տարածաշրջանային համագործակցության խորհրդի վերաճող Կայունության պակտ Հարավ-Արևելյան Եվրոպայի համար, Բարեդրացիության քաղաքականություն Արևելյան և Հարավային Եվրոպայի համար, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շուրջ կենտրոնացած տարածաշրջանային նախագծեր Սև ծովի ավազանի համար, Արևելյան գործընկերություն և այլն: Եվրամիության սահմանների Մերձդնեստրին մերձեցումը, բանակցային գործընթացի մեջ դիտորդի կարգավիճակով Բրյուսելի ընգրկվելը, հակամարտությունների կարգավորման սեփական եվրոպական փորձառության և մոտեցումների առկայությունը պահանջում է եվրոպական քաղաքականության ունեցած ներուժի ուսումնասիրություն, տարածաշրջանում իրավիճակի փոխակերպման մեջ Եվրամիության դերի և ազդեցության որոշում և համագործակցային ներուժի բացահայտում Մոլդովայի և Մերձդնեստրի հետ ԵՄ փոխգործակցության տարբեր մակարդակների և արագությունների հաշվառմամբ:

Մոլդովայում և Մերձդնեստրում ընթացող քաղաքական փոփոխություններն անուղղակիորեն վկայում են, որ տարածաշրջանի ապագայի հարցն ավելի սուր է դառնում: Մերձդնեստրի անվտանգությունն ու զարգացումն անխուսափելիորեն բախվում են իր կարգավիճակի խնդրին: Մոտակա տարիները, հավանաբար, լինելու են տարածաշրջանի ապագային առնչվող բանակցությունների աշխուժացման տարիներ: Դրա համար առաջացել են թե՛ որոշակի ներքին և թե՛ արտաքին նախադրյալներ:

Մոլդովայի համար եվրաինտեգրման գործընթացները հետայսու մեծապես կախված են լինելու իր ներքին խնդիրների լուծումից՝ տնտեսության բնագավառի կայունացումից, երկարաձգվող քաղաքական ճգնաժամի հաղթահարումից և, ո՛չ վերջնահերթորեն, Մերձդնեստրի շուրջ հակամարտության կարգավորումից:

 

[1] Զեկույցի տեքստը կարելի է գտնել Մոլդովայի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում՝ http://www.gov.md

[2] ЕС призывает к диалогу http://ava.md/news/019631-es-prizivaet-k-nemedlennomu-dialogu.html

[3] Боцан И. Переговорный процесс как откладывание решения // Молдова-Приднестровье: общими усилиями – к успешному будущему. Переговорный процесс / редкол.: Матвеев Д. и др. К. 2009. С.10.

[4] Տե՛ս՝ Артемьев М. Запад перетягивает Приднестровье / М. Артемьев // Интернет-журнал «Новая политика». http://www.novopol.ru/-zapad-peretyagivaet-pridnestrove-text80784.html (18.05.10):

[5] Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը ադրբեջանական «Տրենդ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում. http://mkspmr.idknet.com :

[6] ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը 2011 թ. հունիսի 5-ին.

http://echo.msk.ru/blog/echo_ua/781613-echo :

[7] Փորձագետ. «Կրեմլյան երազողները չափազանց բացահայտ են հավանում Մերձդնեստրի ոչնչացման պլանները», Regnum, 2011 թ. մայիսի 31. http://www.regnum.ru/news/polit/1410863.html :

[8] Տիրասպոլյան առաջնորդ. «Եվրոպական շուկաների կորուստը ցավոտ է լինելու». http://www.allmoldova.com/moldova-news/1249083188.html

[9] http://president.gospmr.ru :

[10] «Մերձդնեստրի եվրասիական ինտեգրում. ազգային գաղափարի իրականացման ռազմավարություն՝ պետության միջազգային-իրավական կարգավիճակի առանձնահատկությունների հաշվառմամբ». http://www.gumilev-center.ru :
[11] Այսպես են կարծում մոլդավական Expert-Grup www.expert-grup.org վերլուծական կենտրոնի տնտեսագետները:

Share

Comments are closed.