Իրադարձություններ, որոնք ջարդեցին կարծրատիպերը

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Միջազգայնագետ
Ստեփանակերտ

Արցախում միշտ էլ ուշադրությամբ են հետևում հայաստանյան համապետական ընտրություններին: 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն էլ բացառություն չէին: ՀՀ հռչակումից ի վեր ղարաբաղյան գործոնն էական նշանակություն է ունեցել հայաստանյան ներքաղաքական կյանքում: 1990-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդում կային Արցախից ընտրված պատգամավորներ:

Դեռ 90-ականների սկզբից ԼՂՀ պաշտոնյաներն ակտիվորեն միջամտում էին ՀՀ ներքաղաքական կյանքին: Ամենացայտունօրինակը, թերևս, 1993թ. ԼՂՀ պաշտպանության  կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթն էր հայաստանյան հեռուստաալիքով, որտեղ նա մեղադրում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության դեմ բողոքող և Ազատության հրապարակում մեծաքանակ ցույցեր անցկացնող ընդդիմության առաջնորդ Պարույր Հայրիկյանին` ներքաղաքական իրավիճակն անկայունացնելու մեջ:

1996թ. Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին ճնշելու և Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու գործառույթ էր իր վրա վերցրել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, ով էլ արդեն 1998թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր “Իրավունք և միաբանություն” դաշինքին:

1998թ. ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, ով դրանից մեկ տարի առաջ ԼՂՀ նախագահն էր:

Այս և այլ օրինակներ ցույց են տալիս արցախյան քաղաքական էլիտայի լայն ներգրավումը ՀՀ ներքաղաքական գործընթացներում և նրանց էական ազդեցությունը դրանց վրա:

Իրականում այս ազդեցությունները տեղավորվել են հստակ տրամաբանության մեջ: ԼՂՀ իշխանությունները միշտ էլ աջակցել են ՀՀ իշխանություններին, բայց նույնը չի կարելի ասել հակառակի մասին: 1990-ականների սկզբին, երբ Արցախում իշխանության եկավ ՀՅԴ-ն, Երևանի իշխանություններն արեցին ամեն ինչ Արցախում իշխանափոխություն իրականացնելու համար, ինչն էլ նրանց հաջողվեց: Այն ժամանակների դաշնակցական լուրջ շրջանակներ այսօր էլ չեն կարողանում մոռանալ Լևոն Տեր-Պետրոսյանի անընդունելի վերաբերմունքը ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի նկատմամբ: Ի դեպ, այդ հանգամանքը Արցախում զգալի դեր է խաղացել 2008թ. երևանյան ցույցերի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքի ձևավորման հարցում:

Հայաստանյան քաղաքական և վերլուծական որոշակի շրջանակների ներկայացուցիչների մոտ, ովքեր լավ չեն տեղեկացված Արցախում կատարվող իրադարձություններին, սխալ կարծիք կա ձևավորևված, որ հայկական երկրորդ հանրապետությունում հասարակական կարծիքը հիմնականում լինում է հօգուտ արցախյան ծագում ունեցող ՀՀ ղեկավարների:

2013թ. նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ կարծիքներն առնվազն չափազանցված են, և ինչպես ՀՀ այլ մարզերում և Երևանում, Արցախում նույնպես հասարակությունը ձգտում է արդար և արդյունավետ կառավարման` անկախ հիմնական որոշումներ ընդունողների ծագման վայրից:

Սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի գրառումների թռուցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախում զգալի համակրանք կա Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա գլխավորած շարժման նկատմամբ: Այդ համակրանքը հիմքեր ունի. Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցությունն Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշման կրող են, Արցախի բնակչության մեծ մասի նման ունեն անզիջում կեցվածք տարածքներին վերաբերող հարցերում, ինչը չի կարելի ասել պարտվողական հայացքներ ունեցող Սերժ Սարգսյանի մասին:

Հայաստանյան ընդդիմության աջակցության ամենաաղմկալից գործողությունը, սակայն, տեղի ունեցավ ինստիտուցիոնալ մակարդակով: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը ելույթ ունեցավ Ազատության հրապարակում և աջակցություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս ելույթը երևանյան լայն հասարակության մեջ մեծ արձագանք չգտավ, սակայն լրջորեն վախեցրեց հայաստանյան իշխանություններին, ինչի ապացույցը Արցախի իշխանությունների` Վահան Բադասյանի դեմ ուղղված գործողություններն էին: Այն սկսվեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հեռուստատեսային հարցազրույցով: Ես հակված եմ կարծելու, որ Հադրութի պաշտպանական շրջանի նախկին հրամանատարն իր ցանկությամբ չէ տվել այդ հարցազրույցը, այլ նման վիճակում հայտնվել է Սերժ Սարգսյանի խնդրանքով:

Փոխվարչապետը Արցախի հանրային հեռուստատեսությամբ հնչեցրեց հին երգը, ինչ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը 1993թ. , իմա՝ սեփական իրավունքների և արդարության համար պայքարը բերում է ապակայունացման, ինչով շահագրգռված են դեռևս հրապարակի վրա չերևացող ուժերը: Կոնսպիրոլոգիան, ապակայունացմամբ և պատերազմով սպառնալիքները նորություն չեն Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչների զինանոցում, և այս տեսանկյունից Արթուր Աղաբեկյանի ելույթն անսովոր չէր: Ուղղակի ժամանակին հույսեր կային, որ գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանը կարող է կամուրջ դառնալ արցախյան ընդդիմության և իշխանությունների միջև: Իր հարցազրույցում բավականին կոպիտ արտահայտվելով Վահան Բադասյանի նկատմամբ` Աղաբեկյանը զգալիորեն նվազեցրեց իր քաղաքական քաշը և վերածվեց շարքային իշխանավորի: Ավելին, նա ավելի ու ավելի է սկսվում ընկալվել որպես Սերժ Սարգսյանի արցախյան խոսնակ` արցախյան Շարմազանով:

Սակայն արցախյան իշխանությունները դրանով չսահմանափակվեցին: Ազատամարտիկների միության Հադրութի շրջանային կառույցի ժողովում ընթերցվեց հայտարարություն, որով քննադատվում էր Վահան Բադասյանի ելույթն Ազատության հրապարակում: Կոմունիստական շրջանից մնացած նման «պատժատեսակներն» Արցախում դեռևս գոյություն ունեն: Բնականաբար, այն լայնորեն լուսաբանվեց Արցախի հանրային հեռուստատեսությամբ:

Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ ներքաղաքական կյանքի վրա էական ազդեցություն կարող են թողնել ոչ միայն Արցախի իշխանությունների, այլև` ընդդիմության ներկայացուցիչները: Սրանով է բացատրվում նաև Արցախում տևական ժամանակ ընդդիմության բացակայությունը: Դրանում շահագրգռված են ոչ միայն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, այլ նաև Բաղրամյան 26-ում:

Անհանգստացնողը, սակայն, պետք է այլ բան լինի: Հայկական շահերն Արցախի հարցում թեթև իսկ կասկածի տակ առնելու դեպքում հատկապես Արցախից պետք է լինի անզիջում և անհանդուրժող կեցվածք: Արցախի ներկայիս փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի տեղակալն էր, երբ վերջինս հայտարարեց, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», սակայն այդ կապակցությամբ Արթուր Աղաբեկյանը ոչ մի հարցազրույց չտվեց և կարծիք չհայտնեց:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի ժամանակ հարցազրույց տալով տեղական «Ալ-Վաթան» թերթին՝ 2010թ. մարտի 22-ին պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր. «Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Սերժ Սարգսյանի այս բացահայտ պարտվողական հայտարարությանը որևէ արձագանք չեն տվել Ազատամարտիկների միության Հադրութի կառույցի ղեկավարները, հավանաբար համարելով, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելն այնքան էլ էական խնդիր չէ, որին արժե արձագանքել:

Նման վիճակը լրջորեն պետք է անհանգստացնի Արցախի հարցով մտահոգ հանրությանը: Մինչև վերջերս այդ հանրությունը վստահ էր, որ ՀՀ իշխանությունների կողմից պարտվողական քայլերի դեպքում պատերազմի վետերանների կողմից կլինի լուրջ հակազդեցություն: Սակայն Հադրութում կայացած ժողովի պատմությունը ցույց է տալիս, որ այս վստահությունն անհիմն է և հարկավոր են նոր ուժեր, ովքեր ի վիճակի կլինեն որոշում ընդունողներին պարտադրել հայանպաստ լուծումներ:

Հայաստանյան նախագահական ընտրություններին հաջորդած այս իրադարձությունները ջարդեցին Արցախի հետ կապված բազմաթիվ կարծրատիպեր: Միևնույն ժամանակ դրանք հստակ ցույց տվեցին, որ սերնդափոխությունն Արցախում արդեն օրակարգի հարց է: Սա հարցերի մի ամբողջ համալիր է, որի լուծման մեջ պետք է ներգրավեն Արցախով մտահոգ և խնդրի լուծման գործում անզիջում կեցվածք ունեցող հայության կարող ուժերը:

Share

Comments are closed.