ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (ապրիլ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը. անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, եւ որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը:

Նույն խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարեւորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության եւ նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման եւ հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա. նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից եւ լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար մենք ունենք եւ բարոյական, եւ իրավաքաղաքական բոլոր հիմքերը:

Խորհրդակցության ժամանակ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, արձանագրելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը, ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ պաշտոնական Բաքվի ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշումը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ 2013թ. կշարունակվեն ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավման եւ միջազգային հանրությանը Արցախի եւ ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկություն ներկայացնելու ուղղությամբ, կզարգանա նաեւ երկկողմ համագործակցությունը տարբեր երկրների եւ հայկական Սփյուռքի հետ:

Նույն օրը Արցախի պետհամալսարանի մարզադահլիճում տեղի է ունեցել ՀՀ մեծահասակների սամբոյի առաջնությունը, որին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից եւ Արցախից. 9 քաշային կարգերում համառ պայքարի արդյունքում 52 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Տիգրան Կիրակոսյանը (Վանաձոր), 57 կգ քաշային կարգում` Էռնեստ Հայրապետյանը (Արցախ), 62 կգ քաշային կարգում` Արեն Անտոնյանը (Բ.Կ.Մ.Ա), 68կգ քաշային կարգում` Անդրանիկ Նաղդալյանը (Երեւան), 74 կգ քաշային կարգում` Վաչիկ Վարդանյանը (Եղվարդ), 82կգ քաշային կարգում` Մավրիկ Նասիբյանը (Արցախ), 90 կգ քաշային կարգում` Աշոտ Դանիելյանը (Արցախ), 100 կգ քաշային կարգում` Դավիթ Գրիգորյանը (Արցախ), 100 եւ ավելի կգ քաշային կարգում` Արտյուշա Մկրտչյանը (Բ.Կ.Մ.Ա):

Ապրիլի 2-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում կատարվել է 2331.7 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1109.0 հա-ի փոխարեն. այս մասին տեղեկացրել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ապրիլի 3-ին Ստեփանակերտի ՙVallex Garden՚ հյուրանոցում տեղի ունեցավ International Alert բրիտանական ոչ կառավարական կազմակերպության հովանավորությամբ տպագրված ՙՀարավային Կովկաս 3՚ գրական ալմանախի շնորհանդեսը:

Նույն օրը Ստեփանակերտում տրվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Արցախի իշխանությունների համատեղ ծրագրի մեկնարկը. Ստեփանակերտի երրորդ դպրոցի հարկի տակ բացվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական ծրագրերի կենտրոնը:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային. հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր:

Վերոնշյալ պատվիրակությանը նույն օրն ընդունել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը. ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է տարբեր ոլորտներում Գերմանիայի Դաշնության հետ Արցախի Հանրապերության համագործակցությունը, նշելով, որ Գերմանիայի տնտեսական մոդելն արժանի է ընդօրինակման, այնուհետեւ նա անդրադարձել է գերմանական առանձին ընկերությունների հետ, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում, սկզբնավորված համագործակցությանը` հույս հայտնելով, որ այն ավելի կընդլայնվի:

Պատվիրակությանն ընդունել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը. ողջունելով հյուրերին` ԼՂՀ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արցախի շահագրգռվածությունը գերմանական կողմի հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու մեջ եւ դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը:

Ապրիլի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ եւ Յան Քելին /ԱՄՆ/, ովքեր նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծն ականազերծված հատվածով` անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կարծում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման համար կամք է անհրաժեշտ. այդ մասին Արա Հարությունյանն ասել է ապրիլի 5-ին հրավիրված մամլո ասուլիսում, մեկնաբանելով վերջին արտասահմանյան այցի ընթացքում իր այն հայտարարությունը, թե Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքը հնարավոր է կայանա այս գարնանը:

ՙՄենք պարտավոր ենք տեղափոխել հարցը քաղաքական հարթությունից` անկախ թե ինչ վերաբերմունքի կարժանանա այդ քայլն Ադրբեջանի կամ այլ քաղաքական ուժերի կողմից, մենք պետք է կամք ցուցաբերենք եւ սկսենք թռչել՚,- նշել է Արա Հարությունյանը:

Վարչապետը նույն ասուլիսի ժամանակ հերքել է վերջերս շրջանառվող այն լուրերը, թե իրեն տեղափոխում են Երեւան` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում աշխատելու. ՙՆման քննարկումներ չկան՚- հայտարարել է նա` բացառելով իր ՀՀ տեղափոխվելու հավանականությունը. ՙԱնկախ զբաղեցրած պաշտոնից` ես երբեւէ չեմ տեղափոխվելու Արցախից: Դա քննարկման թեմա չէ՚:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Ապրիլի 8-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա, որի արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ զինծառայողներ տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապրիլի սկզբին հրապարակած տվյալներով` 2013թ. մարտ ամսում 435 երեխաների ծննդյան կապակցությամբ հատկացվել է 133200.0 հազ. դրամ միանվագ նպաստ, 152 նորաստեղծ ընտանիքների հատկացվել է 45600.0 հազ. դրամ` ամուսնության միանվագ նպաստ:

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` ապրիլի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 2955 մարդ (2854-ը` կանայք), գործազրկության նպաստ են ստանում 327 մարդ:

Ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում հիշել են 21 տարի առաջ Մարաղայի ջարդերի զոհերին. առավոտյան նորմարաղացիներն ու հարեւան գյուղերի բնակիչները հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու զոհ դարձած մարաղացիների հիշատակին` ծաղիկներ դնելով նրանց հիշատակին կառուցված հուշաքարին:

Նույն օրը Ստեփանակերտի կենտրոնում Մարաղայի ջարդերի 21-րդ տարելիցին նվիրված ֆլեշ-մոբ է անցկացվել, որը նախաձեռնել էր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը:

Ապրիլի 10-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 21-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշվում է, որ այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի եւ ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության եւ ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար. ՙԱյդ արատավոր շրջանակը ճեղքելու եւ հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները` պատժվեն՚,- նշվում է հայտարարության մեջ:

Նույն օրը ԱՄՆ-ի Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ընդունել են համատեղ բանաձեւ, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը. բանաձեւով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին ՙաջակցել ԼՂՀ-ի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը՚:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ապրիլի 8-12-ը ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետեւում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան զինվորականներ:

Ապրիլի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում ՀՅԴ արցախյան կառույցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն, որին ներկա էին Հրաչ Մուրադյանի կուսակցական եւ մարտական ընկերները:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Մնացականյանն ապրիլի 15-ին լրագրողներին ներկայացրեց նախարարության 2012 թվականին կատարած աշխատանքները, որից հետո նաեւ պատասխանեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքները` հանրապետության բոլոր բնակավայրերում Հայաստանի եւ Արցախի հանրային հեռուստատեսությունների հաղորդումները դիտելու ուղղությամբ, Լեւոն Մնացականյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն այս տարի, որի արդյունքում նշված հեռուստաալիքները դիտելու հնարավորություն կունենան Արցախի տարածքի մոտ 98 տոկոսում:

Նույն ասուլիսի ժամանակ Լեւոն Մնացականյանը տեղեկացրել է, որ 2012 թվականին թողարկվել է 10 նամականիշ` 280 հազար ընդհանուր տպաքանակով. մարվել եւ շրջանառության մեջ են դրվել ՙԵՎՐՈՊԱ-2010. Մանկական գիրք՚, ՙԵՎՐՈՊԱ-2011. Անտառներ՚, ՙՇուշիի ազատագրման 20-ամյակ՚, ՙԼՂՀ ՊԲ 20-ամյակ՚, ՙԱրցախի ֆլորա եւ ֆաունա. Խնդողնի՚ թեմաներով նամականիշերը:

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին (Շվեյցարիա). զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը ԼՂՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել` ամփոփելու կառույցի 2012թ. կատարված աշխատանքների արդյունքները, ըստ որոնց` տարվա ընթացքում 10 ծրագիր է իրականացվել 330 մլն դրամի շրջանակներում. խոսելով ծրագրերից մեկի, ավելի կոնկրետ` շրջանների եւ համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքների մասին, Կառլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Հադրութի շրջանի 30 համայնքների վարչական սահմանների ամրացման ուղղությամբ,  Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում նշված աշխատանքներն ավարտին են հասցվել նախորդ տարիներին, իսկ ահա մինչեւ 2015 թվականը նախատեսվում է ավարտել նաեւ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում:

Ապրիլի 17-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության եւ Ստեփանակերտի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի եւ մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության համակարգման հետ կապված հարցեր. վարչապետն անթույլատրելի համարեց մանկապարտեզներում տիրող իրավիճակը, ինչն առաջացնում է երեխաների առողջության եւ դաստիարակության հետ կապված խնդիրներ` նշելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի ընդլայնումն առաջնային խնդիր է:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` իր դիմումի համաձայն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը նշանակվել է ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Բակո Սահակյանի ապրիլի 19-ի հրամանագրով գնդապետ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ:

Նույն օրը նախագահն ընդունել է ՙՀայոց արծիվներ՚ հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ. հանդիպմանն արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ապրիլի 19-ին ստորագրած որոշմամբ Վազգեն Միքայելյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ է նշանակվել Կոմիտաս Կարապետյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Ա. Հարությունյանի մեկ այլ որոշմամբ Վազգեն Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:

ԼՂՀ կառավարության ապրիլի 19-ին կայացած նիստի ժամանակ գործադիրի հավանությանն արժանացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանի ներկայացրած որոշման նախագիծը, ըստ որի Շուշիի ազատագրման 21 եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ բարձրացվում են առանձին խմբերի ընտանիքներին տրվող ամենամյա միանվագ դրամական օգնության չափերը:

Նախարարի ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման եւ հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման եւ դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգում. փոփոխություններից մեկով պետբյուջեի միջոցների հաշվին ուղեգիր ստանալու իրավունք կունենան նաեւ ընդհանուր հիվանդությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը` ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որոնց ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Անցած տարվա ընթացքում հայտնաբերված եւ չպայթած զինամթերքի 91 ոչնչացում է իրականացվել` այս մասին ապրիլի 20-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ով ամփոփել է կառույցի կողմից 2012թ. կատարած աշխատանքների արդյունքները:

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանին. հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ֆելիքս Գաբրիելյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում մերժվեց ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ կողմից ներկայացված` սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտը. ընկերությունն առաջարկում էր 1 խորանարդ մետրի գինը սահմանել 210 դրամ, սակայն հանձնաժողովում երկար քննարկումներից հետո հայտը մերժվեց:

Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ ՙԱրամ Մանուկյան՚ ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ջահերով երթին միացան  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեւոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` մինչեւ 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար:

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ճանաչել ԼՂՀ անկախությունը. քաղաքային կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է խորհրդի անդամ Անդրեաս Բորգեասի հեղինակած բանաձեւը, որը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը. բանաձեւով կոչ է արվում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն:

Ապրիլի 24-ին Արցախում նույնպես հիշել են Ցեղասպանության զոհերին. հազարավոր արցախցիներ վաղ առավոտից այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1915թ. Ցեղասպանության զոհ դարձած հայրենակիցների հիշատակին:

ՙԻնչքան էլ ժամանակ անցնի, քանի դեռ 1915 թվականին եւ դրանից հետո Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը չի դատապարտվել լիարժեք կերպով, հայությունն աշխարհի բոլոր ծայրերով շարունակելու է հետապնդել այդ գաղափարը՚,-  Ստեփանակերտի հուշահամալիրում հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը. Հայոց Ցեղասպանության դատապարտումը, ըստ նրա, միայն հայության համար չէ կարեւոր. ՙՑեղասպանությունը դատապարտելով` մենք նաեւ մեր պատասխանատվության չափաբաժին ենք բերում միջազգային բոլոր այն օրենքներին եւ նորմերին, որոնք մարդկությանը պետք է պաշտպանեն այս կարգի եղեռնագործություններից՚:

Միացյալ նահանգների Ֆրեզնոյի վարչական շրջանի որոշումը` ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ողջունել են Ստեփանակերտում. Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը գտնում է, որ նման կարգի իրադարձությունները լինելու են մշտական, եւ պարբերաբար նման կարգի բանաձեւերի հրապարակման մասին լսելու ենք. ՙԵս կարծում եմ, որ դա մեր հերթական հաջողություններից մեկն է, բայց դա մի ամբողջական շղթայի հերթական օղակներից մեկն է՚,- ասել է նա:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ. հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:

Բակո Սահակյանն ապրիլի 25-ին  ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը:

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստում քննարկեց հանրապետության նախագահի առաջարկությունը ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնում Նարինե Նարիմանյանին նշանակելու մասին. գաղտնի քվեարկության արդյունքում 24 ՙկողմ՚ եւ 5 ՙդեմ՚ ձայների հարաբերակցությամբ Նարինե Նարիմանյանը նշանակվեց ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ:

Ապրիլի 25-ին կառավարության նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը. վարչապետ Արա Հարությունյանի խոսքով` հանրապետությունում 9.9% տնտեսական աճը, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինքնին խոսում է տնտեսության զարգացման տեմպի մասին, սակայն անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի երկնիշ թվով արտահայտված ցուցանիշ, որպես բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական պայման:

Վարչապետը նաեւ հայտարարեց, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից կբարձրացվի նվազագույն աշխատավարձի, իսկ 2014թ. հունվարի 1-ից` կենսաթոշակների չափը:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, որտեղ նա տարբեր հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական գործիչների հետ:

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ իրավական-տեղեկատվական համակարգի կայքէջի շնորհանդեսը. կայքը, որտեղ զետեղված են ԼՂՀ հռչակումից ի վեր ստորագրված իրավական թվով 1193 փաստաթղթեր, հնարավորություն է ընձեռում 3 լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ծանոթանալու ԼՂՀ օրենքներին:

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը, որը նույն օրն Արցախ է ժամանել կարճատեւ ճանաչողական այցով:

Share

Comments are closed.