Վրաստանը հանդես է գալիս «խելամիտ պաշտպանության» օգտին՝ ձգտելով մերձենալ եվրաատլանտյան կառույցներին

Մայքլ Սեսայր (Michael Cecire)
World Politics Review“, ԱՄՆ

Վերջերս Վրաստանը հայտարարել է Մալիում ռազմական պատրաստության ապահովման ուղղությամբ Եվրամիության առաքելության մեջ սեփական ներդրում ունենալու մտադրության մասին: Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ Թբիլիսին շարունակում է մնալ եվրաատլանտյան առաքելությունների համար զորքեր մատակարարող հուսալի գործընկեր, այլև հուշում է հակաահաբեկչական պայքարում սեփական խորշ զբաղեցնել ձգտող Վրաստանի ռազմական հավակնությունների մասին: «Վրացական երազանքի» նոր կոալիցիոն կառավարության օրոք այս երկրի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շար բարեփոխումների իրականացմանը՝ զինված ուժերի կազմակերպչա-անձնակազմային կառուցվածքի հիշյալ համալիր խնդիրներին համապատասխանեցումն ապահովելու համար:

2012թ. հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլու կոալիցիայի անսպասելի հաղթանակից հետո նոր կառավարությունն անմիջապես վերահաստատել է Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը: Դրա մասին է վկայում նախապես ծրագրվածի համաձայն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող վրացական ստորաբաժանման անձնակազմի թվաքանակի կրկնապատկումը, ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլու ներկայումս ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման հետ համատեղ պատրաստված արտաքին- քաղաքական փաստաթուղթը, որում ամրագրված է Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը: Ի հեճուկս Միացյալ ազգային շարժման և իր արևմտյան դաշնակիցների՝ դեպի Ռուսաստան Վրաստանի սպասվող աշխարհաքաղաքական վերադիրքավորման մասին կանխազգուշացումների՝ այս երկրի եվրաատլանտյան ձգտումները կրկին իր արտաքին քաղաքական գործունեության առանցք են: Ու թեև Ռուսաստանի հետ հարաբերությունները մի շարք ոչ անկարևոր բնագավառներում նկատելիորեն բարելավվել են, դրանք դարձյալ ամրակուռ կապակցված են Վրաստանի աշխարհաքաղաքական շահերի հետ:

Իրականում Վրաստանի նոր կառավարությունը կրկնապատկված ջանքերով է լծվել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը: Աֆղանստանում վրացական զինվորական ստորաբաժանումն ԱՄՆ-ից հետո ամենախոշորներից մեկն է: Բացի դրանից, վրացական զինված ուժերն իրենց առաջադրանքները կատարում են առանց որևէ նախապայմանի կամ բացառությունների: Վրաստանը ծրագրում է պահպանել Աֆղանստանում իր ոչ մարտական ներկայությունը նաև 2014թ. ծրագրված զորքերի դուրսբերումից հետո: Վերջերս Վրաստանը հայտարարել է, որ իր զորքերն է ուղարկելու Մալի՝ ԵՄ ուսուցողական առաքելության կազմում: Երբ ԵՄ արտաքին- քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը Վրաստանին առաջարկել է մասնակցել սույն ոչ մարտական առաքելությանը, այն անմիջապես իր սկզբունքային համաձայնություն է հայտնել, թեև մանրամասները դեռևս ճշտված ու համաձայնեցված չեն:

Պարզ է նաև, որ Թբիլիսին կամենում է շտկել եվրաատլանտյան անվտանգության համար իր բեռ լինելու հանգամանքը, որը Վրաստանը ձեռք է բերել 2008թ. Ռուսաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո: Այժմ Վրաստանը ձգտում է սեփական ներդրումն ունենալ այդ անվտանգության համակարգի ամրապնդմանը:  Տվյալ ռազմավարության տարրերից է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: «Վրացական երազանքի» արտաքին-քաղաքական առաջնահերթությունների նախնական նախագծում ընկած էր «Վրացական երազանքի» հայտարարությունն այն մասին, թե Վրաստանը «չպետք է այլևս տեղ զբաղեցնի Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների ցանկում»: Թեև Միացյալ ազգային շարժումն այս հայտարարությանը մերժողաբար է վերաբերվել և հաջողեցրել է այն դուրս հանել հետագայում ստորագրված համատեղ հռչակագրի տեքստից, հնչած արտահայտությունը վկայում է այն մասին, որ իշխող կուսակցության կողմից Ռուսաստանը դիտվում է ոչ միայն որպես Վրաստանի դեմ ահագնացող ֆիզիկական անվտանգության սպառնալիք և կորսված տնտեսական հնարավորություն, այլև՝ որպես ակտիվ արգելք եվրաատլանտյան կառույցների մեջ Վրաստանի ինտեգրվելու ճանապարհին:

Վրաստանի՝ որպես անվտանգության համար բեռի պատկերացումն էլ ավելի թուլացնելու համար պաշտպանության նոր նախարար Իրակլի Ալասանիան վրացական բանակում սկսել է իրականացնել մի շարք հիմնավոր բարեփոխումներ, որոնք վերաբերում են մի շարք լայնընդգրկուն հարցերի՝ թիկունքային կառավարումից մինչև զինված ուժերի կազմակերպչա-անձնակազմային կառուցվածքը: Վրաստանում գոյություն ունեցող՝ հիմնականում աղքատ ընտանիքներից զինծառայող զորակոչելու ուրույն համակարգն այսօր լուրջ փոփոխությունների է ենթարկվում՝ փուլ առ փուլ տեղը զիջելով կամավորականներից բաղկացած արհեստավարժ բանակին: Լրջորեն վերակազմավորվում է նաև Վրաստանի զինվորական պահեստազորի համակարգը, որը 2004 թ.՝ Միացյալ ազգային շարժման իշխանության գալուց ի վեր մի քանի անգամ բարեփոխումների էր ենթարկվել և իրեն շատ վատ է դրսևորել 2008թ. Ռուսաստանի հետ պատերազմում: Բարձրացվել է Աֆղանստանում ծառայող վրացի զինվորականների վարձատրության չափը: Պաշտպանության նախարարը նախապատրաստել է մի օրինագիծ, որը նախատեսում է 1.2 միլիոն դոլար գումարը  գերազանցող բոլոր գաղտնի գնումների հանդեպ խորհրդարանական վերահսկողության սահմանում: 2011թ. հուլիսից մինչև 2012թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտում պետական կոռուպցիան «Transparency International» կազմակերպության գնահատմամբ արձանագրել է «D-» ցուցանիշը, որն աշխարհում ամենացածրերից է:

Սակայն, որոշ արևմտյան փորձագետների ամենամեծ հետաքրքրությունը, թերևս, կհարուցեն վրացական բանակի կազմակերպչա-անձնակազմային կառուցվածքում փոփոխություններ կատարելու՝ պաշտպանության նախարարության ծրագրերը: Ընդգծելով շարժունակության և ժամանակակից պահանջներին համապատասխանելու կարևորությունը՝ պաշտպանության նախարար Ալասանիան նվազեցնում է կանոնավոր բանակի թվաքանակը՝ նախապատվությունը տալով հատուկ նշանակության ուժերին և հրաժարվելով հետխորհրդային տարածության մյուս բանակներին բնորոշ ավելորդաբար ուռճացված կառուցվածքից:  Եզրահանգումներ կատարելով ՆԱՏՕ-ի «խելամիտ պաշտպանության» (Smart Defense) հայեցակարգից, որը ենթադրում է ուժերի և միջոցների միավորում և դրանց արդյունավետության բարձրացում ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց գործընկերների միջև պարտականությունների բաշխման շնորհիվ, Վրաստանը փորձում է զարգացնել իր զինված ուժերը մասնագիտացման հիման վրա՝ հակաահաբեկչական գործողությունների օրինակով:

«Վրաստանը չի ձգտում չինական կամ ռուսական բանակի հետ համեմատելի բանակաշինության», – հայտարարել է Ալասանիան «World Politics Review»-ին հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ:  Նախարարը նշել է, որ Վրաստանը պետք է կենտրոնանա այն ոլորտների վրա, որոնց մեջ նա ի վիճակի է հասնելու առավելագույն արդյունքի՝ հաշվի առնելով սեփական պաշարների ընձեռած հնարավորությունները:  «Սա այն խորշն է, որը մենք կամենում ենք զբաղեցնել և որի մասին մենք ասում ենք մեր գործընկերներին», – նշել է նախարարը:

Նոր կառավարությանը ժառանգաբար հասած վրացական զինված ուժերի կազմում առկա է անհամապատասխանություն՝ Խորհրդային Միության ժամանակներից մնացած ցածր մարտունակույթամբ ծանրաշարժ զորամիավորումների և մարտական գործողությունների պատրաստ ստորաբաժանումների միջև, որոնցից շատերն ունեն Իրաքում և Աֆղանստանում մարտական գործողություններ վարելու փորձ: Բարեփոխումները նախատեսում են ավելի կուռ և ամբողջովին պայմանագրային կանոնավոր բանակի ստեղծում, որը 100 տոկոսով բաղկացած կլինի շարժունակ և արևմտյան մասնագետների կողմից պատրաստված ստորաբաժանումներից:

«Սա պահանջում է հատուկ նշանակության ուժերի հանդեպ ուշադրության բարձրացում»,- նշել է Ալասանիան, ընդգծելով, որ արդեն ներկայումս առանցքային արևմտյան գործընկերների հետ բանակցություններ են վարվում այս բնագավառում համագործակցության շրջանակները հստակեցնելու համար: «Մենք արդեն սկսել ենք բանակցությունները հատուկ նշանակության մյուս շատ մարտունակ ուժերի հետ», – հավելել է նա:

Որոշ վերլուծաբաններ կասկածում են վրացական բանակի ավելի ծանր բաղկացուցիչներից հրաժարվելու նպատակահարմարությանը՝ մատնանշելով Ռուսաստանի կողմից առկա տարածքային սպառնալիքը: Սակայն, ռազմական զսպման բավարար հնարավորություններ ունեցող ծանր մարտական ստորաբաժանումներ ունենալու համար հարկավոր է վրացական բանակի համապարփակ արդիականացում և թվաքանակի շոշափելի մեծացում, իսկ այս ամենի համար ծախսերն անհայթայթելի են: Դրա փոխարեն Վրաստանը ձգտում է բարձրացնել իր գրավչությունը որպես եվրաատլանտյան ինտեգրման թեկնածու: Միաժամանակ, նա նվազեցնում է լարվածությունն իր անջատողական տեղաշրջանների և Մոսկվայի հետ հարաբերություններում, զուգահեռաբար ստեղծելով այնպիսի ուժեր, որոնք համապատասխանելու են կայունացման և ահաբեկչության դեմ պայքարի պահանջներին, ինչի մասին ավելի ու ավելի հաճախ են խոսում ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում:

Քաղաքականության մեջ այս փոփոխությունն ընդհանուր կարծիքով արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող իրողությունները: Չունենալով բանակի թվաքանակի ծախսաշատ ավելացման հնարավորություն՝ Վրաստանը անվտանգության հարցերում արդեն իսկ կախված է այնպիսի գործոններից, ինչպիսին են Արևմուտքի աջակցությունը և Ռուսաստանի զսպվածությունը: Այնուամենայնիվ, Ալասանիայի բարեփոխումները, որոնց շրջանակներում ստեղծվում են ավելի լավ մարզված շարժունակ ուժեր, կարող են նպաստել տարածքային պաշտպանության համար ավելի պիտանի բանակի ձևավորմանը:

«Մենք բաց կերպով հայտարարել ենք, որ մտադիր չենք ռազմական ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ մեր ունեցած տարածքային խնդիրը [Աբխազիա և Հարավային Օսիա]: Մենք նախապատրաստվում ենք ոչ թե հարձակողական, այլ զուտ պաշտպանական ռազմագործողություններին»,- ասել է Ալասանիան:

Ձեռնամուխ լինելով բանակի բարեփոխմանը, բանակ, որն իրեն լավ է դրսևորել Իրաքում և Աֆղանստանում, Վրաստանը հույս ունի զբաղեցնել  հակաահաբեկչական գլխավոր ուժի խորշը: Այսօր, երբ Արևմուտքը գործարկում է խիստ տնտեսման ռեժիմ, իսկ Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները բնականոնացման միտում են արձանագրում, Վրաստանի արժեքը եվրաատլանտյան անվտանգության համար կարող է էապես աճել:

Մայքլ Խիկարի Սեսայր. Սևծովյան տարածաշրջանի և Եվրասիայի գծով մասնագիտացող փորձագետ, Արտաքին-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Foreign Policy Research Institute) գիտաշխատող և նույն ինստիտուտի  Ժողովրդավարական անցումների նախագծի (Project on Democratic Transitions) անդամ: Փորձագետի կարգավիճակով համագործակցում է նաև «Wikistrat»-ի հետ:

 

Հրապարակման բնագիրը՝ Georgia Embraces ‘Smart Defense’ in Euro-Atlantic Bid

Հրապարակվել է. 10/04/2013

http://inosmi.ru/sngbaltia/20130411/207953318.html

Share

Comments are closed.