Հայկական գարունը

(Քաղաքական ակնարկներ) 

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ծավալված գործընթացները պարունակում են ոչ միայն սպառնալիքներ, այլև հայ հասարակական-քաղաքական կյանքի համար նոր հնարավորություններ: Հայոց ապագան կրկին բազմատարբերակ է դարձել, քանի որ կարելի է խոսել ապագայի հնարավոր թե՛ դրական ու լավատեսական և թե՛ հոռետեսական սցենարների որոշակի բազմության մասին:

 

Անկախ նրանից, թե որ սցենարն է իրականություն դառնալու՝ կարելի է խոսել այն ակներև նշանների մասին, որ հայ ժողովուրդը կենդանի է և օժտված է ինքնամաքրման ներուժով: Հասարակության կյանքի ճգնաժամային պահերը հնարավորություն են ընձեռում ընթացիկ իրադարձությունների շարանի ետևում տեսնել ավելի խորքային գործընթացներ, որոնք զգալի չափով ձևավորելու են հայոց ապագան: Այդ հնարավորության կենսագործումը բավականին բարդ ձեռնարկ է, բայց հրապարակախոսների ու փորձագետների, գիտնականների ու մշակույթի գործիչների համատեղ ջանքերը հաջողության որոշակի հույս են ներշնչում: Ստորև շարադրված ակնարկները կարելի է դիտարկել որպես հայացք Հայաստանի Հանրապետությունում ծավալվող գործընթացների վրա՝ հայ ժողովրդի արցախյան հիմնախնդրի տեսանկյունից:

 

Երկու հայկական պետությունների հարացույցը 

20-րդ դարավերջին ու 21-րդ դարասկզբին Հայոց պետականության կայացումը երկու՝ ճանաչված և չճանաչված պետությունների ձևով հայ հասարակությանն ավելի շուտ ներկայանում էր որպես «միջազգային հանրությանը» կատարված զիջում, քան որպես հայ ժողովրդի ազգային շահերից բխող քայլ: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում կատարված վերջին իրադարձությունների լույսի ներքո երկու հայկական պետությունների հարացույցի (պարադիգմի) նկատմամբ հարկ է ցուցաբերել ավելի ուշադիր վերաբերմունք: ՀՀ-ում նախագահական վերջին ընտրությունները հերթական անգամ ցուցադրել են, որ ճգնաժամային գործընթացները կարճաժամկետ հեռանկարում ուղեկցվում են հայոց պետականության կայունության թուլացմամբ, հնարավոր է նաև՝ կորստյամբ, որը պատերազմական կացության մեջ գտնվող ժողովրդին կարող է աղետի հանգեցնել:

Վերածնված հայոց պետականության արդեն իսկ ձեռք բերած փորձառութունը ցույց է տալիս, որ հարատև ռազմական սպառնալիքի և միջազգային ճնշման պայմաններում երկու պետությունների հարացույցն ավելի կայուն է: Յուրաքանչյուր ճգնաժամ անխուսափելիորեն ուղեկցվում է իշխանական վերնախավում և հասարակության մեջ ի հայտ եկող երկպառակությամբ: Այդ օրերին Ազատության հրապարակում կանգնած հայ ժողովրդի մի հատվածին դիմակայում էր, օրինակ, պետական մեքենան մարմնավորող մյուս հատվածը:  Հայկական և միջազգային ասպարեզներում Արցախի ներկայությունն այս դեպքում կատարում է կայունացնող դեր: Թեպետև չճանաչված, բայց փաստացի գոյություն ունեցող և տարածաշրջանային անվտանգության համակարգի անփոխարինելի տարր հանդիսացող երկրորդ հայկական պետությունն ի վիճակի է ստանձնել պետության առավել կարևոր խնդրի կատարումը՝ հայ ժողովրդի ռազմական անվտանգության ապահովումը: Արցախի Հանրապետության գոյությունը երկու կողմերին թույլ է տալիս համեմատաբար ապահով լինել, որ հայ ժողովուրդը՝ Ադրբեջանի կողմից լարվածության կտրուկ աճի կամ ռազմական հարձակման տեսքով նոր անսպասելի հարված չի ստանա: Սա էապես թեթևացնում է իրավիճակի բարդությունը և թույլ է տալիս Աշխարհի[i] մայրաքաղաքում՝ Երևանում, զբաղվել սոցիալական և քաղաքական փորձարկությամբ՝ առանց զգուշանալու անմիջականորեն վերահաս ազգային աղետից: Արցախյան պետականության առկայությունը թույլ է տալիս դիմել մի ռիսկի, որը մեկ հայկական պետության  գոյության պայմաններում պարզապես անհնարին կլիներ:

Այստեղ հարկ է խոսել նաև հայկական քաղաքական կյանքի «հավերժ սյուժեի» և երկու պետությունների հարացույցի յուրօրինակ «մեդալի հակառակ երեսի» մասին: Խոսքը «խաղաղ ժամանակ» Երևանի և Ստեփանակերտի միջև իշխանական պայքարի մասին է, որն իրական ճգնաժամի պայմաններում փոխարինվում է երևանյան իշխանության՝ Արցախի վրա հենվելու բնազդային մղմամբ, անկախ նրանից, թե տվյալ պահի երևանյան իշխանությունը «ծագումով» որտեղից է: Այսպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որը հենվել է նախագահական պաշտոնը թողած և Երրորդ Հանրապետության վարչապետ դարձած Արցախի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Նույնկերպ է վարվել 2003-2008 թթ. արդեն Երրորդ Հանրապետության նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը: Սյուժեի կրկնելիությունն իմաստավորում և պետաիրավական հարթություններում համապատասխան ձևակերպում է պահանջում:

Հետադարձ հայացք նետելով անցյալին և առաջ նայելով ապագային՝ կարելի է ասել, որ Աշխարհի շրջանակներում Արցախի առաքելություններից մեկը ոչ միայն հայ ժողովրդին սեփական ուժերի և հայկական հողերը զենքի ուժով ազատագրելու կարողության հանդեպ հավատ վերադաձնելու, այլև «պաշտպանող» գործառույթ ստանձնելու մեջ է: Արցախի Հանրապետության հրամայականներից է՝ թույլ չտալ ապակայունացման գործընթացներին աղետի հասցնել հայոց պետականությունը: Արցախի դերի նման տեսլականը պահանջում է վերջինիս դերի վերանայումն Աշխարհը ձևավորող հայկական եռամիասնության շրջանակներում: Թեև թեմային անգամ մակերեսային անդրադարձը պահանջում է առանձին հոդված, բայց որպես ծագող խնդիրների և մարտահրավերների մի օրինակ կարելի է բերել հետևյալ նկատառումը. Հայոց պետականության ճգնաժամի սկզբնական փուլերում Արցախը պետք է որոշ հեռավորություն պահպանի: Դա թույլ է տալիս իրավիճակը «կողքից» դիտել, պատրաստ լինելով վերջինիս տեր կանգնել հենց նրա վերահսկողությունից դուրս գալու պահին: Դիմակայության մեջ Արցախի ուղիղ և անմիջական ներգրավումը (կարևոր չէ, թե որ կողմի օգտին) այս տեսանկյունից անցանկալի է: Քանի դեռ դիմակայությունը շարունակվում է Երրորդ Հանրապետության շրջանակներում, Աշխարհը պետք է ունենա մի դերակատար, որը ուշի ուշով հետևում է դիմակայությանը և պատրաստ է միջամտել, երբ այն դուս գա հայ ժողովրդի և հայկական շահերի գծած սահմաններից: Պետք է խոստովանել, որ դա անշնորհակալ դեր է: Քաղաքական դիմակայության բուն էությունը ներառում է ոչ միայն առարկայական հայեցակետեր, զորօրինակ, դիմակայող կողմերի ներուժը, այլև սուբյեկտիվ ընկալումներ՝ զգացմունքներ ու կրքեր, ուստի պայքարի բովում «երրորդ կողմին» հարվածը երկուստեք է հասնում:

Տարակուսանք չի հարուցում այն, որ արդի ճգնաժամի կարգավորումից հետո հայ քաղաքական և հասարակական միտքը պետք է ի վերջո ձեռնամուխ լինի արդի քաղաքական իրողության իմաստավորմանը: Այս իմաստավորումը թույլ է տալու ձևավորել և գիտակից կերպով օգտագործել երկու հայկական պետությունների հարացույցի առավելությունները և խուսափել վերջինիս վտանգներից: Այն թույլ է տալու խորհել նաև Չորրորդ Հանրապետության նախագծի մասին:

 

Հայաստանի քաղաքական պատմության արցախյան փուլի ավարտը 

Հայոց պետականության վերջին ճգնաժամը թույլ է տալիս գիտակցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի ավարտի փաստը: Սա դրական եզրակացություն ու արձանագրում է: 20-րդ դարավերջում Հայոց պատմության վերջին էջ թերթելու սպառնալիքը, որի մասին զգուշացնում էին Մոնթե Մելքոնյանը և Հայաստանի մյուս մեծ որդիները, վերացվել է: Դա չի նշանակում, որ բոլոր վտանգները հաղթահարված են, բայց Արցախի անվտանգության ապահովման գերխնդիրը հայոց պետականության համար նույն շարքում է, ինչ Տավուշի կամ Լոռու անվտանգության ապահովումը:

Հայ ժողովուրդն ընդլայնել է իր ռազմավարական հորիզոնները և կանգնել նոր առաջադրանքների ձևակերպման և լուծման անհրաժեշտության առջև: Մասնավորապես, իմաստավորում է պահանջում այն փաստը, որ Հայաստանի քաղաքական պատմության արցախյան փուլի փակվելուն զուգընթաց ավարտվում են նաև դրան անմիջականորեն մասնակցած անձանց քաղաքական կենսագրությունները: Մենք ականատես ենք լինելու Հայաստանի քաղաքական դաշտի անխուսափելի «ամայացմանն» ու «զտմանը»:  Դա տեղի կունենա նորընտիր ՀՀ նախագահի նախագահական լիազորությունների ժամկետի ավարտի՞ն, թե՞ որևէ այլ կերպով՝ տվյալ դեպքում էական չէ: Ամեն պարագայում հայ քաղաքական դաշտը պատրաստ կլինի նոր բողբոջների՝ նոր քաղաքական անձանց, կուսակցությունների և շարժումների, հին գաղափարների նոր ընթերցումների ի հայտ գալուն:

«Անցյալին հրաժեշտ տալու» նման մի երևույթ արդեն եղավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ասպարեզից դուրս եկան և պատմության գիրկն անցան Խորհրդային Հայաստանի քաղաքական ժառանգությունը խորհրդանշող անձինք: Մեր աչքի առաջ Հայաստանի քաղաքական պատմության մաս է դառնում նաև Երրորդ Հանրապետությունը, և հույս կա, որ նրա գնալը լինելու է ավելի հանդարտ և կառավարելի:

Ընդսմին՝ Հայոց ապագայի բացասական սցենարների ծավալման հնարավորությունը կապակցված է ոչ այնքան արդի ընդիմադիր շարժման, որքան այլ սպառնալիքի հետ:  Խոսքն արցախյան շարժման արդյունքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ասպարեզում հայտնված զինվորական և քաղաքական գործիչների երիտասարդ տարիքի մասին է: Պատերազմի ժամանակ նրանց երիտասարդ լինելը երկրի համար անկասկած ահռելի առավելություն էր, բայց այն պատժի է վերածվում պատերազմի ավարտից անմիջապես հետո: Երեկվա հրամանատարները, ովքեր մարտի դաշտում վարժվել են արագ և վճռական քայլերի դիմել, դառնալով քաղաքական գործիչ, ի զորու չեն լինում դիմագրավել քաղաքական ասպարեզի ավելի նենգ մարտահրավերներին:

Թեև պատերազմը քաղաքականության անօտարելի մաս է, զինվորական և քաղաքական վարքագծերը տարբերվում են ըստ ձևի և բովանդակության: Ռազմական դիմակայության սև-սպիտակ պատկերը որակապես տարբերվում է քաղաքական պայքարի բազմագույն ներկապնակից, որը պահանջում է բազմաթիվ ասպարեզներից և միջազգային համատեքստից բխող իրողությունների ճշգրիտ հաշվառում: Հետխորհրդային Հայաստանի կարճ քաղաքական պատմության ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են ասպարեզից դուրս մղվում այն գործիչները, որոնց հավակնություններն ու մտածողությունը նրանց թույլ չեն տվել ընտելանալ քաղաքական աշխարհի իրողություններին: Նրանք ունակ չեղան «հանել զինվորական համազգեստը» և գիտակցել, որ քաղաքական ասպարեզն ապրում է այլ կանոնների համաձայն և իրենց ընտանի դարձած զինվորական գործիքադարանն ու գործելաոճը կիրառելի են միայն կարճաժամկետ կտրվածքով և սակավ թվով քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այսպիսով, անկախ կամքից և հավակնություններից, արցախյան շարժումից դուրս եկած քաղաքական և զինվորական գործիչների սերունդը վերածվելու է վետերանների: Սակայն «նորաթուխ» վետերանների կենսաբանական և քաղաքական տարիքը բոլորովին կենսաթոշակային չէ, և նրանց համար շատ դժվար է լինելու հաշտվել «վետերանի» նոր կարգավիճակի հետ: Անշուշտ, համաշխարհային քաղաքական պատմությանը ծանոթ են երկու տարբեր քաղաքական ժամանակաշրջաններում քաղաքական գործչի հաջողության նախադեպերը:  Հետխորհրդային ժամանակաշրջանից այդպիսի անձանց թվին են պատկանում Հեյդար Ալիևը կամ Նուրսուլթան Նազարբաևը, որոնք իրենց դրսևորել են որպես հաջողված քաղաքական գործիչներ թե՛ խորհրդային համակարգի շրջանակներում և թե՛ ազգային պետությունների կերտման ժամանակ: Արդյո՞ք «ժամանակից շուտ» (ինչպես նրանց թվում է) վետերան դարձած հայ քաղաքական գործիչները կկարողանան հաշտվել նոր կարգավիճակի հետ և կհամաձայնվեն «հանգստի» անցնել: Ավելի շուտ՝ ոչ, քան այո: Ցավոք, հայ քաղաքական գործիչները, նախկին նախագահները և այլոք չեն ստեղծում իրենց անունը կրող ինստիտուտներ կամ հիմնադրամներ, որոնց միջոցով նրանք կկարողանային հասարակությանը և աճող սերնդին փոխանցել իրենց կուտակած փորձն ու ազդեցությունը: Հայոց քաղաքական կյանքի գործիչները չեն կամենում հաշտվել իրենց «վետերան» լինելու հետ: Եվ, իհարկե, այդ չկամենալու մեջ սպառնալիք է թաքնված:

Այսպիսով, հայ հասարակությունը պետք է գիտակցի արցախյան շարժման՝ որպես քաղաքական իրականության ավարտված լինելը: Արցախի հետագա զարգացումը պետք է դիտվի ոչ թե որպես քաղաքական, այլ որպես սոցիալ-տնտեսական, իրավական և պետական առաջընթաց: Հայոց պետական կյանքն այդ ուղղությամբ ոչ առաջին տարին է ընթանում, և Արցախը հետզհետե ներառվում է Հայոց պետականության միասնական տարածության մեջ: Ներկա դրությամբ երկու հայկական պետությունները ռազմական և ազգային անվտանգության, տնտեսության և ֆինանսների, կրթական համակարգի, կրոնական հաստատությունների և բազում այլ ոլորտներում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: Այնուամենայնիվ, ներառական (ինտեգրացիոն) շրջանակներից դուրս եմ մնում  մի շարք առացքային ոլորտներ: Այս «անգործությունն» առաջին հերթին կապված է հայ հասարակության կողմից արցախյան հիմնախնդրի՝ որպես քաղաքական հարցի ընկալման հետ: Օրինակ, Արցախը կարող էր դիտվել որպես իշխանության ճգնաժամի կամ անդամալուծման դեպքում որոշումների ընդունման կրկնորդման կենտրոն: Սա բնականաբար կմեծացներ հայկական պետությունների համակարգի կայունությունը, եթե ձևավորված լիներ խնդրի ճիշտ ընկալումը և իրականացվեր գործառույթների պատշաճ բաշխում:

Որպես լուրջ մարտահրավեր հարկ է դիտել նաև սահմանադրական իրավունքի ոլորտում այնպիսի որոշումների բացակայությունը, որոնք կերաշխավորեին Հայոց պետականության երկու ձևերի միասնական պետության շրջանակներում շուտափույթ միավորումը՝ առանց երկու հայկական պետությունների սահմանադրություններում արմատական փոփոխությունների անհրաժեշտության: Ապագային ընդառաջ նախապատրաստվելու հաջողված օրինակ է ներկայանում գերմանացի ժողովրդի փորձը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական հենքը թոյլ էր տվել իրականացնել սոցիալ-տնտեսական հենքերով որակապես տարբերվող երկու գերմանական պետությունների «ակնթարթային» միավորումը՝ հենց որ միջազգային համատեքստն այն հնարավոր դարձրեց: Հետագայում գերմանացի քաղաքական առաջնորդները խոստովանում էին, որ տվյալ խնդրի լուծման համար «հնարավորությունների պատուհանն» առավել քան նեղ էր՝ ընդամենը մի քանի օր, սակայն Գերմանիան կարողացել է օգտվել դրանից և լուծել միացյալ գերմանական պետության վերականգնման խնդիրը: Այսպիսով, 21-րդ դարում արցախյան հիմնախնդիրը հղում է պահանջում ոչ այնքան քաղաքական ասպարեզին, որքան հայ ժողովրդի հայրենատիրության և պետականատիրության ինքնիշխան իրավունքի տրամախոսություններին:

 



[1] «Աշխարհ» եզրույթը նպատակ ունի համապարփակաբար ներկայացնել 21-րդ դարում հայ ժողովրդի ունեցած հոգևոր, մշակութային, քաղաքական և սոցիալական իրականությունը: Եթե «Հայություն» եզրույթն առնչվում է գործառութայնության՝ «հայկականության», հայկական ինքնագիտակցության հետ, ապա «Աշխարհը» վերաբերվում է «հայկականությունը» կրող գործող դերակատարին: Աշխարհը բաղկացած է երկու հայկական պետություններից և Սփյուռքից: «Աշխարհ» եզրույթը 21-րդ դարում կոչված է լինել այն իմաստների և իրականության «արտահայտիչն» ու «ժառանգորդը», որոնց նկարագրության համար Մովսես Խորենացին կիրառել էր «Հայոց Աշխարհ» սահմանումը:

 

Share

Comments are closed.