Կիպրոսն էլ կործանեց «խնամի, ծանոթ, բարեկամ»-ի սկզբունքը

Մեր զրուցակիցն է Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը

Տիկին Գույումճյան, ի՞նչ նորություն կա Կիպրոսի կյանքում, Կիպրոսը հաշտվե՞լ է ճգնաժամի հետ:

Ինչպես գիտեք, Կիպրոսի երկու խոշոր բանկերը՝ LAIKI BANK-ը ամբողջովին սնանկացել է, իսկ առաջին ամենամեծը՝ BANK OF CYPRUS-ը, լուրջ վտանգի առջև է կանգնած: Սակայն, ամեն կերպ փորձում են գոնե այս մեկը փրկել, որովհետև երկրի տնտեսությունը մեծապես կախված է այս բանկի ճիշտ գործունեությունից:

Առայժմ այնտեղ գումար ունեցողները կարողանում են միայն օրական 300 եվրո քաշել: Իսկ նրանք, ովքեր այնտեղ գումարներ ունեին ներդրած, այսինքն՝ ունեն deposit account, չեն կարողանում այն վերցնել: Բայց եթե այն վերցնելու ժամկետը գա, կարող են միայն հինգ հազար եվրոն վերցնել: Ասում են, որ բանկի մեջ էլ միայն  հարյուր հազար եվրոն է երաշխավորված: Դրանից վեր գումարները պիտի զեղչվեն շուրջ հիսուն տոկոսով: Հետևաբար, նրանք, ովքեր հարյուր հազարից ավելի գումարներ ունեն, անկասկած կտուժեն: Հանրությունը շարունակում է մտահոգված մնալ երկրի ապագայով, թեև առաջացած խուճապը արդեն մի քիչ մեղմանում է, քանի որ կարծես թե մարդիկ սկսել են հաշտվել տիրող կացության հետ:

Ամեն ինչ, սակայն, դեռ այնքան անորոշ է: Առաջին բանկն էլ՝ BANK OF CYPRUS-ը, դեռ վերակառուցման ընթացքի մեջ է: Այնտեղ ևս, հարյուր հազարից բարձր գումարների վաթսուն տոկոսը պիտի առգրավվի: Այժմ կառավարությունը նոր հարկեր է սկսել դնել քաղաքացիների բնակարանների, կալվածքների  վրա: Երկրի շուրջ մեկ երրորդը դարձել է գործազուրկ: Աղքատացումը դեռ իր գորշ երեսն է ցույց տալիս:

Արդյոք արտագաղթ կա՞ ճգնաժամի այդ ֆոնին:

Եվրոպայի կենտրոնական բանկն իր հատուկ հանձնաժողովին՝ Տրոյկային, քննության կամ վերահսկողության տակ է պահում իր տված վարկերի օգտագործումը: Սա տեսակով  նոր գաղութատիրական կարգ ու սարք է, որը կիրառվում է երկրի տնտեսության վրա:

Արտագաղթի մասին թեև վիճակագրություն չունեմ, սակայն կարող եմ ենթադրել, որ նոր սերունդն այդ մասին մտածում է՝ իր ապագան այլ տեղ փնտրելով: Հարցը նաև այն է, որ Կիպրոսի հետ կատարվածը կարող է նախադեպ ստեղծել Եվրամիության այլ երկրների վրա ևս: Այսինքն՝ եվրոպացին էլ վստահություն չունի բանկերում դրված իր գումարների վրա: Եվրոպայի այլ երկրներ նույնպես դժվարությամբ են դիմագրավում, մանավանդ հարավային երկրները: Հետևաբար, հարցումը ՝ ո՞ւր  գնալ, չկա, քանի որ գործազրկությունն ամեն տեղ է, տնտեսական անապահովությունը՝ նույնպես:

Հարց է առաջանում՝ արդյոք սա դրամատիրության կարգ ու սարքի վերջն է կամ նոր գաղութացման սկիզբը: Ես այն տպավորությունն ունեմ, որ Եվրամիության զորավոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, իրենց կամքը պիտի թելադրեն Կիպրոսի և այլ երկրների տնտեսական ոլորտից ներս, ինչո՞ւ չէ՝ նաև քաղաքական՝ իրենց հակակշռին ենթարկելով նրան: Օրինակ, մոտ ապագայում գուցե սեղանի վրա դրվի Կիպրոսի հարցը, և կառավարությանը պարտադրվի թրքամետ լուծում. տնտեսապես աղքատացած և սնանկացման եզրին հասած երկիրը հեշտությամբ կարող է հանձնվել վերևից եկած կարգադրություններին: Համենայնդեպս, իմ կարծիքով, Կիպրոսը մի քանի տարով կամ տասնամյակներով հետքայլ կատարեց: Այստեղ Կիպրոսն էլ ունի իր մեղքի բաժինը, քանի որ տարիներով չկարողանալով ճիշտ ձևով կառավարել իր դրամատնային դրվածքը, այստեղ նույնպես «խնամի, ծանոթ, բարեկամ»-ի սկզբունքը գործեց, և հրապարակում հայտնվեցին միջակություններ արհեստավարժների փոխարեն: Այդ միջակություններից շատերը պարզապես իշխող այս կամ այն կուսակցություններից են, որոնց պետք էր «աշխատանքով» վարձատրել: Այստեղ էլ կոռուպցիան իր դերը կատարեց՝ արժանավորին անտեսել և պաշտոնակոչել այս կամ այն ձեռնտու անձին:

Տեղի գործարարներից ովքե՞ր են ամենից շատ տուժել:

Վստահաբար մի քանի անուններ կան, որոնցից է օրինակ Orphanides սուպերմարկետը, այստեղ նույնպես քրեական գործելաձև դրսևորվեց: Սնանկ հայտարարածի կնոջ մոտ գտան բազմամիլիոն եվրո արժող գումար, որը նա փորձում էր երկրից դուրս փախցնել: Վստահաբար, շատերը կարողացան նմանակերպ գումարներ փախցնել երկրից դուրս՝ խորացնելով ճգնաժամը:

Իսկ հայերի՞ց:

Հայերը միշտ էլ փակ են ապրել և չեն բարձրաձայնել իրենց դրամական կամ այլ կորուստները: Բայց չտուժող մարդ չկա, պարզապես չափերն են տարբեր:

Ինչ որ ակնհայտ է՝ այն է, որ մարդիկ կառչած են մնում իրենց գումարներից՝ զգուշանալով վաղվա անորոշությունից: Հետևաբար, առևտուրը, շուկան գրեթե կանգ են առել, ինչը վատթարացրել է տնտեսական վիճակը: Հայերի մեծ մասը ընդգրկված է վաճառականության մեջ: Հետևաբար, շատ տուժած պետք է լինեն: Հայերից շատերն էլ իրենց գործն են կորցրել կամ կորցնելու վրա են: Համենայն դեպս, դիրքերը, պաշտոնները հասու չեն եղել հայերին: Խոսքս կառավարական բարձր և լավ վարձատրվող պաշտոնների մասին է:

Սիրանույշ Պապյան

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/83525

Share

Comments are closed.