Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները

Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ, որով էլ կարելի է բացատրել Ռուսաստանի հիստերիկ քայլերը Հայաստանի հանդեպ: Դրանք վերջին շրջանում արտահայտվեցին գազի գների եւ Ղարաբաղի հարցում այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում: Հիշեցնենք, որ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում խոսեց ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին: Սա դիվանագիտական պրակտիկայում նոնսենս է՝ թե՛ ձեւակերպման, եւ թե՛ առկա իրողությունների համատեքստում:

Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելին է, քան պարզ շանտաժը: Ռուսաստանը հուսալի արգելափակել է Հայաստանը Ադրբեջանով ու Թուրքիայով, տապալել է հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու փորձը, թուրքական կողմի հետ արձանագրություններում վերջին պահին ավելացնելով հայկական կողմի համար անընդունելի կետեր: Այնուհետեւ, Թուրքիային հավաստիացումներ է տվել Մոսկվայի 1921 թ. ամոթալի ու միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագրին հավատարիմ մնալու մասին: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով Թուրքիան ու Ռուսաստանը կիսել են հայկական տարածքները եւ ոչնչացրել հայկական պետությունը: Ռուսաստանը մեծ ծավալներով ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին: Մոսկվան տապալել է Հայաստանի փորձերը՝ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, փոխարենը ներկայում ատոմակայան է կառուցում Թուրքիայում, ինչը Հայաստանին կզրկի անվտանգության կարեւորագույն բաղադրիչից: Բացի այդ, Հայաստանի սահմանները վերցնելով իր ձեռքը, Մոսկվան իր վերահսկողության տակ է առել բոլոր կոմունիկացիաները, այդ թվում իրանական ուղղությամբ:

Մնացել է մեկ բան՝ Ադրբեջանի օգնությամբ զորք մտցնել Ղարաբաղ եւ վերջնականապես լուծել հայերին արտաքսելու հարցը, ինչը Ռուսաստանին չհաջողվեց ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:

Ռուսաստանի հնարավորություններն այս տեսակետից բավական մեծ են՝ Հայաստանում իշխում է ոչ լեգիտիմ ռեժիմ, իսկ քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ գտնվում է նրա ազդեցության տակ: Այս ամբողջ ընթացքում, հայկական քաղաքական եւ մեկնաբանական դասը վեր է ածվել Ռուսաստանի փաստաբանի ու էմիսարների եւ զբաղված է նրա քայլերի արդարացմամբ: Ստացվել է տարօրինակ ու բավական արգահատելի պատկեր՝ հայերը արդարացնում են սեփական երկրի դեմ մեկ այլ երկրի քայլերը, հղում անելով տեղական ոչ լեգիտիմ ռեժիմին, դրանով արդարացնելով նաեւ սեփական դիրքորոշումը:

Իսկ այդ դիրքորոշումը վերջերս ձեւակերպեց ռուսական հայտնի հայազգի էմիսարներից մեկը՝ նա հայտարարեց, որ Ռուսաստանի քայլը ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ իշխանության դեմ է: Քիչ ինչ բացելով այս փակագծերը, կարելի է մեկնել այսպես՝ Ռուսաստանը փորձում է նման ձեւերով շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանությանը, նրանից զիջումներ ու հավատարմություն կորզելու նպատակով: Այլ բան հնարավոր չէ ենթադրել, հաշվի առնելով, նախ, որ օրինակ գազի թանկացումից հաստատ իշխանավորները չեն տուժելու, այլ՝ հայ ժողովուրդը, եւ երկրորդ՝ հայկական քրեական-օլիգարխիկ-իշխանական ռեժիմն ընդամենը ռուսական «նախագիծ» է, որը ստեղծվել է Մոսկվայի բարձր հովանու ներքո: Մոսկվան միշտ ձգտելու է Հայաստանում ունենալ նման որակների ռեժիմ, թեեւ արդեն նույնիսկ նման ռեժիմի վրա վերահսկողությունը գնալով բարդանում է ու դառնում անհնար:

Հայաստանի դեմ Ռուսաստանի քայլերը միշտ ուղղված են եղել իրականում հայ ժողովրդի դեմ. թե՛ անցյալ դարասկզբին Արեւմտյան Հայաստանում, թե՛ Ղարաբաղում անցյալ դարի 90-ականներին՝ տեղահանություններ, պատժիչ արշավանքներ: Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական հնարավորությունների արգելափակումը նույնպես իշխանության դեմ քայլեր չեն, այլ՝ հայ ժողովրդի, որովհետեւ միշտ էլ իշխանությունը չի տուժել, այլ ժողովուրդը, որը զրկվել է սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորությունից:

Սակայն, նույնիսկ նման ռեժիմներն ինչ որ պահի, թեկուզեւ սեփական կաշին փրկելու մղումով, փորձում են դուրս գալ այս իրավիճակից: Հայ հանրության խնդիրը, ինչպես գրված է հին ձեռագրերում, եւ որը եղել է ցավալի երկընտրանք դարեր շարունակ, «սեփական հիվանդ ոչխարի ու օտարի առողջ գայլի» միջեւ ճիշտ ճանապարհով գնալն է՝ բացառելով ու չտրվելով արտաքին շանտաժին ու էմիսարներին, եւ չհանդուրժելով նրանց դրածո հայկական քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունն իր բոլոր սեգմենտներով, որի միջոցով էլ ճնշել ու ոտնատակ են տվել հայկական պետության անկախությունը, արժանապատվությունն ու զարգացումը:

Հայկ Արամյան

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83421

Share

Comments are closed.