«Լռության օրն» անախրոնիզմ է

Երկու ընտրություններում լրատվամիջոցների
գործունեության մի քանի ամփոփումներ
 

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան

Հայաստանում ավարտվեց լարված մի շրջան. չորս ամսվա ընթացքում՝ երկու կարեւոր քաղաքական իրադարձություն՝ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու (իսկ ըստ էության՝ քաղաքապետի) ընտրություններ: Քաղաքական ուժերը, վերլուծաբանները, դիտորդները, փորձագետները վերլուծում են դրանք, մատնանշում կազմակերպական, իրականացման, բուն ընտրությունների՝ լավ ու վատ կողմերը, դրական եւ բացասական դրսեւորուոմները: Իշխանությունները, բնականաբար, մատնանշում են միայն դրականը, ընդդիմությունն, ընդհակառակը, ամեն ինչ որակում է «խայտառակ վատ»…

Մենք էլ փորձենք  ամփոփել լրատվամիջոցների աշխատանքն ընտրությունների ժամանակ՝ մատնանշելով մի քանի բնորոշ առանձնահատկություններ:

ա) Ըստ դիտարկումների, ընտրարշավների պաշտոնական քարոզչության շրջանում հատկապես հեռարձակվող լրատվության միջոցները փորձել են հնարավորինս հավատարիմ մնալ օրենքի պահանջներին եւ թեկնածուների ու կուսակցությունների ընտրարշավը լուսաբանել հավասարաչափ: Շեղումներ, իհարկե, եղել են: Այսպես, Երեւանի մամուլի ակումբի իրականացրած՝ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվության մեջ նշվում է. «Ընդհանուր առմամբ, հեռարձակվող ԶԼՄ-ները խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել ՀՀ նախագահի թեկնածուների նկատմամբ: Հիմնականում հավասար պայմաններ են ապահովել ընտրազանգվածին թեկնածուների եւ նրանց սատարող քաղաքական ուժերի ծրագրերին եւ հայացքներին ծանոթանալու համար: Ինչ խոսք, ոչ բոլոր թեկնածուների մասին են ընտրողները համարժեք տեղեկություններ ստացել, սակայն դա հետեւանք էր նախագահական աթոռի հավակնորդների՝ ընտրարշավ վարելու հնարավորություների եւ ցանկության» (մեջբերումն ըստ  ԵՄԱ կայքում տեղադրված հաշվետվության՝ http://ypc.am/upload/YPC%20Monitoring_RA%20Presidential%20Elections%202013_arm.pdf):

Այսուհանդերձ, նախագահական ընտրություններին հաջորդած՝ հետընտրական զարգացումների փուլում հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները նույն անկողմնակալությունն ու անաչառությունը չապահովեցին, ինչը հատկապես դրսեւորվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառումները լուսաբանելիս:

Նույն կամ համարյա նույն պատկերն էր նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման պարագայում: Այս դեպքում եւս մշտադիտարկումը արձանագրել է խտրականության բացակայություն: Սակայն արձանագրել է նաեւ այսպիսի բացասական մտումներ՝ «…շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ հայ քաղաքական գործիչների բանավիճելու, եթերում բաց  քննարկումների մասնակցելու ոչ բավարար պատրաստակամությունը։ Շարունակվում է նաեւ որոշ հեռուստահեռարձակվողների խմբագրական նյութերում քաղաքական ուժերի նախընտրական շտաբների կողմից իրականացվող եւ քարոզչատարրեր պարունակող նկարահանումների օգտագործման ոչ ցանկալի պրակտիկան» (http://ypc.am/upload/YPC%20Monitoring_First%20Stage_April%207%20-%20May%203_2013_arm.pdf):

 

բ) Երկու ընտրությունների քարոզարշավներն էլ եկան փաստելու, որ տպագիր լրատվամիջոցների ազդեցությունը գնալով ավելի ու ավելի է նվազում, եւ քիչ թվով ընտրողներ են, որ հետեւում են թերթերի հրապարակումներին:

Այն դեպքում, երբ՝

գ) Բավականին մեծացել է համացանցային լրատվամիջոցների ազդեցությունը: Դրանք լրացնում են նախընտրական միջոցառումների լուսաբանման այն բացերը, որ առկա են ավանդականներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կայքերում ուղիղ հեռարձակմամբ նախընտրական միջոցառումները ցուցադրելուն: Համացանցային ԶԼՄ-ներում ավելի շատ էին վերլուծականները, մեծ մասը ապահովում էր բազմակարծությունը: Աշխույժ քննարկումներ էին լինում սոցցանցերում: Համացանցի տարածվածության ավելացման պարագայում այն 4-5 տարի հետո իր ազդեցությամբ կարող է հավասարվել հեռուստատեսությանը եւ անգամ գերազանցել վերջինիս:

դ) Հայկական քարոզարշավների բնորոշ առանձնահատկությունը դեմ առ դեմ  բանավեճերի բացակայությունն է: Նախագահական ընտրությունների քարոզչության շրջանում այդպիսիք ընդհանրապես չեղան: Չի կարելի ասել, թե նախաձեռնություններ չկային: Պարզապես թեկնածուների մեծ մասը խուսափեց դրանից:  Որոշ հեռուստաընկերությունների հաջողվեց մի քանի բանավեճ կազմակերպել Երեւանի ավագանու ընտրությունների շրջանում, սակայն եւ այս, եւ տարբեր մամուլի ակումբներում կազմակերպված բանավեճերին խուսափեց մասնակցել իշխող Հանրապետական կուսակցությունը: Ընդհանրապես, թեկնածուները եւ հատկապես իշխանության ներկայացուցիչները նախընտրեցին քարոզչության «մենախոսային» ձեւաչափը. երբ առարկող չկա, իսկ հանդիպման մասնակիցների կողմից ոչ թե հարցեր, այլ դիֆերամբներ են հնչում:

ե) Երկու ընտրությունների քվեարկության օրերին արձանագրվեց մի երեւույթ, որը մեզ մտահոգելու տեղիք է տալիս: Խոսքը լրատվամիջոցների «մեկօրյա» ներկայացուցիչներին ընտրատեղամասեր ուղարկելու մասին է (նախագահական ընտրություններում քիչ, իսկ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ավելի շատ եւ ընդգծված):Լրատվամիջոցի ներկայացուցչի անվան տակ, ըստ էության, դիտորդություն էին անում լրագրության հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ: Ի դեպ, շատերն իբրեւ դիտորդ էլ կարգին իրենց գործառույթները չգիտեին, եւ չկարողացան պատշաճ վերահսկողություն սահմանել, ավելին՝ արձանագրվեցին դեպքեր, երբ խանգարեցին իսկական դիտորդների եւ իսկական լրագրողների գործունեությունը:

զ) Եվ, վերջապես, քարոզչությանն ու մեդիայի գործունեությանն առնչվող մի հարց, որ արդեն նախորդ ընտրությունների ժամանակ էլ ընդգծվում էր, իսկ այս անգամ առավել ցայտուն ապացուցեց իր վաղուց արդեն հնացած լինելը: Խոսքն այսպես կոչված «լռության» կամ «մտորումների» օրվան է վերաբերում: Դա քվեարկությանը նախորդող օրն է: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (ԵԽ ՆԿ) 1999 թվականի՝ «Մամուլում ընտրարշավների լուսաբանման վերաբերյալ» R 99(15) հանձնարարականում կա նման խորհուրդ. «Անդամ պետությունները կարող են ուսումնասիրել ընտրության նախորդ օրը քարոզարշավն արգելելու դրույթ ընդունելու հարցը»:  Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ «Քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է»:

Արդեն տեւական ժամանակ այս դրույթը բանավեճերի տեղիք է տալիս եւ շատ հաճախ խանգարում է լրատվամիջոցների գործունեությունը: Թերթերի մի մասը գերադասում է քվեարկությանը նախորդող օրը լույս չտեսնել՝ հանկարծ չսպրդի նյութ որեւէ թեկնածուի անունով, ու դա չգնահատվի իբրեւ քարոզչություն, հեռուստաընկերությունները գերադասում են այդ օրվա լրատվական թողարկումներում չեզոք թեմաների անդրադառնալ. հանկարծ որեւէ թեկնածու դեմք չհայտնվի էկրանին: Իսկ ի՞նչ անեն համացանցային լրատվության միջոցները նախորդ օրերի լրահոսի հետ: Հո չե՞ն կարող ամբողջ արխիվը ոչնչացնել: Դա նույնն է, որ ինչ-որ մեկի մտքով անցնի, ասենք, հավաքել թերթերի նախորդ մեկ ամսվա տպաքանակները, կամ արգելել գրադարանում պատվիրել եւ ընթերցել դրանք, կամ՝ արգելել «ՅՈՒՔՈՄ» բաժանորդագրված հեռուստադիտողին հետ տալ եւ նայել նախորդ օրերի հաղորդումները,  ինչ է թե քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն չի կարելի: Իսկ եթե այդ օրը համացանցային լրատվամիջոցը ոչ մի թարմացում չի անում, իսկ կայքի առաջին էջում մնում են նախորդ օրերի քարոզչական նյութե՞րը:

Մենք կարծում ենք, որ տեղեկատվական հոսքերի այսօրվա պայմաններում այդ «լռության օրն» անախրոնիզմ է, հնացած մի բան: Եթե անգամ թեկնածուներն ու կուսակցությունները զերծ են մնում ուղղակի քարոզչություն իրականացնելուց (ի դեպ՝ Ընտրական օրենսգրքում մենք այդպես էլ չգտանք «քարոզչություն» եզրույթի հստակ սահմանումը), ապա միեւնույն է՝ արդեն լայն տարածում ունեցող համացանցում այդ քարոզչությունն ակամա շարունակվում է, էլ չենք խոսում սոցիալական ցանցերի մասին, որտեղ մարդիկ հրապարակային զրույց վարելիս կարող են անդրադառնալ նաեւ ընտրությունների թեմաներին եւ խոսել իրենց նախընտրած թեկնածուների մասին: Արգելել նման զրույցները՝ նույնն է, թե արգելել մարդկանց իրենց բակում հավաքվել եւ զրուցել: Եվ, վերջապես, նորից ուշադրության առնենք, որ ԵԽ  ՆԿ հիշյալ հանձնարարականն էլ իմպերատիվ չէ եւ չի պարտադրում անդամ երկրներին՝ «լռության օր» ունենալ: Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ-ում, օրինակ, նման սահմանափակում չկա. քարոզչություն կարելի է անել ոչ միայն քվերակությանը նախորդող, այլեւ բուն քվերակության օրը: Բայց դեռ ոչ մեկը ԱՄՆ-ում կայացած ընտրություններն այս պատճառով ոչ լեգիտիմ չի ճանաչել…

Արդ, կրկնենք՝ «լռության օր» կոչվածը սպառել է իրեն: Եթե կուսակցական քարոզիչները ընտրարշավից հոգնել են եւ չեն ցանկանում այլեւս քարոզչություն անել, թող հանգստանան, սակայն թող օրենքով չպարտադրվի մի դրույթ, որն այսօրվա պայմաններում կիրառելի չէ եւ որի պահպանելն ուղղակի անհնար է:

Share

Comments are closed.