Թուրքական իշխանության անատոմիան

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

«Միջազգային անվտանգության հանդեսի» (The Journal of International Security Affairs) 2012թ. վերջին համարում ԱՄՆ Արտաքին քաղաքականության  խորհրդի ավագ գիտաշխատող Քլեր Բեռլինսկու հեղինակությամբ հրապարակված հոդվածը վեր է հանում Թուրքիայի քաղաքական կյանքի այնպիսի հետաքրքիր հայեցակետեր, որոնք հազվագյուտ են հայտնվում փարձագետների և ԶԼՄ-ների տեսադաշտում:

Դա միանգամայն հասկանալի է, քանի որ խոսքը հասարակության ուշադրության կիզակետում սակավադեպ հայտնվող իշխանության կիսագաղտնի կամ գաղտնի հայեցակետերի մասին է: Ի տարբերություն հրապարակային ասպարեզում գործող քաղաքական գործիչների և Թուրքիայի քաղաքական կյանքում ավանդաբար մեծ դեր ունեցող զինվորականության՝ գոյություն ունի թուրքական իշխանության ևս մի կարևոր բաղադրիչ, որն առնչվում է հոգևոր իսլամական հեղինակությունների ոլորտին: Եվ եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ Գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը ներկայացվլու կարիք չունեն, ապա հոգևոր առաջնորդ իմամ Ֆեթուլլաh Գյուլենի (Fethullah Gülen) անունն, ըստ Բեռլինսկու, քչերին է հայտնի: Ֆեթուլլաh Գյուլենը իսլամական ծայրահեղականության և պանթյուրքիզմի գաղափարների տարածման ակտիվ ջատագով է և «Նուրջալար» (Լուսավոր ուղի) ջեմաաթի (cemaat կրոնական համայնք) առաջնորդը: Խոսքը յուրօրինակ իսլամական քաղաքացիական շարժման մասին է, որի 3-6 միլիոն հետևորդները սփռված են աշխարհով մեկ, ինչը շարժման ազդեցությանը համաշխարհային ընդգրկման հնարավորություն է տալիս:

Ֆեթուլլահի շարժումն ունի ահռելի ցանցային կառույց, որը ներառում է տասնյակ հասարակական կազմակերպություններ, TUSKON ձեռնարկատիրական դաշնությունը՝ Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում գտնվող իր առավել քան 30 հազար ձեռնարկություններով և մասնաճյուղերով, «Ասիա-ֆինանս» ֆինանսական խումբը, աշխարհով սփռված դպրոցների և համալսարանների համակարգը, «Զաման» մեդիահոլդինգը՝ սեփական հեռուստաալիքներով ու տպագիր լրատվամիջոցներով և այլն: Որոշ գնահատականներով՝ շարժման տարեկան ստվերային բյուջեն գերազանցում է 25 միլիարդ դոլարը, ուստի բոլորովին պատահական չէ, որ Ֆեթուլլահ Գյուլենը ոչ միայն կրոնական հեղինակությունն է, այլև՝ միլիարդատեր:

Շարժումը կարևոր դեր է ունեցել Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաջողության մեջ. այն հաճախ կոչվում է Թուրքիայի «երրորդ ուժ»՝  ԱԶԿ և զինված ուժերի հետ միասին: 1999թ. մարտից Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ նա տեղափոխվել է իբր բուժվելու համար: Տեղափոխվելուց քիչ անց նա Թուրքիայում ապրող իր հետևորդներին է դիմել պետական իշխանության մարմինների մեջ ներթափանցելու կոչով և հեռակա կարգով մեղադրվել թուրքական սահմանադրության դեմ ոտնձգություն կատարելու մեջ: Այս մեղադրանքները հանվել են 2008թ., և այսօր Թուրքիա վերադառնալու համար Գյուլենն իրավաբանական արգելքներ չունի: Այնուամենայնիվ, նա նախընտրում է մնալ Միացյալ Նահանգներում և մեծ ազդեցություն ու կշիռ է վայելում ԱՄՆ արտոնյալ դպրոցների համակարգում:

Քաղաքացիական ժողովրդավարական շարժումներն առավել հաճախ ունեն «հարթ» կազմակերպչական կառուցվածք, երբ կառավարումն ու համակարգումը տեղի են ունենում կոնսենսուսային հիմքի վրա: Դրանք ներկայանում են որպես ցանց, որի առանձին ստորաբաժանումները որոշակիորեն անկախ են իրենց ձեռնարկած քայլերում:  Սակայն Գյուլենի շարժման կազմակերպչական կառուցվածքը, ցանցային լինելով հանդերձ, կառավարման տեսանկյունից խիստ աստիճանակարգային ու ավտորիտար է՝ ընդհանուր ոչինչ չունենալով ժողովրդավարական սկզբունքների հետ: Այնուամենայնիվ, Գյուլենի հետևորդները ջանք չեն խնայում շարժումը ներկայացնելու որպես ժողովրդավարական և տարբեր մարդկանց ու կրոնների հետ խաղաղ և հանդուրժողական հարաբերություններ պահպանելու ջատագով: Սեփական վարկանիշը պահպանելու համար Ֆեթուլլահ Գյուլենն առատորեն ֆինանսավորում է միջկրոնական երկխոսությանն առնչվող միջոցառումներ: Սակայն, այս ակտիվությունը ոչ մի կապ չունի շարժման ներքին մթնոլորտի հետ, որն ըստ էության խստորեն ներփակ է: Գյուլենին պատկանող դպրոցներում, մշակութային կենտրոններում և տեղեկատվական հարթակներում վարվում է բոլորովին այլ քաղաքականություն, որը դժվար է հանդուրժողական անվանել: Բավականին դժվար է գտնել շարժման մաս չկազմող լրագրողներ ու գիտնականներ, ովքեր կհամարձակվեին քննել «Լուսավոր ուղու» գործունեությունը, և Քլեր Բեռլինսկու հոդվածն այս առումով ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն: Գյուլենն, օրինակ, համոզված է, որ հավատուրացության պատիժը պետք է լինի մահը, եթե ուրացողը չհամաձայնվի վերադառնալ իսլամին:

Այսպիսով, Գյուլենը, լինելով կրոնական և հոգևոր հեղինակություն, քաղաքական ասպարեզում ևս մեծ ազդեցություն ունի՝ օգտագործելով այն իր շահերն առաջ մղելու համար: Մինչև վերջերս դրանք համընկնում էին «Արդարություն և զարգացում» կուսակցության և անձամբ Էրդողանի շահերի հետ, ինչն էլ հանգեցրել է նրանց դաշինքի ստեղծմանը, որը միտված էր Թուրքիայում իսլամի ազդեցության ուժեղացմանը և զինվորականների դերակատարության նվազմանը: Բացի դրանից, երկու առաջնորդները ձգտում էին Թուրքիայի սահմաններից դուրս, առաջնահերթորեն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում թուրքական ազդեցության ընդլայնմանը: Գյուլենը նպաստում էր թուրքական շահերի առաջմղմանը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Այնուամենայնիվ, Գյուլենի շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարբեր կազմակերպություներն են, թեև վերջինիս մեջ Գյուլենի հետևորդները նույնպես փոքրաթիվ չեն: Գյուլենի շարժման ակտիվությունն ունի այլ բնույթ և քաղաքական ասպարեզն ու նրանում ազդեցություն ունենալն ավելի շուտ դիտում է որպես գործիք՝ շարժման իրական և երկարաժամկետ շահերին հասնելու համար: Գյուլենի համար քաղաքական իշխանությունն ու ազդեցությունը նպատակ չեն, այլ սոսկ գործիք: Հենց այդ պատճառով նա բավական հեշտ է գործակցում իշխանության հետ՝ անկախ այն կրողների քաղաքական գաղափարախոսությունից: Երբ 1996թ. թուրքական զինված ուժերը «քաղաքական իսլամի» հիմնադիր և Էրդողանի քաղաքական ուսուցիչ համարվող վարչապետ Նեջմեթին Էրբաքանին հարկադրել են հրաժարական տալ, Գյուլենը կանգնել է զիինվորականների կողքին: Հետագայում նրա համակրանքը շրջվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության և Էրդողանի օգտին:

Կուսակցության և շարժման դաշինքը դիտվում էր փոխշահավետ: Շարժումն օգտագործում էր կուսակցությունը ներքին գործերի կառույցների և դատական համակարգի մեջ ներթափանցելու համար, իսկ Էրդողանը ձեռք էր բերում կարևոր դաշնակից՝ զինվորականների և նրա քաղաքական իշխանության ընդլայնմանը դիմադրող այլ ազդեցիկ շրջանակների դեմ պայքարում: Շարժման կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ապահովում էին Էրդողանին հասարակական աջակցությունը, իսկ դատական համակարգում Գյուլենի հետևորդների վրա հենվելը թույլ է տվել բարձրաստիճան զինվորականության դեմ դատական հետապնդում իրականացնել «Էրգենեկոն» գործի շրջանակներում:  Դաշինքի կողմից առաջադրված նպատակներին հասնելուց հետո, երբ զինված ուժերը քաղաքական ասպարեզում բարոյալքվել և լրջորեն թուլացել են, իսկ ամենալուրջ գաղափարական թշնամիները հայտնվել են բանտում կամ արտամղվել ստվեր, եկել է անխուսափելի տարաձայնությունների պահը: Հաղթողները «ռազմավարի» համար չէին կարող հակընդդեմ պայքարի մեջ չմտնել:

Բացի դրանից, թուրք հասարակությունում հետզհետե լարվածություն էր աճում այն մեթոդների նկատմամբ, որոնցով Էրդողանն ամրապնդում էր իր իշխանությունը: «Էրգենեկոնը» դարձել է երկսայրի սուր, որովետև թուրք հասարակությունը պատրաստ չէր ընդունել զինվորականների հանդեպ նման վերաբերմունքը, որը սկսել է գնահատվել որպես զինված ուժերի ստորացում: Էրդողանը հարկադրվել է մտածել փոխզիջման և գործի առավել կարկառուն կազմակերպիչներին հանձնելու մասին, որոնք էլ Գյուլենի կողմնակիցներ էին: Քաղաքական գործչի համար դա շատ հասկանալի մղում էր՝ սեփական իշխանության պահպանման համար մի քանի կողմնակցի ու դաշնակցի հանձնել: Էրդողանի այս քայլը հեշտացված էր նաև այն պատճառով, որ շարժումն անցել է կարմիր գիծը և իրեն թույլ է տվել հարվածել Էրդողանի ընկերներին և կողմնակիցներին: Խոսքը Հաքան Ֆիդանի (Hakan Fidan)՝ Թուրքիայի հետախուզության (MIT – Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպություն) պետի մասին է, որը շարժման կողմից մեղադրվել է Իրանի և, ինչն էլ ավելի կարևոր է, Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ անթույլատրելի մեղմության մեջ: Գյուլենի շարժման կողմից վերահսկվող ԶԼՄ-ների վերնագրերը գոռում էին Ֆիդանի անթույլատրելի վարքագծի մասին: 2012թ. փետրվարի 7-ին գործի քննություն անցկացնող հատուկ մեղադրող Սադրեթին Սարիկայան (Sadrettin Sarıkaya) հարցաքննության է հրավիրել МIТ-ի ղեկավարի պաշտոնում Հաքան Ֆիդանի նախորդին՝ էմրե Թաներին (Emre Taner) և հետախուզության երեք այլ սպաների: Տվյալ քայլն Էրդողանը գնահատել է որպես շանտաժ և ոտնձգություն իր իշխանության նկատմամբ: Հետևել է կայծակնային պատասխան: Մի քանի օրերի ընթացքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մշակել և խորհրդարանով անցկացրել է մի օրենք, որը զրկում էր երկրի Արդարադատության նախարարությանը МIТ-ի ծառայողներին առանց վարչապետի համաձայնության հետապնդելու հնարավորությունից: Ի պատասխան՝ Գյուլենի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները սկսել են հուժկու տեղեկատվական գրոհ՝ մեղադրելով Էրդողանին ավտորիտարիզմի և թուրք ժողովրդավարությունը վտանգի ենթարկելու մեջ: Իսլամական շարժման և գործչի պարագայում դա առավել քան հետաքրքիր փաստարկ է հօգուտ այն իրողության, որ խոսքը ոչ թե թուրք ժողովրդավարության, այլ բոլորովին այլ բանի մասին է:

Էրդողանը հասկանում էր, որ Գյուլենի կողմից «Էրգենեկոն» գործընթացին աջակցելը, ներքին գործերի և դատական իշխանության համակարգերում վերահսկողության վերածվող շարժման ազդեցության աճը վաղ թե ուշ պետք է փաստարկ դառնար նաև քաղաքական ասպարեզում: Գյուլենի ազդեցությունն իր բնույթվ արդեն քաղաքական էր դառնում: Էրդողանը նախաձեռնել է արդարադատության համակարգի և իրավապահ մարմինների մաքրազտումը, որի ընթացքում աշխատանքից ազատվել կամ ծայրամասային նահանգներ են ուղարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Որպեսզի տեղի ունեցածի շուրջ թերըմբռնումներ չմնան, հետախուզության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ կապված՝ Ստամբուլի ոստիկանության 700 սպա տեղափոխվել են Թուրքիայի հարավ-արևելք: Դա փաստացի ջախջախիչ հարված էր, որի միջոցով Գյուլենը ստացել է շատ հստակ ազդանշան, որ Թուրքիան կառավարում է ոչ թե ինքը, այլ Էրդողանը: 2012թ. հունիսին Էրդողանը շարժմանը նոր հուժկու հարված է հասցրել՝ հրավիրելով Գյուլենին վերադառնալ Թուրքիա: Գյուլենն արցունքն աչքերին հրաժարվել է՝ բացատրելով իր քայլը շարժման ձեռքբերումներին ու հաջողություններին չվնասելու մտադրությամբ: Խաղաղության մեծահոգի առաջարկը և հայրենիք վերադառնալու կոչը հմուտ քայլ էր, որը լուրջ հարված էր Գյուլենի բարոյական վարկանիշին՝ վկայելով հոգևոր առաջնորդի խոսքերի և գործերի անհամապատասխանության մասին:

Կա կարծիք, որ ներկայումս Գյուլենի կողմնակիցները քննարկում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի օգտին վերակողմնորոշվելու սցենարը, որովհետև վերջին շրջանում նա ազդանշաններ է հղել, թե կկամենար մասնակցել գալիք նախագահական ընտրապայքարին:  Եթե նա իրականում դիմի  այդ քայլին, ապա Էրդողանը ստիպված կլինի հրաժեշտ տալ արդեն ընդլայնված լիազորություններով Թուրքիայի նախագահ հեշտությամբ դառնալու մտքին: Ամեն դեպքում, Թուրքիայի նախագահի պաշտոնի համար երկու առաջնորդների պայքարի պատմությունն ակնհայտորեն վկայում է, որ Թուրքիայում քաղաքական և հասարակական ուժերի բնույթը ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն կոչվող երևույթների հետ:

Share

Comments are closed.