Առաքելությունն անիրագործելի էր

Իսկ պաշտոնական Թեհրանը պարզապես «քաշել է» Ռամիզ Մեհտիևին

 

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի բախտը չի բերել: Նրան հանձնարարել են անիրագործելի առաքելություն կատարել՝ ուղարկելով Թեհրան՝ Իսրայելից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի անմիջապես վերադառնալուց հետո:

 

Թեհրանում մեր պատվիրակին ընդունել են բարձրագույն կարգով: Նա հանդիպումներ է ունեցել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և, վերջապես, ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սակայն…

Մեր «հավատակից եղբայրները» միայն իրենց հատուկ ոճով «քաշել են» պաշտոնական Բաքվի պատվիրակին: Ահա մեր պետական «ԱզերԹաջ» և իրանական «ԻՐՆԱ» տեղեկատվական գործակալությունների՝ այցի առթիվ տարածած հաղորդագրությունների տեքստերը:

«ԱզերԹաջի» հաղորդագրությունը ոչ մի դիտողություն չի հարուցում: Ավանդաբար զուսպ ոճով այն ամեն ինչի մասին ոչինչ չի ասում. «Ապրիլի 29-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհտիևը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին փոխանցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջերմ ողջույնները՝ Ռամիզ Մեհտիևը խորին երախտագիտություն է հայտնել բարձր հյուրընկալության համար: Գոհունակություն արտահայտելով երկու երկրների ու ժողովուրդների միջև պատմական, մշակութային և կրոնական կապերի բարեհաջող զագացման կապակցությամբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը նշել է, որ գոյություն ունի մեծ ներուժ՝ հարաբերությունների ամրապնդման համար: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ տարբեր մակարդակների փոխադարձ այցերը մեծ դեր ունեն կապերի զարգացման դինամիկայում: Երախտագիտություն հայտնելով նախագահ Իլհամ Ալիևի ողջույնի համար՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խնդրել է իր անունից ջերմ ողջույններ փոխանցել Ադրբեջանական պետության ղեկավարին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրների պետությունների ղեկավարները ցուցադրում են բարձր քաղաքական կամք հարաբերությունների զարգացման նկատմամբ: Տեղի է ունեցել տեսակետների փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:1

Վերոշարադրյալ տեքստից կարելի է եզրակացնել, որ Ռ. Մեհտիևը բարձր արդյունավետությամբ է կատարել իրեն վստահված բարդ առաքելությունը: Այժմ անցնենք «ԻՐՆԱ»-ի տարածած հաղորդագրությանը: Տեղ «տնտեսելու» համար մեջբերեմ միայն Ռ. Մեհտիևին վերագրվող հայտարարությունները:

«ԻՐՆԱ»-ի հաղորդագրության համաձայն՝ Ռամիզ Մեհտիևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը և այս հարթությունում առկա են մեծ ու չիրագործված հնարավորություններ: Այնուհետեև, նա նշել է, որ Արևմուտքն Ադրբեջանում փորձել է մի քանի գունավոր հեղափոխություն սադրել, որոնք, բարեբախտաբար, անհաջողության են մատնվել. «Ադրբեջանի ամրապնդումն ու զարգացումը տխրեցրել է Արևմուտքին, ուստի նրանք Ադրբեջանում խաղաղությունը և կայունությունը խախտող որոշակի քայլեր են ձեռնարկել»: Որպես օրինակ՝ նա մատնանշել է Բաքվում ԱՄՆ Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) գործունեությունը, որն «Ադրբեջանում մի միլիոն դոլլար է բաշխել՝ երկրում անվտանգությունը սասանելու համար»: Մեհտիևը նշել է, որ Իլհամ Ալիևը սատարում է Իրանի կառավարող վարչակարգին, իսկ նախագահ Ահմադինեժադին համարում է իր ընկերն ու կողմնակիցը. «Հզոր և կայուն Իրանի գոյությունը ձեռնտու է Ադրբեջանին»:  Դիմելով Ահմադինեժադին՝ Ռամիզ Մեհտիևն ասել է. «Ձեր անունն ու գործունեությունը ոսկե տառերով է արձանագրվելու ներքին, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ. մենք դա շատ հստակ ենք տեսնում և այդ իսկ պատճառով Ձեզ շատ ենք հարգում»:2

Որոշ փորձագետներ Ռ. Մեհտիևի Իրան կատարած հապճեպ այցը բացատրում են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի Իսրայել մեկնելու փաստով վրդովված թեհրանյան վարչակարգի առաջնորդներին հանգստացնելու անհրաժեշտությամբ:

Նախ՝ մեր ժամանակներում ոչ միայն Մոսկվան, այլև ոչ ոք «արցունքներին չի հավատում»: Այսինքն, եզրակացություններն արվում են ոչ թե հավերժ սիրո և հավատարմության երդումների հիման վրա, անգամ եթե դրանք բարձրաձայնվում են ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից, այլ հստակ գործողություններից ելնելով: Չէ՞ որ անհնար է միաժամանակ ընկերություն անել Իրանի և Իսրայելի հետ, որոնք որպես պետություններ պատրաստ են իրար երկրի երեսից ջնջել: Դա արդեն չի հաջողվում նույնիսկ խոսքերով, քանի որ գործողությունները վկայում են տրամագծորեն հակառակի մասին:

Իսրայելը Իրանի «բարեկամներին» ժամանակակից սպառազինություններ ու ռազմական տեխնիկան չէր վաճառի: Իսկ Ադրբեջանը, լինելով Իրանի «բարեկամ» պետություն, Իսրայելին՝ թեհրանյան վարչակարգի ամենաոխերիմ թշնամուն էներգակիրներ չէր վաճառի: Մյուս կողմից, «եղբայրական» Իրանը չէր փրկի ոչ թե պարզապես մահմեդական, այլև հենց շիա Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանին:

Ադրբեջանի և Իրանի միջև «եղբայրական սերը», կողմերի պնդմամբ, ունի խորը պատմական արմատներ:

Մի խոսքով, Ռ. Մեհտիևի այցը ոչ մի կերպ չէր կարող (հատկապես դրական) ազդել ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարի վրա: Այստեղ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հայտնվել է ԻԻՀ-ի համար թշնամական ամերիկամետ ճամբարում: Մնացածը՝ հետևանք է, այդ թվում և՝ որևէ միջազգային-իրավական տրամաբանության չհամապատասխանող նախաձեռնությունը՝ չեղյալ հայտարարել 200 տարի առաջ Ռուսական կայսրության և Ղաջարների միջև կնքված պայմանագրերը:

Երկրորդ՝ ընդհանրապես հասկանալի չէ, թե ի՞նչ պատճառով և ո՞ր առաքելությամբ է այսքան բարձրաստիճան պետական պաշտոնյան, ըստ էության՝ Ադրբեջանի կառավարող վերնախավի երկրորդ անձն, ուղարկվել Թեհրան:

Հիշեցնեմ, որ 2011թ. դեկտեմբերին համանման ոչ լրիվ պարզ առաքելությամբ Իրան է գործուղվել նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի ղեկավարած պատվիրակությունը:

Այն ժամանակ Ալի Հասանովը վերադարձել և զեկուցել է բարեհաջող կատարած աշխատանքի մասին: Բայց դարձյալ ոչինչ չի փոխվել: Ադրբեջանա-իրանական հարաբերությունները շարունակել են վատթարանալ: Ճիշտն ասած, ոչինչ էլ չէր կարող փոխվել, ինչպես և այժմ՝ Ռ. Մեհտիևի այցից հետո: Բնական է, որ դրա մեջ Ա. Հասանովին կամ Ռ. Մեհտիևին մեղարդելը անարդարության գագաթնակետը կլիներ: Նրանք դրա հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես արդեն նշել ենք, առաքելությունն անիրագործելի էր:

Ուրեմն, նրանց բոլորովին այլ բան էր հանձնարարվում: Օրինակ՝ ուսումնասիրել իրանական վերնախավի տրամադրությունները: Հիանալի է։ Դա, իհարկե, անհրաժեշտ է: Բայց առաջադրանքը սխալ մարդկանց վրա է դրվել:  Կարելի էր Թեհրան ուղարկել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին: Նա թեհրանյան վարչակարգի ներկայացուցիչների հետ ունի ավանդաբար վստահելի հարաբերություններ, ինչպես, օրինակ, Ա. Հասանովն ու Ռ. Մեհտիևը՝ Կրեմլի հետ: Այստեղ ոչ մի վատ բան չկա: Դիցուք, ռուսաստանյան պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում քիչ չեն Մոսկվայի պետական համալսարանն ավարտած Ա. Հասանովի ուսանողական տարիների ընկերները: Բնական է, որ այսպիսի հարաբերությունները հարկ է օգտագործել տրամադրությունները պարզելու համար, բայց՝ ոչ ավելին:

Չեմ կարող միանշանակ պնդել, որ Ռ. Մեհտիևն արել է «ԻՐՆԱ»-ի՝ իրեն վերագրված հայտարարությունները: Մյուս կողմից՝ մասնավոր զրույցների ժամանակ բարձրաստիճան պետական գործիչներն ու դիվանագետները միմյանց ինչ ասես չեն ասում: Բայց ոչ ոք իրար այսչափ «չի քաշում»:

Իսկ ո՞վ է մեղավորը: Իհարկե՝ մենք ինքներս: Ի՞նչ կարիք կար Մամեդյարովի Իսրայել կատարած այցը քողարկել ինչ-որ միջազգային առաքելության տակ: Նախ՝ Ադրբեջանն Իսրայել նավթի հիմնական մատակարարներից է, երկու երկրների միջև առևտրային շրջանառությունն աճել է տարեկան 125  միլիոնից մինչև չորս միլիարդ դոլլար, մինչդեռ Ադրբեջանի և Իրանի միջև առևտրային շրջանառությունն ավելի քան 10 անգամ պակաս է: Իսկ Ադրբեջանի ու Իրանի միջև ռազմատեխնիկական և քաղաքական-լոբբիստական համագործակցության մասին առհասարակ խոսք լինել չի կարող: Այսինքն, խոսքն Ադրբեջանի համար անհամեմատելի մեծությունների մասին է:

Ադրբեջանում աճում է իսրայելական ընկերությունների թիվը, հունի մեջ է մտած Բաքվում իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այսպիսով, Մամեդյարովն Իսրայելում քննարկելու շատ բան ուներ:

Երրորդ՝ ընդդիմախոսները կարող են հիշեցնել մեր ամենագլխավոր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտության գոյությունը և այն, որ Իրանը տարածաշրջանային առաջատար տերություններից է: Բայց Իրանն Ադրբեջանի շահերի տեսանկյունից բոլորովին մտադիր չէ նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԻԻՀ-ն անգամ չեզոքություն չի պահպանի: Ինչո՞ւ Իրանը կարող է Հայաստանի հետ ունենալ հրապարակային բարեկամական հարաբերություններ, իսկ Ադրբեջանն Իսրայելի հետ ՝ոչ:

Եվ, վերջապես, չի կարելի ասել, որ պաշտոնական Թեհրանը նպատակին չի հասել: Հազիվ թե արժե լուրջ ընդունել հայտարարություններն այն մասին, թե պաշտոնական Թեհրանը այսպիսի սադրանքներով փորձում է սեպ խրել արևմտյան դաշնակիցների հետ Ադրբեջանի փոխհարաբերությունների մեջ: Մոլլակրատներին չի կարելի այսքան միամիտ համարել: Նրանք գերազանց են ճանաչում իրենց հնարավորությունները և հոյակապ գիտեն, որ այդ առաքելությունը նույնպես իրագործելի չէ:

Տվյալ պահին նրանք պարզապես հաշիվ են մաքրում Ադրբեջանի կառավարող վերնախավի հետ, որը ոչ հեռավոր անցյալում, իրոք, իրեն որպես թեհրանյան վարչակարգի դաշնակից էր դիրքավորում: Դա շատ բարդ չէ: Անհրաժեշտ է ողջ աշխարհին ցուցադրել պաշտոնական Բաքվի վախը թեհրանյան վարչակարգի առջև: Ոչ պակաս կարևոր է պաշտոնական Բաքվին ամրագրել միջազգային ասպարեզում անլուրջ գործընկերոջ համբավը:

 

1.http://www.azertag.gov.az/ru/node/1085055

2.http://haqqin.az/multimedia/5422

 

Share

Comments are closed.