Փոլ ԳՈԲԼ. «Ռուս ազգային ինքնությունը Եվրասիայում ամենաթույլն է»

Ամերիկյան փորձագետը՝ ռուս էթնիկական ինքնության հատվածայնության, ռուսական ճանապարհների և տարածաշրջանային մարտահրավերների մասին

Վաշինգտոնյան քաղաքագետ և «Window on Eurasia» բլոգի հեղինակ Պոլ Գոբլը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ կիսվել է ռուսաստանյան գործընթացների քննությամբ և գնահատական է տվել ռուս-ամերիկյան հարաբերություններին:



Ֆաթիմա Տլիսովա. Ատլանտյան օվկիանոսի տարբեր կողմերում հնչում են տրամագծորեն հակառակ գնահատականներ ռուս-ամերիկյան հարաբերությունների արդի դրության և հեռանկարների վերաբերյալ. ընդսմին՝ երկու կողմում էլ կան թե՛ ծայրահեղ հոռետես և թե՛ բացարձակ լավատես անձինք: Դուք ի՞նչ եք մտածում:

Փոլ Գոբլ. Կարծում եմ, որ մենք ԱՄՆ-ում վերջապես շարժվում ենք այն ուղղությամբ, որտեղ Ռուսաստանը մեր արտաքին քաղաքականության մեջ այլևս կենտրոնական տեղ չի զբաղեցնում: Շատ երկար մենք ապրում էինք «Սառը պատերազմի» կաղապարի մեջ, երբ ողջ աշխարհը պտտվում էր Վաշինգտոնում և Մոսկվայում տեղի ունեցածի և ԱՄՆ ու Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման առանցքի շուրջ:

Այսօր գոյություն ունի Ռուսաստանի շատ ավելի իրատեսական գնահատականը, ըստ որի վերջինս այլևս չի դիտվում համաշխարհային գերտերություն, քանի որ նա առարկայաբար արդեն այդպիսին չէ, այլ դիտվում է որպես տարածաշրջանային ուժ: Ինձ նաև թվում է, որ 1990-ականներին մեր ունեցած այն հույսերը, թե Ռուսաստանը կդառնա ժողովրդավարության և ազատ շուկայի երկիր, որտեղ պետությունը կպաշտպանի իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բնակչության համար մասնաբաժին կապահովի բնական ահռելի պաշարներից ստացվող եկամտից, այժմ հօդս են ցնդել:

Սա չի նշնակում, որ առաջընթացն անհնարին է: Այն փաստը, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ներկայումս գտնվում են այնպիսի իրավիճակի սահմաններից դուրս, երբ հնարավոր էր միայն երկու ընտրություն՝ կա՛մ նոր «Սառը պատերազմ», կա՛մ բացարձակ համաձայնություն և համագործակցություն, նշանակում է, որ մենք թևակոխել ենք նոր շրջան, որտեղ ավելի իրատեսական է դարձել առանձին նեղ ոլորտներում համագործակցությունը:

Կան խնդիրներ, որոնց լուծումը ենթադրում է ԱՄՆ և Ռուսաստանի համագործակցությունը, բայց կան նաև այնպիսի խնդիրներ, որոնցում այդպիսի համագործակցությունն ընդհանրապես անհնարին է: Այս նոր փուլում մեր հարաբերությունները չեն լինելու ոչ բացառապես բարեկամական և ոչ էլ զուտ թշնամական:

Մենք կարող ենք հանդես գալ մերձավոր դիրքերից ծովահենության հարցի լուծման ժամանակ, բայց դժվար է պատկերացնել, որ մենք համագործակցենք ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը պահպանելու հարցում՝ հենց միայն այն պատճառով, որ այս բնագավառում մենք ունենք տարբեր շահեր: Ինձ թվում է, որ Վաշինգտոնում աճում է այս իրավիճակի ըմբռնումը. սա առողջ մոտեցում է գտնելու համար այն ոլորտները, որտեղ համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին էլ:

Ֆ.Տ. Ռուսաստանում մամուլը հետզհետե ավելի հաճախ է հաղորդում ազգային անհանդուրժողականության դրսևորումների մասին՝ թե՛ ռուսների և թե՛ այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչների կողմից: Ինչո՞վ կբացատրեք ազգային ինքնության այս պոռթկումը, և ինչպիսի՞ հետևանքներ կարող է այն ունենալ Ռուսաստանի պես բազմազգ պետության համար:

Փ.Գ. Իմ կարծիքով, այս գործընթացի խորությունն ըմբռնելու համար հարկ է հայացք նետել երկրի պատմությանը, պետք է ուշադրություն դարձնել կայսերապաշտական մտածողության հակառակ կողմին, քանի որ դարեր շարունակ ռուս ազգի գերազանցությունը հաստատվում էր ոչ թե ռուսական ինքնության, այլ մյուս ազգերին բռնաճնշելու կարողության միջոցով:

Այսօր Ռուսաստանում տեղի է ունենում էթնիկ ռուսների դիրքերի թուլացում՝ ոչ ռուս էթնիկական խմբերի դիրքերի ամրապնդման ֆոնին: Սա բազում գործոններով պայմանավորված առարկայական գործընթաց է, որին բնորոշ է  ռուսների շրջանում ծնելիության անկումը, ոչ ռուս բնակչության բարձր ծնելիությունը և Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրներից զանգվածային ներգաղթը: Այս ամենը հանգեցնում է Ռուսաստանի բնակչության կազմում էթնիկ ռուսների տոկոսային կշռի կտրուկ նվազմանը:

Խնդրի վերաբերյալ առկա է հակասական վիճակագրություն, և ինձ թվում է, թե սխալ չի լինի ասել, որ այժմ Ռուսաստանում էթնիկ ռուսները չեն գերազանցում բնակչության մեկ-երրորդը: 1991 թվականի համեմատ, երբ ռուսները բնակչության 90 տոկոս էին կազմում, սա վիթխարի անկում է: Որպես հետևանք՝ ռուսներն իրենց վտանգված են զգում, իսկ «մեծ ռուս եղբոր» կամ ռուս ազգի պետականակերտ առաքելության գաղափարները պարզապես ռուս մարդկանց մտավախությունների քողարկված ներքին դրսևորումն է:

Ըստ իս, այն փաստը, որ ռուսներն անընդհատ ժամանակ են վատնում «ազգային գաղափարի» շուրջ բանավիճելու համար, վկայում է ոչ այնքան մշակութային շերտի արտացոլման, որքան սոցիալական լուրջ հիվանդության գոյության մասին: Եթե ռուսները չկարողանան հաշտվել կայսրության կորստի հետ, ապա նրանց սպառնալու է համաշխարհային մեկուսացում:

Ֆ.Տ. Համարվում է, որ իշխանության կենտրոնացման Կրեմլի վարած քաղաքականությունը ստորադասում է դաշնայնության կամ տարածաշրջանայնության գաղափարը: Ձեր կարծիքով, որքա՞ն արդյունավետ է նահանգները վերահսկելու համար Մոսկվայում պաշարների կենտրոնացումը :

Փ.Գ. Երբ հեռակա դիրքից հետևում ես ռուսաստանյան գործընթացներին, զարմացնում է Ռուսաստանի Դաշնության ներսում տարածաշրջանայնության (ռեգիոնալիզմ) անսպասելի աճը. վկա՝ սիբիրական, արևելյան, հյուսիսում՝ պոմորյան, հարավում՝ կազակական ինքնությունների վերընձյուղումն ու ամրապնդումը: Ինքնությունների այս հեղափոխությունն արտացոլում է երկու կարևոր միտում և մատնանշում երրորդը:

Նախ՝ սա արտացոլում է այն փաստը, որ ի հեճուկս մարդկանց մեծամասնության համոզման՝ ռուսական ինքնությունը Եվրասիայում ամենաթույլն է: Օրինակ, ավարների, հայերի կամ ուկրաինացիների ինքնությունը շատ ավելի ամուր է, քան ռուսներինը: Որոշ իմաստով ռուսները դարձել են իրենց անունը կրող պետության գլխավոր զոհը:  Նրանց թույլատրված էր կառավարել, բայց միայն՝ որպես ազգ ինքնուրույնաբար զարգանալուց հրաժարվելու գնով: Որպես հետևանք՝ տեղի է ունենում հատվածայնացումը:

Հատվածայնացմանը նպաստում են նաև աշխարհագրությունը և վատ կառավարումը: Դուք չեք կարող երկրի մի ծայրից մյուսը մեքենայով հասնել, որովհետև չկան կարգին մայրուղիներ, երկաթգծերը ժանգոտում են, իսկ ավիաընկերությունների մեծ մասը ձեռնարկատիրությունից դուրս են մղված և այլևս չեն գործում: Երկրի ահռելի հատվածները միմյանցից մեկուսացված են: Որպես հետևանք՝ ձևավորվում են տարածաշրջանային դաշինքներ: Վերակենդանանում է տարածաշրջանայնության այն տեսակը, որը 1990-ականների կեսերին դաժանաբար ճնշել է Բորիս Ելցինը:

Տարածաշրջանայնության աճի զսպումն ու համադրումը ռուս ենթաէթնիկ ազգայնականության հետ կենտրոնի համար լուրջ մարտահրավեր է լինելու: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ռուս ենթաէթնիկ ազգայնականության աճը շատ ավելի մեծ սպառնալիք է լինելու Մոսկվայի՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու կարողությանը, քան ցանկացած «ոչ ռուսական» ազգային շարժում:

Ֆ.Տ. Ձեր նկարագրած սպառնալիքների պատկերը տարբերվում է լայն տարածում գտած պատկերացումներից: Ընդունված է կարծել, որ Ռուսաստանի ամենաանկառավարելի տարածաշրջանը Հյուսիսային Կովկասն է: Որո՞նք են Ձեր գնահատականները և կայունությանը հասնելու կանխատեսումները:

Փ.Գ. Հյուսիսային Կովկասի վերաբերյալ գոյություն ունի երկու տեսակետ: Առաջինի համաձայն՝ Հյուսիսային Կովկասը տարբեր ազգերի հանրագումարն է, որոնցից յուրաքանչյուրը հետապնդում է սեփական շահերն ու նպատակները: Երկրորդ տեսակետի համաձայն՝ Հյուսիսային Կովկասում ազգայնականությունը դուրս է մղված իսլամով. իսլամը միակ սոսինձն է, որն ընդունակ է չթույլատրել տարածաշրջանի տրոհումը. իսլամը դիտվում է նաև որպես ահաբեկչությանը համազոր սպառնալիք:  Անձամբ ես համոզված եմ, որ ի հեճուկս լայն ընդունելություն գտած տեսակետի՝ իսլամը Հյուսիսային Կովկասում շատ խորը արմատներ չունի:  Մոսկվան չափազանցնում է իսլամիզմի սպառնալիքը՝ տարածաշրջանում ռուսական կառավարության գործադրած բռնաճնշումների ցանկացած նշաձողն արդարացնելու համար:

Ըստ իս, Հյուսիսային Կովկասում այժմ տեղի է ունենում էթնոանջատողական գաղափարների առաջատար դերի վերականգնում: Ես համոզված եմ, որ մենք դիտում ենք ազգային նախապետությունների՝ հետագայում պետություն դառնալու ներուժով օժտված կազմավորումների կայացումը: Ռուսաստանի բռնաճնշման քաղաքականությունը չի գործում, քանի որ բացակայում են բռնաճնշումներն անհրաժեշտ ծավալով երկարաժամկետ գործադրելու կամ տարածաշրջանի բնակչությանը կաշառելու բավարար պաշարներ: Այդ իսկ պատճառով Վլադիմիր Պուտինը նախընտրել է կաշառել վերնախավերը՝ հուսալով հասնել լիակատար լռության:

Չեչնիայի օրինակով տեսնում ենք, որ Մոսկվան բախվում է իր համար միանգամայն անսպասելի հետևանքների: Տարիներ ի վեր Չեչնիան Մոսկվայից աներևակաելի մեծ գումարներ է ստանում, բայց այսօր այն շատ ավելի է իսլամականացված, քան իր պատմության ողջ ընթացքում:

Կայունության մասին խոսելիս պետք է հիշել, որ գոյություն ունի վերջինիս մի քանի տեսակ, և հարկ է հստակ իմանալ, թե կայունության որ տեսակի մասին ենք խոսում. առանձին վերցված հանրապետությունների ներքի՞ն, տարածաշրջանայի՞ն, թե՞ տարածաշրջանի և Մոսկվայի միջև կայունության մասին:  Իմ կարծիքով, եթե ռուսական կառավարությունը մտադիր չէ Կովկասում էապես ավելի խոշոր գումարներ ծախսել և չի կամենում ուժն ավելի խելամիտ և զգույշ կիրառել, ապա Մոսկվայի և Հյուսիսային Կովկասի միջև հարաբերությունները հետզհետե ավելի անկայուն կդառնան:

Հարցն անտառ հեռացող մարդկանց քանակին չի վերաբերում. էականն այն է, թե Հյուսիսային Կովկասի մարդիկ իրենց ինչպիսի ապագա են ցանկանում: Իմ զգացողությամբ, մենք դիտելու ենք բռնության և ահաբեկչական ակտիվության նվազում, բայց տարածաշրջանը կշարունակի օրըստօրե Մոսկվայից հեռանալ: Հաջորդ տասնամյակի ընթացքում մենք կդիտենք նաև նախապետությունների ամրապնդումը:

(Տպագրվում է մասնակի կրճատումներով. հարցազրույցի ռուսերեն բնօրինակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ http://www.golos-ameriki.ru/content/paul-goble/1658470.html)

 

Share

Comments are closed.