Ղարաբաղյան կարգավորումը և փոփոխվող իրողությունները

Մարգարիտա ՔԱՐԱՄՅԱՆ
Անկախ փորձագետ
Հադրութ

Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին աշխուժացել է, թեև եթե նախկինում նրա կապակցությամբ հնչում էին զուտ հերթապահ արտահայտություններ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների, այնպես էլ ընդհանուր առմամբ միջազգային հանրության մակարդակով, ապա այժմ արվում են որոշակիացված առաջարկություններ, հավաստիցումներ և պայմաններ պարունակող բավական հստակ հայտարարություններ: Սակայն, ամեն ինչի մասին՝ ըստ կարգի:

 

Բավականին ակնհայտ է, որ Հայաստանը և Արցախը, լիովին չգիտակցելով դա, հայտնվել են հարավկովկասյան աշխարհաքաղաքականության եթե ոչ կենտրոնում, ապա առնվազն ոչ եզրագծին: Առաջավոր Արևելքում, իսկ այժմ նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ միջազգային քաղաքականությունն՝ ի տարբերություն նախորդ ժամանակների, այժմ տվյալ տարածքներում որոշակիորեն թույլատրելի է համարում որոշ երկների տրոհումը մի քանի փոքր պետությունների: Այլ կերպ ասած՝ վերանայվում է «տարածքային ամբողջականության» սկզբունքը, իսկ դա նշանակում է, որ ավելի առաջնահերթ է դառնում «ազգերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»: Այս առումով կցանկանայի քննել, թե ինչպիսի փոփոխոթյուններ կարող են տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներում:

Ինչպես հայտնի է, միջազգային հանրությունը հակված է մեր հակամարտությունը դիտել միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի շրջանակներում, որը ենթադրում է Եվրոպայում այդ պահին եղած սահմանների անձեռնմխելիությունը: Հարց է ծագում, թե ի՞նչ կապ ունի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությունը եվրոպական սահմանների հետ: Տվյալ հայեցակետում միջազգային հանրության տրամաբանությունը որոշակիացված չէ: Հակամարտության ո՞ր կողմին միջազգային իրավունքը պետք է դիտի որպես եվրոպական երկիր և ո՞ր սկզբունքի համաձայն: Հելսինկյան ակտը ենթադրում է ոչ միայն սահմանների անձեռնմխելիություն, այլև ժողովուրդների իրավահավասարություն և իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք: Մեր արդար պահանջը հիմնվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Այսպիսով, այս սկզբունքներից որի՞ն պետք է նախապատվություն տրվի ղարաբաղյան հակամարտության պարագայում: Կարծում  եմ, որ տվյալ դեպքում Հելսինկյան ակտը որպես հիմք ընդունելը տեղին չէ: Ավելին՝ 1975թ. ԵԱՀԽ պատասխանատվության գոտում չկային Խորհրդային Միության փլուզման հետևանքով այլ պետությունների հետ միաժամանակ անկախացած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները: Իսկ ԽՍՀՄ օրենսդրության համաձայն արցախցիներն ունեին Ադրբեջանից անջատվելու և ինքնիշխան պետություն ստեղծելու լիակատար իրավունք:

Միջազգային իրավունքը նախատեսում է նաև ինքնապաշտպանության իրավունք, այսինքն՝ հարձակման ենթարկված երկիրն իրավունք ունի զինված եղանակով պաշտպանել իր բնակչությունը, նյութական և մշակութային արժեքները: Ղարաբաղը պաշտպանել է իր բնակչությնը՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետերը: Արդյունքում, Ադրբեջանն այսօր հավակնություն է ներկայացնում ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման կարևոր գործոն հանդիսացող հողերի նկատմամբ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներ անելու մյուս ելակետը Մադրիդյան սկզբունքներն են, որոնց հղում են կատարում Մինսկի խմբի համանախագահները։ Դրանց հիմքում ընկած է ընդամենը մեկ գլխավոր սկզբունք. տարածքներ՝ կարգավիճակի դիմաց:

Ինչո՞ւ այս մոտեցումները, մասնավորապես, այս փաստաթղթի վեց տարրերից մեկը (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը) Ղարաբաղի համար ընդունելի չեն: Միջազգային իրավունքում գոյություն ունի ագրեսիայի համար միջազգային իրավական պատասխանատվության սկզբունք, որն իր մեջ ներառում է ագրեսիայի կանխարգելմանը միտված հարկադիր միջոցներ, ագրեսիայի հետևանքների վերացմանն  ու ագրեսիայի առաջացման հնարավորությունների չեզոքացմանն ուղղված գործողություններ: ԼՂՀ կանոնավոր բանակը հակահարձակողական գործողությունների արդյունքում դուրս է եկել իր բնակչության անվտանգությունը երշխավորող սահմաններին: Ոչ մի միջազգային կազմակերպություն ցայսօր չի բերել գեթ նվազագույն չափով համոզիչ փաստարկ առ այն, որ այդ տարածքների հանձնումն Ադրբեջանին նպաստելու է խաղաղության հաստատմանը: Ավելի քան 20 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղարար առաքելություն է իրականացնում ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Իրկանում, տեղի է ունենում բանակցությունների նմանակում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) «ղարաբաղյան հարթակն» օգտագործում են իրենց պետությունների աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար:

Ղարաբաղյան շարժման առաջնորդների նախաձեռնությամբ արցախցիներն իրականացրել և պաշտպանել են սեփական պետություն ստեղծելու իրենց իրավունքը: Այսօր ԼՂՀ-ն համապատասխանում է 1933թ. «Մոնթեվիդեոյի հռչկագրում» ամրագրված պետության իրավասուբյեկտության չորս չափանիշներից երեքին: Փաստաթղթի համաձայն՝ որպես պետություն կարող է ճանաչվել այն միավորումը, որն ունի հետևյալ հատկանիշները. կայուն բնակչություն, որոշակիացված տարածք, սեփական կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն:

Փաստորեն, ԼՂՀ-ն չի համապատասխանում վերոնշյալ ընդամենը մեկ չափանիշի՝ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությանը: Միանգամայն հնարավոր է, որ Եվրախորհրդի՝ չճանաչվածության պայմաններում համագործակցությունը և ներդրումները սկսելու վերաբերյալ վերջին հայտարարությունները միտված էին հենց պետության ինքնիշխանության ճանաչման չափանիշների ցանկի վերջին կետի ապահովմանը:  Ըստ էության, ԱՄՆ մի քանի նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը Լիտվայի խորհրդարանում, Բարեկամության շրջանակի ձևավորումը Ֆրանսիայում, ինչպես նաև ԼՂՀ ԱԳՆ նախարարի ելույթները նպատակաուղղված են այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու  հնարավորությունների ապահովմանը:

Տվյալ համատեքստում հարկ է նշել, որ 1994 թ. ղարաբաղյան իշխանություններն ունեին ամեն ինչ՝ ճանաչման չափանիշների վերջին կետն ապահովելու համար. Ղարաբաղը ներգրավված էր բանակցային գործընթացում, իր ներկայացուցիչները մասնակցել են մի քանի միջազգային հանդիպումների: Սակայն, Հայաստանի իշխանությունները, իրենց վերապահելով բանակցային գործընթացի մենաշնորհը, փաստորեն զրկել են մեզ ԼՂՀ անկախության ճանաչումն ապահովելու հնարավորությունից:

ԼՂՀ իշխանություններին սպասում է ահռելի դիվանագիտական աշխատանք: Մենք պետք է սովորենք հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ: Բաց է թողնված թանկագին ժամանակը: Միայն վերջին շրջանում են Արցախն ու Հայաստանը սկսել աշխուժորեն շփվել խորհրդարանների և կառավարությունների մակարդակով (թեև այս շփումները դեռևս թափանցիկությամբ աչքի չեն ընկնում և դրանց ոչ պաշտոնական նպատակները լիովին հասկանալի չեն): Հարևան Իրանի հետ պետական սահմանը հսկելու հարցերից բացի այլ հարաբերություններ չկան: Ադրբեջանի մասին առհասարակ խոսք չկա, թեև դա հասկանալի է, քանի որ Ադրբեջանը մեզ հետ շարունակում է խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով:

Այս ամենը վկայում է, որ իշխանությունների մեղքով մենք շատ ժամանակ ենք կորցրել՝ մեր անկախության ճանաչմանը բավարարող չափանիշների ցանկի վերջին կետն ապահովելու համար: Ակնհայտ է, որ մեր պետության ճանաչումն առանձին սուբյեկտների կողմից՝ միանշանակ լավ նախադեպ է, բայց մեր ճանաչումն ավելի մեծ չափով կախված է մեր պետական հաստատությունների աշխատանքից:

Այսօր, առավել քան երբևէ, պետք է ակտիվանա խորհրդարանը, իսկ կառավարությունը պետք է ծրագրեր մշակի այլ պետությունների հետ կապերի հաստատման համար, այդ թվում և՝ արտասահմանյան ներդրումների համար երկրում բարենպաստ պայմաններ ստեղծելով և տնտեսական տարբերակված նախագծերի միջոցով:

Սակայն, յուրաքանչյուր ծրագիր պետք է մշակվի պետական շահերի հաշվառմամբ, որպեսզի արդյունքում մենք չունենանք այն, ինչ ունենք այսօր, երբ մեր պետությունը կենտրոնացվել է մասնավոր մենաշնորհների ձեռքում, որոնք շահագրգռված են սոսկ պետական գույքից անձնական շահույթ ստանալով: Չճանաչվածության պայմաններում այդ մենաշնորհատերերին ավելի ձեռնտու է անտեսել ժողովրդի անվտանգության և տնտեսական զարգացման շահերը: Այդ իսկ պատճառով նրանք ձգտելու են հնարավորինս չեզոքացնել միջազգային հանրության հետ քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու պետության ունակությունը: Հավանական է, որ հենց դրա մեջ են թաքնված մեր՝ որպես պետական կազմավորման հանդեպ անլուրջ վերաբերմունքի արմատները:

Share

Comments are closed.