Երկու սկանդալ, լիքը հարցադրումներ

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան

Մայիսի վերջին-հունիսի սկզբներին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող երկու խոշոր սկանդալային պատմություն եղավ, սակայն երկու դեպքում էլ հասարակությունը կարոտ մնաց եւ առայժմ  դեռ կարոտ է նորմալ մեկնաբանությունների, հերքումների կամ հաստատումների:

Դիտարկենք հերթով։

Ա) Օ՜Ֆ, ՇՈՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ…

Մայիսի 29-ին «Հետք» էլեկտրոնային թերթը հրապարակեց  «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածը:

Հոդվածում՝ գործարար Փայլակ Հայրապետյանին ոմն Աշոտ Սուքիասյանի կողմից խաբելու (Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու համար վարկ ստանալու եւ անհետանալու) պատմության մեջ, ի թիվս այլոց, իբրեւ սկանդալի մասնակիցներ են հիշատակվում նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընդ որում, հոդվածում հրապարկված է նաեւ մի օֆշորային կազմակերպության գրանցման մասին փաստաթղթի լուսապատճենը, որտեղից երեւում է, որ այդ կազմակերպության բաժնետերեր են նաեւ վարչապետն ու հոգեւորականը:

Այս հրապարակման արձագանքն ավելի քան տարօրինակ էր. վարչապետը դիմեց դատախազություն՝ «…խնդրելով ուսումնասիրել եւ քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ երբեւէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին երբեւէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել…»: Այնուհետեւ, խորհրդարանում նույն հոդվածի առնչությամբ իրեն տրված հարցին պատասխանելով, վարչապետը դա հերյուրանք որակեց, նշելով նաեւ, թե ցանկացած մեկի անունով կարելի է օֆշորային կազմակերպություն բացել:

Կրկնում եմ, նման արձագանքները տարօրինակ էին, որովհետեւ, նախ՝ եթե վարչապետը կարծում էր, որ իրեն զրպարտել են, ապա պետք է դիմեր ոչ թե դատախազություն, այլ ա) պահանջեր հերքում, բ) այդ պահանջի մերժման դեպքում զրպարտության համար քաղաքացիական հայց ներկայացներ դատարան: Չեմ կասկածում, թե վարչապետի խորհդականները չգիտեն, որ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են, եւ պետք է ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ճանապարհով գնալ: Ի դեպ, պաշտոնյան կարող էր նաեւ դիմել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ հրապարակման էթիկական կողմերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Սակայն նա գնաց միանգամայն անհասկանալի ճանապարհով: Այնուհետեւ, վարչապետը, ըստ էության, հերքում է միայն օֆշորային կազմկերպության մասնակից լինելու մասին տեղեկությունը: Բայց չէ՞ որ հոդվածում կան այլ բաներ եւս: Մասնավորապես, Փայլակ Հայրապետյանը պատմում է վարչապետի հրավիրած մի խորհրդակցության մասին, որի արդյունքում է ինքը, վստահելով բարձրաստիճան պաշտոնյաների երաշխավորություներին, գործարքի մեջ մտել հետագայում իրեն խաբած անձի հետ:

Արդ, ենթադրենք, թե հասարակությունը կազմված է ինձ նման միամիտներից եւ հավատում է, որ վարչապետին վարկաբեկելու հմար ինչ-որ մեկը նրա անունով օֆշորային կազմակերպություն է բացել, ապա եւ այդ կազմակերպության հաշվին փողեր փոխանցել: Բայց, այսուհանդերձ, մնում են հետեւյալ հարցադրումները.

ա) Եղե՞լ է հոդվածում հիշատակված 2009 թվականի չարաբաստիկ խորհրդակցությունը, որի ժամանակ էլ ներկայացվել է «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:

բ) Մասնակցե՞լ են այդ խորհրդակցությանը վարչապետը, էկոնոմիկայի նախարարարը եւ Նավասարդ արքեպիսկոպոսը:

գ) Արդյո՞ք ճիշտ է, որ «… վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Այսինքն՝ պաշտոնյաները նման միջնորդություն արե՞լ են:

Սրանք պակաս հետաքրքրություն ներկայացնող հարցադրումներ չեն: Չէ՞ որ եթե դրանք ճիշտ են, ստացվում է, որ վարչապետը հովանավորել է մեկին, ում ադամանդագործ լինելը, ինչպես հետագայում պարզվեց, խիստ կասկածելի է: Ճիշտ է, «ադամանդագործը» հերքեց վարչապետի մասնակցությունը իր կողմից հիմնած կազմակերպությանը, սակայն այս ողջ պատմությունը կարդալուց հետո ո՞վ կհավատա այդ մարդու հերքումին: Նման հերքումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, հաճախ էլ՝ զավեշտալի թվում: Եթե էդպես կարելի է հերքել, ապա կարելի նաեւ հայտարարել, թե, օրինակ,  Վարչապետն ընդամենը հառաչելով ասել է «…օ՜ֆ, շոր եմ ուզում …», իսկ համապատասխան աշխատակիցը սխալ է հասկացել նրան՝ առաջին երկու բառը լսելով միասին եւ առանց ստորակետի…

Բ) ՏՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ … ՆՎԵՐ

Խորհրդարանում պատասխանելով իր առանձնատան մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, թե դա կառուցել է մի ներդրող…

Արտասահմանում եթե որեւէ չինովնիկ նման բան ասած լիներ, համոզված եղեք, մեկ րոպե հետո արդեն պաշտոնի չէր լինի: Հիշո՞ւմ եք, Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի  հետ կապված սկանդալը.  մարդն ընդամենը արտոնյալ վարկ էր ստացել տուն գնելու համար, մեկ էլ ուրիշի հաշվին մեկնել էր հանգստանալու:

– Պահ, մեծ բան է.- կասի յուրաքանչյուր շարքային հայ չինովնիկ:

Եվ երեւի, մեր բարքերից ելնելով, նրա արձագանքը ճիշտ կլինի: Ահա՝ Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը ուրիշի հաշվին հսկա պալատ է կառուցել (կամ այդ ուրիշն է նրա համար կառուցել) եւ ոչ միայն հրաժարական չի տալիս, այլեւ հպարտանում է դրանով՝ ասելով, որ այդ ներդրողը հիմա երկրորդն է կառուցում: Ում համար՝ չասվեց…

Ինչեւէ, էստեղ էլ հետաքրքիր հարցեր են առաջանում:

Վերաձեւակերպելով «Զգուշացիր ավտոմեքենայից» հայտնի ֆիլմի հայտնի խոսքը («ինչո՞ւ էր նա ուզում գողանալ հենց ձե՛ր ավտոմեքենան»), հարցնենք պարոն Իշխան Զաքարյանին՝ «ինչո՞ւ է նա ներդրում կատարում հենց ձե՛զ համար»: Ինչո՞ւ այդ ներդրողը առանձնատուն չի կառուցում, ասենք, ինձ՝ համեստ գրողիս ու լրագրողիս համար, ինչո՞վ եմ ես պակաս ձեզանից,  ձեր «արինը կարմի՞ր է մերից, թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից» (Հովհ. Թումանյան):

Երկրորդ, ինչպե՞ս անվանենք անհայտ ներդրողի կողմից պետական բարձրաստիճան պաշտոնյայի համար կառուցված առանձնատունը՝  նվե՞ր… Մի՞ թե պարոն Զաքարյանին հայտնի չէ, որ պետական պաշտոնյաները նման թանկարժեք նվերներ ընդունելու իրավունք չունեն: Հայաստանում չգիտեմ, արտասահմանում ընդունված  եւ օրենքով ամրագրված է՝ մինչեւ որոշակի գումարի նվեր կարելի է ստանալ, դրանից բարձր արժեք ունեցողը պետք է կամ ուղղել բարեգործական նպատակների, կամ էլ վերադարձնել… Բայց ինչ լավ կլիներ, չէ՞, եթե Իշխան Զաքարյանն իր նվեր ստացած շքեղ առանձնատունը ուղղեր բարեգործության, ասենք՝ փոխանցեր տվյալ վարչական շրջանին՝ այդ թաղամասում մանկապարտեզ բացելու համար:

Իսկ եթե դա նվեր չէ, եւ Վերահսկիչ պալատի նախագահն այդ թանկարժեք առանձնատունը  պահում է իրեն, ապա դա այլ անուն, քան կաշառքն է, չունի: Կարեւոր չէ անգամ՝ այդ անհայտ ներդրողը Զաքարյանից ակնկալիք ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել, դրա դիմաց ծառայություն ակնկալե՞լ է, թե՞ ոչ, նրան դրա դիմաց ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ չի մատուցվել: Բարձրաստիճան չինովնիկի ստացածը, միեւնույն է, կաշառք է, ոնց կուզես այն ներկայացրու:

Հիմա հարց ընթերցողին. ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը կարո՞ղ է վստահել մի չինովնիկի հաշվետվությունններին, ով նման շքեղ նվեր, ընծա կամ կաշառք է ստանում: Եվ ի՞նչ բառով է հասարակությունը բնորոշում այն ստացողին…

Դուք մտքում միանգամայն ճիշտ կառուցեցիք բառը՝ հայերենի բառակազմական բոլոր կանոնների համաձայն…

Ավարտելուց առաջ պարոն Իշխան Զաքարյանին ասեմ հետեւյալը. այս հարցադրումները գրելու ընթացքում հասկացա, թե ինչու է այդ ներդրողը առանձնատուն կառուցել հենց Ձեզ՝ Վերահսկիչ պալատի նախագահի եւ ոչ թե ինձ՝ համեստ գրողիս եւ լրագրողիս համար. երեւի նա իմացել է, որ Դուք՝ խեղճ պարոն Զաքարյան, տուն չունեիք մինչեւ հիմա, ապրում էիք վարձով, որ Ձեր «ձեռքը քարի տակ է», ինչպես ասում է ժողովուրդը… Իսկ ինձ համար չի կառուցում, որովհետեւ գիտի՝ ես չորս սենյականոց բնակարան ունեմ, եւ այդ ներդրողի կարծիքով՝ դա ինձ լիուլի բավարար է:

Խոստովանում եմ՝ բավարար է առայժմ, բայց, խնդրում եմ, այդ անհայտ բարերարին փոխանցեք՝ թող ապագայի համար նկատի ունենա.  երկու տղա ունեմ, գոնե մեկի համար բնակարան է պետք…

Share

Comments are closed.