«Քաղաքացիական դիմադրությունը» Չիլիում 1983-1988թթ. եւ Սերբիայում 1991-2000թթ.։ Զուգահեռներ

Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական
կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան
Երևան 

19-րդ դարից սկսած մարդկությունը տարբեր երկրներում լիբերալ-դեմոկրատական ռեժիմների հաստատմանն է ականատես լինում: Նկատելի է, որ այդ գործընթացը տեղի է ունենում որոշակի փուլերով: Ըստ ամերիկացի քաղաքագետ Ս. Հանթինգթոնի՝ գոյություն ունի ժողովրդավարացման երեք ալիք: Վերջին ալիքը, որը շարունակվում է մինչ այսօր, սկսվել է 1974թ[1].:

«Երրորդ ալիքի» ժողովրդավարացման գործընթացներում  հատուկ դերակատարություն ունեն ընդդեմ ավտորիտար ռեժիմի քաղաքացիների կողմից կազմակերպված խաղաղ բնույթի բողոքները: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը՝ ոչ դեմոկրատական ռեժիմների տապալումը շատ հաճախ տեղի է ունենում հենց նման բողոքների խորապատկերի վրա: Իհարկե, դժվար է միանշանակ պնդել, որ ավտորիտար ռեժիմները տապալվում են հենց քաղաքացիական բողոքների արդյունքում: Որպես կանոն, այդպիսի վարչակարգերի տապալումը որոշակի գործոնների զուգադրման հետեւանքով է լինում, եւ լավ կազմակերպված«քաղաքացիական դիմադրությունը»[2] այդ գործոններից մեկն է, միգուցե` ամենակարեւորը:

Չիլիում 1988-ին Պինոչետի  ռազմական եւ Սերբիայում 2000-ին Միլոշեվիչի ազգայնական-կոմունիստական ավտորիտար ռեժիմների տապալումը լայնածավալ քաղաքացիական դիմադրության մթնոլորտում ռեժիմի փոփոխությանը հասնելու վառ օրինակներից են: Պետք է նշել, որ ինչպես Չիլիում, այնպես էլ Սերբիայում,  քաղաքացիական դիմադրության գործընթացները իրականացվել են որոշակի փուլերով, եւ ռեժիմի փոփոխությունն արձանագրվել է տարիներ տեւած դիմադրության վերջին փուլում:

Չիլիում Պինոչետի ռեժիմի դեմ քաղաքացիները կազմակերպված կերպով առաջին անգամ դուրս են եկել 1983-ի մայիսի 11-ին։ Բողոքի համար առիթ էր հանդիսացել սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որը հանգեցրել էր գործազրկության աճի եւ աշխատավորների դրության զգալի վատթարացման։ Սերբիայում Միլոշեվիչի վարչակարգի դեմ առաջին  բողոքը կազմակերպվել է 1991թ. մարտի 9-ին։ Սերբերի բողոքի առիթը պետական հեռուստատեսության քաղաքականությունն էր, որը, ըստ ցուցարարների, քարոզում էր պատերազմ եւ բռնություն։

Ինչպես Սերբիայում, այնպես էլ Չիլիում քաղաքացիներն իրենց բողոքը արտահայտելու համար դուրս են եկել փողոցներ եւ դիմել են հիմնականում խաղաղ գործողությունների։ Չիլիում տասնյակ հազարավոր քաղաքացիներ որպես բողոքի միջոց դանդաղ քայլում էին փողոցներով, սննդի կաթսաներին հարվածելով աղմուկ հանում ու նման վարքով իրենց դժգոհությունը հայտնում բռնապետությունից: Իսկ Սերբիայում մարդիկ տասնյակ հազարներով դուրս էին եկել մայրաքաղաք Բելգրադի կենտրոն եւ երթ ու ցույց անելու միջոցով, ի տարբերություն չիլիացիների, ավելի կոնկրետ, նեղ խնդիր էին հետապնդում՝ պահանջում էին պետական հեռուստատեսության ղեկավարի հրաժարականը։

Երկու երկրների իշխանությունները կոշտ կերպով արձագանքեցին բողոքի այդ առաջին դրսեւորումներին։ Չիլիում ուժայինների գործողությունների արդյունքում զոհվում է երեք մարդ, հարյուրավոր մարդիկ ձերբակալվում են, այդ թվում բողոքի հիմնական կազմակերպիչ «Ազգային աշխատավորական կոմիտեի» (CNT) առաջնորդ Ռուդոլֆո Սեգելը[3]։ Բելգրադում իշխանությունները տանկեր են փողոց հանում եւ ցրում են բողոքի ցույցը, ձերբակալում մարդկանց, այդ թվում ընդդիմադիր առանցքային քաղաքական գործիչներից մեկին՝ «Սերբական վերափոխման շարժման» առաջնորդ Վուկ Դրասկովիչին[4]։ Սակայն, պետք է նշել, որ երկու դեպքում էլ իշխանությունների ուժային գործողությունները չեն կանգեցնում ըմբոստներին, հակառակը՝ նրանք ուժեղացնում են իրենց ճնշումը, ինչը բերում է լուրջ արդյունքների։

Չիլիում առաջին բողոքից հետո, ամսվա կոնկրետ մի օր հռչակվում է որպես բողոքի օր, որի ժամանակ մարդիկ աշխատանքի դուրս չէին գալիս, երեխաներին չէին ուղարկում դպրոց, դանդաղ քայլում էին փողոցներով, շրխկացնում կաթսաները, երեկոյան ժամերին էլ իրենց տներում անընդմեջ միացնում ու անջատում էին լուսավորությունը։ Ի վերջո, չիլիացիները հասնում են նրան, որ Պինոչետը առաջին բողոքի օրվանից ամիսներ անց երկխոսության մեջ է մտնում ընդդիմության հետ եւ որոշակի սահմանափակ զիջումների գնում (մեղմացվում է գրաքննությունը, որոշ քաղաքական վտարանդիների թույլատրվում է վերադառնալ երկիր, ընդհատակից դուրս են գալիս ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները)։

Սերբիայում առաջին բողոքի օրվանից տաս օր անց, շարունակական ճնշումների արդյունքում, որոնք արտահայտվում են երթերի, ցույցերի տեսքով, ազատ է արձակվում Դրասկովիչը եւ պաշտոնանկ է արվում պետական հեռուստատեսության ղեկավարը։

Փաստորեն, երկու դեպքերում էլ ժողովրդական բողոքը թեեւ չի բերում իշխանափոխության, կամ արմատական ժողովրդավարական փոփոխությունների, սակայն ստիպում է ռեժիմին բավարարել ընդդիմության առանձին պահանջները եւ ստեղծում է ընդվզման նախադեպ ու համապատասխան միջավայր։ Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ երկու երկրներում էլ ժողովրդական ընդվզումը «անգլուխ» չի եղել, այն առաջնորդվել է որոշակի կառույցի կողմից` Սերբիայում այդ կառույցը ընդդիմադիր քաղաքական շարժումն էր, իսկ Չիլիում՝ արհեստակցական միությունը։

Սերբիայում նոր լայնածավալ ընդդիմադիր ելույթների համար առիթ է դառնում 1996-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ընդդիմության հաղթանակը չընդունելը։ Ըննդիմադիր Zajedno («Միասին») դաշինքը տարբեր քաղաղաքացիական նախաձեռնությունների հետ համագործակցաբար երեք ամիս շարունակ կազմակերպում է բազմահազարանոց մի շարք ակցիաներ (օրինակ, Բելգրադում կայացած հանրահավաքներից մեկին մասնակցել է մոտ 200 000 մարդ)[5]։ Արդյունքում իշխանություններն ընդունում են ընդդիմադիրների հաղթանակը, փոփոխության են ենթարկում նախապես հրապարակած արդյունքները եւ բազմաթիվ համայնքների (այդ թվում` Բելգրադի) ղեկավարների պաշտոնում են հայտնվում ընդդիմադիր թեկնածուները։ Փաստորեն, այս անգամ դիմադրությունը հանգեցնում է նրան, որ իշխանական դաշտում ընդդիմադիր հանրությունը կարողանում է ստեղծել իր «օազիսները»։ Բայց, այնուամենայնիվ, Միլոշեվիչի ռեժիմի ավտորիտար բնույթը փոփոխության չի ենթարկվում:

Չիլիում 1985թ. ստեղծվում է խոշոր ընդդիմադիր կոալիցիա՝ Ժողովրդավարության ամբողջական անցման ազգային միություն (Acuerda Nacional)։ Կոալիցիայի մեջ մտնում էին 11 ընդդիմադիր կուսակցություններ։ Փաստորեն, ընդդիմադիր շարժումն այլեւս չէր սահմանափակվում արհեստակցական միությունների տիրույթով։ Նոր միավորումը ցանկանում էր նպաստել դեպի քաղաքացիական կառավարում Չիլիի աստիճանաբար անցմանը, քաղաքացիական իրավունքների նկատմամբ սահմանափակումների վերացմանը, ինչպես նաեւ նպատակ էր դրել հասնել նրան, որ պինոչետյան սահմանադրությամբ նախատեսված հանրաքվեի փոխարեն անցկացվեն ազատ, մրցակցային ընտրություններ։ Հարկ է նշել, որ այդ տարիներին ընդդիմադիր ակտիվիստները եկեղեցու հենքի վրա ստեծված SEPRAJ կազմակերպությունում բողոքի ակցիաների արդյունավետ կազմակերպան եւ անցկացման դասընթացներ էին անցնում: Արդյունքում դիմադրությունը դառնում էր առավել կազմակերպված եւ հզոր[6]։ Քաղաքացիների տեւական ճնշման պայմաններում ռեժիմը թեեւ շարունակում էր բռնաճնշումները, սակայն զուգահեռաբար նաեւ գնում էր որոշակի զիջումների: Մասնավորապես, զանգվածային ցույցերի ժամանակ փողոց էին դուրս բերվում միայն ոստիկանական ուժեր (բանակը այլեւս չէր մասնակցում ցույցերի ցրման գործողություններին)։

Սերբիայում Միլոշեվիչին պարտության մատնելու առիթը ստեղծվեց 2000 թվականին, երբ նա, ցանկանալով երկարացնել իշխանությունում իր մնալու ժամկետները, փոփոխություն կատարեց սահմանադրությունում (անցում կատարվեց նախագահի ուղիղ ընտրությունների մոդելին): Սերբիայի նախագահի ընտրությունների օր նշանակվեց սեպտեմբերի 24-ը: Չիլիում այդպիսի առիթ դարձավ 1980թ. սահմանադրությամբ նախատեսված հանրաքվեն, որի ժամանակ ժողովուրդը պետք է որոշեր` Պինոչետը մնու՞մ է եւս 8 տարով երկրի ղեկավար, թե՞ ոչ:

Հարկ է նշել, որ 2000թ. նախաշեմին Սերբիայում շատերը համոզված էին, որ Միլոշեվիչն անպարտելի է, իսկ ընդդիմադիր ուժերը` թույլ, անկազմակերպ, հավատ չներշնչող, գործողությունների համար ռազմավարություն չունեցող եւ այլն[7]: Սակայն հենց այդ ժամանակ ստեղծվում է հորիզոնական կառուցվածքով երիտասարդական մի շարժում «Отпор» անվամբ, որը խաղաղ բնույթի բազմատեսակ եւ լավ կազմակերպված ակցիաներ էր իրականացնում ողջ հանրապետությունով մեկ` ունենալով մեկ նպատակ` «գահընկեց» անել Միլոշեվիչին:

Չիլիում ընդդիմադիրները չկարողացան համոզել իշխանություններին, որ հանրաքվեի փոխարեն կազմակերպվեն մրցակցային ընտրություններ: Պինոչետը վստահ էր, որ հաղթելու է հանրաքվեի ժամանակ եւ որ դրանով նա լրացուցիչ լեգիտիմություն է ձեռք բերելու: Պետք է նշել նաեւ, որ Չիլիում հաստատված բռնապետությունն արդեն 1987-88թթ. մեծ քննադատության էր արժանանում ոչ միայն ըննդիմության, այլ նաեւ Արեւմուտքի կողմից (ԱՄՆ ղեկավարություն, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս II եւ այլն)[8]: Պինոչետը, հաշվի առնելով այդ ամենը, խոստացել էր հնարավորություն տալ ընդդիմությանը` ազատորեն անցկացնել սեփական քարոզարշավը:

Սերբայի ընդդիմադիր քաղաքական ուժերը, շնորհիվ այդ թվում «Օтпор»-ի ճնշման եւ հեղինակության,  կարողանում են համախմբվել ու ստեղծել նոր կոալիցիա` DOS (Սերբիայի Միացյալ Ընդդիմություն): Խնդիր է դրվում ընտրությունները դարձնել յուրօրինակ հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները, ընդդիմության թեկնածուի օգտին քվեարկելով, «ոչ» են ասելու Միլոշեվիչի ռեժիմին:  «Օтпор»-ը, գնահատելով ընդդիմության հաղթանակի ճանաչումը իշխանությունների կողմից քիչ հավանական, խնդիր է դնում հասնել մեկ միլիոն մարդ փողոց դուրս բերելուն եւ ոստիկանության կողմից ցուցարարերի նկատմամբ ուժ չկիրառելուն[9]։

Չիլիի ընդդիմադիր հանրությունը որոշում է մասնակցել հանրաքվեին։ Բազմաթիվ կուսակցություններ, արհեստակցական միություններ միավորվում են եւ ստեղծում «Ոչ»-ի կոալիցիա: Այն բազմահազար կամավորներ ներգրավելու միջոցով անցկացնում է ընդգրկուն ու պոզիտիվ քարոզարշավ, որը մշակվել էր տեղական ու արտասահմանյան լավագույն մասնագետների կողմից։ 1988թ. հոկտեմբերի 5-ին, հանրաքվեի ավարտից մի քանի ժամ անց, պարզ է դառնում, որ «Ոչ»-ը հաղթել է։ Թեեւ սկսզբում Պինոչետը մտադիր չէր ընդունել հանրաքվեի արդյունքները, սակայն երբ մի շարք գեներալներ, տեսնելով որ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, հրաժարվում են սատարել իրեն, նա, ի վերջո, ստիպված է լինում ընդունել սեփական պարտությունը[10]։

Սերբիայում սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Վոիսլավ Կոշտունիցան, սակայն իշխանությունները հայտարարում են, որ թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ 50 + 1 տոկոսը։ Ընդդիմադիրները չեն ընդունում պաշտոնական տվյալները եւ վերջնագիր են ներկայացնում իշխանություններին: Ըստ այդմ, մինչեւ հոկտեմբերի 5-ը Միլոշեւիչը պետք է ընդուներ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը: Հակառակ դեպքում նրանք սպառնում էին պարալիզացնել ամբողջ կյանքը հանրապետությունում։ Սերբիան ողողվում է բազմաբնույթ բողոքի ակցիաներով, գործադուլներով, սակայն Միլոշեվիչը չի հանձնվում։ Հոկտեմբերի 5-ին, հանրապետության տարբեր մասերից մարդիկ հարյուր հազարներով ուղեւորվում են դեպի Բելգրադի կենտրոն եւ հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ։  Թեեւ ոստիականության հետ տեղ-տեղ եւ ժամանակ առ ժամանակ լինում են լոկալ բախումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բողոքի գործողությունները խաղաղ բնույթ են կրում։  Այն բանից հետո, երբ ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, եւ բազմաթիվ ոստիկաններ չեն ենթարկվում ուժ կիրառելու վերադասների հրամաններին, Միլոշեվիչը ստիպված է լինում ընդունել իր պարտությունը[11]։ Հաջորդ օրը ԿԸՀ-ը հայտարարում է, որ հաշվարկի ժամանակ տեղի են ունեցել սխալներ, եւ Կոշտունիցան, ստանալով ձայների 51 տոկոսը, ընտրվել է Սերբիայի նախագահ։

Փաստորեն երկու երկրներում էլ «քաղաքացիական դիմադրության» վերջին փուլը տեղի է ունենում իշխանությունների կազմակերպած էլեկտորալ գործընթացի ժամանակ: Այն ընթանում է ընդդիմադիր հանրության միավորված լինելու, բողոքի պերմանենտ, մասշտաբային ու բազմապիսի ակցիաների առկայության եւ «ուժայինների» կողմից հրամաններին չենթարկվելու պայմաններում։

 

————————————————————


[1] Samuel P. Huntington The third wave: Democratization in the Late Twentieth Century. Published by the University of  Oklahoma Press, Norman, Publishing Division of the University, 1993, p.16

[2] «Քաղաքացիական դիմադրությունը» կարելի է բնորոշել որպես ոչ բռնի մեթոդների վրա հիմնված քաղաքական գործունեւության ձեւ։ Այն իր մեջ ներառում է տարբեր տեսակի խաղաղ, շարունակական եւ համընդգրկուն գործողություններ, որոնք մարտահրավեր են նետում որոշակի ուժի, քաղաքականության, կամ քաղաքական ռեժիմի։  «Քաղաքացիական» բառը այս կոնտքեստում նշանակում է, որ շարժման նպատակները կիսում են հասարակության լայն շերտերը։ Տես՝ Adam Roberts, Timothy Garton Ash, Civil Resistance and Power Politics: The Experience of Non-violent Action from Gandhi to the Present., Oxford University Press, 2009, p.2

[3]  Տես՝ Peter Ackerman, Jack Du Vall, A force more powerful: a century of nonviolent conflict, Palgrave, 2000, p. 285-286.

[4] Տես՝ Anika Locke Binnendijk, Ivan Marovic, Power and persuasion: Nonviolent strategies to influence state security forces in Serbia (2000) and Ukraine (2004), p. 412

[5] Տես՝ Protests in Belgrade and throughout Yugoslavia—1996/1997. From the Balkan Peace Team, Belgrade, 10 December 1996 and, part II, 23 January 1997,  http://www.hartford-hwp.com/archives/62/063.html

[6] Տես, օրինակ՝ Lester R. Kurtz, Chile: Struggle against a military dictator (1985 – 1988), International Center on Nonviolent Conflict, 2009. p.2

[7] Տես՝ Джордже Вукадинович, Сербия без Милошевича, или по ком звонит колокол? стр. 224. Сербия о себе: Сборник/ сост. М. Йованович – М.; Издательство Европа, 2005.

[8] Հովհաննես-Պողոս II-ը մարդու իրավունքների ոտնահարման համար խիստ քննադատության էր արժանացրել Պինոչետի վարչակարգը եւ հայտարարել, որ եկեղեցին պետք է պայքարի Չիլի ժողովրդավարություն բերելու համար։ Տես՝ Roberto Suro, Pope, on Latin trip, attacks Pinochet regime, New York Times, 01 april, 1987.,  http://www.nytimes.com/1987/04/01/world/pope-on-latin-trip-attacks-pinochet-regime.html?scp=1&sq=suro%20pinochet&st=cse

[9] Տես՝ Power and persuasion: Nonviolent strategies to influence state security forces in Serbia (2000) and Ukraine (2004), p. 413

[10] Տես՝ Peter Ackerman, Jack Du Vall, A force more powerful, p. 300

[11] Տես, օրինակ՝ «Nedeljni telegraf» օրաթերթ. 1 նոյեմբերի, 2000թ., Էջ. 5–7, նաեւ՝ Čačane ništa ne moze zaustaviti, «Blic» օրաթերթ, 6 հոկտեմբերի, 2000

 

Share

Comments are closed.