Հանրայի՞ն է, արդյոք, Արցախի հեռուստատեսությունը

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

Ազատ և ինքնավար ԶԼՄ-ները ժողովրդավարական համակարգերի գոյության անհրաժեշտ նախապայմանն են: Իհարկե, միամիտ կլիներ կարծել, որ աշխարհի որևէ երկրում կարող են գոյություն ունենալ 100 տոկոսով ազատ ԶԼՄ-ներ: Արդի դարաշրջանում, երբ հրատարակությունների, հեռուստատեսությունների և ռադիոընկերությունների եկամտի գլխավոր աղբյուրը գովազդն է, խոսքի բացարձակ ազատությունը դժվար է պատկերացնել:

Այս միտքն առանձնահատուկ խորությամբ է ուսումնասիրվել ամերիկացի հայտնի գիտնական Նոամ Չոմսկու ″Manufacturing consent: The political economy of mass media” գրքում, որում հեղինակը, հետազոտելով տնտեսական եւ քաղաքական գործոնների ազդեցությունը մամուլի անկախության վրա, ապացուցում է, որ անգամ «ազատ աշխարհում» գոյություն ունի որոշակի գրաքննություն (ավելի հաճախ` ինքնագրաքննություն): Այս երեւույթի վառ օրինակը Թուրքիայի առաջատար (ներառյալ CNN Turk) հեռուստատեսությունների գործունեությունն էր` երկրում վերջերս ծավալված հուզումների ժամանակ, երբ մինչ այդ հանրությանն անհետաքրքիր «պինգվիններն» անմիջապես վերածվում էին թուրքական եթերի գերաստղերի (այստեղ տեղին է «Օգոստոսյան պուտչի» բախտորոշ օրերին «կարապի լճի» վայելած արտակարգ ժողովրդականության հետ համեմատությունը): Իսկ նեոպահպանողական քարոզչամեքենայի “Fox News” հսկայի վատ համբավը վաղուց առակի է վերածվել:

Սակայն, նույն Ամերիկայում “Fox News”-ը հանրության երգիծանքի ու ծաղրի առարկան է, բացի դրանից` երկրում գոյություն ունեն այլընտրանքային տեղեկատվության բազում այլ միջոցներ: Տվյալ դեպքում բազմակարծությունը դառնում է լայն զանգվածներին ձեռնածելու եւ ապակողմնորոշելու դեմ հիմնական միջոց, որը տարբեր գաղափարների եւ արժեհամակարգերի կրողներին հավասար պայմաններ է ընձեռում դրանք քարոզելու եւ առաջ մղելու համար:

Ժողովրդավարությունների կայացման համար ԶԼՄ-ների կարեւորության մասին կարող է վկայել նաեւ սոցիալիստական ճամբարի նախկին երկրներում   «սամիզդատի» ունեցած դերակատարումը: Ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ների` իշխանության իրավամբ հավելյալ ճյուղ եւ ժողովրդավարական մեխանիզմների ու ընթացակարգերի արդյունավետ գործառնության կարեւորագույն օղակ լինելու փաստը որեւէ տարակուսանք չի հարուցում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԶԼՄ-ների դերակատարման մասին` ստիպված ենք ցավով արձանագրել, որ երկրում անկախ մամուլ մեծ հաշվով գոյություն չունի: Գոյություն ունեցող տպագիր եւ համացանցային լրատվամիջոցները չունեն ընթերցողների մեծ բանակ: ԼՂՀ քաղաքացիների մեծամասնության համար տեղեկատվության միակ աղբյուրը Արցախի հանրային հեռուստատեսությունն է:

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ համացանցային ԶԼՄ-ների ի հայտ գալուց եւ զարգանալուց հետո հեռուստատեսությունը շարունակում է առաջատար դեր ունենալ հանրային կարծիքի ձեւավորման հարցում: Հեռուստատեսային պատկերն ամեն կարգի կարծրատիպերի եւ նախապաշարմունքների պարտադրման ամենաարդյունավետ միջոցն է: Հաշվի առնելով արցախյան իրողությունները` իշխանամետ քարոզչության մեջ հանրային հեռուստատեսության դերը բացառիկ է:

Իրական խնդիրները լուսաբանելու փոխարեն` Արցախի հանրայինի եթերը կուսակցության եւ կառավարության պատվին անդադար ներբողներ է ձոնում, որոնց կցվում է եղանակի տեսությունը (սրա ճշգրտության վերաբերյալ էլ լուրջ կասկածներ կան): Ալիքը համարյա զուրկ է ուղիղ եթերից, լրագրողական հետաքննություններ չեն իրականացվում, որոշ լրագրողների ցածր մասնագիտացվածությունը հաճախ երեւակայությունից վեր է, իսկ առկա գրաքննությունը հասնում է խելացնորության աստիճանի:  Ահա եւ ստացվում է, որ հարկատուների փողերով աշխատող հեռուստաալիքի նպատակը նույն այդ հարկատուների ուղեղների լվացումն է:

Ազատության եւ ժողովրդավարության ուղի թեւակոխած պետության համար այսպիսի իրավիճակն ընդունելի չէ: Հեռուստատեսությունը եւ մամուլն առհասարակ այն հասարակական-քաղաքական հաստատություններն են, որոնք բարձրաձայնում են ամենաարդիական խնդիրները եւ հասարակական տրամախոսության (դիսկուրսի) հարթակն են: Եթե մենք կամենում ենք, որ խնդիրները լռության չմատնվեն, եւ իշխանությունները հաշվետու ու թափանցիկ լինեն հասարակության համար, ապա մենք անհապաղ պետք է քայլեր ձեռնարկենք Արցախի հանրային հեռուստատեսության եւ ողջ լրատվադաշտի բարեփոխման ուղղությամբ:

Share

Comments are closed.