Մաքսային միություն ու ԵՄ Ասոցացման համաձայնագիր. ո՞րն ընտրել

Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, և անիմաստ է խոսել տարբերությունների մասին: Առկա բոլոր տարբերություններն այս ինտեգրացիոն միությունների հիմքում են, դրանք ղեկավարողների մեջ: Եվրամիության դեպքում դա միաժամանակ 28 երկրներ են, իսկ ոչ ֆորմալ՝ Գերմանիան ու Ֆրանսիան: Մաքսային միության դեպքում դա Ռուսաստանն է, չնայած իր դերն ունի նաև Ղազախստանը:

 

Երևանից Մաքսային միության ձևաչափն ընկալվում է որպես վերադարձ դեպի անցյալ, քանի որ ԽՍՀՄ շրջանակներում Հայաստանը սերտորեն ինտերգրված էր այն տարածքում, որը մենք ներկայումս անվանում ենք հետխորհրդային: Ինտեգրումը ԵՄ-ին, մյուս կողմից, նման է դեպի ապագա տանող ճանապարհի, քանի որ ինտեգրման այս կուրսը վերցվել է բավականին վաղուց՝ չնայած այն երկարատև, փուլային գործընթաց է և առայժմ անհասանելի է թվում:

Սակայն այս գնահատականները, ինչպես նաև առանձին հեղինակների նախասիրությունները բավականին բարոյականացված ու քաղաքականացված են, քանի որ հեղինակները հենց այդ կատեգորիաներով են աշխատում: Մենք կորձենք հասկանալ նախագծերը՝ տնտեսական առումով:

Մաքսային միություն

Մաքսային միությունը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի առևտրատնտեսական միությունն է: Դրա հետ մեկտեղ՝ նախատեսվում է, որ Միության ներսում կգործի առանց տուրքերի գոտի այն դեպքում, երբ Միությունից դուրս գտնվող երկրների հետ արտաքին առևտրում տուրքերի չափն աճել է: Մաքսային միության ստեղծումն, անկասկած, թույլ է տալիս երկրներին հաստատել ավելի սերտ տնտեսական հարաբերություններ, ստեղծում է ապրանքների միասնական շուկա՝ ԵՄ ազատ առևտրի ասոցիացիայի նման:

Դրա հետ մեկտեղ՝ առկա է Մաքսային միության ու Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի միջև հակասությունների առաջացման վտանգ, ինչը կարող է բերել Միության անդամ երկրների հեռացմանը Կազմակերպությունից: Սակայն ԱՀԿ-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամ դառնալուց հետո Ռուսաստանը վերանայեց Մաքսային միության միացյալ մաքսային սակագները, ինչի արդյունքում մոտ 1000 անուն ապրանքների արտահանման սակագները նվազեցվեցին, ընդ որում՝ գործընթացը շարունակական է: Փոփոխությունները վերաբերում էին հիմնականում սննդամթերքին ու ալկոհոլային խմիչքներին, այսինքն՝ Միության անդամների կողմից արտադրվող ապրանքներին:

Մյուս կողմից Միությունը ինքնին ենթադրում է քաղաքական ենթատեքստ, քանի որ այն Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես Եվրասիական տնտեսական միջավայրի մաքսային միություն: Ռուս քաղաքական գործիչները բարձրաձայնում էին ձևաչափեր, որոնք նման էին վաղ փուլում եվրոպական ինտեգրման ձևաչափերին. հետխորհրդային ինտեգրումը կլինի փուլային և տարբեր երկրներում տարբեր արագությամբ տեղի կունենա, իսկ քանի որ ինտեգրացիոն միավորումների թիվը գնալով կավելանա, ապա ինտեգրման աստիճանը յուրաքանչյուր երկիր ինքն իր համար պետք է որոշի:

Քաղաքական կոնտեքստի առկայությունը ենթադրում է նաև լրացուցիչ արտոնություններ գազի և նավթի սակագնի առումով, ինչպես նաև ռուսական իշխանությունները կխթանեն խոշոր ներդրողներին՝ Միության անդամ երկրներում ներդրումներ անելու համար: Սակայն Հայաստանի առումով Մաքսային միություն մուտք գործելը ենթադրում է նաև որոշակի բարդություններ. քանի որ Հայաստանը չունի Միության անդամ երկրների հետ ցամաքային սահման, մաքսային արտոնությունների ռեժիմը չի աշխատի այնպես, ինչպես նախատեսված է: Բացի այդ՝ հնարավոր է Իրանի, Վրաստանի և եվրոպական գործընկերների հետ արտաքին առևտրում բարդությունների առաջացում, քանի որ նախատեսվում է ավելացնել արտաքին առևտրի հարկերը:

Հաշվի առնելով Մաքսային միություն մտնելուց հետո Ռոսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում տնտեսական աճի տեմպերն, ինչպես նաև Հայաստանի տրանսպորտային իրավիճակը, կարեի է ասել, որ Հայաստանի ՀՆԱ աճը միությանն անդամակցելու դեպքում կբարձրանա 1-1.5 տոկոսով: Չնայած գերագնահատել այն նույնպես չարժի, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առանց այդ էլ գործում է առևտրային արտոնությունների ռեժիմ, որն արտահանման հարկը կրճատում է երեք քառորդով:

Ասոցացման համաձայնագիր

Ասոցացման համաձայնագիրն արագ տնտեսական արդյունք չի ենթադրում: Այստեղ նկատելի է նաև քաղաքական մասնաբաժինը: Պետք է նշել, որ եվրոպական բյուրոկրատիայի ներկայացուցիչները Մաքսային միություն մուտք գործելը համարում են ասոցացման համաձայնագրին հակասող՝ այս կամ այն երկրում հաստատված մաքսային ռեժիմից ելնելով: Հիմնականում՝ սա նույնպես քաղաքականապես մոտիվացված եզրակացություն է: Քաղաքական տեսանկյունից Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ու Վրաստանի համար 2013թ-ի նոյեմբերին բացառիկ հնարավորություն է առաջանում նախաստորագրել ԵՄ ասոցիատիվ անդամակցության մասին համաձայնագիր: Հնարավորությունը բացառիկ է ԵՄ ողջ տարածքով եվրոպական ինտեգրման ճգնաժամի արդյունքում: Նախկին Հարավսլավիայի երկրները՝ բացառությամբ Խորվաթիայի, մոտ ժամանակներս անդամակցության հեռանկարներ չեն կարող ունենալ, Շվեյցարիան, Նորվեգիան և Իսլանդիան չեն ցանկանում, Հյուսիսային Աֆրիկան «արաբական գարունից» հետո հետո ընդհանրապես կորցրել է ինքնակառավարումը, հետևաբար՝ ինստիտուցիոնար բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող: Ասոցացման համաձայնագիրն ընդգրկում է նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱԳ), որը նախատեսում է ԵՄ հետ փաստացի առանց մաքսատուրքերի առևտուր, ինչը թույլ կտա հայ արտադրողներին զարգանալ: Սակայն այստեղ ևս առաջընթացը նկատելի չի լինի, ինչպես երևում է առաջին հայացքից: Հայաստանի առումով արդեն գործում է GSP+ արտոնություննրի ձևաչափը, որն ընդգրկում է ապրանքների մի քանի հազար կատեգորիա և նախատեսում է հայկական արտադրության ապրանքների գրեթե առանց մաքսատուրքերի արտահանում՝ բացառությամբ հումքային ապրանքների: Բացի այդ՝ Ասոցացման համաձայնագրի կնքումից մինչև ԽՀԱԱԳ-ի ներդրումն առօրյա կյանք կանցնի մի քանի տարի, քանի որ համաձայնագիրն ընդգրկելու է օրենսդրական փոփոխությունների բավականին մեծ փաթեթ և պետք է հաստատվի ԵՄ բոլոր 28 անդամ երկրների կողմից: Հետևաբար՝ ուղիղ տնտեսական ազդեցությունը ավելի հեռավոր է ու փոքր, քան Մաքսային միության դեպքում: Մյուս կողմից՝ համաձայնագրի արդյունքում կպարզեցվի, իսկ գուցե նաև վերացվի Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը ԵՄ երկրներ: Համաձայնագրի կնքումը կնպաստի Եվրամիությունից ներդրումների հոսքի ավելացմանը Հայաստան, քանի որ մասնակիորեն սինքրոնիզացվելու է օրենսդրությունը, Հայաստանն ավելի հասկանալի կդառնա եվրոպացի գործընկերների համար: Սակայն համաձայնագրի կնքման հիմնական էֆֆեկտը Հայաստանի համար ԵՄ անդամակցության հեռանկարն է: Պաշտոնապես նման բան ոչ ոք չի երաշխավորում, սակայն հեռանկարը գոյություն ունի: Չնայած՝ թուլացած եվրոպական նախագծի ու տնտեսությունների զարգացման միջև մեծ տարբերության պայմաններում ԵՄ անդամակցության հարցը շատ թե քիչ լրջորեն հնարավոր է քննարկել միայն 20 տարի անց: Եզրափակելով՝ կարելի է նշել, որ Հայաստանի առջև այս երկու նախագծերի միջև ընտրություն փաստացի կանգնած չի: Ընդհանուր սահմանների բացակայությունը Մաքսային միության հետ դարձնում է գրեթե անհնարին այս կազմակերպությանն ինտեգրվելը: Միաժամանակ՝ ընթացակարգային տեսանկյունից ԵՄ-ի ինտեգրումը մոտ հեռանկարում ևս անհնար է: Նույնիսկ եթե նոյեմբերին կայանա Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ԽՀԱԱԳ բոլոր տեխնիկական նորմատիվները կսկսեն գործել միայն մի քանի տարի հետո: Այսպիսով՝ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանը չի կարողանա օգտվել Մաքսային միության կամ ԵՄ Ասոցացման որևիցե առավելությունից:

Հրանտ  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կովկասի ինստիտուտի գիտական աշխատող

www.emedia.am

Share

Comments are closed.