Խնդիրն իսլամի ներսում է

Թոնի ԲԼԵՐ
Լոնդոն

Երեք շաբաթ առաջ Լոնդոնի հարավում գտնվող փողոցներից մեկում բրիտանացի զինվոր Լի Ռիգբիի սպանության մասին գոյություն ունի միայն մի տեսակետ՝ սոսկալի է:

Սակայն դեպքի կարևորության շուրջ առկա է երկու տեսակետ: Ոմանք համարում են, որ այն իսլամի այլասերված ընկալմամբ առիթավորված խելագար մարդկանց ձեռքի գործ է և՝ ոչ ավելին: Խելագար մարդիկ կատարում են խելագար գործողություններ, այնպես որ կարիք չկա դեպքը սրտին շատ մոտ ընդունել: Մյուս տեսակետը պնդում է, որ Ռիգբիի սպանությունը դրդած գաղափարախոսոությունը մեծ վտանգ է ներկայացնում:

Ես հարում եմ երկրորդ տեսակետին: Իհարկե, պետք չէ չափազանց սուր արձագանքել: Մենք դա չենք արել 2005թ. հուլիսի 5-ին Լոնդոնի հասարակական տրանսպորտում հարձակումներից հետո: Բայց մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, և պարզվել է, որ իրավացի էինք: Մեր հատուկ ծառայությունների գործողություններն, անտարակույս, կանխել են այլ լուրջ հարձակումներ: «Կանխարգելում» ծրագրի իրականացումը շրջաններում միանգամայն ճիշտ քայլ էր:

Կառավարության նոր միջոցառումները նույնպես խելամիտ և համաչափ են թվում: Բայց մենք խաբում ենք ինքներս մեզ, եթե հավատում ենք, որ կարող ենք պաշտպանել Միացյալ Թագավորությունը պարզ ներքին միջոցներով: Գաղափարախոսությունը գոյություն ունի և այն ոչ մի տեղ չի կորչի:

Դիտարկենք Առաջավոր Արևելքը: Սիրիան այժմ գտնվում է արագացված տրոհման գործընթացում: Նախագահ Բաշար Ասադը դաժանաբար ոչնչացնում է իր վարչակարգին ընդդիմադիր ամբողջ համայնքներ: Զոհվել է առնվազն 80 հազար մարդ, 1.5 միլիոնը փախստական և շուրձ 4 միլիոն մարդ ներքին տեղահանված անձ է դարձել: Տարածաշրջանում շատերը կարծում են, որ Ասադի նպատակն է մաքրել իր վարչակարգի գերակայության տակ գտնվող շրջանները սունիներից և Լիբանանի շուրջ առանձին պետություն հիմնել: Այսպիսով, Սիրիայի մնացած հատվածում դե-ֆակտո կստեղծվի երկրի հարստությունից և դեպի ծով ելքից զրկված սունի պետություն:

Սիրիական ընդդիմությունը բաղկացած է շատ խմբերից: Բայց Ալ-Քաիդային ենթարկվող Ջաբհատ ալ-Նուսրա խմբավորման գրոհայիններն աճող աջակցություն են ստանում՝ ներառյալ արտերկրից զենքի և ֆինանսական միջոցների մատակարարումները:

Ասադն օգտագործում է քիմիական զենքը սահմանափակ, բայց մահաբեր ծավալներով: Քիմիական զենքի մի շարք պահեստներ գտնվում են վիճելի շրջաններում:

Արևմուտքի՝ այս ամենից հեռու մնալու մեծ ցանկությունը միանգամայն հասկանալի է: Բայց մենք պետք է գիտակցենք, որ գտնվում ենք այս ողբերգության սկզբնափուլում: Այն ակնհայտորեն ընդունակ է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Հորդանանը ցուցադրում է օրինակելի անվեհերություն, բայց իր տարածքում փախստականներին տեղավորելու համար գոյություն ունեն ողջամիտ թվային սահմանափակումներ:  Լիբանանն այժմ թուլացած է, իսկ Իրանը ձգտում է Հեզբոլահին մարտերի մեջ ներքաշել: Ալ-Քաիդան կրկին փորձում է Իրաքում սպանդ հրահրել, իսկ Իրանը շարունակում է իր միջամտությունը:

Միաժամանակ, Հյուսիսային Աֆրիկայում «Մահմեդական եղբայրների» կուսակցություններն իշխանության են հասել, բայց նրանց գաղափարախոսություններում առկա հակասությունները և ժամանակակից տնտեսությունները ղեկավարելու անընդունակությունը հանգեցրել են անկայունության աճին և ավելի ծայրահեղական խմբավորումների բռնաճնշումներին:

Բացի դրանից, իրանական վարչակարգը դեռևս մտադիր է ձեռք բերել միջուկային զենք և ցայսօր շարունակում է ահաբեչություն ու անկայունություն տարածել: Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում Նիգերիան բախվում է սարսափելի ահաբեկչական հարվածների: Մալիում Ֆրանսիան կոշտ պայքար է մղում՝ ծայրահեղականների կողմից երկրի գրավումը կանխելու համար:

Այնուհետև գալիս են Պակիստանն ու Յեմենը: Ավելի հեռու՝ արևելքում Բիրմայի և Բանգլադեշի միջև ընթանում է սահմանային պատերազմ: Բանգլադեշի ներսում և Ֆիլիպինների մահմեդական Մինդանաո շրջանում ծավալվող իրադարձություններն ընդլայնում են ցանկը:

Առավել տուժած շրջաններում արձանագրվում է բնակչության արագ աճ: Առաջավոր Արևելքի բնակչության միջին տարիքը հազիվ հատում է 20 տարեկան շեմը: Նիգերիայում այս ցուցանիշը կազմում է 19 տարեկան: «Համասի» կողմից վերահսկվող Գազայի հատվածում բնակչության մեկ քառորդի տարիքը հինգ տարեկանից նվազ է:

Երբ ես շուտով վերադառնամ Երուսաղեմ՝ դա կլինի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Առաջավոր Արևելք իմ կատարած հարյուրերորդ այցը՝ պաղեստինյան պետության ստեղծման աշխատանքների շրջանակներում: Ես իմ աչքերով եմ տեսնում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

Դրա համար էլ ես հասկանում եմ աշխարհը և նրա վարքագիծը տեղական հիշաչարությամբ, տնտեսական օտարվածությամբ և, իհարկե, «խելագար մարդկանց» դիտանկյունից դիտելու ցանկությունը: Բայց արդյո՞ք մենք իսկապես ի վիճակի չենք գտնել ընդհանուր թելը, որը միացնում է հակամարտության կետերը՝ գաղափարախոսությունը, որը սադրում է կամ առնվազն խորացնում է այս ամենը:

Խնդիրն իսլամի մեջ չէ: Իսլամն ուսումնասիրած մարդիկ համոզված են նրա ճշմարիտ և խաղաղ էության մեջ: Խնդիրը նաև ընդհանուր վերցված մահմեդականների մեջ չէ: Բրիտանիայում շատերը սարսափած են Ռիգբիի սպանությամբ:

Սակայն, իսլամի ներսում խնդիր կա: Իհարկե, գոյություն ունեն քրիստոնյա, հրեա, բուդդայական կամ հինդուական ծայրահեղականներ: Բայց ես մտահոգ եմ, որ իսլամի ներսում  խնդրահարույց լարվածությունը մի քանի ծայրահեղականի գործ չէ: Այն խարսխվում է կրոնի և կրոնի ու քաղաքականության միջև հարաբերությունների այնպիսի ընկալման վրա, որն անհամատեղելի է բազմակարծիք, ազատական և բաց հասարակությունների հետ: Այս հատույթի ծայրեզրը ահաբեկիչներն են, բայց նրանց աշխարհընկալումն ավելի խորն ու լայն է, քան մենք կկամենայինք խոստովանել: Այսպիսով, վերջին հաշվով, մենք այն չենք ճանաչում:

Սա ունի երկու հետևանք: Նախ՝ ծայրահեղական հայացքներին հարողները համոզված են, որ մենք թույլ ենք, և դա նրանց ուժ է տալիս: Երկրորդ՝ այն մահմեդականները (իսկ նրանք, հուրախություն բոլորիս, շատ են), ովքեր ընդունում են հիմնախնդրի առկայությունը, ձգտում են այն ինչ-որ կերպ լուծել, բայց երբեմն հուսահատվում են:

Ողջ Առաջավոր Արևելքում և նրանից դուրս պայքար է ծավալվում: Մի կողմում կանգնած են բացառապես հետադիմական աշխարհընկալման օգտին կողմնորոշված իսլամիստներ: Նրանք նշանակալից, լավ կազմակերպված և աղմկոտ փոքրամասնություն են: Մյուս կողմում գտնվում են ժամանակակից մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր ատում էին նախկին կոռումպացված բռնապետների լուծը և ատում են կրոնական ծայրահեղականների նոր բռնիշխանությունը: Նրանք մեծամասնություն են կազմում, բայց, ցավոք, վատ են կազմակերպված:

Ապագա մոլեռանդության և ահաբեկչության, թերևս անգամ խոշոր հակամարտությունների սերմերն արդեն ցանված են: Մեր նպատակը համերաշխության և խաղաղության սերմեր տնկելն է: Սակայն, խաղաղության համար հողի մաքրումը միշտ չէ, որ խաղաղ ճանապարհով է ընթանում:

Աֆղանստանում և Իրաքում երկարատև ու դաժան հակամարտություններն արևմտյան տերություններին ստիպել են զգուշորեն վերաբերվել արտասահմանյան ներխուժումներին: Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչու այս հակամարտությունները ձգձգված և դաժան էին. մենք չկայացած պետություններին թույլ ենք տվել գոյություն ունենալ:

Սադամ Հուսեյնը պատասխանատու էր երկու խոշոր պատերազմների համար, որոնցում զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում և՝ քիմիական զենքից: Նա նույնքան շատ մարդ է սպանել նաև իր ժողովրդի մեջ: Թալիբներն աճել են Աֆղանստանի խորհրդային բռնազավթման ժամանակաշրջանում և երկիրը ահաբեկչության փորձադաշտի են վերածել: Այդ վարչակարգերի անկումից հետո այս երկու երկրները սկսել են այդ նույն ուժերի դեմ պայքարել՝ քարոզելով ողջ աշխարհում հանուն կրոնի բռնությունն ու ահաբեկչությունը:

Պարտադիր չէ, որ ամեն մի միջամտություն ռազմական լինի, և ոչ ամեն ռազմական միջամտություն պետք է զորքեր ներառի: Սակայն այս պայքարից հրաժարվելը խաղաղություն չի բերի:

Ինչպես դա չի նաև կայունությունն ինքնին։ Երբ հեղափոխական կոմունիզմին հակադրված էր անվտանգության հարցերում վճռականությունը, այն, ի վերջո, հաղթահարվեց ավելի լավ գաղափարով՝ ազատությամբ: Նույնը կարելի է անել նաև այստեղ: Կրոնի և հասարակության ու քաղաքականության մեջ վերջինիս հանդեպ ժամանակակից հայացքի մեջ ավելի լավ գաղափարը՝ տարբեր դավանանքներին պատկանող մարդկանց հավասարության և հարգանքի հիման վրա կառուցված մոդելն է: Կրոնը քաղաքական համակարգում կարող է ձայնի իրավունք ունենալ, բայց չի կարող կառավարել այն:

Մենք պետք է սկսենք մանուկներից՝ այստեղ և արտերկրում: Ահա թե ինչու եմ ստեղծել մի հիմնադրամ, որի առանձնահատուկ նպատակը աշխարհով մեկ տարբեր կրոններ դավանող երեխաներին ուսուցանելն է ճանաչել միմյանց և իրար հետ միասնաբար ապրել: Այսօր մենք գտնվում ենք 20 երկրներում, և ծրագիրն իրապես գործում է: Բայց սա օվկիանոսի մեջ մի կաթիլ է՝ անհանդուրժողականության մեջ դաստիարակված մարդկանց հոսքերի համեմատ:

Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է ուժեղ լինենք և ռազմավարապես մտածենք:

 

 

“ Project Syndicate ”США

inosmi.ru 



[1] Թոնի Բլեր (Tony Blair)՝ 1997-2007թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ: Հրաժարականից հետո հիմնադրել է Թոնի Բլերի հավատո հիմնադրամը (Tony Blair Faith Foundation) և Հավատի ու համաշխարհայնացման նախաձեռնությունը (Faith and Globalization Initiative):

 

Share

Comments are closed.