Աբդուլաթիպովի ավտորիտար վարչակարգն արդեն Դաղստանի իրականությունն է

«Կովկասյան քաղաքականությունը» ընթերցողներին է առաջարկում իրավաբանի և բլոգերի մտքերը՝ Ռամազան Աբդուլաթիպովի կառավարման մեթոդների մասին 

Ռասուլ ԿԱԴԻԵՎ
Իրավաբան, բլոգեր

Այս միտքը պատահաբար է եկել: Իրականում, այն գոյություն ուներ, բայց ավելի շուտ ես չէի կամենում դրա մասին մտածել: Իսկ այժմ ավելի ու ավելի եմ համոզվում, որ Դաղստանում ավտորիտար վարչակարգի առաջացումն իրականություն է:

Նշանակումից հետո, երբ ես իմ ծանոթ փորձագետներին ասում էի, որ Ռամազան Հաջիմուրադովիչը փորձելու է կառուցել կառավարման ավտորիտար համակարգ, ինձ ասում էին, թե «ունակ չէ», «նա Ռամազան Աբդուլաթիպովն է, ոչ թե՝ Ռամզան Կադիրովը», «այդպիսի բան հնարավոր չէ, չէ՞ որ նա մտավորական է, գիտությունների դոկտոր, փիլիսոփա»: Ես էլ, անկեղծ ասած, ինձնից հեռու էի վանում այդ մտքերը՝ չցանկանալով հավատալ իմ տրամաբանական եզրակացություններին: Բայց վերջերս տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ինձ տհաճ իրականությանն է վերադարձրել:

Բայց ինչպե՞ս է դա ստացվում կամ՝ արդեն ստացվել: Իսկ ստացվում է այնպես, ինչպես և ամեն մի ավտորիտար վարչակարգի դեպքում: Աբդուլաթիպովն անմիջապես յուրացրել է քաղաքական իշխանությունը և հայտարարել, թե քաղաքականությամբ միայն ինքն է զբաղվելու:

Դաղստանցիներին սկսել են պարտադրել փրկչի կերպար՝ «եթե ոչ ես, ապա ո՞վ» խոսքերով: Մենք ամենուր սկսել ենք լսել ԵՍ, ԵՍ, ԵՍ, ԵՍ, ԵՍ, ԵՍ: Պատահում է նաև «ՄԵՆՔ»-ը, բայց միայն ԱԲԴՈՒԼԱԹԻՊՈՎ-ՇԻԽՍԱՅԻԴՈՎ երկյակի մասին: Ուսումնասիրեք Ազգային ժողովի ապրիլի 18-ի նստաշրջանի նյութերը և կտեսնեք այն զզվելի տեսարանը, թե ինչպես են պատգամավորներն ասում. «Ինքն է որ կա, մեզ այլ ոք պետք չէ, նրա վարկանիշը բարձրագույն նշաձողն է անցնում» և այլն: Այս ամենն ասվում է հենց Աբդուլաթիպովի ներկայությամբ:

Միաժամանակ Դաղստանում ամենուր ի հայտ են եկել «փրկչի» դիմանկարները: Ժողովուրդը հայտարարվել է անիմաստ և անօգուտ, հետևաբար նաև՝ նախագահին ընտրելու անընդունակ: Ժողովրդին թողել են միայն գրելու և խնդրելու իրավունք:

Պետական ԶԼՄ-ները փոխել են ռեպերտուարը. տպագրվում և վերատպվում են միայն «փրկչին» ձոնված փառաբանությունները:

Ոչ պետական ԶԼՄ-ներին համոզել են լռել 100 օր: Չհասկացողներին և քննադատողներին անվանել են Ամիրովի գործակալ: Իշխանության քաղաքականությունը քննադատող բլոգերներին պիտակավորել են «գեյ», քանի որ Դաղստանի փրկչին հանդգնում են չսիրել միայն բարոյապես այլասերված անձինք: Իշխանություն-ԶԼՄ-ներ հարաբերությունների կանոնակարգման գագաթնակետը՝ Դաղստանի նախագահին կից այսպես կոչված մամլո ակումբի ստեղծումն էր:

Խնդիրն այն է, որ իշխանության կից ԶԼՄ-ները չպետք է գոյություն ունենան: Դրանք ավտորիտարիզմի առաջին և ամենացայտուն վկայությունն են: ԶԼՄ-ները պետք է գործեն որպես հասարակական միջնորդներ: Նախագահը պետք է հյուր գա մամլո ակումբ, այլ ոչ թե ձևավորի այն իր իսկ աշխատակազմին առընթեր: Բացի դրանից, ակումբում հարկ է երկխոսություն և ոչ թե մենախոսություն վարել, ինչպես սիրում և անում է Աբդուլաթիպովը: Կարգին հասարակությունում արժանապատիվ լրագրողներն այդօրինակ «ակումբներ» պարզապես չեն այցելում կամ կանչով ներկայանում:

Ինչպես ամեն մի ավտորիտար ղեկավար՝ Աբդուլաթիպովը սիրում է հրապարակավ ցուցադրել ժողովրդի հետ առանց միջնորդի շփվելու պատրաստակամությունը՝ ցուցադրաբար նսեմացնելով նախարարների և այլ պետական պաշտոնյաների դերը: Նպատակը հստակ է՝ հանրապետության միակ հարց լուծողը հենց ինքն է:

Միաժամանակ, ժողովուրդը «հրետակոծվում» է զանազան «սոցիոլոգիական հետազոտությունների» արդյունքներով, որոնք «բացահայտում» են Աբդուլաթիպովի չափազանց բարձր վարկանիշը:

Ձևավորվում է «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է և կոռումպացված է» քաղաքականությունը:

Ավտորիտար շինարարությունը կարող էր չկայանալ, եթե գործեր հայտնի դաղստանյան մեխանիզմը: Խնդիրն այն է, որ Դաղստանում քաղաքական բազմազանության պատճառներից մեկը տեղական քրեաքաղաքական բարոնների գոյությունն էր, որոնց ներկայությունը կանխում էր մեկ անձի ձեռքում իշխանության կենտրոնացման վտանգը:

Բայց հուրախություն Ռամազան Հաջիմուրադովիչի՝ դաշնային կենտրոնը Դաղստանում վարում է «մաքրագործման» քաղաքականություն: Բարոնների և հերցոգների շարունակվող ձերբակալությունները հանգեցրել են նաև մրցակիցների և ընդդիմության մաքրագործմանը: Դաղստանի Ազգային Ժողովի քաղաքական կուսակցությունների մասին մտածել իսկ չարժե: Նրանցից ոչ մեկը չի բողոքել Աբդուլաթիպովի քաղաքականության կապակցությամբ: Անգամ կոմունիստները, դժգոհություն արտահայտելով ժողովրդին Դաղստանի ղեկավարին ընտրելու իրավունքից զրկելու որոշման առթիվ, նշել են, որ Աբդուլաթիպովից բացի այդ պաշտոնում որևէ այլ թեկնածություն չեն տեսնում:

Աբդուլատիպովին ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակական կազմակերպություններ նույնպես չկան: Դաղստանի կառավարությունում հասարակական  կազմակերպությունների հետ հարաբերությունները կարգավորում է Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-մայոր և փոխվարչապետ Ռամազան Ջաֆարովը, ով հայտնի է հասարակական հատվածի հետ չառնչվող շատ գործերով: Որպես հետևանք՝ Աբդուլաթիպովի օրոք Դաղստանում դուք չեք գտնի ոչ մի լուրջ հարթակ, որտեղ հնարավոր կլիներ հասարակական կազմակերպությունների և իշխանության երկխոսությունը:

Քչերն են տեղյակ, որ Գրոզնիում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումը պետք է ավելի վաղ տեղի ունենար Դաղստանում: Սակայն վերջինիս անցկացումը խոչընդոտվել է դաղստանյան իշխանությունների կողմից: Եվ, վերջապես, ամենացայտուն օրինակը, երբ Ժողովրդական ժողովը, ի խախտումն սեփական ընթացակարգի, Դաղստանի Հանրային խորհրդի պարտադիր փորձագիտական քննության համար չի ուղարկել Դաղստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ օրինագիծը: Նույնիսկ Հանրային խորհրդին չեն վստահում։

Կառավարման համակարգում նա հավատարիմ է ձեռքի ոճին, երբ շարժիչը պտտվում է ոչ թե մեխանիզմների համակարգված աշխատանքի, այլ մեկ անձի ձեռքի մեխանիզմի պտտմամբ: Այդ մեխանիզմը չափազանց դանդաղաշարժ և անարդյունավետ է, քանի որ բոլոր մեծ ու փոքր հարցերի լուծումը՝ խաղողագործությունից մինչև ներդրումները, կախված է բացառապես մեկ անձի որոշումից: Ընդսմին, արդեն շատերն են սկսել նկատել, որ Ռամազան Հաջիմուրադովիչը որևէ մեկի հետ խորհրդակցելու ջատագով չէ՝ նա ամեն ինչ ինքն է անում։

Ես չեմ գրի Աբդուլաթիպովի կողմից գործի տեղավորված իր մեկ տասնյակից ավելի ազգականների մասին, քանի որ դրա ապացույցները չունեմ: Բայց այն, որ Ռամազան Հաջիմուրադովիչի որդին ավելի շատ հոր աշխատավայրում է լինում, քան իր բուն աշխատավայր հանդիսացող Կասպիյսկի քաղաքապետարանում, ավտորիտարիզմի դասական անթաքույց օրինակ է, երբ առաջնորդին ամեն ինչ է թույլատրվում:

Աբդուլաթիպովի ավտորիտար վարչակարգի զարգացմանը կարող էին խոչընդոտել դատական և իրավապահ մարմինները: Սակայն նրա կամ իր թիմակիցների դեմ կանգնող և օրենքի պահպանումը պահանջող ցանկացած անձ միանգամից հռչակվում է Ամիրովի գործակալ:

Դրա համար դատախազությունն ու դատարանը աչք են փակում Աբդուլաթիպովի և նրա աշխատակազմի ապօրինությունների ու խախտումների վրա: Դրա հետևանքով Դաղստանում անսանձ կերպով աճում է Աբդուլաթիպովի քաղաքական կամքի ամենակարողությունը և զուգահեռաբար նվազում քաղաքական դաշտի կարգավորիչ օրինականությունը: Ուստի բոլորովին պատահական չէին նաև Մախաչկալայի ղեկավարության նշանակման ժամանակ թույլ տված բացահայտ և անամոթ օրինախախտումները:

Աբդուլաթիպովը դասական ավտորիտար առաջնորդների օրինակով փորձում է փոխել անգամ դաղստանցիների մշակույթը: Շատ ծիծաղաշարժ է խնդրո առթիվ ինստագրամում նրա թողած գրառումը, որտեղ նա ասում է, թե մեկնել է գյուղ՝ հարազատներին հանձնարարություն փոխանցելու համար:

Խնդիրն այն է, որ ավանդական դաղստանական մշակույթում ով էլ լինես՝ իշխան կամ պաշտոնյա, տոհմական գյուղում դու ջամաաթի անդամ ես, որին հրամայելու իրավունք չունես: Ամեն ինչ այնտեղ միասնաբար է լուծվում: Էլ չեմ անդրադառնում այն հայտնի փաստին, թե ինչ հանդիսավորությամբ էին իրեն իր իսկ շրջանում ընդունել:

Ռամազան Հաջիմուրադովիչին մշակույթը, կարծես թե, հաջողվում է փոխել: Ավարցի բանաստեղծները նրա պատվին արդեն պոեմներ են գրում:

Ավար բանաստեղծ, այն գունագեղ սոցիոլոգիական զեկույցի հեղինակ Խաբիբ Դավուդովը, որի համաձայն Աբդուլատիպովի օրոք Պուտինի վարկանիշն անցել է 100 տոկոսը, սոցիալական ցանցում զետեղել է իր նոր ստեղծագործությունը, որը նվիրված է Աբդուլաթիպովին [2]։ Նախագահական պատշգամբից լսված երգ՝ «Հավատացեք ինձ»։ Միապետներն ու առաջնորդները միշտ էլ սիրել են իրենց պալատների պատշգամբներից հանդես գալ ժողովրդի առաջ։ Ժողովուրդն էլ պարտավոր էր լսել այդ ելույթները։ Հեղինակը սա ճիշտ է նկատել։ Ով գիտի ավարերեն՝ կարող է ֆեյսբուքում այդ ստեղծագործությանը ծանոթանալ։

Բայց դեռևս անգերազանցելի է ավարցի բանաստեղծ Ումախան Անդիյսկին, ում պոեմը լույս է տեսել «Միլլաթի» վերջին համարում: Վերնագրի առավել ճշգրիտ թարգմանության դեպքում կունենանք «Տլյարոտինի որսորդը և դարգինացի գայլը»: Ի դեպ, «цIедехI» բառով ավարցիները նկատի ունեն դարգինացիների ցուդախական հատվածը, այսինքն՝ Լևաշինի շրջանը:

Պոեմի իմաստը սա է. ԱՎԱՐԱԿԱՆ գառնուկներին հոշոտում էր ԴԱՐԳԻՆԱՑԻ գայլը, որին բռնել ու խորը փոսն նետել ՏԼՅԱՐՈՏԻՆԻ որսորդը… Գտեք որևիցե ավարցու, թարգմանել տվեք, եւ կստանաք մեծ հաճույք ու բավականություն:

Ինչո՞ւ եմ այս ամենը գրում: Իսկ գրում եմ մի պարզ բանի համար՝ որ նոր ավտորիտար իրականության մեջ մենք պետք է անընդհատ պատասխանենք մի  հարցի՝ համաձա՞յն ենք, արդյոք, համագործակցել այդպիսի իշխանության հետ, թե՞ ոչ:

Յուրաքանչյուր ոք անձամբ կորոշի, թե ինչ պետք է անել: Օրինակ, դաղստանյան մտավորականությունն արդեն կողմնորոշվել է. որոշել է չփոփոխել իր դիրքորոշումը և պատասխանատու կերպով շարունակել գլուխն ավազի տակ պահել և ծափահարել ավտորիտարիզմին ու ապօրինությանը:

Կարիք չկա մեղադրելու մտավորականությանը և նրանց, ովքեր գլուխ են խոնարհում: Ամեն ոք ունի ընտանիք, գործ, երեխաներ, որոնք նույնպես աշխատանքի տեղավորվելու կարիք ունեն:

Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ բոլոր առաջնորդներն իշխանության էին գալիս ժողովրդի սիրո թևերով: Իսկ սերն, ինչպես հայտնի է, կույր է: Դրա մասին են հանրահայտ երգում են տողերը. «Իսկ սերը միայն այն է, ինչ թվում է»:

 

 

 

(kadievrasul.livejournal.com)

kavpolit.com

 

 


 

 

 

 

 

 

 

 

Share

Comments are closed.