«Ռուսաստանը շատ վտանգավոր դաշնակից է»

Կարծում է Դավիթ Շահնազարյանը 

 

Ռուսական կողմը բարձրացրեց գազի սակագները, ապա հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները բանակցում են «Գազպրոմի» հետ «ՀայՌուսգազարդում» ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասը վաճառելու շուրջ: Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում:

– Գազի սակագների բարձրացումը, իհարկե, սպասելի էր, բայց ակնհայտ է, որ դա Ռուսաստանի կողմից ուղղակի քաղաքական ճնշում է ՀՀ-ի նկատմամբ: «ՀայՌուսգազարդում» ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» զիջելու հարցը, իմ գնահատմամբ, անընդունելի գործարք է, դրանով սեփականության, սուվերենության թեկուզ փոքր, բայց կարեւոր մաս է տրվում ՌԴ-ին:

Կոչ կանեի ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, որպեսզի ոչ թե լսումներ կամ մամուլով քննարկումներ կազմակերպեին, այլ հանդես գան նախաձեռնությամբ՝ հրավիրեն ԱԺ արտահերթ նիստ, ներկայացնեն նախագիծ՝ «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասի վերաբերյալ, որում ուղղակիորեն օրենքով արգելվի այդ բաժնեմասը ՌԴ-ին կամ որեւէ այլ երկրի անցնելու հնարավորությունը: Այս խնդիրը մի անգամ եւս ապացուցեց այն անվիճելի իրողությունը, որ մենք ունենք էներգետիկ անվտանգության լուրջ խնդիր:

Կցանկանայի ուղղակի նշել, որ ազատ շուկայի ժամանակակից ստանդարտների եւ պահանջների համաձայն՝ էներգետիկայի ոլորտում գազ մատակարարողն ու գազաբաշխում իրականացնողը չի կարող լինել նույն ընկերությունը, մինչդեռ ՀՀ-ի դեպքում «Գազպրոմն» է, որը այդ երկու գործառույթներն իրականացնում է մենաշնորհային դիրքերից, ընդ որում՝ գրեթե նույն իրավիճակն է նաեւ էլեկտրաէներգետիկայի ոլորտում: ՀՀ-ի էներգետիկայի այս պատանդային վիճակը խոչընդոտում է տնտեսության արդյունավետությանը, հարվածում քաղաքացիների կենսամակարդակին, վտանգում երկրի զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է քայլեր իրականացնել՝ ուղղված էներգետիկ անվտանգությունն ամրապնդելուն, դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգը:

Իրան-Հայաստան փոքր տրամագծով գազամուղը տարիներ առաջ Քոչարյանի օրոք հանձնվեց ՌԴ-ին: Կարծում եմ, որ սա այսօր արդեն ռազմավարական խնդիր է, եւ կառավարությունը պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկի Իրանից նոր լայն տրամագծով գազամուղ անցկացնելու ելքեր գտնելու շուրջ, որը կունենա բոլոր հնարավորությունները՝ դառնալու տարանցիկ, հատկապես այն պայմաններում, երբ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր, կարծես ավելի բարենպաստ իրավիճակ է ստեղծվել այդպիսի նախագիծ իրականացնելու համար:

– Ի՞նչ կասեք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու փաստի մասին տեղեկատվության եւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե ՌԴ-ից Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ:

– Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու փաստը ուղղակիորեն կապված է մեր ազգային անվտանգության հետ: Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա, որ խոսքը բացառապես հարձակողական սպառազինությունների մասին է, եւ ինչպես իրավացիորեն գնահատում են մի շարք միջազգային ռազմական փորձագետներ՝ այս գործարքի արդյունքում խախտվում է ռազմական հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Զարմանալի է ինչպես ՀՀ իշխանությունների անտարբեր արձագանքը (թեեւ վստահ եմ, որ նրանք էլ լրջորեն անհանգստացած են), այնպես էլ այն, որ Հայաստանի կուսակցությունները չանդրադարձան այս փաստին՝ բացառությամբ «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների: Որեւէ կերպ չեն կարող բավարար համարվել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այն հավաստիացումներն ու պարզաբանումները, թե դա զուտ տնտեսական գործարք է: Այդ դեպքում Հայաստանն էլ ՌԴ-ի հետ իր փոխհարաբերություններում պետք է առաջնորդվի իր տնտեսական եւ ոչ միայն տնտեսական շահերով: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների պարզաբանումները, թե՝ զենքի վաճառքը Ադրբեջանին «տնտեսական շահ է», «զուտ բիզնես է», լուրջ չեն, նույնիսկ հիշեցնում են Մարիո Պյուզոյի հակահերոսների հայտնի հիմնավորումը՝ «Անձնական՝ ոչինչ, սա զուտ բիզնես է…»:

Հստակ պետք է արձանագրենք, որ ՌԴ-ն է խրախուսել ու խրախուսում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմատենչ քաղաքականությունը, ինչպես նաեւ ավելի է սրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված սպառազինությունների մրցավազքը: Ընդհանրապես, սպառազինությունների մրցավազքը կարող է երկու արդյունք ունենալ՝ կամ պատերազմ, կամ կողմերից մեկի առնվազն տնտեսական կազմաքանդում, ինչի վառ օրինակն էր Խորհրդային Միության կազմաքանդումը:

Վստահ եմ, որ Մոսկվան հստակ գիտակցում է իր քայլերի հնարավոր հետեւանքները: Հունիսի 30-ին Պուտինի հայտարարությունը բավական «պերճախոս» էր, երբ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նա նշեց. «ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան ուղղված չէ Ադրբեջանի շահերի դեմ»: Իսկ թե որոնք են Ադրբեջանի շահերը՝ դա հայտնի է բոլորին, այդ մասին ամենաբարձր մակարդակով է հայտարարում պաշտոնական Բաքուն, որ՝ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ պատերազմի:

ՌԴ-ն շատ վտանգավոր դաշնակից է դարձել ՀՀ-ի համար, եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը այլեւս որեւէ այլընտրանք չունի, ավելին՝ ԵՄ Ասոցացման գործընթացում ՀՀ-ն պետք է խորացնի եւ ընդլայնի իր ռազմական համագործակցությունը ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների հետ:

Ինչ վերաբերում է «Իսկանդեր-M» համալիրներ ՀՀ բերվելու լուրերին, ապա կարծում եմ, որ այդ տեղեկության տարածումը ՌԴ-ի կողմից բավական լավ կազմակերպված արտահոսք էր, որի նպատակն էր հայ հասարակության մոտ անհանգստությունները փոքր-ինչ մեղմել՝ կապված Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու գործարքի հետ: Բայց ռուս փորձագետները սխալվում են, եթե կարծում են, որ Հայաստանում պետք է մեծ ոգեւորությամբ ընդունվի «Իսկանդեր-M» համալիրներ մատակարարելու գաղափարը:

Եվս մեկ կարեւոր փաստի մասին կուզենայի նշել: Անհասկանալի էր ՀՀ քվեարկությունը վերջերս ՄԱԿ-ում: ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունեց Վրաստանի կողմից ներկայացված օկուպացված տարածքներից փախստականների հարցով նախագիծը, որին ՀՀ-ն դեմ քվեարկեց: ՀՀ-ն պետք է ձեռնպահ քվեարկեր այդ նախագծին: Վրաստանը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող հարեւան է, այլեւ մենք ընդգրկված ենք ԵՄ Ասոցացման գործընթացում:

– Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիր. ընտրության հարցը իսկապե՞ս օրակարգային է:

– ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով բալանս են պահպանում, այսինքն՝ ասում են, որ ՌԴ-ի հետ պահպանելով ռազմաքաղաքական հարաբերությունները, այնուամենայնիվ, ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Դրական են եվրոպացի դիվանագետների հայտարարություններն այն մասին, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, եւ մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր: Հուսամ, որ այդպես է, քանի որ ՀՀ-ի համար դա ոչ միայն քաղաքական որոշում է, այլեւ քաղաքակրթական ընտրություն: Հուսանք, որ իշխանությունները այնքան քաղաքական արիություն կունենան, որ կկարողանան դիմակայել ՌԴ ճնշումներին:

Վերջին զարգացումները հանգեցնում են հետեւյալ եզրակացության՝ Հայաստանը չի կարող պահպանել իր ներկայիս կարգավիճակը: Հայաստանը ստիպված է կատարել այդ ընտրությունը՝ կամ գոյություն չունեցող Եվրասիական միություն, կամ ԵՄ Ասոցացման համաձայնագիր եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր: Այսինքն՝ կամ ԵՄ-ի հետ ազատ շուկա, կամ հետդարձ դեպի Խորհրդային Միություն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

 

 

Share

Comments are closed.