Հույսի նշույլ Իրանում

Յոշկա ՖԻՇԵՐ
Բեռլին

Ոչ ոք չէր կարող կանխատեսել Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակը: Անգամ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին է ամենայն հավանականությամբ տարակուսած մնացել ութ թեկնածուով սկսված ընտրարշավում Ռոհանիի հաղթանակով: Արդյունքում, միջուկային ծրագրի և Սիրիայում քաղաքացիական պատերազմի շուրջ Իրանի հետ բանակցությունները կարող են արձանագրել ընթացքի փոփոխություն, թեև Առաջավոր Արևելքն առանձնահատուկ է հենց նրանով, որ դուք չեք կարող իմանալ, թե ձեզ ինչ է սպասում հաջորդ խաչմերուկում:

Այս տարի լրանում է Իրանի և եվրոպական տրիումվիրատի՝ ի դեմս Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, միջև արտգործնախարարների մակարդակով բանակցությունների տասնամյակը: Այս բանակցություններում ես ներկայացնում էի գերմանական կողմը, իսկ Ռոհանին ղեկավարում էր իրանական պատվիրակությունը:

Բանակցությունները ցայսօր էլ ընթանում են՝ Գերմանիան և ՄԱԿ-ի հինգ մշտական անդամների (5+1) ներառող ընդլայնված ձևաչափով, թեև՝ առանց որևէ շոշափելի արդյունքի:  Այժմ Ռոհանին վերադառնում է իրանական միջուկային ծրագրի վտանգավոր գործին՝ որպես Իրանի նախագահ: Ի՞նչ ենք կարող ակնկալել մենք և նա:

Հենվելով իմ անձնական փորձի վրա՝ կարող եմ եզրակացնել, որ Ռոհանին բարեկիրթ և բաց մարդ է: Ի տարբերություն հեռացող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ նա շրջապատում է իրեն շատ հմուտ և փորձառու դիվանագետներով: Սակայն ոչ ոք չպետք է տարակուսի, որ նա ոչ թե ընդդիմության, այլ իրանյան վարչակարգի մարդն է՝ Իսլամական Հանրապետության քաղաքական վերնախավի իրապաշտ և չափավոր անդամը: Եվ, բնականաբար, նա սատարում է Իրանի միջուկային ծրագիրը:

Եթե Ռոհանին իր պաշտոնում կամենում է հաջողության հասնել, նա հարկադրված կլինի ի կատար ածել իրանցիների կյանքի պայմանները բարելավելու խոստումը՝ առանց վտանգելու Իսլամական Հանրապետությունը: Դա դյուրին գործ չէ. այն կարող է նմանվել շրջանի քառակուսի մակերեսը գտնելու փորձին:

Ռոհանիի ընտրությունների ժամանակ ընտրողների պահանջած տնտեսական իրավիճակի բարելավումը գործնականում հնարավոր է միայն արևմտյան և միջազգային պատժամիջոցների վերացման պարագայում: Սակայն, միջազգային պատժամիջոցների վերացումը ենթադրում է միջուկային բանակցություններում ճեղքվածք:

Այն կարող է ենթադրել նաև գոնե հիմնական տարածաշրջանային հակամարտությունների ժամանակավոր լուծում:  Վերջին տասնամյակում Առաջավոր Արևելքը շատ է փոխվել: Ամերիկան նվազեցրել է իր ներկայությունը՝ դուրս բերելով զորքերն Իրաքից և պատրաստվելով գալիք տարի դադարեցնել իր գործունեությունն Աֆղանստանում: Միաժամանակ, մենք ականատես ենք Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ստեղծած հին Առաջավոր Արևելքի փլուզմանը. ժամանակին երկու մեծ եվրոպական գաղութատեր տերությունները ստեղծել են տարածքային մանդատներ Պաղեստինում, Սիրիայում (ներառյալ ժամանակակից Լիբանանը), Անդրհորդանանում և Իրաքում:

Նոր տարածաշրջանային կարգի գոյությունը դեռևս նկատելի չէ. հետագայում դա հղի է վտանգներով և հնարավոր քաոսով: Այն ժամանակ, երբ Իրանը և իր շիա դաշնակիցները ձգտում են ամրապնդել իրենց ազդեցությունն ու շահերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միջուկային ծրագրի պատճառով Իրանի վեճը մեծապես սահմանափակել է նրա տարածաշրջանային հավակնությունները: Ի վերջո, միջուկային Իրանի հեռանկարն ամենայն հավանականությամբ կխորացնի բռնարար հակամարտությունները և տարածաշրջանի ներսում միջուկային մրցավազքը: Արդյունքում, երկու խնդիրներն էլ կարող են լուծվել պատժամիջոցները վերացնելու ցանկացած փորձով:

Իրանը և իր միջազգային գործընկերները պետք է անցյալից դաս քաղեն և դրա հիման վրա ձևավորեն իրենց սպասելիքները: Այստեղ գոյություն չունեն արագ լուծումներ (եթե դրանք առհասարակ գոյություն ունեն), հաշվի առնելով կողմերի հակադիր շահերը, նրանց ներքին և դաշնակիցների հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև՝ բոլոր կողմերի փոխադարձ խորին անվստահությունը:

Միաժամանակ, Р5+1 բանակցություններից բացի Իրանի համար ցանկալի էր սկսել ուղիղ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ: Եթե Իրանի նպատակը դրական արդյունքների ձեռքբերումն է, ապա նա պետք է նաև բարելավի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների հետ, ինչպես նաև արմատապես փոխի իր վարքագիծն Իսրայելի նկատմամբ:

Բացի դրանից, Արևմուտքը պետք է հասկանա, որ Իսլամական Հանրապետությունը կարծրազանգված բռնապետություն չէ: Վարչակարգն ունի մի քանի փոխգործակցող ուժային կենտրոններ, որոնք ազդում են ընդունվող որոշումների վրա և սահմանափակում դրանք: Նախագահի աշխատակազմն ընդամենը իշխանության հիշյալ կենտրոններից մեկն է: Նույնն էլ վերաբերում է նաև գերագույն առաջնորդին, որն, ի հեճուկս իր կոչման, չի հանդիսանում բացարձակ կառավարիչ:

Վերջին տասնամյակի ընթացքում Իրանը փորձարկել է երկու քաղաքական մոտեցում. բարեփոխական մոդելը Մոհամադ Խաթամիի նախագահության օրոք և կոշտ ծայրահեղականություն՝ Ահմադինեժադի կառավարման տարիներին: Բարեփոխիչները չեն կարողացել հաղթահարել պահպանողական ընդդիմությանը, իսկ ծայրահեղականները չեն կարողացել կանխել իրենց արտաքին և միջուկային քաղաքականությամբ պայմանավորված ներքին տնտեսական իրողությունների վատթարացումը:

Ռոհանին պետք է որոնի այնպիսի ճանապարհ, որը չի հանգեցնի վարչակարգի ուժային կենտրոնների մեծամասնության աջակցության կորստին և, միաժամանակ, նրան թույլ կտա իրագործել ընտրողներից ստացված մանդատը: Երկրի ներսում անվստահության բարձր մակարդակն ավելի է բարդացնում այդ արդեն իսկ բարդ խնդիրը:

Ամերիկայում և Արևմուտքում շատերը հավանաբար դիտում են Ռոհանիին որպես Իսլամական Հանրապետության բարեկամական անձի, մինչդեռ առավել ծայրահեղական Ահմադինեժադին համարում էին վերջինիս իրական մարմնավորումը: Իր հերթին, շատ իրանցիներ Օբամային համարում են Միացյալ Նահանգների բարեկամական անձ, մինչդեռ իր նախորդ Ջորջ Բուշին ընկալում են որպես ԱՄՆ ավելի անկեղծ ներկայացուցիչ՝ հաշվի առնելով նրա ավելի արմատական լինելը: Այս երկու ընկալումները խեղաթյուրում են իրականությունը, թեպետև պարունակում են ճշմարտության հատիկ:

Ի հեճուկս այս ընկալումների կամ թերևս հենց դրանց շնորհիվ՝ Ռոհանիի նախագահությունն անսպասելի հնարավորություն է ստեղծում թե՛ միջուկային բանակցությունների, և թե՛ Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու համար: Միջազգային խաղաղ համաժողովում Իրանի մասնակցությունը բացարձակ անհրաժեշտություն է՝ թեկուզև զուտ Ռոհանիի լրջությունը ստուգելու համար: 2001թ. Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ Իրանն ընթանում էր իրապաշտական և արդյունք  արձանագրելուն միտված ուղիով, թեև այն բոլորովին չի արժանացել ԱՄՆ-ի բարյացակամությանը:

Իսկ միջուկային բանակցությունները Р5+1 ձևաչափում կենտրոնանալու են այն առարկայական երաշխիքների շուրջ, որոնք իսպառ կբացառեն Իրանի կողմից սեփական միջուկային ներուժի ռազմական նպատակների համար օգտագործումը: Իրանի ջանքերի գլխավոր նպատակը լինելու է խաղաղ նպատակների համար միջուկային էներգիայի օգտագործման իրավունքի ճանաչումը՝ Չտարածման պայմանագրի դրույթների և արձանագրությունների համապատասխան: Առաջին հայացքից այս երկու խնդիրներն իրականից ավելի պարզ են թվում, բայց սատանան հենց մանրուքների մեջ է թաքնվում, իսկ մանրուքները պայմանների սահմանման և դրանց ապահովման, իրականացման և մշտադիտարկման համար տարակարծությունների լայն դաշտ են թողնում:

Եվ կրկին՝ իրապաշտական սպասումների պահպանումն առաջնային խնդիր է: Միջուկային բանակցությունների հաջող եզրափակմանը և հիմնական տարածաշրջանային հակամարտությունների զսպմանը կամ կարգավորմանը շատ դժվար է լինելու հասնել: Սակայն Ռոհանիի ընտրությունների ընձեռած հնարավորությունից չօգտվելն անպատասխանատվության գագաթնակետը կլիներ: Նպատակին հասնելու համար մենք պարտավոր ենք օգտագործել մեր ողջ ուժերը, բարի կամքը և ստեղծագործական մոտեցումը:

 

“Project SyndicateСША

inosmi.ru



[1] Յոշկա Ֆիշերը 1998-2005 թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար և փոխկանցլեր, երբ 1999թ. Գերմանիան վճռականորեն սատարել է ՆԱՏՕ-ի ներխուժումը Կոսովո, բայց, միևնույն ժամանակ, նա դեմ է արտահայտվել իրաքյան երկրորդ ռազմարշավին: Ֆիշերը սկսել է քաղաքականությամբ զբաղվել 1960-1970-ական թվականներին և առանցքային դեր է ունեցել ԳԴՀ-ում կանաչների կուսակցության ստեղծման գործում՝ ղեկավարելով այն համարյա երկու տասնամյակ:

 

Share

Comments are closed.