Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում կմիասնականացվեն բոլոր հարկատեսակները

Սակայն եթե Հայաստանում 2011-ից գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ 2013-ից ներդրված է միասնական եկամտահարկը, ապա Արցախում բոլոր փոփոխությունները կկատարվեն միանգամից՝  2014-ին 


Հայկ
ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ 

Արցախում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստությունը:   2014-ից  Հայաստանում  և Արցախում կգործի բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որն իր մեջ կշարունակի պարունակել բաշխողական կենսաթոշակային բաղադրիչը, գումարած դրան՝  կավելանա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:

Նշանակում է, որ 1974 թվականի  հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր վարձու աշխատող ու անհատ ձեռնարկատեր ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչից զատ՝  կգործի կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Հայաստանն ու Արցախը մեկ միասնական համակարգի մեջ են լինելու,  Արցախում  բարեփոխումները կատարվում են Հայաստանի օրինակով: Սակայն եթե Հայաստանում 2011-ից գործում է կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ 2013-ից ներդրված է միասնական եկամտահարկը, ապա Արցախում բոլոր փոփոխությունները կկատարվեն միանգամից՝  2014-ին:

Նախնական հաշվակներով՝  առաջին   տարում  կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում  Արցախում  կտնտեսվի  մոտ չորս միլիարդ դրամ՝  երկու միլիարդ՝  քաղաքացիներից, երկու միլիարդ՝  բյուջեից:

«Անալիտիկոնի»  հարցերին պատասխանում է ԼՂՀ  կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի նախագահ,  ԼՂՀ  ֆինանսների և էկոնոմոկիա նախարարի տեղակալ Գրիգորի Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, արցախցուն  որքանո՞վ  են  անհրաժեշտ կենսաթոշակային համակարգի փոփոխությունները:

-Ներկա  կենսաթոշակային համակարգում աշխատողները տալիս են սոցվճարներ, որոնք կուտակվում են պետական բյուջեում  և վճարվում  կենսաթոշակառուներին:  Կուտակայինի իմաստն  այնէ, որ յուրաքանչյուր մարդ իր վճարումները տալիս է ոչ թե ներկա պահին ապրող թոշակառուին, այլ  փոխանցում է իր հաշվին: Այդ գումարը կպահվի այնքան ժամանակ, մինչև անցնի կենսաթոշակի: Կուտակվածից բացի նա  թոշակի տեսքով նաև կստանա իր գումարից առաջացած տոկոսները:  Ըստ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ կենսաթոշակների գումարներից գոյացած ֆոնդերը կկառավարեն միջազգային կազմակերպությունները:  

Հիմնական շարժառիթն այն է,  որ գործող բաշխողական համակարգը շատ լուրջ բեռ է հանդիսանում բյուջեի համար, որը այս տարվա կտրվածքով  2,2 անգամ գերազանցում է առողջապահության ոլորտի ծախսերը ու գրեթե հավասար  է  կրթության ոլորտի ծախսերին: 2012-ի  տվյալներով կենսաթոշակները կազմել են  ՀՆԱ-ի 6 տոկոսը, ինչը շատ մեծ թիվ է, մոտ ինը միլիարդ դրամ: Նույնիսկ կենսաթոշակների 10  տոկոսով բարձրացումը  միլիարդների չափով լրացուցիչ ծախս է առաջացնում:  Այսինքն, պետական բյուջեից բավականին շատ ռեսուրսներ է խլում, որոնք կարող էին ուղվել այլ ոլորտների:

Խնդիրը նաև այն է, որ այսօրվա կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 30 տոկոսը:   100 հազար դրամ աշխատավարձի դեպքում,  օրինակ, աշխատողը կստանա 30 հազար դրամ,  ստացվում  է՝  կենսամակարդակը կիջնի  70  տոկոսով: Նույնիսկ այն ծախսերի պարագայում, որ մենք ունենք, չենք կարող միջոցներով ապահովել սպառողական նվազագույն զամբյուղին հավասար կենսաթոշակ: Իսկ այսօրվա սպառողական զամբյուղը կազմում է շուրջ 50 հազար դրամ,  ստացվում է՝  միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի 60 տոկոսն է, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Արցախում սոցվճարներ կատարող աշխատողները կազմում են բնակչության 30-40 տոկոսը, իսկ կենսաթոշակառումները՝ 20-ից ավելի տոկոսը: Մեկ կենսաթոշակառուին ընկնում է 1,5-1,8 աշխատող, ինչը միջազգայինչափանիշներովշատ ցածր ցուցանիշէ: Կայուն համակարգ ունենալու համար թոշակառուին անհրաժեշտ է  3-3,5  աշխատող: Այսինքն, երեք հոգու վճարումներ են պետք, որպեսզի մեկ կենսաթոշակառուի համար բավարար լինի: Այս խնդիրների լուծումը պահանջում  է  կուտակային կենսաթոշակային համակարգի անցման: Արցախում կենսաթոշակառուների թիվն ավելի մեծ է. Հայաստանում նրանք բնակչության 16-17 տոկոսն են կազմում,  Արցախում՝  21-22:  Ոչ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները կուտակային համակարգն են կիրառում, ինչը լայն տարածում ունի Հարավային Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթյան երկրներում: Կուտակային կենսաթոշակային համակարգը դիտվում է  և՛ որպես սոցիալական խնդրի լուծում, և՛ տնտեսության զարգացման համար կարևոր նախադրյալ:

– 40 տարի անց   մոտավորապես  ինչքա՞ն  գումար   կուտակված  կլինի  թոշակառուի  հաշվին: 

Ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, օրինակ՝ կարող է  մի քանի տարի չաշխատելու պատճառով  մարդ վճարում չկատարի: Ինչ խոսք, որոշակի հաշվարկներ ունենք, որոնք, սակայն, շատ մոտավոր են:  Եթե մարդ 100  հազար է ստանում ու աշխատելու  է  40 տարի, եկամուտների հետ միասին կուտակային կենսաթոշակը  կկազմի մոտ  96 հազար դրամ: Իսկ պետական  կենսաթոշակի  հետ, որը չի վերացվելու, կստանա  ամսական  109-110 հազար  դրամ: 

-Կենսաթոշակային  բարեփոխումների  շրջանակում  կփոփոխվի  հարկային  համակարգը: Գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն 2014-ին գործելու է մեկ միասնական`  եկամտային հարկ, որը Հայաստանում ուժի մեջ  է 2013-ից:  Փաստորեն 2014 թվականին բավականին շատ փոփոխություններ են լինելու Արցախում:  Ի՞նչ է իրենից ներկայացնում  միասնական  եկամտահարկը: 

-Որոշում է կայացվել  կենսաթոշակային  բարեփոխումների շրջանակներում  միասնականացնել հարկատեսակները՝  բոլոր վճարները, որոնք կատարվում են  գործատուի և աշխատողի կողմից: Աշխատողը մուծում էր  5  տոկոս եկամտահարկ և  3 տոկոս սոցվճար, իսկ գործատուն՝  տասնհինգ տոկոս  սոցվճար: Երեք դրույքները կմիավորվեն որպես  մեկ միասնական եկամտաhարկ, որն այսօրվա նախագծի համաձայն կազմում է 21 տոկոս, և կվճարվեն աշխատողի հաշվին: Գործատուն, որը նախկինում տասնհինգ տոկոս էր մուծում,  պետք է նույն 15 տոկոսը ավելացնի իր աշխատողի աշխատավարձին և հետագայում  պահի այդ 21 տոկոսը: Կստացվի,  որ քաղաքացին  միավորման արդյունքում չի  կորցնելու:  Տնօրինվող եկամուտը` մաքուր աշխատավարձը, որը ստանում էր հին դրույքաչափերով, նույնչափ  կստանա նաև բարեփոխումից հետո: Ուղղակի գործատուն  իր կողմից վճարվող սոցվճարը կավելացնի համապատասխան չափով աշխատավարձին, և աշխատողը  կստանա նույնքան եկամուտ, որքան նախկինում: Գործատուի համար դրականը կլինի այն, որ երեքի փոխարեն կկատարի  մեկ հաշվարկ:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բոլոր գործատուները հաշվետվությունները կուղարկեն էլեկտրոնային ձևով ու էլեկտրոնային ստորագրությամբ, ինչը  նաև կզարգացնի էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը:    

-Ըստ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ կենսաթոշակների  գումարներից գոյացած  ֆոնդերը պիտի կառավարեն միջազգային կազմակերպությունները:  Բայց նրանք կաշխատե՞ն  չճանաչված հանրապետությունում: 

– Մենք մի միասնական համակարգի մեջ ենք Հայաստանի հետ, մեր կազմակերպությունները կարողանում են Հայաստանի ֆոնդային բորսայում իրենց արժեթղթերը շրջանառել, ինչպես, օրինակ, «Արցախ ՀԷԿ»-ն է անում:  Այժմ բանակցություններ են վարվում նախնական համաձայնություն տված կազմակերպությունների հետ: Կարծում եմ` քաղաքական հարցերը նույնպես դրական լուծում կունենան: 

Բազմիցս նշվել է, թե պետությունը երաշխավորելու է   կուտակային  կենսաթոշակային ներդրումների  վերադարձը:  Բազմաթիվ քաղաքացիներ  ԽՍՀՄ  խնայբանկում  ներդմումներ  են  կատարել  ու  խաբվել:  Հարց է առաջանում՝  ինչպե՞ս  է  երաշխավորելու: 

– ԽՍՀՄ  խնայբանկի վերաբերյալ հարցը հաճախ է տրվում: Մենք պետք է հասկանանք, որ նման ցնցումների հետևանքով ոչ միայն պետությունն է ոչնչացել, այլև  պետական կառուցվածքը, այն է՝ սոցիալիստական հասարակարգը: Մոտ ապագայում սպասել ու կանխատեսել  նման ցնուցմներ՝ անհնար է: Մենք պիտի համակարգում այնպիսի բարեփոխում իրականացնենք, որպեսզի խափանում չլինի:  Իհարկե, 100 տոկոսով երաշխավորել պարզապես հնարավոր չէ: 

-Մեր  երկրում ամեն  տարի գնաճ է  արձանագրվում:  Տարիներ հետո մարդիկ  ֆոնդերում  չե՞ն ունենա արժեզրկված փողեր:

 -Նախ նշենք,  որ տվյալ կազմակերպությունները կլինեն ոլորտի մասնագիտացված, բարձր որակավորում ունեցող միջազգային կազմակերպություններ, որոնց գործնեությունը կկարգավորի ու կվերահսկի ՀՀ Կենտրոնական բանկը:  Այսինքն՝ եկամուտ ապահովելը տվյալ կազմակերպությունների մասնագիտական գործն է:

Ներդնման օրից արձանագրված գնաճի փոխհատուցումը  պետությունը երաշխավորում է: Որպեսզի գումարը փոխհատուցվի՝պետությունը  ստեղծում է Երաշխիքային ֆոնդ, որ կգոյանա կառավարիչների  կողմից կատարված մուծումներից: Օրենքով նշվում է, որ փոխհատուցումը 80 տոկոսով կկատարվի  պետական  բյուջեի և 20 տոկոսով՝ Երաշխիքային ֆոնդի հաշվին:

Կենսաթոշակային բարեփոխությունները քննադատվում են նաև  կուտակված  գումարները դրսում  ներդրելու  համար:  Ի՞նչ  կասեք այս  կապակցությամբ:

– Հնարավոր  է արտասահմանում ավելի բարձր եկամուտ ապահովվի, քան ներսում, ինչը մեր քաղաքացիրների շահերից է բխում: Եվ՛ դրսում, և՛ ներսում ներդնելու իմաստը ծայրահեղության մեջ չընկնելն է, ահա թե ինչու կառավարությունը մշակել է որոշակի համամասնություններ: Մինչև 60  տոկոսը կարելի է ներդնել դրամով, մինչև 40-ը` արտարժույթով: Դա երաշխավորում է, որ վաթսուն տոկոսը կմնա մեր երկրում:  Բացի այդ՝ օրենքով  սահմանված է, որպեսզի այդ քառասուն տոկոսը ներդրվի Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում (OESD): 

Անդրադառնանք նաև կամավոր կուտակային բաղադրիչին:   2011-ից  Հայաստանում գործում է կամավոր բաղադրիչըորից կարող էին օգտվել  գործատուներն ու անհատները: Չնայած առաջարկվող հարկային արտոնություններին՝ թե՛ առաջինների և թե՛ երկրորդների մոտ հետաքրքրություն չառաջացավԻ՞նչ եք կարծում, այս փորձը  հաշվի առնելով՝ արցախյան գործատուներն ու անհատները թոշակի համար կամավոր վճարումներ կկատարե՞ն:

-Բնակչության մոտ  դեռևս զարագացած չէ այդ ծառայություններից օգտվելու կուլտուրան: Մեր բնակչության համար սովորական չեն նման ծառայությունները:  Բացի այդ՝ եկամուտներն այնպիսինն են, որ բնակչությունը սպառում է դրանք, այլ ոչ թե խնայողության տալիս: Սակայն ԱՊՊԱ-ի փորձը ցույց տվեց, որ պարտադիր ապահովագրությունը  խթանում է կամավոր ապահովագրությանը:  

Share

Comments are closed.