Հակամարտության և խաղաղության դասերը

Բենջամին ՄԵԼՈՆ
«Սենտ-Պատրիկ» քոլեջում իռլանդական հետազոտական խորհրդի դոկտորանտ,  Դուբլինի քաղաքային համալսարան (DCU)
Իռլանդիայի Հանրապետություն 

ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Երեխաները նախկինի պես պայքարում են դպրոց գնալու իրավունքի համար» վերտառությամբ վերջին (2013թ.) զեկույցներից մեկում  («Կրթությունը բոլորի համար» համաշխարհային մշտադիտարկման զեկույց) կրկին ընդգծվում է երիտասարդության վրա զինված հակամարտության կործանարար ազդեցությունը:  Մասնավորապես, այնտեղ նշվում է, թե ինչպես բռնությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում սահմանափակում է մարդկանց կրթական հնարավորությունները և ապագայի նկատմամբ հեռանկարները:

Կրթական հաստատությունները հակամարտությունների ժամանակ հաճախ թիրախ են դառնում, դրանց ենթակառուցվածքները (օրինակ՝ դպրոցների շենքերը) կործանվում են կամ յուրացվում զինվորականների կողմից: Անգամ եթե կրթական հաստատությունները շարունակում են գործել՝ երիտասարդները դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված լուրջ դժվարություններ են ունենում:  Այս ամենի պատճառով նվազում է երիտասարդներին կրթությամբ ապահովելու հնարավորությունը, հետևաբար նաև՝ կրթության ստացումը, իսկ մարդիկ լուրջ վտանգի են ենթարկվում: Թեև կրթության և երիտասարդների վրա զինված հակամարտության բացասական ազդեցությունն ակնառու է, ներկայումս ավելի հաճախ են վերլուծական ուսումնասիրություններ կատարվում առ այն, թե ինչպես կրթական պրակտիկան կարող է հավերժացնել բռնությունն այն բացասական ներգործության միջոցով, որն առնչվում է հակամարտության մասին երիտասարդների ձեռք բերած գիտելիքներին: Սույն հոդվածում Հյուսիսային Իռլանդիայի և հակամարտություններից  տուժած այլ տարածաշրջանների օրինակով առաջարկվում են կրթությունը՝ որպես խաղաղ գործընթացի բաղադրիչ կիրառելու հնարավորությունները, որոնք նպաստում են հասարակությունների՝ անլուծելի բռնարար հակամարտությունների ստեղծած փակուղային իրավիճակներից դուրս գալուն՝ զարգացման ավելի խաղաղ հնարավորություններին ընդառաջ:

Կրթական ծրագիրը հստակ հմտությունների, գիտելիքների, մոտեցումների և արժեքների միջոցով կարող է դառնալ դպրոցական հաստատություններում կրթության կազմակերպման առավել հարիր եղանակ: Ծրագրում կան մի քանի ուսումնական առարկաներ, որոնց շնորհիվ երիտասարդները հակամարտության մասին անմիջական գիտելիքներ են ստանում:  Այնպիսի մի առարկա ուսանելու ժամանակ, ինչպիսին պատմությունն է, ժամանակագրորեն հեռավոր կամ ավելի մերձավոր հակամարտությունների մասին յուրացվող գիտելիքները հաճախ ուղղակիորեն շաղկապվում են ժամանակակից խնդիրների հետ: Հակամարտություններով բռնկված տարածաշրջաններում պատմության ուսուցման ժամանակ կիրառվող էկլեկտիկությունը ներկայացվում է զանազան պատմույթների (նարատիվների) միջոցով և հաճախ ընկալվում է որպես լուրջ խոչընդոտ սոցիալական միասնության ճանապարհին: Ինքնաճանաչման-նույնականացման գործոնները հակամարտություններում փոխադարձ օտարման պատճառ են դառնում: Որպես հետևանք՝ կրոնի կամ լեզվի դասավանդումը կարող է առանձնահատուկ լարվածություն առաջացնել: Ինքնագիտակցությանը սերտորեն փոխկապակցված արվեստն ու գրականությունն իրենց մեջ նույնպես պարունակում են անհանդուրժողականությանը նպաստող ներուժ:

Կարևոր է խոստովանել, որ մյուս առարկաները նույնպես կարող են դեր ունենալ երիտասարդների՝ հակամարտության մասին գիտելիքներ ստանալու մեջ: Իսկապես, երբեմն պատահում է այնպես, որ ինքնագիտակցությանը որևէ ձևով չվերաբերող առարկաներն իրենց բովանդակության մեջ այս կամ այն կերպ առնչվում են հակամարտություններին: Օրինակ՝ մաթեմատիկան, որի դասագրքերը համատեքստի մեջ կարող են հիշատակել ռազմական գործողությունները: Ավելի լայն կրթական պրակտիկան (դպրոցական արտագնա հավաքները կամ ուսումնական շրջանակներից դուրս իրականացվող միջոցառումները) նույնպես կարող են նպաստել հակամարտության մասին գիտելիքների ձեռքբերմանը: Սակայն, այդ պրակտիկան, որն ընդունակ է լուրջ ազդեցություն գործելու երիտասարդների՝ հակամարտության վերաբերյալ ստացվող գիտելիքների վրա, առաջին հայացքից կարող է այնքան էլ ակնհայտ չհամարվել:

Կրթական համակարգի համար օժանդակ համարվող պաշարները յուրահատուկ ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչպես են երիտասարդներին մատուցվում հակամարտության մասին գիտելիքները,  և թե նրանք ինչպես են ընկալում դրանք։ Երբ կրթությունն իրականացվում է բռնարար հակամարտության ժամանակ, ապա ուսումնական ծրագրերի շրջանակներում շարադրված դասագրքերը և այնտեղ ներդրված սոցիալ-մշակութային կանոնները կարող են քայքայիչ ծառայություն մատուցել հասարակության միասնությանը՝ բացասական կարծրատիպերի, պատերազմի առօրյա երևույթ լինելու և խաղաղության հարցերի համեմատ ռազմական խնդիրների գերակայության գաղափարի ամրապնդման միջոցով: Ակնհայտ է, որ այսպիսի պաշարները կարող են հանգեցնել հակամարտության արմատավորմանը, ուստի կարևոր է հասկանալ, որ ուսումնական ծրագրի բովանդակության փոխանցումը կախված է հիշյալ պաշարներն օգտագործելու եղանակից: Ուսուցիչներն ու դասախոսները պատասխանատու են կրթական ծրագրի մեկնաբանման և երիտասարդների ուսուցման դյուրացմանը միտված պաշարների կիրառման համար: Նրանք լրջագույն դեր ունեն երիտասարդների կրթության դասընթացը դպրոցներում հեշտացնելու համար: Այդ իսկ պատճառով նրանց արհեստավարժությունը, հմտություններն ու մոտեցումները չափազանց կարևոր են՝ հակամարտության մասին գիտելիքները երիտասարդներին պատշաճ չափով փոխանցելու համար:

Ասվածի լույսի ներքո հարց է ծագում, թե ինչպե՞ս դեպի խաղաղություն տանող ընթացքը կարող է աջակցվել կրթության կողմից: Նախ՝ պահանջվում է այն փաստի անկեղծ գնահատականը, որ կրթական քաղաքականությունն ու պրակտիկան մեղքի մեծ բաժին ունեն բռնության հավերժացման գործում: Ազգային դասագրքերի շարադրման մոդելը ձեռք է բերում մեծ կարևորություն այն գիտելիքների, հմտությունների և ընկալումների շրջանակում, որոնք այդ նույն մոդելն առաջ են մղում:  Պատմական և ժամանակագրորեն ավելի մոտիկ հակամարտություններին վերաբերող որոշ առարկաներ կրթական համակարգերի բարեփոխման ժամանակ պետք է հետևողականորեն գտնվեն աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո: Միաժամանակ, հարկ է հիշել, որ այլ առարկաներն ու դպրոցական միջոցառումները երիտասարդների մոտ նույնպես կարող են հակամարտությունների մասին համապատասխան գիտելիքներ ձևավորել: Հյուսիսային Իռլանդիայի պարագայում առկա են բազմաթիվ օրինակներ, երբ խաղաղարար կրթության նախագծերը կամ ծրագրերը փոխգործակցում են պաշտոնապես ընդունված կրթական ծրագրի հետ: Այդ ծրագրերը մշակվել են արվեստի, աշխարհագրության և քաղաքացիության պես առանձնահատուկ առարկաների յուրացումը հակամարտության պայմաններում դյուրացնելու համար: Այսպիսի կրթական ծրագրերը կարող են տարբերվել մեթոդաբանական հարթության վրա, բայց, ընդհանուր առմամբ, դրանք կենտրոնացած են մնում հակամարտությունների կարգավորման հմտությունների ձեռքբերման, հասարակության միասնության ամրապնդման և խաղաղարարության սատարման վրա:  Որոշ ծրագրեր միտված են հանդուրժողականության ամրապնդմանը, իսկ մյուսները երիտասարդներին հնարավորություններ են ընձեռում միջհամայնքային համերաշխությունը խորացնելու համար: Որոշ դեպքերում դրանց նպատակը անդրսահմանային երկխոսությունն ու հանդիպումների կազմակերպումն է, հաճախ՝ տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների միջնորդությամբ: Նախագծերի մի մասը նպատակաուղղված է մարդու իրավունքների ոլորտում գիտելիքների խորացմանը, իսկ երբեմն դրանց շրջանակներն ընդլայնվում են ընդհուպ մինչև սոցիալական արդարության համաշխարհային խնդիրների քննարկումը:

Բռնկված հակամարտություններ ունեցող տարածաշրջաններում կրթական պաշարների բովանդակությունն ու կառուցվածքը մշակման մեծ բծախնդրություն են պահանջում: Որպես դրական օրինակներ նման իրավիճակներում կարելի է նշել տարբեր տեսակետներ արտահայտող դասագրքեր կազմելը, ինչպես նաև մարդու իրավունքների շուրջ տրամախոսություն պարունակող ձեռնարկներ շարադրելը: Խաղաղարար կրթության ծրագրերի ի հայտ գալը նպաստել է դասավանդման գործընթացում խաղաղարարության և հակամարտություններին վերաբերող հարցերի դրական յուրացմանը նպաստող հավելյալ օժանդակ պաշարների մշակմանը: Կարևոր է նշել, որ այդ պաշարների տարածմանը նպաստել է ուսուցիչների և դասախոսների մասնագիտական զարգացման և վերապատրաստման անընդհատ գործընթացը:

Քանի որ յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է, հարկ է, որ բռնարար հակամարտություններից տուժած երիտասարդների ուսուցմանը լավագույնս նպաստող կրթական մոտեցումները ներդրվեն տեղում առկա իրադրությանը համապատասխան:  Խաղաղարար կրթության ծրագրերը կարող են նախաձեռնվել արտաքին գործակալությունների կողմից, սակայն դրանք մշտական համագործակցություն են պահանջում տեղի ուսուցիչների, մեթոդաբանների և երիտասարդների հետ: Ընդսմին՝ հարկ է ընդգծել, որ ամեն մի կրթական ծրագիր կամ նախաձեռնություն իր մեջ պետք է պարունակի օժանդակ գործառույթ ավելի լայն խաղաղարար ռազմավարությունների նկատմամբ:  Կրթությունը, բնականաբար, չի կարող դիտվել եզակի և իր տեսակի մեջ բացառիկ դեղամիջոց՝ զինված հակամարտությունը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին:  Թեև բռնարար հակամարտությունը Երկիր մոլորակի որոշ հատվածներում կյանքի անբաժան բաղադրիչ է, ներկայումս ընթանում են բազմաթիվ խաղաղ գործընթացներ:

Կրթության՝ որպես խաղաղ գործընթացի բաղկացուցչի հաջողված կիրառման փաստերի ուսուցումն արդիական է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են հակամարտություններ ունեցող տարածաշրջաններում երիտասարդների կյանքի պայմանները բարելավելու հարցերով: Քաղաքականության և պրակտիկայի զարգացումը կյանքից վերցված հստակ օրինակների վրա արմատական նշանակություն ունի երիտասարդներին՝ իրենց կյանքը նշանակալից չափով ձևավորող հարցերի համալիրի ոչ բռնի այլընտրանքների որոնումը հեշտացնելու համար:

 

 

Հղումներ

Bush, K. D., &Saltarelli, D. (2000).The two faces of education in ethnic conflict: Towards a peacebuilding education for children.UNICEF Innocenti Research Centre: Florence.

Davies, L. (2004). Education and conflict: Complexity and chaos. London: Routledge.

Davis, C. (2002). ‘A’ is for Allah, ‘J’ is for Jihad. World Policy Journal, 19(1), pp.90–94.

Machel, G. (1996). The impact of armed conflict on children. New York: UNICEF.

McMurray, A. and Niens, U. 2012. Building bridging social capital in a divided society: The role of participatory citizenship education. Education, Citizenship and Social Justice, 7(2), pp.207-221.

O’Malley, B. (2007). Education under attack.Paris:UNESCO.

Sheppard, B. and Kizuka, K. (2011). Taking armed conflict out of the classroom: international a domestic legal protections for students when combatants use schools. International Humanitarian Legal Studies, 2, pp.281-324.

Smith, A., & Vaux, T. (2003).Education, conflict and international development. London: Department for International Development.

Smith, A., McCandless, E., Paulson, J. and Wheaton, W. 2011.The Role of Education in Peacebuilding: Literature Review. New York: UNICEF.

Tawil, S., & Harley, A. (eds) (2004). Education, Conflict, and Social Cohesion.Geneva: UNESCO International Bureau of Education.

UNESCO (2013).Children still battling to go to school.Education for All Global Monitoring Report (Policy Paper 10). Retrieved from http://unesdoc.unesco.org/images/0022/002216/221668E.pdf

Share

Comments are closed.