Ռուսական սպառազինության նոր մատակարարում Ադրբեջանին. ի՞նչ կարող է դա նշանակել

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Կովկասի ինստիտուտի քաղաքական
հետազոտությունների բաժնի ղեկավար
Երևան

Երբ այս հոդվածը լույս կտեսնի` հայկական տեղեկատվական և հասարակական-քաղաքական դաշտերում 2013թ. ամռանը Ադրբեջանին ռուսական սպառազինությունների նոր մատակարարումների տեղեկատվության շուրջ ծագած հիստերիկ ցնորաբանությունն արդեն հանդարտված և նվազած կլինի, որպեսզի որոշ ժամանակ անց որևէ առիթով (կամ առանց առիթի) կրկին բորբոքվի, ինչպես պարբերաբար տեղի է ունենում երկու տասնամյակ շարունակ՝ ցուցադրելով սոցիալական հոռետեսության և այն հումանիտար ու քաղաքական գիտություններում սնող մասնագիտական դիլետանտության զարմանալի խառնուրդ, որը պատրաստակամորեն յուրացվում է հայ հասարակության մի մասի և ԶԼՄ-ների կողմից:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր խուճապային կանխատեսումների՝ մոտակա ամիսներին պատերազմ չի սկսվի: Ղարաբաղյան հակամարտության գոտում որակաքանակային հավասարակշռությունն անսասան է մնալու, և հույս կա, որ 2013թ. աշնանը ճակատի երկու կողմերում դրանում հերթական անգամ են համոզվելու: Եվ, ի վերջո, անգամ այն մարդիկ, ովքեր մինչ այդ զգացմունքային գրգռվածություն էին ցուցադրում, տրվելով այլևայլ վախճանաբանական ռազմաքաղաքական սցենարների մասին խոսելու գրավիչ հնարավորությանը, նույն հաջողությամբ դրա մասին կմոռանան:

Մյուս կողմից, տվյալ զգացմունքային վարքագծի և հայ հասարակության արձագանքի ակունքները մասամբ հասկանալի են. հասարակությունը և իր առանձին քաղաքականապես աշխույժ ներկայացուցիչներն ընդունակ և պարտավոր իսկ չեն գնահատել քաղաքական գործընթացները քաղաքական նպատակայնության և բանականության կատեգորիաների տեսանկյունից:  Առավել ևս, եթե այս երևույթը (ժամանակակից սպառազինությունների տեսակների մատակարարումն Ադրբեջանին) վերաբերում է Ռուսաստանի դաշնակցի և ՀԱՊԿ անդամի հնարավոր ռազմավարական հակառակորդին և քաղաքական բարոյականության հետ ունի շատ յուրահատուկ առնչություն:

Սակայն, ռազմաստրատեգիական հարցերով զբաղվող վերլուծաբաններն այդ կարգի դատողությունները պետք է հնարավորինս դուրս թողնեն իրենց վերլուծություններից և մեկնաբանություններից: Ընդսմին, դա չպետք է ընկալվի որպես կողմերից մեկին արդարացնելու փորձ, որովհետև հատկապես անվտանգության ոլորտում քաղաքական իրադարձություններին բարոյական գնահատականներ պետք է տան քաղաքական և հասարակական գործիչներ, այլ ոչ թե փորձագետներ կամ վերլուծաբաններ, անգամ եթե զգացմունքայնությունը նրանց էլ է հատուկ:  Առավել ևս, որ զգացմունքների տարափ առաջացրած այս երևույթը միանգամայն ավանդական է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության համար, և չնկատել այն կարող են միայն այն նկատել չկամեցողները:

Հայ-ադրբեջանա-ռուսական ռազմաքաղաքական եռանկյունու մեջ Ռուսաստանի սույն վարքագիծն ունի քառորդ դարի պատմություն: Առաջին անգամ Ռուսաստանն այն ցուցադրել է 1992-1994թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին խորհրդային բանակի գույքի բաշխման, իսկ վերջին անգամ 2011-2012թթ.՝ Մոսկվայի կողմից Բաքվին ժամանակակից հակահրթիռային Ս-300 ՊՄՈՒ-2 «Ֆավորիտ» և հարվածային ՄԻ-35Մ ուղղաթիռների վաճառքի ժամանակ: Սակայն, այս անգամ Հայաստանում արձագանքն անհամեմատ ավելի զորեղ էր: Կա՛մ հայ հասարակության ընկալման մեջ Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների ցանկը չափազանց տպավորիչ էր, կա՛մ նման քայլերի հաճախականությունը Հայաստանում և սփյուռքի հայկական գաղթօջախներում հետզհետե ավելի մեծ զայրույթ է առաջացնում: Բացառված չէ, որ վերջին դժգոհությունները համընկել են քաղաքական «բարենպաստ» կոնյունկտուրային ֆոնի հետ՝ գազի գների բարձրացման կամ ԵՄ և դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միության միջև Հայաստանի ընտրություն կատարելու կարծեցյալ անայլընտրանքության գաղափարին հակադրվելու համատեքստում:

Թեև կարևոր է բոլորովին այլ բան, ինչը չեն կամենում տեսնել խոցված ինքնասիրությամբ հայաստանյան հասարակական շրջանակները: Ադրբեջանում ևս չեն ցանկանում խոստովանել սեփական նավթադոլարների հաշվին նախաձեռնած հարատև սպառազինությունների մրցավազքի «սիզիֆյան» աննպատակությունը: Կրկնում եմ, որ ոչ մի նոր բան իրականում տեղի չի ունեցել, չի ունենում և տեսանելի ապագայում տեղի չի ունենա:

Ռուսաստանը վաճառում էր և կշարունակի շուկայական գներով Ադրբեջանին վաճառել սպառազինություններ և ռազմական տեխնիկա՝ զուգահեռաբար պահպանելով ռազմական հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության գոտում՝  հայկական բանակին համապատասխան տեխնիկայի և սպառազինությունների արտոնյալ կամ անվարձահատույց հիմունքներով մատակարարումների միջոցով, անգամ եթե այդ տեխնիկան կես սերնդով զիջում է սպառազինությունների ամենաժամանակակից տեսակներին (օրինակ՝ Ադրբեջանի շուկայական գներով ձեռք բերած Т-90С շատ կարգին տանկերն իրականում միևնույն Т-72 տանկի առավել արդիականացված տարբերակն է): Այսուհանդերձ, Հայաստանի ստացած սպառազինությունների բոլոր տեսակները կարելի է արդիականացնել՝ վերականգնելով անհրաժեշտ համապատասխանությունը: Մյուս կողմից, որակային առավելությունը կարելի է փոխհատուցել նաև քանակապես, իսկ երբեմն՝ թե՛ որակապես, և թե՛ քանակապես:

Այլ խոսքերով, եթե Ադրբեջանին կմատակարարվի Т-90 տեսակի շուրջ 200 տանկ (հայտարարված է 94 տանկ պարունակող մեկ գնդային համալիրի և նույն քանակով տանկերի նոր օպցիոնի մասին), ապա դա նշանակում է, որ Հայաստանը կստանա (կամ արդեն ստացել է) առնվազն նախորդ Т-72 տեսակի 300 տանկ: Սա կարող է լիովին փոխհատուցել առաջացած քանակային տարբերությունը:

Բերենք մի պատկերավոր օրինակ, որը բոլորովին աննկատ է մնացել մեր զգացմունքային մեկնաբանների կողմից, ովքեր «ութամյա ուշացմամբ» խուճապահար արձագանքել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին համազարկային «Սմերչ» համակարգերի մատակարարմանը, չիմանալով, որ Ուկրաինայից գնված 12 միավոր «Սմերչ» համակարգերն ադրբեջանական բանակի զինանոցում էին դեռևս 2003 թվականից: ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ Սերժ Սարգսյանը մարտական դրոշ է հանձնել հայկական զորքերի վերջերս ձևավորված նոր տանկային բրիգադին: Տանկային բրիգադն ըստ կանոնի ունենում է շուրջ 100 տանկ. տվյալ դեպքում խոսքը  Т-72  արդիականացված տանկերի մասին է: Բայց ոչ ոք հարց չի տալիս, թե որտեղից են այդ տանկերը Ղարաբաղում հայտնվել: Իրավիճակը նույնանման է զարգանալու նաև Հայաստանի ռազմաօդային ուժերի արդիականացման և հզորացման պարագայում: Այսպիսով, մի իրավիճակ է ստեղծվում, երբ Ադրբեջանը փաստացիորեն իր իսկ փողերով ֆինանսավորում է նաև հայկական բանակի վերազինումը:

Վերջին հաշվով, որքան էլ զարմանալի թվա, ստեղծվում է մի իրավիճակ, երբ համարյա բոլորը երջանիկ են: Ադրբեջանն իր համար բավական թանկ հաճույք է գնում, որն ադրբեջանական իշխանությունները ոչ պակաս մեծ հաճույքով ցուցադրել են 2013թ. հունիսի 26-ի ռազմաշքերթում՝ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Ադրբեջանական հասարակության մի մասը երջանիկ է ռազմաշքերթում այդ տեխնիկան տեսնելու համար և շարունակում է հավատալ իր ղեկավարության համարյա երկու տասնամյակ հնչող շարունակական հավաստիացումներին, թե Ադրբեջանը շուտով կսկսի Ղարաբաղի ազատագրման գործողությունը: Ռուսաստանը (հանձինս բավականին կոռումպացված ռազմաարդյունաբերական համալիրի) նույնպես երջանիկ է, քանի որ ամեն անգամ ադրբեջանական ռազմական պայմանագրերի շնորհիվ միլիարդավոր դոլարներ է ստանում:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հրապարակային դժգոհություն հայտարարելով հանդերձ, ի վերջո բավարարված է լինելու, քանի որ այս բազմաքայլ և միաժամանակ կանխատեսելի գործողության արդյունքում հնարավորություն կստանա վերազինել իր տանկային և թնդանոթային համակարգերը, ինչպես նաև առիթ կունենա սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մյուս տեսակների արդիականացման համար: Եվ, ի վերջո, Հայաստանի արևմտյան գործընկերները նույնպես շատ երջանիկ են, որովհետև այս պատմության շնորհիվ Հայաստանի հասարակության և քաղաքական ուժերի շրջանում կզորանան հակառուսական տրամադրությունները: Բայց ավելի երջանիկ են Հայաստանում գործող այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք գիտակցաբար կամ ոչ լրիվ գիտակցաբար փաստարկում և վարում են հակառուսական քաղաքականություն, որի արդյունքում նրանք կունենան իրենց գործունեության համար ավելի բարենպաստ պայմաններ:

Միաժամանակ, պետք է հասկանալ, որ Մոսկվայում բոլորովին չեն կամենում մասնակցել Ղարաբաղում կամ վերջինիս շուրջ ոչ մի մարտական գործողության: Միաժամանակ հասկանալի է, որ կան թե՛ երկկողմանի և թե՛ ՀԱՊԿ շրջանակներում առկա որոշ քաղաքական պարտավորություններ, որոնց չկատարումն ունի իր քաղաքական գինը: Հետևաբար, Մոսկվան շարունակելու է անել այն, ինչ մշտապես արել է նախորդ երկու տասնամյակի ընթացքում՝ պահպանել հավասարակշռությունը և չթույլատրել ռազմական գործողությունների վերսկսումը՝ չստեղծելով մի իրավիճակ, երբ Ռուսաստանի մատակարարած սպառազինությունն օգտագործվեր հենց ռուսական բանակի դեմ՝ տարածաշրջանում իր միակ ռազմաքաղաքական դաշնակցի՝ Հայաստանի առջև անվտանգության բնագավառում գոյություն ունեցող պարտավորություններին համապատասխան:

Share

Comments are closed.