Իրանում ներքաղաքական վիճակը մնում է լարված

Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի
Իրանի բաժնի գիտաշխատող
Երեւան

Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել են Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումները: Սակայն վերջին շրջանում այդ ուշադրությունը կրկնապատկվել է: Դա հիմնականում կապված է այն բուռն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում արաբական աշխարհում: Կա վտանգ, որ այն կտարածվի ողջ տարածաշրջանով մեկ, ընդգրկելով նաեւ մեր հարեւան Իրանը, որտեղ 2009թ. նախագահական ընտրություններից հետո չեն հանդարտվում կրքերը:

Եթե նախորդ տարիներին միջազգային հանրությունն ուշի ուշով հետեւում էր Իրանի միջուկային ծրագրի, Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, կանանց եւ խոսքի ազատության խնդիրների շուրջ ծավալվող զարգացումներին, ապա այս տարի լայնորեն քննարկվեց ԻԻՀ հոգեւոր առաջնորդ-նախագահ հարաբերությունների լարվածության փաստը, ինչն ինքնին ուշագրավ է բոլորի համար, քանզի դրանից կարող են առաջանալ նորանոր հարցեր, որոնք իրենց հերթին անպայմանորեն կազդեն տարածաշրջանային զարգացումների վրա:

2005թ. նախագահական ընտրությունների արդյունքում 16 տարի տեւած չափավոր պահպանողականների իշխանությունն անցավ ծայրահեղ պահպանողականների ձեռքը, որն ամրագրվեց նաեւ 2009թ. հունիսյան ընտրությունների ժամանակ, որտեղ հաղթանակեց Մահմուդ Ահմադինեժադը (Ահմադինեժադ` 62,46%, Մուսավի` կանաչների շարժման ղեկավար` 33, 87%):  Սա բողոքի լուրջ ալիք առաջացրեց ընդդիմադիր թեւի մոտ, որն անգամ փորձեց իրականացնել ՙԿանաչ հեղափոխություն՚: Ինչեւէ, հոգեւոր առաջնորդը հայտարարեց, որ երկրի նախագահ է ընտրվել Մահմուդ Ահմադինեժադը եւ ամեն կերպ սատարեց նրան ստեղծված իրադրությունում:

Այժմ Իրանի վրա ավելի շատ են ամպեր կուտակվում: Ներքին հուզումները չեն դադարում, մահապատիժները շարունակվում են, միջազգային ճնշումներն ավելի են ուժեղանում:

Սակայն այս ամենով հանդերձ նկատվում է եւս մի երեւույթ. լուրջ տարաձայնություններ են առաջացել հոգեւոր վերնախավի եւ գործող կառավարության միջեւ` Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ: Վերջին մեկ տարում այդ լարվածությունն այնքան խորացավ, որ կողմերն սկսեցին բացահայտ քայլեր իրականացնել իրար դեմ, ինչն էլ արձանագրվեց ԶԼՄ-ների կողմից: Նախագահը, փորձելով մեծացնել իր լիազորությունները, սկսեց պաշտոնանկ անել այն նախարարներին, որոնց սատարում էր հոգեւոր առաջնորդը: Կարելի է փաստել, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փորձեց  մեծացնել իր լիազորությունները, ստվերելով հոգեւոր առաջնորդինը: Իսկ սա լուրջ խնդիր է, քանզի Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին, տվյալ դեպքում` Ալի Խամենեիին, իսկ ստվերել այդ պաշտոնը նշանակում է հավակնել արդեն համակարգային փոփոխությունների:

ԻԻՀ նախագահի եւ հոգեւոր առաջնորդի միջեւ առաջին լարվածությունը նկատվեց 2009թ. հուլիսին, երբ Ալի Խամենեին պաշտոնից հեռացրեց փոխնախագահ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, ով ԶԼՄ-ների հավաստմամբ` Ահմադինեժադի խնամին է: Չհամաձայնվելով նման որոշման հետ, նախագահը վերջինիս նշանակեց իր աշխատակազմի ղեկավար:

Հաջորդ լարվածությունը գրանցվեց, երբ ԻԻՀ նախագահը, առանց հոգեւոր առաջնորդի հետ քննարկելու, պաշտոնից ազատեց արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին, ով այդ պահին աշխատանքային այցով գտնվում էր Սենեգալում եւ տեղյակ չէր նախագահի նման որոշման մասին:

Հարաբերությունների լարվածության նոր պատճառ դարձավ 2011թ. ապրիլի 17-ին Հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհից նախագահի պահանջած հրաժարականը, իսկ վերջինս, վայելելով հոգեւոր առաջնորդի հովանավորությունը, վերականգնվեց իր զբաղեցրած պաշտոնում: Այս հանգամանքը խիստ վիրավորեց նախագահին, եւ նա գրեթե 11 օր չհայտնվեց նախագահական պալատում, ինչպես նաեւ հետաձգեց պաշտոնական հանդիպումները: Ի պատասխան նախագահի դեմարշի` մեջլիսում իրականացվեց ստորագրահավաք` նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պաշտոնանկ անելու համար. ակնհայտ էր, որ դա իրականացվում էր հոգեւոր դասի հրահանգով:

Հասկանալով, որ իր գլխին կախվել է դամոկլյան սուրը, մայիսի 1-ին նախագահը հայտնվեց իր աշխատասենյակում եւ փորձեց շտկել ստեղծված իրավիճակը: Նա անգամ հանդես եկավ հայտարությամբ, ըստ որի` ոչ մի խնդիր չի կարող ստվերել իր եւ հոգեւոր առաջնորդի միջեւ եղած սերտ կապը:

Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Ահմադինեժադն ու իր թիմակիցներն  արդեն բացահայտ անտեսում են հոգեւոր առաջնորդի մի շարք հրամաններ, փորձելով ստվերել նրա հեղինակությունը:

Հատկանշական է, որ անգամ Մահմուդ Ահմադինեժադի հոգեւոր ուսուցիչ Յազդին, ով այս տարիների ընթացքում միշտ նրա կողքին է եղել, եւս քննադատեց նախագահի գործելաոճը եւ որակեց այն անտրամաբանական: Նա հայտարարեց, որ նախագահը գտնվում է  Ռահիմ Մաշայիի ազդեցության տակ, ում Ահմադինեժադը պատրաստում էր 2013 թվականի նախագահական ընտրություններին: Դա պարզ դարձավ, քանի որ Ռահիմ Մաշային ամենուրեք ուղեկցում էր Ահմադինեժադին, իսկ նախագահն էլ ակտիվորեն իրականացնում էր նրա PR-ը: Պահպանողականները լուրջ կասկածներ ունեն, որ Մաշային  փորձելու է փոխել երկրում գործող կառավարման համակարգը: Ըստ էության, Մաշային արժանացել է նման վերաբերմունքի իր տեսակետների համար. նա գտնում է, որ երկիրը պետք է կառավարվի ազգայնական մոտեցմամբ եւ դեմ է արտահայտվել հոգեւորականության ղեկավարման ներկա մոդելին:

Արդյունքում հոգեւոր առաջնորդի ճնշմանն ընկրկելով` նախագահն իր աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիին ազատեց պաշտոնից:

Օրեր անց ուշագրավ տեղեկություն տարածեց ՙԱռաջին լրատվական՚ գործակալությունը, հղում անելով իրանական Mehr գործակալության վրա, ըստ որի` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին հատկացվող ֆինանսները` կապված Ղոմ քաղաք այցելությունների ու հատկացումների հետ, չի ներառել երկրի տարեկան բյուջեում: Սա արդեն մարտահրավեր էր ընդհանրապես կղերականությանը:

Բնականաբար` ոչ հոգեւոր առաջնորդը, ոչ էլ ընդհանրապես հոգեւոր դասը չեն պատրաստվում հանդուրժել ստեղծված իրավիճակը ու զիջել իրենց դիրքերը:

Ուշագրավ մի դեպք եւս արձանագրվեց այդ օրերին. մայիսի 15-ին ԻԻՀ նախագահը պաշտոնից ազատեց նավթարդյունաբերության նախարար Սեյեդ Մասուդ Միր Քազեմիին, իսկ հաջորդ օրն ինքն իրեն նշանակեց նավթարդյունաբերության նախարարի ժամանակավոր պատասխանատու: Համաձայն ՙԼոս Անջելես Թայմս՚-ի` Իրանի Սահմանադրության պահապան խորհուրդն անօրինական է համարել նախագահի վերոհիշյալ որոշումը եւ մերժել նրա հայցը:  Ի դեպ, այդ խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որից  6-ը նշանակվում է հոգեւոր առաջնորդի, իսկ մյուսները խորհրդարանի կողմից:

Շուտով համաշխարհային ԶԼՄ-ներն արձանագրեցին, որ Իրանում հետապնդվել եւ ձերբակալվել են նախագահ Մահմուդ Ահմադինեժադի 25 կողմնակից` մեղադրվելով մոգության եւ ջին կանչելու մեջ: Ի դեպ, Ղուրանում ասվում է, որ մարդիկ պետք է խուսափեն ջիներից եւ չպետք է երկրպագեն նրանց: Ջիների հետ համագործակցելու անգամ կասկածի դեպքում ցանկացած իրանցի կհայտնվի բանտում:

Ըստ MIGnews-ի, հունիսի 3-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապան խորհրդի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին դիմել է հոգեւոր առաջնորդին, որպեսզի վերջինս թույլ տա ձերբակալել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Ինչպես հավաստիացնում է գործակալությունը, հրամանատարն առաջարկել է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Խամենեիի տապալման փորձին: Հոգեւոր առաջնորդը թույլ է տվել ձերբակալել բոլորին` բացի նախագահից:

Հունիսի 7-ին, Ֆրանս-Պրես գործակալության համաձայն, ձերբակալվել է Էսֆանդիար Ռահիմ Մաշային` մոգության մեջ ներքաշված լինելու մեղադրանքով:  Իրանի հոգեւոր դասն այսպիսով նախազգուշացրեց նախագահին, որ եթե նա չվերանայի իր որդեգրած քաղաքական կուրսը, նրանք կդիմեն առավել կոշտ միջոցների:  Այս անգամ արդեն նախագահը ոչինչ չձեռնարկեց` օգնելու իր համախոհին:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ` դեռեւս մայիսի սկզբներին ձերբակալվեցին նախագահի մի շարք կողմնակիցներ, այդպիսով լուրջ հարված հասցվեց նրա գործունեությանը: Հատկանշական է, որ նրանց գրեթե բոլորին ձերբակալեցին մոգության եւ ջին կանչելու մեղադրանքով:

Հունիսին Իրանի մեջլիսի 15 պատգամավորներ հանդես եկան ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ (ի դեպ, անգամ 10 ստորագրության դեպքում էլ նա պաշտոնանկ կարվեր): Պատճառը մեկն էր. նա արտաքին գործերի նախարարության ֆինանսական հարցերով փոխնախարար էր նշանակել Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեին, որին կասկածում են կոռուպցիայի եւ ԻԻՀ մի շարք օրենքների խախտման մեջ: Ծագած խնդիրն արագ լուծելու համար պաշտոնից հեռացվեց փոխարտգործնախարարը, իսկ հունիսի 23-ին Ֆարս գործակալությունը տեղեկություն տարածեց, ըստ որի` ձերբակալվել է փոխարտգործնախարար Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեն, ով եւս նախագահի մտերիմներից էր: Իսկ նախագահին պաշտոնանկ անելու հարցն էլ մեջլիսում կրկին դարձավ քննարկման առարկա:

Այս ամենով հանդերձ Իրանի հոգեւոր էլիտային այս պահին ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումը, քանզի այդ էլիտայի ներկայացուցիչները մտահոգ են, որ փոփոխությունները կարող են դառնալ համակարգային եւ որ կարող է կրկնվել ՙարաբական գարնան՚ սցենարն Իրանում: Միեւնույն ժամանակ Իրանում 2012 թվականին նախատեսվում են խորհրդարանական, իսկ 2013 թվականին` նախագահական ընտրություններ, եւ նրանք կարող են ծագած խնդիրները որոշ ժամանակ անց լուծել այլ հարթությունում:

Հունիսի 29-ին Ֆրանս-Պրես գործակալությունը տեղեկատվություն տարածեց, ըստ որի` նախագահն ի վերջո անդրադարձավ իր կողմնակիցների ձերբակալությունների ալիքին եւ հայտարարեց. ՙԱյս գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ: Պարզ է, որ ցանկանում են կառավարության վրա ճնշում գործադրել: Նախարարների կաբինետը սահմանագիծն է, եւ եթե նրան ձեռք տան, իմ պարտքն է պաշտպանել նրանց: Բայց եթե իմ գործընկերները մեղադրվում են, ապա ես օրինական իրավունք ունեմ նրանց կողքին կանգնել եւ պաշտպանել նրանց՚:

Անկախ վերոհիշյալ հայտարարությունից, որն, ըստ իս, ՙդեմքը պահպանելու՚ քաղաքականություն է, Ահմադինեժադն այլեւս չի կարող ունենալ այն ազատությունները, որ մինչ այդ ուներ: Մինչեւ 2013 թվականը մնալով նախագահի պաշտոնում, նա ստիպված կլինի համագործակցել հոգեւոր դասի հետ: Այլապես կարժանանա Աբդուլհասան Բանիսադրի ճակատագրին, ում նախագահի պաշտոնից հեռացրել են 1981 թվականին:

Share

Comments are closed.