Վրաստան. Քաղաքականությունը՝ թվերի մեջ

Ըստ NDI կատարած հարցման արդյունքների՝ աճել է Ռուսաստանը որպես սպառնալիք դիտող մարդկանց թիվը

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության շրջանում իշխող կուսակցությունը կրկին վայելում է ամենամեծ ժողովրդականությունը, թեև վարչապետ Բիձինա Իվանիշվիլու աջակցության վարկանիշը վերջին ամիսներին նվազել է վեց տոկոսով: Մասնավորապես, ըստ NDI-ի հունիսյան հարցման՝ Իվանիշվիլու հանդեպ դրական են տրամադրված հարցվածների 69 տոկոսը, մինչդեռ մարտին վարչապետի վարկանիշը կազմում էր դեռևս 75 տոկոս:

Միաժամանակ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու աջակցության վարկանիշը հունիսին կազմել է ընդամենը 23 տոկոս (մարտին՝  25 տոկոս):

Վարկանիշով քաղաքական գործիչներից առաջ է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն, ում գործունեությունը մարտ և հունիս ամիսներին դրական է գնահատել հարցվածների 92 տոկոսը:

Ուղիղ հարցազրույցի ձևով կատարված NDI-ի հարցումն անցկացվել է ողջ Վրաստանի տարածքով՝ հունիսի 12ից  26-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 2338 հոգի:

Քաղաքական ուժեր

Հատկանշական է, որ հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ ըստ քաղաքական խմբավորումների ունեցած տեսակետների իրենց ամենամոտն է Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանքը». միայն 10 տոկոսը, պատասխանելով տվյալ հարցին, նախապատվություն է տվել Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային շարժմանը»: Հարցվածների 15 տոկոսը հայատարարել է, որ Վրաստանում չկա իրենց տեսակետներին համապատասխանող քաղաքական ուժ, իսկ 8 տոկոսն էլ ասել է, որ դեռևս կողմնորոշված չէ:

Այնուամենայնիվ, «Վրացական երազանքից» նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին ստացել է հարցվածների սոսկ մեկ-երրորդի աջակցությունը: Միաժամանակ, հարցվածների ընդամենը 10 տոկոսն է հայտարարել, թե Վրաստանի նախագահի պաշտոնում կամենում է տեսնել Սաակաշվիլու կուսակցությունից դեռևս չառաջադրված թեկնածուին:

Միաժամանակ, հարցվածների 26 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, իսկ 7 տոկոսն էլ հանդես է գալիս բոլոր թեկնածուների դեմ:

Զուգահեռաբար, հարցվածների երեք-քառորդը համոզված է, որ երկրին անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր կուսակցություն, իսկ 47 տոկոսը կարծում է, որ Վրաստանում այդպիսի ընդդիմադիր ուժը Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային շարժումն» է:

Ժողովրդավարությունը և զարգացումը

Մարտի համեմատ 6 տոկոսով է նվազել այն հարցվածների թիվը, ովքեր կարծում են, թե Վրաստանը ժողովրդավարական պետություն է (աժմյան 38 տոկոսն՝ ընդդեմ մարտին արձանագրված 43 տոկոսի): Միաժամանակ, աճել է այն հարցվածների թիվը, որոնց գնահատմամբ երկրում ժողովրդավարություն չկա  (այժմյան 46 տոկոսն՝ ընդդեմ մարտին արձանագրված 38 տոկոսի):

Հարցվածների 40 տոկոսը (մարտին՝ 49 տոկոս) հայտարարել է, թե Վրաստանն ընդհանուր առմամբ զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 9 տոկոսը (մարտին՝ 6 տոկոս) համոզված է, որ Վրաստանն ընթանում է սխալ ուղիով: Ընդսմին՝ հարցվածների 30 տոկոսը (մարտին՝ 18 տոկոս) պնդում է, որ Վրաստանի զարգացման մեջ ոչ մի փոփոխություն չկա:

Իշխանափոխությունից ինն ամիս անց Վրաստանում իր վիճակի մեջ փոփոխություն չի տեսնում հարցվածների 72 տոկոսը: Ընդ որում, նրանցից 48 տոկոսը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունն իրենց օգտին իրականացնում է կարևոր փոփոխություններ, իսկ 16 տոկոսն, ընդհակառակը, կարծում է, որ իշխանության եկած նոր քաղաքական ուժի գործունեության հետևանքով իրենց դրությունը վատթարացել է: Հարցվածների 12 տոկոսը խոսում է իրավիճակի ակնառու բարելավման մասին:

Հարցվածների 4 տոկոսի կարծիքով՝ եթե Սաակաշվիլու կուսակցությունը պահպաներ իշխանությունը, ապա այն կկարողանար իրենց համար կարևոր բարեփոխումներ իրականացնել:

ՆԱՏՕ և ԵՄ

Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու՝ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը վերստին վայելում է երկրի բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը: Մասնավորապես, հունիսին հարցվածների 73 տոկոսն արտահայտվել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու օգտին, իսկ 79 տոկոսը հայտարարել է, թե կամենում է Վրաստանը տեսնել ԵՄ անդամի կարգավիճակում: Միաժամանակ, հարցվածների 51 տոկոսը չգիտի, թե երբ է Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, 10 տոկոսը կարծում է, որ դա տեղի է ունենալու  մոտակա չորս տարիների ընթացքում, 23 տոկոսը՝ 2016 թվականից հետո, իսկ 15 տոկոսը չի հավատում, որ Վրաստանը երբևէ կմտնի ՆԱՏՕ:

Ռուսաստանի հետ հարաբերություններ

Ըստ հունիսյան հարցման արդյունքների՝ աճել է ռուս-վրացական հարաբերություններով դժգոհ մարդկանց թիվը: Մասնավորապես, հունիսին հարցվածների 63 տոկոսը հայտարարել է, թե իրենց դուր չի գալիս այդ հարաբերությունների արդի վիճակը (մարտին այդպես էր կարծում հարցվածների 49 տոկոսը, իսկ անցած տարվա նոյեմբերին՝ 79 տոկոսը):

Երկու երկների միջև հարաբերություններն ընդունելի է հարցվածների մեկ-քառորդի համար: Մարտին ռուս-վրացական հարաբերություններով գոհ անձանց թիվը կազմել է 38, իսկ նոյեմբերին՝ 12 տոկոս:

«Ավելի մեծ թվով մարդիկ սկսել են Ռուսաստանը որպես սպառնալիք դիտել. մեծացել է նաև Ռուսաստանի նկատմամբ երկրի նոր քաղաքական ուղեգիծը չարդարացնող անձանց թվաքանակը», – հայտարարել է հունիսյան հարցման արդյունքները հրապարակած՝ NDI-ի վրացական գրասենյակի ղեկավար Լուիս Նավարրոն:

Մասնավորապես, հունիսին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 37 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Վրաստանի համար իրական սպառնալիք է հանդիսանում (մարտին այդ տեսակետին էր հարում հարցվածների 26 տոկոսը):

Նվազել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, թե ի հեճուկս Վրաստանի համար Ռուսաստանի սպառնալիք լինելու հանգմանքի, վերջինիս վտանգավորության չափը գերագնահատված է. հունիսին այդ գնահատականն արտահայտում էր հարցվածների 34 տոկոսը, իսկ մարտին՝ 42 տոկոսը: Հարցվածների ընդամենը 20 տոկոսն է համարում, որ Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք չի ներկայացնում:

Հատկանշական է, որ Վրաստանի հանդեպ ՌԴ դիրքորոշման շուրջ հիասթափություն է արտահայտել նաև երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, մասնավորապես՝ Ցխինվալի տարածաշրջանի վարչական սահմանի երկայնքով Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում ռուս սահմանապահների կողմից խորությամբ փշալարերով պաշտպանական գիծ կառուցելու կապակցությամբ: Վարչապետը մի քանի անգամ ընդգծել է, որ Թբիլիսին իշխանափոխությունից հետո փոխադարձ հարաբերությունների բարելավման ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում հնարավոր է եղել երկու երկրների միջև առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների վերականգնումը: Վարչապետը Մոսկվայից նույնպես համապատասխան քայլեր էր ակնկալում . «Տեղի ունեցողը շատ տհաճ է և, ճիշտն ասած, անհասկանալի, քանի որ ես կարծում էի, թե Վրաստանի նոր իշխանությունների ու Ռուսաստանի միջև զարգանալու են այլ կարգի հարաբերություններ: Մենք ոչինչ չենք խնայել իրավիճակի կարգավորման համար: Ինձ համար այս ամենը շատ անպասելի էր», – մայիսին հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Ցավոտ կետեր

Ըստ NDI-ի կատարած հարցման՝ Վրաստանի բնակիչների համար ամենացավոտ հարցը (հարցվածների 61 տոկոս) գործազրկությունն էր, Վրաստանի տարածքային ամբողջականությունը (34 տոկոս) և մատչելի առողջապահությունը (30 տոկոս):

Վրաստանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ղեկավարների պնդմամբ, նախքան հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունները NDI-ը կիրականացնի հանրային տրամադրություններն ուսումնասիրող ևս մեկ հետազոտություն:

 

Նեսթան ՉԱՐԿՎԻԱՆԻ

www.golos-ameriki.ru

Share

Comments are closed.