Հայաստան. որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է տանում էներգակիրների թանկացումը

Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ փորձագետ
Երևան 

Հայտնի է, որ սույն թվականի հուլիսից գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ: Բնակչության համար՝ 132 հազ. դրամ 1000 խորանարդ մետր գազի համար՝ նախկին 132 հազ. դրամի փոխարեն. ցերեկային 38 դրամը և գիշերային 28 դրամը՝ էլեկտրաէներգիայի օգտագործման համար՝ նախկին 30 և 20 դրամի փոխարեն: Արդյունքում, բնակչության համար գազի սակագինը մեծացել է 18.2%-ով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ ցերեկայինի համար 26.7% և գիշերայինի համար 40%-ով: Գազի խոշոր սպառողների համար (10 հազ. խորանարդ մետրից ավելի)՝  115 հազ. դրամ յուրաքանչյուր 1000 խորանարդի մետրի համար՝ նախկին 100 հազ. դրամի փոխարեն: Այսինքն, թանկացումը կազմել է 15%:

Հարց է ծագում՝ որքանո՞վ էր տնտեսապես արդարացված այսպիսի թանկացումը:

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի փուլային թանկացումը տնտեսապես անխուսափելի է: Գազը հետևողականորեն թանկանալու է՝ մինչ շակայական միջին գնին հասնելը: Մյուս կողմից՝ վերջին տարիներին նկատվում է ռուսական գազի արտահանման գնի նվազման միտում:  Ռուսաստանից Եվրոպայի երկրներ մատակարարվող գազի միջին գինը 2012թ. կազմել է 401,74 ԱՄՆ դոլար: «Գազպրոմի» մատուցած տվյալների համաձայն՝ 2013թ. գազի արտահանման գինը սահմանված է 369,7 ԱՄՆ դոլար: Ընդ որում, շարունակում են նվազել դեպի Եվրոպա ուղղված ռուսական գազի մատակարարումները. ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներով արտահանման ծավալների նվազումը կազմել է շուրջ 5%:

Այսօր, թանկացումից հետո, Հայաստանը գնում է ռուսական գազը՝ սահմանին 270 ԱՄՆ դոլար գնով: Մինչև վերջին թանկացումը սահմանում գազի գինը կազմել է շուրջ 190 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Հայաստանի իշխանությունները շարունակում են բանակցություններ վարել ռուսական կողմի հետ՝ մոտակա հինգ տարիների ընթացքում տվյալ գնի սառեցման և ռուսական գազի նոր գնից 30%-ի չափով գրանտային դոտացիաների տրամադրման համար:

Միանգամայն հնարավոր է, որ հիշյալ բանակցությունների հաջողությունը կախված լինի սույն թվականի Հայաստանի կողմից Եվամիության հետ նոյեմբերին սպասվող ասոցիացիայի պայամանգրի նախաստորագրման փաստից: Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի հետ պայմանագիրը Հայաստանի կողմից Վիլնյուսում կնախաստորագրվի, քանի որ այն բավականին օրինաչափ և տնտեսապես նպատակային է:

Համենայն դեպս, Հայաստանի կողմից ներկրվող գազի գնի հետագա բարձրացումն անխուսափելի է. այն կախված է ընդամենը անխուսափելիության տարբեր հավանական ժամկետներից:

Այս տեսանկյունից Հայաստանի համար արմատական լուծումը կարող է լինել ոչ ավանդական, առաջին հերթին՝ արևային էներգետիկայի զարգացումը, քանի որ Հայաստանը երկիր մոլորակի ամենարևոտ երկրներից է: Արդիական արևային էներգասարքավորումների շահավետությունն այստեղ էապես ավելի մեծ է: Սակայն դրա համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ և լուրջ ներդնողներ: Իսկ լուրջ ներդրողները չեն շտապում ներդրումներ կատարել կոռումպացված Հայաստանում և այս հարցում նրանց դիրքորոշումը միանգամայն հասկանալի է:

 Հայաստանի համար արմատական լուծումը կարող է լինել ոչ ավանդական, առաջին հերթին՝ արևային էներգետիկայի զարգացումը, քանի որ Հայաստանը երկիր մոլորակի ամենարևոտ երկրներից է

Եթե գազի թանկացմանն առնչվող իրավիճակը թափանցիկ է և թանկացման պատճառները տնտեսապես հիմնավորված են, ապա էլեկտրաէներգիայի այսպիսի կտրուկ թանկացումը հարուցում է մեծ թվով անպատասխան հարցեր:

Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը քննարկումների ժամանակ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը հիմնավորելու համար ներկայացրել է տառացիորեն հետևյալ փաստարկումը.

«Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել գազի գնի թանկացումը, տարադրամի կուրսի փոփոխությունները, ամորտիզացիոն ծախսերը, աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը և մի շարք այլ գործոններ»:

Փորձենք քննել հանձնաժողովի փաստարկումը:

Առաջին փաստարկը գազի գնի բարձրացումն է: Բնական գազի հիման վրա Հայաստանում արտադրվում է էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը, շուրջ 30%-ն արտադրվում է ատոմակայանի, իսկ մնացյալ 30%-ը՝ հիդրոէներգետիկայի և այլ աղբյուրների միջոցով: Ընդ որում, գազից արտադրվող էլեկտրաէներգիայի կեսը բարտերային հիմունքով արտահանվում է Իրան՝ իրանական խողովակաշարով ներմուծվող բնական գազի դիմաց՝ 3 կիլովատ/ժամը՝ մեկ խորանարդ մետր գազ  հաշվարկով:

Ներքին սպառմանն ուղղված էլեկտրաէներգիայի ընդամենը 25%-ն է արտադրվում գազից: Հետևաբար, ռուսական գազի 15%-ով թանկացումը պետք է հանգեցներ էլեկտրաէներգիայի գնի թանկացմանն ընդամենը 3-4%-ով: Այսպիսով, հեղինակավոր հանձնաժողովի առաջին և, ըստ երևույթին, գլխավոր փատսարկը կարող է հիմնավորել ներքին սպառման էլեկտրաէներգիայի  գնի թանկացումը միայն 1/10-րդ մասով: Բաց է մնում թանկացման մնացյալ 90%-ի հարցը: Այնուամենայնիվ, փորձենք պատասխաններ գտնել Հայաստանի քաղաքացիների կենսապայմանների կտրուկ վատթարացման անհրաժեշտությունը հիմնավորելու համար հեղինակավոր հանձնաժողովի կողմից ավելի հեղինակավոր խորհրդարանին ներկայացված հաջորդիվ բերված փաստարկները:

Որպես էլեկտրաէներգիայի թանկացման երկրորդ պատճառ նշվում է դրամի տարադրամային կուրսի փոփոխությունը: Բոլորովին հասկանալի չէ, թե, օրինակ,  ի՞նչ կապ ունի ԱՄՆ դոլարի կուրսի բարձրացումն էլեկտրաէներգիայի գների թանկացման հետ այն դեպքում, երբ Հայաստանը ոչ թե ներմուծում, այլ արտահանում է էլեկտրաէներգիան: Դոլարի կուրսի բարձրացումը հայրենի դրամի նկատմամբ պետք է միայն բարելավեր իրավիճակը և մեծացներ էներգետիկ ոլորտի շահութաբերությունը, ուստի նաև միջնորդավորված կերպով ստեղծեր ներքին սպառման էլեկտրաէներգիայի գնի իջեցման հնարավորություն: Այսինքն, տվյալ փաստարկումը տնտեսապես միանգամայն անհեթեթ է: Այնուամենայնիվ, նշենք, որ ԱՄՆ դոլարի կուրսի աճը հայկական դրամի նկատմամբ վերջի մեկ ու կես տարվա ընթացքում կազմել է միայն 5.1%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի  20%-ն արտահանվում է, մենք ունենք նոմինալ 1.22 % շահույթ՝ արտադրվող էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամից, որը հանձնաժողովի տրամաբանությամբ կորուստ է դիտվում՝ 1%-ից մի քիչ ավելի չափով:

Երրորդ փաստարկը ամորտիզացիոն ծախսերն են: Այնքան էլ հասկանալի չէ, թե խոսքն ինչի՞ մասին է, քանի որ ամորտիզացիոն ծախսերը միշտ եղել են, կլինեն և սակագների փոփոխության օգտին փաստարկ լինել չեն կարող: Եթե խոսքը ոչ թե բուն ամորտիզացիոն ծախսերի, այլ միշտ գոյություն ունեցած ամորտիզացիոն ծախսերի ավելացման մասին է, ապա փաստարկն առավել ևս անհասկանալի է, քանի որ հայրենի էներգետիկայի սարքավորումների հիմնական մասն արտադրվել էր դեռևս խորհրդային տարիներին: Այդ սարքավորումների ամորտիզացիոն ժամկետը վաղուց լրացել է:

Եթե, այնուամենայնիվ, խոսքն այն մասին է, որ սարքավորումների մի մասն այսօր գնվում է տարադրամով, իսկ տարադրամը թանկացել է, ապա հարկ է ենթադրել, որ ծախսերի ընդհանուր կառուցվածքում ամորտիզացիոն ծախսերի բաժինը չի գերազանցում 20%-ը: Եթե նոր սարքավորումների 70%-ը գնվում է տարադրամով, ապա տարադրամային ամորտիզացիոն ծախսերի թանկացումը պետք է կազմի շուրջ 0.84 %, այսինքն՝ 1%-ից էլ պակաս: Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ դոլարի կուրսի բարձրացման շնորհիվ գոյացած արտահանման շահույթի աճը լիովին ծածկում է ամորտիզացիոն ծախսերի համար տարադրամային ծախսերի հնարավոր առավելագույն բարձրացումը:

Էլեկտրաէներգիայի գնի թանկացման օգտին հնչած չորրորդ փաստարկը աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունն էր: Հավանաբար, խոսքը էներգետիկայի ոլորտի աշխատակիցների աշխատավարձի մասին է: Արտադրության յուրաքանչյուր ոլորտի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը հնարավոր է բացառապես տվյալ արտադրության աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման և երբեք՝ ծառայությունների արժեքի բարձրացման հաշվին: Այսինքն, տնտեսության դիտանկյունից  այսպիսի փաստարկումը ոչ միայն անհիմն է, այլև՝ մեծապես վնասակար: Ստացվում է, որ էներգետիկները ավելի լավ և արդյունավետ աշխատել չեն կարող, դրա համար էլ հեղինակավոր հանձնաժողովը որոշել է բարելավել վերջիններիս կյանքը երկրի մնացած՝ այդ թվում և աղքատության շեմից դուրս գտնվող բնակչության հաշվին: Հիշեցնենք մի տխուր փաստ. այս դառը շեմից ներքև այսօր գտնվում է Հայաստանի բնակչության 1/3-ը:

Եզրակացություն. էլեկտրաէներգիայի գնի այսչափ կտրուկ բարձրացումը տնտեսապես հիմնավորված չէ: Ավելի ճիշտ՝ հիմնավորված է թանկացման ընդամենը 1/10-րդը՝ 26,7%-ից (40%) 3-4%-ը : Զարմանալի է, թե Հայաստանում որքան շատ են գրում գազի թանկացման մասին և, միաժամանակ, այդքան քիչ անդրադառնում էլեկտրաէներգիայի ըստ էության անհանդուրժելի թանկացմանը: Այս կամայականության հետևանքով տեղի է ունենալու երկրի բնակչության խորացող աղքատացումն ու արտագաղթի ծավալների աճը: Արտագաղթի ամենադառը դրսևորումը՝ հուսալքության դրդմամբ երկրից հեռանալն է:

Զարմանալի է, թե Հայաստանում որքան շատ են գրում գազի թանկացման մասին և, միաժամանակ, այդքան քիչ անդրադառնում էլեկտրաէներգիայի ըստ էության անհանդուրժելի թանկացմանը

Էլ ավելի անհիմն է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն Արցախի պայմաններում: Արցախն ինքն իրեն էլեկտրաէներգիայով ապահովում է 70%-ով՝ սեփական հիդրոէլեկտրակայանների շնորհիվ, իսկ Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիան կազմում է ընդամենը 30%:  Սույն փաստի հաշվառմամբ՝  Հայաստանից ստացված միայն յուրաքանչյուր չորրորդ կիլովատն է արտադրված գազից: Այսպիսով, արցախցի սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի միայն 7-8%-ն է արտադրվում թանկացած գազից: Քանի որ գազը թանկացել է  15%-ով, ապա Արցախում էլեկտրաէներգիայի թանկացումը չպետք է գերազանցեր 1-1,2 %: Բարեբախտաբար, Արցախի իշխանությունները փորձել են հոգատարություն ցուցաբերել բնակչության նկատմամբ՝ դոտացիաներ սահմանելով էլեկտրաէներգիայի սպառման դիմաց:

Սակայն բնակչությանը դոտացիաների տրամադրումն էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծում չէ: Դա ընդամենը խնդիրը երևացող դաշտից աներևույթ հարթություն փոխադրել է նռանակում: Բնակչությունից միջոցների խլման ուղիղ ձևից անցում է կատարվում ավելի «մշակված» միջոցների: Անուղղակիոորեն և միջնորդավորված կերպով էլեկտրաէներգիայի թանկացման ողջ բեռը կրկին դրվել է հենց բնակչության ուսերին:

Դոտացիաների հայթայթումը ծրագրվում է ապահովել հանրապետական բյուջեից: Իսկ հանրապետության բյուջեն ձևավորվում է այդ նույն բնակչության հարկման միջոցով: Սահմանափակ և պակասորդային բյուջեի հավելյալ ծախսումը հնարավոր է միայն այլ ոլորտներում՝ կրթության, առողջապահության, կենսաթոշակային ապահովման և համանման այլ բնագավառներում քաղաքացիների սոցիալական ապահովության նվազեցման հաշվին:

Տեղական արտադրողների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է սննդամթերքի այն տեսակների թանկացմանը, որոնց արտադրության մեջ տեխնոլոգիապես բարձր է էլեկտրաէներգիայի ծախսը: Սա, առաջին հերթին, ալյուրն է և այլ հացամթերքները, որոնց արտադրական ծախսերի կառուցվածքում էլեկտրաէներգիան կազմում է շուրջ 20%:  Հետևաբար, անխուսափելի է տվյալ տեսակի մթերքների թանկացումը 6-8%-ով: Գնաճի ընդհանուր մակարդակի հաշվառմամբ՝ մեկ տարվա ընթացքում հացամթերքների և սննդամթերքի այլ հիմնական տեսակների թանկացումը կարող է հասնել  10-12%-ին:

Հայկական վիճակագրության տվյալների համաձայն՝ ընթացիկ 2013թ. երկրորդ քառամսյակում  նվազագույն սպառողական զամբյուղի աժեքը կազմել է 56,8 հազ. դրամ, այսինքն՝ այն աճել է 2,7%-ով (1.5 հազ. դրամ):

Եվ դա հիմնական սպառողական ապրանքների թանկացման սոսկ սկիզբն է: Ավա՜ղ:

 

Share

Comments are closed.