Հասարակությունն ու կոռուպցիա Հայաստանում

Ի՞նչ է ցույց տվել Global Corruption Barometer-2013-ը

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հետազոտող սոցիալական գիտությունների բնագավառում, Կովկասի ինստիտուտ
Երևան

Այսօր կոռուպցիան Հայաստանի հասարակական տրամախոսության մեջ առավել քննարկվող թեմաներից է: Կոռուպցիայի լայն տարածման մասին պատկերացումը Հայաստանում վաղուց է գերիշխում: Հայաստանի շատ քաղաքացիներ կոռուպցիայի խնդիրը կապում են տնտեսության մեջ գերիշխող առանձին անձնավորությունների, ուրիշները՝ քաղաքական վերնախավի,իսկ մյուսները՝ հայ ժողովրդի «հոգեկերտվածքի» հետ: Սակայն խնդրի ընկալման մակարդակն առնվազն անբավարար է, տրամախոսությունը քաղաքականացված է, հետևաբար, շատ բարձր է կանխակալության մակարդակը, որը, վերջին հաշվով, թույլ չի տալիս լուծել խնդիրը: Փորձենք քայլ կատարել խնդրի գիտական ըմբռնման ուղղությամբ:

Համաշխարհային ընդգրկմամբ կոռուպցիայի ուսումնասիրությամբ է զբաղվում միջազգային «Transparency International» ընկերությունը, որը պարբերաբար հրապարակում է Կոռուպցիայի ընկալման ցուցակ (CPI) և Համաշխարհային կոռուպցիոն բարոմետրը (GCB): Քանի որ CPI պարագայում ուսումնասիրության առարկան կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքն է, իսկ GCB դեպքում՝ կաշառակերության երևույթը, մենք կանդրադառնանք «Բարոմետրին»:

Հուլիսին «Transparency International»-ը հրապարակել է Համաշխարհային կոռուպցիոն բարոմետր-2013» զեկույցը, որը հիմնված է աշխարհի բազում երկրներում անցկացված հարցումների վրա: Քանի որ այս ուսումնասիրությունը բավականին ընդգրկուն է և առաջին անգամ չէ, որ անցկացվում է, դրա արդյունքները կարելի է օգտագործել Հայաստանում կոռուպցիայի տարածման չափը և ժամանակային դինամիկան այլ երկրների համեմատությամբ գնահատելու համար:

Ուսումնասիրության ժամանակ տրվում էին բազմաթիվ հարցեր, որոնցից ամենագլխավորը կաշառակերության պրակտիկայի մասին էր: Այն հնչում էր այսպես. «Դուք կամ Ձեր ընտանիքի որևիցե անդամ վերջին 12 ամիսների ընթացքում կաշառք տվե՞լ եք»: Ճշտվում էր յուրաքանչյուր հաստատությունում (կրթություն, բանակ, ոստիկանություն և այլն) կոռուպցիոն ռիսկերի առկայության մակարդակը, պարզվում էր տարբեր ծառայությունների հետ քաղաքացիների շփման հաճախականությունը, ինչպես նաև՝ դրանցում կոռուպցիայի առկայության սուբյեկտիվ պատկերացումները: Հարցերի մեկ այլ շարք վերաբերում էր վերջին տարիների ընթացքում երկրում կոռուպցիայի չափերի փոփոխությունների ընթացքին:

Իրականում, կոռուպցիան շատ ընդգրկուն թեմա է, որը կաշառակերությունից բացի պարունակում է այնպիսի երևույթներ, ինչպիսին  են նեպոտիզմը (ազգականների առաջնահերթ ընդունումն աշխատանքի), ոչ թափանցիկ մրցույթներն ու «ատկատներով» հանդերձ պետական տենդերները, գանձագողությունը (ուղղակի բյուջետային յուրացում, միջին և բարձր մակարդակի պետական պաշտոնյաների չհիմնավորված ծախսեր), հարկերից խուսափելը, փողերի լվացումը  և դրանք օֆշորային գոտիներ տեղափոխելը: Բառիս ներկայիս արևմտյան ընկալման մեջ ոչ ֆորմալ տնտեսական հարաբերությունների համարյա բոլոր տեսակները դիտվում են որպես կոռուպցիա:  Կոռուպցիայի դրսևորման ևս մի տեսակը՝ իշխանությունների աջակցությամբ կամ չմիջամտությամբ (հակամենաշնորհային օրենսդրության առկայության դեպքում) տնտեսության առանձին ճյուղերի մենաշնորհումն է, ինչպես նաև պետական ծառայությունների որակի անկումը:

Սույն հոդվածում մենք, հետևելով «Transparency»-ին, նեղ իմաստով դիտարկելու ենք կոռուպցիան որպես կաշառակերությանը նույնացող երևույթ: Կաշառակերությունը, որպես կանոն, անուղղակի կամ ուղղակի կերպով կապված է կոռուպցիոն այլ տեսակի դրսևորումների հետ: Բացի դրանից, մեկ հոդվածի շրջանակում պարզապես անհնարին է ընդգրկել և քննել կոռուպցիոն հարաբերությունները բնութագրող բոլոր երևույթները: Այդ իսկ պատճառով մենք կանգ ենք առնելու Հայաստանում կոռուպցիայի դրսևորման ամենատեսանելի երևույթի՝ կաշառակերության վրա:

Սույն հոդվածի շարադրման ժամանակ մենք գիտակցաբար հեռանում ենք չափանշային տրամախոսությունից առ այն, թե Հայաստանում կոռուպցիայի աղբյուրը բացառապես իշխող քաղաքական վերնախավն է: Դրա մասին առանց մեզ էլ շատ է խոսվել: Սակայն, եթե խնդիրը փորձենք գիտական տեսանկյունից քննել, ապա վերնախավերի ուսումնասիրությունը կպահանջի հասարակագիտության շրջանակներում միջգիտակարգային հետազոտության անցկացում, որը Հայաստանում  1990-ականների սկզբներից չի անցկացվում:  Բացի դրանից, կոռուպցիոն հարաբերություններում և դրանց դեմ պայքարում հեղինակի գնահատմամբ հասարակության ունեցած դերն էապես ավելի կարևոր է, քան սոսկ վերնախավինը:

Կոռուպցիայի չափումներ

Հասարակության մեջ ամենատարածված տեսակետի համաձայն՝ Հայաստանում կոռուպցիան բարձր մակարդակի է, իսկ վերջինիս սահմաններից դուրս՝ ցածր: Տիրապետող է նաև այն կարծիքը, թե կոռուպցիայի խնդիրը Հայաստանում անհնար է կամ չափազանց դժվար է հաղթահարել: Ուստի, հասկանալու համար, թե ինչպիսին է կոռուպցիայի մակարդակը Հայաստանում և ինչով է այն տարբերվում այլ երկրներից, Հայաստանը դիտարկենք համաշխարհային համապատկերում:

 

Կաշառք են տվել

Կարծում են, որ կոռուպցիան նվազել է

Տեղ՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում – 2012 թ.

2013

2011

Տարածաշրջան՝ Կովկաս, ԱՊՀ և Մերձավոր Արևելք

Հայաստան

18%

23%

18%

105

Վրաստան

4%

4%

70%

51

Ադրբեջան

Տվյալներ չկան

47%

41%

139

Թուրքիա

21%

33%

29%

54

Հորդանան

37%

Տվյալներ չկան

17%

58

Ռուսաստան

Տվյալներ չկան

26%

11%

133*

Ուկրաինա

37%

37%

5%

144

Ղազախստան

34%

Տվյալներ չկան

22%

133*

Ղրղզստան

45%

Տվյալներ չկան

14%

154

Տարածաշրջան՝ Եվրոպական Միություն

Բուլղարիա

8%

8%

16%

75

Ռումինիա

17%

29%

8%

66

Լատվիա

19%

15%

16%

54*

Լիտվա

26%

34%

8%

48

Հունգարիա

12%

24%

7%

46

Չեխիա

15%

14%

7%

54*

Հունաստան

22%

18%

15%

94

Ֆրանսիա

Տվյալներ չկան

7%

7%

22

Գերմանիա

Տվյալներ չկան

2%

8%

13

Դանիա

1%

0%

5%

1

Իսպանիա

2%

5%

5%

30

Տարածաշրջան՝ այլուր

Սերբիա

26%

18%

55%

80*

Հնդկաստան

54%

54%

7%

94*

ԱՄՆ

7%

5%

10%

19

Սինգապուր

Տվյալներ չկան

9%

Տվյալներ չկան

5

Վիետնամ

30%

44%

18%

123

Յեմեն

74%

66%

21%

156

Չինաստան

Տվյալներ չկան

9%

Տվյալներ չկան

80*

Չիլի

10%

21%

13%

20

Երկիր մոլորակ

27%

24%

18%

Ընդամենը՝ 176

* Վարկանշային սանդղակում նմանվող ցուցանիշներով միևնույն դիրքը կարող են զբաղեցնել միաժամանակ մի քանի երկրներ

2013 թ. դրությամբ Հայաստանում կաշառակերության մակարդակը նվազել է՝ կազմելով 18%: Այսպիսով, Հայաստանը դուրս է եկել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մակարդակի վրա և անգամ գերազանցել է Եվրամիության մի շարք երկրների: Թվում էր, թե իրավիճակը շատ դրական է զարգանում, և կոռուպցիան այլևս խնդիր չի ներկայացնում: Եվ, իրոք, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ կոռուպցիան տարեցտարի զիջում է իր դիրքերն առաջնահերթային խնդիրների ցանկում: Սակայն գոյություն ունի մեկ այլ պատճառ ևս:

«Transparency»-ի կատարած միևնույն հարցման տվյալներով Հայաստանում չափազանց ցածր է հասարակական և պետական հաստատությունների հանդեպ վստահությունը: Տարածված է սոցիալական հոռետեսությունը և հավատի բացակայությունը բացասական երևույթների դեմ քաղաքացու պայքարի ունակության նկատմամբ: Տիրապետում է այն պատկերացումը, թե քաղաքացին ի վիճակի չէ երկրում որևէ բան փոխել: Կոռուպցիայի հետ կապված միջադեպերի մասին իրազեկելու անպատրաստությունից բացի (միայն 33%-ն է պատրաստ հաղորդել կաշառակերության միջադեպի մասին. համեմատության համար՝ Գերմանիայի ցուցանիշը 94% է), իրազեկելուն անպատրաստ մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ պայքարի համար հնարավոր չէ որևէ բան անել:

Այս մոտեցումն առանձնացնում է Հայաստանն անգամ այն երկրներին շարքում, որտեղ որպես չիրազեկման պատճառ մարդիկ նշում էին վախը (Հայաստանում այդ մարդիկ փոքրամասնություն են կազմում): Այստեղ էլ Հայաստանը պատկանում է նմանատիպ տրամադրություններ ունեցող այլ հետկոմունիստական երկրների շարքին: Սակայն, գոյություն ունի ևս մի հանգամանք, որն առանձնացնում է Հայաստանը մի քանի այլ երկրներից՝ կոռուպցիոն հարաբերություններում մարդկանց ներգրավվածության չափը:  Հաճախ կաշառք տալու նախաձեռնությունը բխում է հենց քաղաքացիներից (այդ թվում՝ նվերի տեսքով): Փաստորեն, հասարակությունում գերիշխող մշակութային դրվածքը մի կողմից ճանաչում է գոյություն ունեցող կոորդինատների համակարգում պաշտոնյայի կոռուպցիայի դիմելու իրավունքը, մյուս կողմից՝ կոռուպցիոն համակարգը մերժվում է որպես անարդար: Այդ իսկ պատճառով, քաղաքացիներն իրենց իսկ նախաձեռնությամբ ձգտում են ներառվել կոռուպցիոն համակարգում, բայց, այդ հնարավորություն չգտնելով, փորձում են լքել այն:

Հայաստանը համեմատենք Լիտվայի հետ: Լիտվայում կաշառակերության մակարդակն ավելի բարձր է համարյա մեկ ու կես անգամ: «Transparency»-ի նշած ութ հաստատություններից  չորսի մեջ (առողջապահական ծառայություններ, ոստիկանություն, դատարաններ, վերահսկիչ մարմիններ) հայաստանյան կոռուպցիոն ռիսկերը բարձր էին (կաշառք են տվել համապատասխան ծառայությունների հետ առնչված անձանց 24%-ից 16%-ը), երեքի մեջ (կրթություն, մաքսատներ, հողային ծառայություններ և կադաստր)՝ միջին չափի 12%- 9%-ը և միայն մի ոլորտում (տեղեկանքների տրամադրում և հաշվառում) կոռուպցիան համարյա բացակայում է (2%):  Լիտվայում իրավիճակը շատ նման է Հայաստանին այն հանգամանքի բացառությամբ, որ առողջապահական հիմնարկներում կոռուպցիոն ռիսկերն ավելի բարձր էին (35%), իսկ հարկային և մաքսային ծառայություններում՝ ավելի ցածր (1%): Հայաստանի նմանությամբ Լիտվայում շատ բարձր է սոցիալական հոռետեսության և արտագաղթի մակարդակը, թեև կոռուպցիայի դեմ պայքարին մասնակցելու պատրաստակամության մակարդակն, ընդհակառակը, Հայաստանի համեմատ ավելի բարձր է: 

Այսպիսով, «որևէ բան փոխելու անկարողությունը» դառնում է ինքնարդարացման միջոց և իրականությունից «հեռանալու» յուրօրինակ բացատրություն: Այս հայեցակարգի շրջանակներում հասարակություն-պետություն հարաբերություններում միակ պատասխանատուն դիտվում է պետությունը, իսկ մեղավորը՝ քաղաքական և տնտեսական վերնախավը: Քաղաքացիները հրաժարվում են նախաձեռնողականությունից, արդարացնելով այն սեփական առօրյա հոգսերով և նախընտրում են որդեգրել կրավորական կեցվածք՝ բացառապես «ի վերուստ» սպասելով ինչ-որ դրական կամ բացասական փոփոխություններ:  Տվյալ հայրիշխանական պատկերացումը չափազանց լայնորեն է տարածված և բացարձակապես գերիշխում է անգամ կառուցակարգված քաղաքացիական հասարակության շրջանում (երրորդ հատված, ոչ կառավարական կազմակերպություններ, իրավաբաններ, լրագրողներ, սոցիալական գիտությունների ոլորտի փորձագետներ),որի ներկայացուցիչները քարոզում են ինդիվիդուալիզմ՝ որպես արժեքային ուղենիշ:

Այսպիսով, «որևէ բան փոխելու անկարողությունը» դառնում է ինքնարդարացման միջոց և իրականությունից «հեռանալու» յուրօրինակ բացատրություն

Արդյունքում, Հայաստանի քաղաքացիները փորձում են ավելի քիչ առնչվել հասարակական և պետական ծառայությունների հետ, այդ թվում և ոչ ֆորմալ հարաբերություններից խուսափելու նպատակով, երբ նրանք իրենց պարտավորված կզգային կաշառք տալ: Դա նվազեցնոմ է վարկանշային սանդղակում կոռուպցիայի ընդհանուր ցուցանիշը և հանգեցնում մի շարք բացասական հետևանքների: Հայաստանի քաղաքացիները քիչ են առնչվում նաև բժշկական հաստատությունների հետ  (ընդ որում՝ ավելի քիչ, քան այն երկրներում, որտեղ բժշկության մակարդակն ավելի ցածր է, իսկ այդ ոլորտում առկա կաշառակերությունն՝ ավելի բարձր): Բժշկական հաստատությունների հետ առնչվելու չկամությունը մասնավորապես հանգեցնում է հիվանդությունների ուշացված ախտորոշմանը և մահացության ցուցանիշների աճին:

Կոռուպցիան և դրա ընկալումը

Վերոբերյալ աղյուսակից երևում է, որ 2013թ. Հայաստանում կաշառակերության չափը նվազել է: Սակայն Հայաստանի բնակչության մեծամասնության ընկալման մեջ այն, ընդհակառակը, աճել է: 43%-ը կարծում էր, որ անցած երկու տարիների ընթացքում կաշառակերության չափն աճել է, իսկ  18% -ն այն նվազած էր համարում: Այսպիսի վերաբերմունքը բացառիկ չէ. աշխարհի երկրների մեծ մասում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները դրական է գնահատում փոքրամասնությունը:

Օրինակ, Հունգարիան, որտեղ կաշառակերության չափը երկու անգամ է նվազել, Հայաստանից ավելի հոռետեսրեն է տրամադրված, մինչդեռ Վրաստանը, որտեղ կաշառակերությունը նույն մակարդակի վրա է մնացել, իսկ որոշ բնագավառներում՝ անգամ աճել, ընդհակառակը, դրական է տրամադրված:  Այս երևույթը կարելի էր բացատրել մարդկանց կողմից երկարաժամկետ միտման գնահատմամբ. չէ՞ որ Վրաստանում կաշառակերության մակարդակը մեծապես նվազել է 2004-2007թթ. ժամանակահատվածում: Սակայն, դրական են տրամադրված նաև Սերբիան, Ադրբեջանը և Խորվաթիան, որտեղ երկարաժամկետ միտումները բացարձակապես տարուղղված են:

Կարելի է ընդամենը արձանագրել, որ կոռուպցիայի զգացվող դինամիկան ոչ ի կերպ չի հարաբերակցվում բուն իրավիճակի հետ. անգամ նման միտումներ արձանագրող երկրներում հնարավոր չէ գտնել այդ կապը: Պատասխանելով այն հարցին, թե «որքանո՞վ է նվազել կոռուպցիան վերջին երկու տարիների ընթացքում», հարցվածները չեն կիսվում սեփական փորձով, այլ արտահայտում են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցողի նկատմամբ իրենց գոհունակության չափը: Սակայն, սա բոլորովին միակ գործոնը չէ: Օրինակ, Արգենտինայում կոռուպցիայի՝ որպես խնդրի ընկալումը զգալիորեն ավելի բարձր է, քան Աֆղանստանում, թեև այդ երկրներում կաշառակերության մակարդակն առնվազն մեկ կարգով տարբեր է:

***

Այսպիսով, Հայաստանում քաղաքացիներն անձամբ ակտիվորեն մասնակցում են կոռուպցիոն հարաբերություններին, թեպետև դրանք որակում են բացասական երևույթ: Այդ իսկ պատճառով նրանք նվազեցնում են հասարակական ծառայությունների հետ շփումները, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի որակի վրա: Ընդսմին, նրանք չեն հայտնում կոռուպցիոն երևույթների դեպ պայքարելու պատրաստակամություն՝ համարելով դրանք  անխուսափելի չարիք:

Այսպիսով, Հայաստանում քաղաքացիներն անձամբ ակտիվորեն մասնակցում են կոռուպցիոն հարաբերություններին, թեպետև դրանք որակում են բացասական երևույթ

Իմ կարծիքով, խնդրի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը բացահայտում է իրավիճակի ողջ փակուղայնությունը: Փաստորեն, հենց կոռուպցիայի գերչափազանցված ընկալումը խոչընդոտում է դրա դեմ պայքարին: Քաղաքացիները պետք է շատ ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերեն կոռուպցիայի դեմ պայքարին, ընդ որում ոչ այդքան զանգվածային գործողությունների, որքան ամենօրյա ապօրինի մուծումների դադարեցմամբ և հարցերն օրինազանց եղանակով «լուծելու»  սովորույթից հրաժարմամբ:

Այն դեպքերը, երբ կոռուպցիան տապալվում է զուտ ի վերուստ եկող միջամտությամբ, շատ սակավ են և, որպես կանոն, իրականություն են դառնում շատ դանդաղ կամ՝ քաղաքականապես անազատ երկրներում՝ մարդու իրավունքների խախտումների ուղեկցությամբ: Գոյություն ունի ևս մի պարտադիր պայման: Արդյունավետ բարեփոխումների իրականացումը ենթադրում է պետական կառույցների արտաքին ֆինանսավորման աղբյուր, քանի որ այդ միջոցները բնակչությունից առանց բռնության անհնար է կորզել:

Դա չի նշանակում, որ պետության կողմից փոփոխություններ չպետք է ակնկալել: Ընդհակառակը՝ դրանց հարկ է ավելի ակտիվորեն սպասել: Սակայն արդյունավետ են լինելու միայն այն քաղաքացիների պահանջները, ովքեր անձամբ իրենց շուրջ կոչնչացնեն կոռուպցիոն իրականությունը:

Share

Comments are closed.