Ադրբեջանում սպասում են Պուտինի որոշմանը

Թեև այս անգամ Կրեմլի տիրոջ դիրքորոշումը հազիվ թե վերջնական արդյունք կանխորոշող գործոն է

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու 

Հետխորհրդային տարածությունն ունի իր առանձնահատկությունները, ընդ որում՝ հոգեկերտվածքային: Այսօր Կրեմլը պայքար է մղում եվրասիական տարածությունը ստեղծելու համար: Մի խոսքով՝ հարցը ողջ Արևելքին է առնչվում, իսկ Արևելքն, ինչպես հայտնի է, նուրբ գործ է:

 

Օրինակ, Բաքվից Ռուսաստանի նախագահի հեռանալուն պես իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախագահի տեղակալ և գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը սկսել է հերքել «Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ների տեղեկություններն» այն մասին, թե Վլադիմիր Պուտինի այցը նպատակ ուներ աջակցել Իլհամ Ալիևին գալիք նախագահական ընտություններում: Ահմեդովը նշել է, որ Իլհամ Ալիևին միակ սատարողն Ադրբեջանի ժողովուրդն է՝ ադրբեջանցի ընտրողները:1

Բայց, նախ՝ այն հայտարարությունները, թե պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Կրեմլի աջակցությունը կամ չեզոքացնել Մոսկվայի հետ փոխհարաբերություններում եղած բացասական ժառանգությունը, մամուլում հնչում էին Պուտինի Ադրբեջան կատարած այցից շատ ավելի շուտ: Կարելի է անգամ ասել, որ դրանց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Կարճ ասած, իշխող կուսակցությունը հնարավորություն ուներ այցից շատ ավելի վաղ բարկությամբ ժխտել նմանօրինակ պնդումները: Բայց դա չի արվել: Իսկ ահա այցի ավարտից հետո մեր «նոր ադրբեջանցիների» ձայնը հանկարծ լսելի է դարձել: Բնականաբար՝ լավ է ուշ, քան երբեք: Բայց, այնուամենայնիվ….

Երկրորդ՝ այն մասին, թե Պուտինի այցն իշխող կուսակցության  նախագահի թեկնածուին աջակցելու դրսևորումն էր, խոսում էին այն ադրբեջանցի և ռուսաստանցի փարձագետները, քաղաքագետներն ու ԶԼՄ-ները, որոնց անգամ մեծ ցանկության դեպքում չի կարելի մեղադրել մեր ընդդիմության հանդեպ համակրանք տածելու մեջ: Ահավասիկ՝ ոչ ծավալուն ծաղկաքաղ: 

«Այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը կատարում է այս այցը Ադրբեջանում ընտրություններին մնացած այսքան կարճ ժամանակահատվածում, վկայում է Ադրբեջանի նախագահի նկատմամբ Ռուսաստանի ղեկավարի տածած բաց և ակներև համակրանքի, աջակցության և նախագահի պաշտոնում նրան  կրկին տեսնելու ձգտման մասին», – հայտարարել է Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովը:2

Haqqin.az կայքին տված հարցազրույցում Կրեմլի նախկին պաշտոնյա Մոդեստ Կոլերովը հարցն առհասարակ կոշտ է ձևակերպել. «Ես կասեի այլ կերպ. ինչո՞ւ Իլհամ Ալիևն արել է ամեն ինչ, որպեսզի Պուտինի այցը հնարավոր լիներ մեկնաբանել որպես նախագահական ընտրություններում Ալիևին մատուցած աջակցություն»:3

1news.az կայքի թղթակցի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ և ասպիրանտուրայի վարիչ, ռուս-ադրբեջանական քաղաքագետ Նիազ Նիազովը հայտարարել է, թե «ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ ընտրություններին ընդառաջ Պուտինի այցը գործող նախագահ Իլհամ Ալիևին աջակցելու որոշակի ակտ էր»:4

Վերոհիշյալ անձանց չի կարելի մեղադրել անգամ «չեզոքության», առավել ևս՝ ադրբեջանական ընդդիմության հանդեպ համակրանքի մեջ: Օրինակ, հիշատակված Նիազ Նիազովը նշում է, որ «հետևելով Ռ. Իբրահիմբեկովի առաջադրման շուրջ ծագած զարգացումներին՝ հանգում ես այն եզրակացության, թե  տեղի ունեցողն այն անձանց նախապես խաղարկված ֆարսն է, որոնք կանխավ գիտեն, որ իրենց մասնակցությունը գործընթացում առանձնակի իմաստ չունի»:5

Ցանկության դեպքում ես կարող էի կազմել մի քանի թերթային էջերից բաղկացած ծաղկաքաղ: Ընդ որում, այդ ծաղկաքաղում կհայտնվեին բացառապես մեր կառավարությանը, մեղմ ասած, համակրող ԶԼՄ-ներն ու անձինք:

Բայց այսօր կարելի է միանշանակ ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում ներքաղաքական գործոն է դարձել: Առաջինը՝ այսպես կոչված «Միլիարդատերերի դաշինքի» ստեղծումն էր: Միայն շատ միամիտ մարդիկ կարող են հավատալ, որ այդ կառույցի ստեղծումը և ադրբեջանական սփյուռքի մի հատվածում ընդդիմադիր տրամադրությունների աճը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վոլոդինի ինքնագործունեության հետևանք էր: Վահիդ Ալեքպերովը և Թելման Իսմայլովը նմանատիպ արկածախնդրություններում հեշտորեն մասնակցող մարդիկ չեն: Հատկապես՝ Իսմայլովը, ում մի քանի տարի առաջ լավ դաս են տվել՝ զրկելով ոչ միայն ռուսաստանյան ակտիվների մի մասից, այլև որոշ ժամանակով հարկադրելով նրան թաքնվել Թուրքիայում: Իսկ Վոլոդինի կամ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի մասով հայտնի է, որ նրանք Պուտինի մերձավորագույն շրջապատի մաս են կազմում: Նրանք գերազանց գիտեն, որ հատկապես արտաքին քաղաքական ոլորտում ինքնագործունեությամբ զբաղվելու համար նրանց պատուհասելու է Պուտինի անողոք պատիժը:

Երկրորդ՝ յոթ տարի անց Պուտինը համաձայնվել է այցելել Ադրբեջան հենց նախընտրական արշավի սկզբում: Այս քայլով նա կամովին ինքն իրեն Ադրբեջանում որպես ներքաղաքական գործոն է ներկայացրել: Նախկինում այդ գործառույթը պատկանում էր իր մերձավորներին:

Բայց այսօր կարելի է միանշանակ ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում ներքաղաքական գործոն է դարձել

Երրորդ՝ մեծ հաշվով այսօր հենց Պուտինից է կախված, թե ադրբեջանական ընդդիմությունն ընտրություններում կունենա՞ միասնական թեկնածու, թե՞ ոչ:

Ռուսաստանյան օրենսդրության համաձայն Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու որոշումը պետք է ընդունի ՌԴ նախագահը՝ սահմանված ժամկետում և ոչ թե որոշակի ժամկետի անցնելուց հետո: Այսինքն, Պուտինը լիակատար իրավունք ունի հենց վաղը զրկել Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից:

Բավական է հիշել, որ Դեպարդիեին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու որոշումը ռուսաստանյան օրենսդրության ակնհայտ խախտմամբ ընդունվել է ընդամենը երեք օրերի ընթացքում, թեև այդ փաստի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Ըստ ռուսաստանյան օրենսդրության՝ քաղաքացիություն ստանալու կամ դրանից զրկվելու համար անհրաժեշտ է անհատի անձնական դիմում: Այսինքն, անհնար է քաղաքացիություն տրամադրել անձամբ սույն հարցով չդիմած անձին: Իսկ Դեպարդիեն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար Պուտինին չի դիմել…

Այսպիսով, եթե մինչև օգոստոսի 25-ը Պուտինը չազատի Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա վերջինս ֆիզիկապես չի հասցնի գրանցվել որպես նախագահի թեկնածու: Այդ դեպքում ադրբեջանական ընդդիմությունը կսկսի պնդել, թե Ռուսաստանի նախագահը կատարել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուին սատարող քայլ:  Ի դեպ, այս տարբերակը երկու պատճառով իշխող կուսակցության թեկնածուին այդքան էլ ձեռնտու չէ: Մի կողմից, ընդդիմությունը կներկայացնի այն որպես «նոր ադրբեջանցիների» թուլության և վախի դրսևորում: Մյուս կողմից, անտարակույս կհայտարարվի, որ ՌԴ նախագահի այցի ժամանակ ձեռք են բերվել ազգային շահերին հակասող ինչ-որ գաղտնի պայմանավովածություններ, որոնց դիմաց Պուտինը չի ազատել Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից վերջինիս համար ընդունելի ժամկետում:

Եթե Պուտինն ազատի Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա «նոր ադրբեջանցիները» խաղը կփոխադրեն դաշտի ընդդիմադիր հատված: Այդ դեպքում ընդդիմությունը մեղադրվելու է Կրեմլի պատվերը կատարելու մեջ:

Մի խոսքով, Պուտինը դարձել է Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների զարգացման վրա խորապես ներազդող գործոն:

Իսկ սպասելուն շատ քիչ է մնացել…

Իրավիճակի բացառիկությունը կայանում է նրանում, որ անգամ այն երկրները, որոնց Ռուսաստանը դեռևս կարող է որևէ իրական բան առաջարկել, ոչ մի ցանկություն չունեն նրա հետ մեկ սայլակի մեջ գտնվել: Այսօր շատերը որպես «երախտամոռության» օրինակ մատնանշում են Հայաստանը: Բայց գոյություն ունի ավելի վառ օրինակ՝ ի դեմս Ուկրաինայի: Արևմտամետ Յուշենկոյի փոխարեն իշխանության է եկել ռուսամետ Յանուկովիչը: Եվ ի՞նչ: Երկիրը կրկին ընթանում է Արևմուտքի ուղղությամբ:

Չէ՞ որ խոսքն ահռելի տնտեսական ներուժ ունեցող Ուկրաինայի մասին է, որի զարգացումը լրջորեն կախված է ռուսաստանյան էներգակիրենրի մատակարարումներից: Բայց դա դեռևս ամբողջը չէ: Ռուսաստանը՝ ուկրաինական արտադրանքի սպառման գլխավոր շուկան է:

Եվ, վերջապես, կարելի է հիշել ընդհանուր հոգևոր և էթնիկական արմատների մասին, որոնց թեման փորձում են խաղարկել ռուսաստանցի «դերժավնիկները», երբ  մնացած բոլոր փաստարկները գործընկերների համար այլևս անհամոզիչ են դառնում:

Եվ հենց ռուսամետ Յանուկովիչի օրոք Ուկրաինան սույն թվականի նոյեմբերին պատրաստ է ԵՄ հետ ստորագրել ասոցիատիվ անդամության և ազատ առևտրի մասին համաձայնագրերը:

Իրավիճակի բացառիկությունը կայանում է նրանում, որ անգամ այն երկրները, որոնց Ռուսաստանը դեռևս կարող է որևէ իրական բան առաջարկել, ոչ մի ցանկություն չունեն նրա հետ մեկ սայլակի մեջ գտնվել:

Նման գործընթացների մենք ականատես ենք եղել Մոլդովայում և Վրաստանում: Ռուսաստանին պատրաստ է «հանձնել» անգամ Հայաստանը, որի անվտանգության ապահովումն այսօր ամբողջովին կախված է իր հյուսիսային հարևանից:

Հենց այստեղ էլ թաքնվում է շատերի համար հետաքրքիր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Ռուսաստանը, փորձելով հանդերձ վախեցնել պաշտոնական Բաքվին, չի ձգտում մեր երկրում իշխանափոխություն իրականացնել, թեև բոլորը խոստովանում են, որ Պուտինին չի հաջողվել Ռուսաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական հարցերում Իլհամ Ալիևից լուրջ զիջումներ կորզել:

Եթե ըստ նշանակության քննենք ստորագրված համաձայնագրերը, ապա դրանք կարելի է գնահատել որպես ՌԴ նախագահին և «Պուտինի ընկերների ակումբին» շռայլված կաշառք, որպեսզի Ռուսաստանը գեթ ժամանակավորապես Ադրբեջանը հանգիստ թողնի: Եվ, այնուամենյնիվ, չկա Ռուսաստանի՝ Ադրբեջանում իշխանափոխություն սադրելու օգտին վկայող որևէ լուրջ նշույլ: Եվ այս ամենն այն պարզ պատճառով, որ նման բոլոր նախկին փորձերն ամբողջովին ձախողվել են: Հետխորհրդային տարածության երկրներում ռուսամետների իշխանության գալը ոչ մի կերպ չի փոխել այդ երկրների արտաքին քաղաքականությունը:

Պահանջարկն է որոշում առաջարկը: Սա է ոչ միայն տնտեսական, այլև հասարակական-քաղաքական գործընթացների օրինաչափությունը: Մի խոսքով՝ հետխորհրդային տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերի իրականացման նկատմամբ ոչ մի պահանջարկ չկա…
____
Խմբագրության կողմից. Հոդվածը հատուկ «Անալիտիկոնի» համար գրվել է նախքան Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։

 

1.http://ru.apa.az/news/253203

2.http://vesti.az/news/169079

3. http://haqqin.az/news/8468

4.http://www.1news.az/interview/20130812093214589.html

5.http://www.1news.az/interview/20130812093214589.html

 

Share

Comments are closed.