Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ. կայսերական փակուղի և ժողովրդավարական ելք

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական և միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երևան 

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ձեռք են բերում ճգնաժամային ուրվագծեր: Առնվազն շփման բառապաշարի և փոխադարձ ընկալման մակարդակում այս ճգնաժամն արդեն մակերեսի վրա է հայտնվել: Եվ սա հարաբերությունների զգալի սառեցումից առաջացած «այսբերգի» ընդամենը երևացող մասն է: Որտե՞ղ են բաժանվել պաշտոնապես այսօր էլ ռազմավարական դաշնակից համարվող մեր երկու պետությունների ուղիները:

2011թ. նախագահ Պուտինի երրորդ ժամկետի սկզբին ընդառաջ Ռուսաստանն իր արտաքին-քաղաքական առաջնահերթություն է հռչակել հետխորհրդային տարածությունը և որպես կարևորագույն նպատակ է նշել հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները, իսկ հետադիմական կայսերապաշտական հռետորաբանությունը  նախորդ ողջ հետխորհրդային շրջանի համեմատ առավելագույն չափերի է հասել:  Միաժամանակ, երկրի ներսում Կրեմլը ձեռնարկել է համապարփակ վերահսկողության հաստատմանը միտված քայլեր: Փաստորեն, Դմիտրի Մեդվեդևի օրոք իրական փոփոխությունների վաղուց հասունացած հույսի նշույլները, «ազատությունն անազատությունից լավն է» խոսակցությունները և կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարությունները ոչնչի չեն ծառայել: Ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր. երկրում վերահաստատվել է կառավարման միապետական ձևը՝ 19-րդ դարին բնորոշ «հրապույրներով» հանդերձ: Ռուսաստանում կտրուկ աշխուժացել է հակաարևմտյան հռետորաբանությունը, որին ակտիվորեն միացել է ամենահետադիմական դիրքերից հանդես եկող Մոսկվայի Պատրիարքության մռայլ նվիրապետությունը: Եվ այս ամենը՝ Արևմուտքի կողմից «վերբեռնման» քաղաքականության շարունակության ֆոնին, թեև տառացիորեն վերջերս Միացյալ Նահանգները հարկադրվել են այդ ուղղությամբ «թայմ-աութ»՝ ընդմիջում վերցնել:

Դրան զուգահեռ սկսել է զարգանալ ըստ տրամաբանության հակադիր մի գործընթաց: Արևելքում Եվրոպական հարևանության քաղաքականությունը և ԵՄ Արևելյան գործընկերությունը հարստացել են ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրերով, որոնք իրենց մեջ են ներառում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, որը հետխորհրդային երկրներին է առաջարկվել Բրյուսելի կողմից: Ներկա դրությամբ վերջինիս շուրջ բանակցություններն արդեն ավարտված են: Այն նախ և առաջ վերաբերում է Ուկրաինային, որը նոյեմբերի վերջերին Վիլնյուսում պատրաստ է վերջնականապես ստորագրել համաձայնագրերը, ապա նաև Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային, որոնց հետ ԵՄ-ն ծրագրում է նախաստորագրել դրանք: Բնական է, որ այս երկու հակադիր «հոսանքների» խաչման կետում գլխավոր «մրցանակը» Ուկրաինան է, ինչը շատ բնական է՝ հաշվի առնելով վերջինիս ծավալներն ու ներուժը: Սակայն, ելնելով «հեղինակության քաղաքականության» տրամաբանությունից, կարևոր են համարվում նաև մնացած երեք երկրները, այդ թվում և Հայաստանը:

Այսպիսի համատեքստը, ֆոնը անխուսափելիորեն խորը կնիք են թողնում Ռուսաստանի և իր նախկին ծայրամասերի, այդ թվում և Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանն այդ ուղղությամբ իրադարձությունների հետագա զարացումը դիտում է որպես սեփական վարկանիշին հասցված ծանրագույն հարված և յուրաքանչյուր երկրի համար առանձին «բանալիներ» է որոնում՝ արևմտյան հանրությանը նրանց մերձեցումը կանխելու նպատակով: Հայաստանը բացառություն չի կազմում, և Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի «բանալին» ղարաբաղյան հակամարտությունն է:

Կարիք չկա բացատրելու, թե անվտանգության առումով որքանով զգայուն է Հայաստանի համար ղարաբաղյան հարցը: Կարիք չկա բացատրելու նաև այն, թե որքան կարևոր է այս չկարգավորված հակամարտությունը տարածաշրջանում և, հատկապես, Հայաստանում ռուսական ներկայությունը պահպանելու համար: Ուստի, միանգամայն օրինաչափ էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ հարձակողական սպառազինության վաճառքի փաստը: Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի «ճիգերը»՝ եղածը Մարիո Պյուզոյի «ընդամենը բիզնես» արտահայտությամբ բացատրելու համար, Երևանում առնվազն բազմաթիվ հարցեր, եթե չասենք՝ զայրույթ են առաջացրել: Այս ամենին հավելվել է նաև Գազպրոմի կողմից Հայաստան մատակարարվող գազի գնի կտրուկ թանկացումը:

Պետք է հասկանալ, որ ԵՄ-նտնտեսապես արդեն իսկ Երևանի գլխավոր առևտրային գործընկերն է: Մոսկվայում դրա մասին քաջատեղյակ են, բայց համառորեն դրա հետ հաշտվել չեն կամենում: Ավելին՝ Երևանը Արևմուտքի և Եվրոպայի հետ թշնամանալու ոչ մի պատճառ չունի: Երևանի մուտքը եվրոպական ազատ առևտրի գոտի պարզապես ժամանակի պահանջն է, որը թելադրված է հայոց պետականության և հայ հասարակության զարգացման, ուստի և Հայաստանի քաղաքացիների բարեկեցության արմատական շահերով: Էլ չասենք այն մասին, որ խոսքը նաև հայոց պատմությունից և մշակույթից բխող քաղաքակրթական ընտրության մասին է: Հետևաբար, եթե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն իրապես վատթարանում են, ապա Երևանի «մեղքն» ընդամենը իր շահերով առաջնորդվելու մեջ է, իսկ հարաբերությունների վատթարացման բուն պատճառը հարկ է որոնել Կրեմլում, որն առաջնորդվում է ոչ թե դաշնակցի տրամաբանությամբ, այլ երևակայական կայսերական ցավերով և սխալ ըմբռնված հեղինակությունը պահպանելու թերարժեք բարդույթով:

Ներկայումս հայերի մեծամասնությունը Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ դրական են տրամադրված, բայց Մոսկվայի կացնային քայլերը կարող են արմատապես փոփոխել այդ վերաբերմունքը, ընդ որում՝ առավել քան արագ: Կուզենայինք հուսալ, որ 1940թ. բալթյան ու լեհական և 1968թ. փարիզյան դասերը Կրեմլում չեն մոռացվել, և նա գիտակցում է, որ մեր հարաբերությունների ներկայիս կացությունը բնական համարել չի կարելի:

Պետք է հասկանալ, որ ԵՄ-նտնտեսապես արդեն իսկ Երևանի գլխավոր առևտրային գործընկերն է: Մոսկվայում դրա մասին քաջատեղյակ են, բայց համառորեն դրա հետ հաշտվել չեն կամենում:

Հայաստանին ու Ռուսաստանին միմյանց է կապում պատմական բարդ ընթացքը: Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը ինքնին հակառուսական քայլ չէ. այն ընդամենը հայոց պետականության զարգացման հաջորդ փուլն է, որը մերժում է ուղղահայաց որևէ հարաբերություն: Դա նաև նշանակում է, որ յուրաքանչյուր կայսերական նախագիծ արգելակելու է Հայաստանի՝ որպես պետության զարգացումը և հարկավ առաջացնելու է Երևանի հակադարձությունը՝ անկախ իշխանության ղեկին կանգնած գործչի որակներից:

Սակայն, մենք չպետք է մեր այժմյան և հետագա քայլերի նկատմամբ Մոսկվայի ըմբռնման և բարեհաճության հույսեր փայփայենք: Կրեմլի միջանցքներում կրկին թևածումէ կայսերապշտական մտածողությունը: Հայաստանում չպետք է մոռանան, որ սեպտեմբերի 21-ը սոսկ օրացույցի կարմիր օր չէ, այլ՝ մեր Անկախության Օրը: Պետք չէ նաև մոռանալ, թե ումից և ինչից ենք անկախացել: Անհոգությունը, թեթևամտությունը պատմական դառը փորձառությամբ կարող են դարձյալ աղետի հանգեցնել:

Ուկրաինական ընդդիմությունը հայ քաղաքական ուժերին պետական մտածողության և քաղաքական հասունության դաս է ցուցադրել՝ հայտարարելով Մոսկվայի ծավալած առևտրային պատերազմին ի հակակշիռ գործող նախագահին և իշխող կուսակցությանը սատարելու մասին՝ առանց այդ իշխանության որպիսության հանդեպ որևէ պատրանք տածելու: Հայաստանը՝ հայ-ռուսական հարաբերությունների կայսերական փակուղուց դուրս գալու համար ունի ներքին ամրության մեծ պահանջ: Այս պաշարի երաշխիք այն է, որ իշխանությունն ի վերջո ըմբռնի, որ «շաբաթը կարող է ուրբաթ օրվանից շուտ գալ» , և որ նա պետք է պատրաստ լինի վճռական քայլերի, այլ ոչ թե քարշ գա իրադարձությունների պոչում, երբեմն էլ՝ պարզ վիճակագրի կարգավիճակով: Քաղաքական ուժերը պետք է դուրս գան իրենց ճակատագրապաշտական վհատությունից և պատրաստ լինեն ոչ սովորական քայլերի:

Չէ՞ որ խոսքը պետության ապագայի մասին է. Հայաստանում չկա նաև քաղաքական հիմարությունն ու անգործությունը փոխհատուցող հումքային պաշար: Հայաստանի ներքին ամրության գլխավոր պաշարը ռազմավարական նպատակների շուրջ հանրային միասնությունն է՝ իրական և ոչ նմանակված ժողովրդավարությունը:  Հարկ է ստիպել իշխանությանը աշխատել և պետության ու հանրային բարիքի վրա հիմնված որոշումներ ընդունել: Հայաստանը տարբերակված ներքին, արտաքին, էներգետիկ քաղաքականության և անվտանգության ապահովման քաղաքականության կարիք ունի: Այսօր պատասխանատու որոշումների ժամանակն է, քանի որ կայսերական փակուղուց Հայաստանն ունի ընդամենը մի ելք՝ ժողովրդավարություն:

Ռուսաստանն այն երկիրը չէ, ում կարելի է պարզապես անտեսել: Այս ըմբռնումը մեզ պետք է թույլ տա խուսափել 1920թ. կրկնությունից, երբ հայ-ռուսական հարաբերությունները հայոց պետականության անկման պատճառ են դարձել:

Չէ՞ որ խոսքը պետության ապագայի մասին է. Հայաստանում չկա նաև քաղաքական հիմարությունն ու անգործությունը փոխհատուցող հումքային պաշար: Հայաստանի ներքին ամրության գլխավոր պաշարը ռազմավարական նպատակների շուրջ հանրային միասնությունն է՝ իրական և ոչ նմանակված ժողովրդավարությունը

Share

Comments are closed.