Ու՞մ հետ է խոսում եկեղեցին

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Նորերս Արցախի հանրային հեռուստատեսությամբ տեսա մի ռեպորտաժ զինակոչիկների մասին։ Մի խումբ ջահել տղաների բանակ էին ուղարկում։ Խոսում էին տղաները, նրանց ծնողները, զինկոմիսարիատի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու տեղի եկեղեցու հոգևոր հովիվը։ Բոլորն էլ խոսում էին կարծրատիպերով ու կաղապարներով, այն տպավորությունն էր, որ նույն հրահանգիչը բոլորի համար մի տեքստ էր գրել ու բաժանել ըստ դերերի։ Հայրենասիրություն, զոհված եղբայրների ու քույրերի պատիվը բարձր պահելու հորդոր և այլն, և այլն։ Իսկ եկեղեցու սպասավորի խոսքից կարելի էր եզրակացնել, որ նա տղաներին ոչ թե բանակ էր ճանապարհում, այլ դեպի … երկնային դրախտ։

Չկար Մարդը։ Չկար բանակ մեկնող երիտասարդն իր հույզերով, հույսերով ու ապրումներով, չկար ծնողն իր միանգամային հասկանալի տագնապով ու անհանգստությամբ։ Ռեպորտաժը լիքն էր կարծրատիպերով ու կաղապարներով այնպես, ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը պաստառներով ու կարգախոսներով։ Սա արդեն ապրելակերպ է։ Ու մտածելակերպ։

Բայց ինձ առավելս մտահոգեց եկեղեցու սպասավորի խոսքը։ Կարծես թե խոսողը մարդ չէր ու կարծես թե խոսքը մարդուն չէր ուղղված։ Կարծես թե խոսքն ասվում էր ասվելու համար միայն։ Կամա թե ակամա ինձ բռնացրի այն մտքի վրա, որ այս մասնավոր դեպքն իրականում լավագույնս բնորոշում է եկեղեցի-հանրություն հարաբերությունները։ Այս հարաբերություններում ևս Մարդը չկա։ Կա արարողակարգը, որը վեր է ամեն ինչից։ Վաղուց արդեն եկեղեցին Մարդու հետ չի խոսում Մարդկային լեզվով։ Խոսում է գրքի լեզվով, թող որ՝ Սբ. Գրքի, բայց, միևնույն է, գրքի (կարելի էր խոսել Սբ. Գրքից, բայց Մարդուն հասկանալի լեզվով, կարելի էր Մարդու հույզերով ու հույսերով գնալ դեպի Սբ. Գիրքը)։ Այս ծանր ու հուսաբեկ ժամանակներում Մարդ ուզում է, որ գոնե եկեղեցում իր հետ խոսեն Մարդկային, իրեն հասկանալի ու իր դարդուցավին հարիր լեզվով։ Պետական պաշտոնյաներից քամահրված, վարկուտոկոսի տակ կորացած, զավակների խնդիրներով խեղճացած Մարդը գալիս է եկեղեցի այն հույսով, որ հոգին այստեղ կխաղաղվի, որ հոգևոր հովիվն իր հետ կխոսի սրտակցությամբ։

Վաղուց արդեն եկեղեցին Մարդու հետ չի խոսում Մարդկային լեզվով

Բայց հովիվը նրան նախապատրաստում է …երկնային կյանքին։ Նա այս հարաբերություններում կապ չունի երկրային կյանքի հետ, նա կոչված է Մարդուն նախապատրաստել երկնային կյանքի համար, նա խորշում է Մարդու երկրային հոգսերից։ Իսկ երկնային կյանքին էլ նախապատրաստում է ոչ երկրային լեզվով, այլ դարձյալ երկնային՝ ոչ Մարդկային լեզվով, կաղապարներով ու սերտած նախադասություններով։ Ու Մարդ գնում է եկեղեցի՝ ինքն էլ չիմանալով ինչի համար։ Գնում է, որովհետև գնում են։

Իրականում միայն եկեղեցի-հանրություն հարաբերություններում են եկեղեցու սպասավորները խոսում երկնային լեզվով ու անհաղորդ մնում երկրային թեմատիկային։ Իրենց անձնական կյանքում նրանք շատ ավելի են առնչվում երկրային կյանքին, շատ ավելի են պատրաստ երկրային կյանքին և կարծես թե չեն էլ նախապատրաստվում երկնային կյանքին։ Բիզնես, քվոտաներ, մարդուն հատուկ թուլություններ, մարդուն հատուկ հոգսեր ու խնդիրներ, դրանք լուծելու միանգամայն երկրային մեթոդաբանություն։ Ամենակարևորը՝ հաղորդակցվելու միանգամայն երկրային լեզու և տերմինաբանություն։ Համացանց ներթափանցած տարբեր «հոգևոր զրույցների» (նաև ամենաբարձր մակարդակով) ականատես ու ականջալուր լինելով Մարդ ուղղակի սարսափում ու շշմում է և իսկապես փորձում նախապատրաստվել այս մեղսոտ աշխարհից հեռանալուն։

Հայ դավանաբանները վաղուց են գտել սրա արմատը,այն է՝ Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) չունի սոցիալականուսմունք։ Մինչդեռ եկեղեցիների սոցիալական ուսմունքները կարեւորագույն դեր են կատարում ժամանակակից հասարակությունների սոցիալական կյանքում: Ինչպես նշում է դավանաբաններից մեկը, մեզ մոտ քրիստոնեությունը գոյություն ունի միայն վանքերում (նկատի ունի եկեղեցու գործունեության ներկայիս հիմնական՝ ծիսական կողմը): Հայ առաքելական եկեղեցին առավելապես դիմում է անհատներին՝ առանց դիտարկելու հասարակության մեջ առկա սոցիալական ուժերը եւ մեխանիզմները, եկեղեցական վերնախավը սովորաբար խուսափում է սոցիալական թեմաներին անդրադառնալուց, հիմնականում կենտրոնանալով հոգու փրկության խնդրին: Մինչդեռ, փաստում են դավանաբանները, եթե Հայ առաքելական եկեղեցին հավակնում է ունենալ հովվություն մարդկանց հոգեկան կյանքի, ապա պետք է ունենա որոշակի հայացք հասարակական կյանքի նկատմամբ:

Այս մասին շատ է խոսվել ու խոսվել է շատ վաղուց, բայց եկեղեցին չէր արձագանքում։ Սակայն այս «ձայն բարբառո հանապատին» անվերջ շարունակվել չէր կարող։ Ու ահա «բաղձալի» լուրը՝ «Մայ Աթոռում ստեղծվել է հայեցակարգային հարցերի գրասենյակ, որը պետք է ռազմավարական առումով մշակի հայ եկեղեցու սոցիալական հայեցակարգը, իսկ ընթացիկ գործունեությամբ էլ մշակի եկեղեցու դիրքորոշումը հասարակական կյանքի տարբեր հարցերի հանդեպ»:

Այսպիսի արձագանք վաղ թե ուշ պիտի լիներ, քանի որ տեղեկատվության մեր դարում և միջեկեղեցական հարաբերությունների սերտացման մերօրյա պայմաններում ՀԱԵ-ն պարզապես չէր կարող լիովին ինքնամեկուսացվել կյանքից։ Օրինակ, Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հաճախ է հասարակական հնչողություն ունեցող ու ոչ եկեղեցական թեմաներով հանդես գալիս, դրսևորում զուտ քաղաքացիական դիրքորոշում, կոչ անում անհանդուրժող լինել հասարակական արատների նկատմամբ։ Շքեղության հանդեպ նրա քամահրանքը միանգամայն ընկալելի է հանրության կողմից, քանի որ ինքն էլ ամբողջ կյանքում սակավակյաց կենցաղ ուներ։ Նա չի խուսափում հանրային ամենաբարդ ու ոչ միանշանակ խնդիրների շուրջ արտահայտվելուց, չի վախենում մարդու երկրային կյանքի հիմնախնդիրների մասին խոսելուց։ Նա Մարդու հետ կարողանում է խոսել Մարդկային լեզվով։

Հայ դավանաբանները վաղուց են գտել սրա արմատը,այն է՝ Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) չունի սոցիալականուսմունք

Ըստ երևույթին, սա քրիստոնեական եկեղեցի-հանրություն հարաբերություններում նոր տրենդ է, նոր զարգացում  համայն աշխարհում։ Որից մենք չենք կարող անմասն մնալ։

Մայ Աթոռում հայեցակարգային հարցերի գրասենյակի ստեղծումը հենց այս նոր զարգացման պարտադրված արձագանքն էր։ Լավագույն տարբերակն, ինչ խոսք, սեփական հանրության, սեփական հոտի կողմից պարտադրված արձագանքը կլիներ, բայց դե բոլոր դեպքերում էլ կարևորը փոփոխությունն է, առաջընթացը։ Այլ հարց է, թե որքանով է այդ արձագանքն անկեղծ, այլ կերպ՝ որքանով է անկեղծ մեր հոգևոր հովիվների մտադրությունը՝ մշակելու եկեղեցու դիրքորոշումը հասարակական կյանքի տարբեր հարցերի հանդեպ։ Ավելի ճիշտ՝ որքանո՞վ է եկեղեցին ուզում ու շահագրգիռ փոխվելու։ Ի վերջո, կարելի է զանազան հայեցակարգեր ընդունել և շարունակել առաջվա պես ապրել ու գործել։ Համենայն դեպս, հոգևոր հովիվների այսօրվա վարքուբարքը, այսօրվա խոսքուզրույցը չեն ավետում առաջիկա բարեփոխումների մասին։

Սակայն ամեն ինչ կախված է լինելու հանրությունից։ Հոգևոր ոլորտի բարեփոխումներն էլ անիմաստ է դիտարկել երկրի ընդհանուր բարեփոխման համապատկերից։

ՀԱԵ-ում այսօր լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Դրանք երկրում ընթացող լուրջ գործընթացների մասն են։ Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսպես է «ախտորոշել» իրավիճակը՝ «Քայքայում ու կազմալուծո՞ւմ, թե ռեֆորմացիա: Մեր ժողովրդին անհրաժեշտ են հանրային-պետական եւ հոգեւոր արդյունավետ ու համարժեք կառույցներ»

 

Share

Comments are closed.