Թուրք-ադրբեջանական գործոնը հայ-իրանական փոխհարաբերություններում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Երեւան

Հայ-իրանական փոխհարաբերությունները երկուստեք կարեւոր են: 90-ականների սկզբներին Հայաստանն աշխարհին կապող գրեթե միակ ապահով ճանապարհն Իրանի տարածքով էր, եւ այսօր էլ Իրանն այդ տեսանկյունից, իբրեւ տարանցիկ երկիր, պահպանել է իր նշանկությունը: Իսկ Իրանի համար Հայաստանը կաեւոր է ազգային անվտանգության մակարդակով, հետեւաբար Թեհրանը շահգրգիռ է հզոր, կայուն Հայաստանով:  Այլ խոսքով` երկու երկրների փոխհարաբերությունները նման պայմաններում պետք է անարգել եւ բազմակողմանի ընդլայնվեն ու ամրապնդվեն:

 

Թեեւ սկզբից ի վեր եւ առայսօր դրանք բարիդրացիական ու բարեկամական են գնահատվում, սակայն զարգացումը  չի համապատասխանում առկա հնարավորություններին, ինչն զգալիորեն պայմանավորված է Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններով: Քանզի Իրանում իշխող կրոնապետական համակարգում կաեւորվում են իսլամական երկրների հետ սերտ փոխհարաբերությունները, որոնք այդ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Ադրբեջանը, շահարկելով այդ հանգամանքը, վայելում է Իրանի տնտեսական աջակցությունը, մասնավորապես ղարաբաղյան պատերազմի ընթացքում` տարբեր ձեւաչափերով, այդ թվում մարդասիրական (օգնություն փախստականների ու պատերազմում զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներին): Իրանը նաեւ թույլ է տվել իր տարածքով մոջահեդներին հասցնել  ռազմաճակատ: Միաժամանակ, Բաքուն` շահարկելով Հայաստանի  քրիստոնեական պետություն լինելու հանգմանքը, ձգտել է հակամարտությունը ներկայացնել իբրեւ կրոնական եւ Իրանից պահանջել Հայաստանի դեմ ճնշումներ: Թեեւ պաշտոնական Թեհրանն զգալի ջանքեր է գործադրել, որպեսզի իսլամական աշխարհում այդ տեսակետը լուրջ չընկալվի, բայց եւ այնպես սկզբունքորեն չի կարող լիովին անտեսել Ադրբեջանի մահմեդական երկիր լինելու փաստը:

Մինչդեռ իրականում Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի համար ամենավստահելի եւ բարեկամ երկիրն է, եթե հաշվի առնենք Վրաստանի հստակ արեւմտյան դիրքորոշումը եւ Ադրբեջանի` Իրանի նկատմամբ ունեցած բացահայտ տարածքային հավակնությունները: Ի դեպ, իրանցի փորձագետներից շատերը եւս շեշտում են, որ Հայաստան-Իրան փոխհարաբերությունները  փոխադարձաբար վստահելի  եւ բարեկամական են: Բահման Շաիբը ՙՀամշահրի՚ օրաթերթում բավական ընդարձակ հոդվածով անդրադառնալով Հայաստանի  եւ նրա հարեւան երկրների հետ փոխառնչություններին, նշել է` Իրանը հարեւան երկրներից միակն է, որի հետ Հայաստանը ոչ միայն որեւէ խնդիր չունի, այլեւ պատմամշակութային ընդհանրությունները նպաստում են դրանց էլ ավելի սերտացմանը: Հոդվածագիրն ընդգծում է, որ Հարավային Կովկասում Իրանի համար Հայաստանը նույնպես այն երկիրն է, որի հետ բացարձակապես խնդիրներ չունի:[1]

Այսօր, երբ թուրք-իրանական եւ Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններն առավել սերտ են, թուրք-ադրբեջանական գործոնը հայ-իրանական փոխհարաբերություններում էլ ավելի ցայտուն դրսեւորումներ է ունենում: Այդ է վկայում հունիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցն անորոշ ժամկետով հետաձգվելու փաստը: Իրանական կողմն այն պատճառաբանեց ստորագրվելիք փաստաթղթերը հայկական կողմի չպատրաստելով:[2] Դա կլիներ նախագահ Ահմադինեժադի երկրորդ այցը Հայաստան: Նրա առաջին այցը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 22-23-ը, որի ընթացքում կողմերի միջեւ ստորագրվեց տնտեսական համագործակցության 4 համաձայնագիր: Հոկտեմբերի 23-ին Ահմադինեժադն այցն ընդհատելով վերադարձավ  Թեհրան, որտեղ նա  ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այցելության տեւողությունը 22 ժամ էր նախատեսված, սակայն ինքը 1,5 ժամ ավել է մնացել Երեւանում: Իսկ Հայաստանի ԱԳ նախարարն այս առնչությամբ հայտնեց, թե նա լոկ 1,5 ժամ է շուտ գնացել` բաց թողնելով երկու միջոցառում: Հավելենք, որ նշյալ երկու այցերից առավել կարեւորը պիտի լիներ Իրանի նախագահի այցը Ծիծեռնակաբերդի` եղեռնի զոհերի հուշահամալիր: Սակայն նա այդպիսով խուսափեց   այցելությունից,  հակառակ դեպքում կարժանանար Բաքվի եւ Անկարայի դժգոհությանը, ինչը բնավ էլ ցանկալի չէր նրա համար, մանավանդ որ դա կարող էր շահարկումների առիթ դառնալ: Այդ է վկայում Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի ոչ ամբողջական արարողակարգով 2004 թվականի սեպտեմբերին եղեռնի հուշահամալիր այցելությունը, ինչը զայրութի եւ դժգոհության ալիք բարձրացրեց Անկարայում եւ Բաքվում:

Իսկ այսօր Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, վերջինիս անկախանալուց ի վեր, կարելի է համարել ամենասերտը: Միեւնույն ժամանակ, ավելի քան երբեւէ ջերմ են Իրան-Թուրքիա կապերը: Եթե Ահմադինեժադն այցելեր Ծեծեռնակաբերդ, ապա Բաքվի եւ Անկարայի հակազդեցությունը կլիներ խիստ բացասական: Բացի այդ, այժմ Իրանի նախագահը բավական լուրջ խնդիրներ ունի երկրի խորհրդարանի հետ, որտեղ կան ադրբեջանամետ ուժեր, ինչն առավել խնդրահարույց կդարձներ Ծիծեռնակաբերդ նրա հնարավոր այցելությունը: Մանավանդ, որ իրանական որոշ ԶԼՄ-ներ ու վերլուծաբաններ բնավ էլ չէին խրախուսում նախագահ Ահմադինեժադի այցը Հայաստան: Իրանի ՙԵվրասիա՚ հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էլյաս Վահեդին հունիսի 5-ին  կենտրոնի կայքում հրապարակած հոդվածում, որի ընդլայնված տարբերակը կարելի է ընթերցել նաեւ  www.parset.com կայքում, խիստ քննադատաբար է անդրադարձել Իրանի նախագահի հայաստանյան այցին, գրելով է, որ բարձր մակարդակի այցերը Հայաստան բնավ նպատակահարամար չեն: Նա ընդգծում է,  որ նման այցերի ձեռքբերումները ոչ միայն նշանակալից չեն, այլեւ լրջորեն հարվածում են Իրան-Ադրբեջան եւ Իրան-Թուրքիա փոխհարաբերություններին, ինչպես նաեւ իսլամական աշխարհում Իրանի վարկին: Վահեդիի կարծիքով` Իրանը ջանքերը պետք է կենտրոնացնի ողջ աշխարհում եւ, մանավորապես, Հարավային Կովկասում շիաների համախմբմանը, այլապես բացառված չէ, որ շիաները կպառակտվեն, ինչի արդյունքում շրջանառության մեջ կմտնեն իրանական, թուրքական ու արաբական շիա  հասկացությունները:[3] Այս առնչությամբ նշենք, որ հեղինակն, ըստ երեւույթին, նկատի է ունեցել վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրջ քննարկումների առարկա դարձած` այդ երկրի խորհրդարանում կրոնական ազատությունների վերաբերյալ նոր օրինագծի շրջանակներում հոգեւորականների համար նոր զգեստներ նախատեսելու մասին իշխող ՙԵնի Ադրբեջան՚ կուսակցության անդամ Սիավուշ Նովրուզովի առաջարկությունը: Վերջինս ասել է, թե ադրբեջանցի հոգեւորակաները չպետք է չալմա կրեն, քանի որ դա իրանցի հոգեւորականների զգեստների առանձնահատկություններից է: Միեւնույն ժամանակ  նա առաջարկել է հավաքել շիա կրոնական կենտրոնների կողմից տեղադրված ընծայատվության արկղերը, ինչն արվում էր Իրանին ընդօրինակելով: Նման առաջարկությունների նպատակն ակնհայտորեն Իրանից հեռանալն է` առավելապես իսլմական հեղափոխության մտավախությամբ,  ըստ երեւույթին նաեւ հաշվի առնելով արաբական աշխարհում տիրող իրավիճակը:

Վահեդին ավելի հեռուն գնալով նշել է, որ եթե Իրանն ու Ռուսաստանը Հայաստանին չօգնեին, ապա Հայսատանը պատերազմում պարտվելու էր եւ ոչ թե Ադրբեջանի 7 շրջաններ էր բռնագրավելու: Բացի այդ, նա նախագահից պահանջում է հստակորեն, այլ ոչ թե կիսատ-պռատ  պաշտպանել Ադրբեջանի տարծքային ամբողջականությունը: Հոդվածագիրը  վնասակար է համարում երկրի դիվանագիտական անգնահատելի կարողությունները ներդնելը Հայաստանի նման տնտեսական ու քաղաքական սահմանափակ հնարավորություններով մի երկրում, որը հարկադրված է Իրանի հետ բարիդրացիական  փոխհարաբերություն հաստատել: Վերջում նա երկրի պաշտոնյաններից պահանջում է հավատարիմ մնալ իսլամական գաղափարախոսությանը եւ դատապարտել Ադրբեջանի տարածքների բռնագրավումը: Ահա թե ինչու կարելի է ենթադրել, որ Իրանի նախագահի այցելության հետաձգումը պայմանավորված էր առաջին հերթին ծրագրում Ծիծեռնակաբերդ այցի ընդգրկումով:

Փոխհարաբերությունների վերաբերյալ կան նաեւ այլ տեսակետներ: Հայաստանում Իրանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Հաղիղյանն Իրանի ՙԵվրասիա՚ հետազոտությունների կենտրոնին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո±ք Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը չեն հարվածում թուրք-իրանական լավ եւ Իրան-Ադրբեջան էլ ավելի լավացող փոխհարաբերություններին, ընդգծել է, որ Իրանի արտաքին-քաղաքական ռազմավարության մեջ առաջնային է համարվում հարեւանների հետ փոխհարաբերությունների բարելավումն ու ընդլայնումը, իսկ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւան երկրներ են: Նա  նաեւ հավելել է, որ  նրանցից յուրաքանչյուրի հետ փոխառնչությունների զարգացումը մյուսի դեմ ուղղված քայլ չէ եւ կարող է նպաստել նրանց միջեւ առկա խնդիրներին լուծմանը:[4]

Այս համատեքստում իրանական կողմը  բարեկամական, եղբայրական է գնահատում շիա Ադրբեջանի հետ փոխառնչությունները, ինչը չենք կարող ասել ադրբեջանական կողմի մասին, որը մշտապես Թեհրանին մեղադրում է Երեւանի հետ լավ փոխհարաբերություններ ունենալու համար: Ադրբեջանցի վերլուծաբան Դալղա Խաթինօղլուն, օրինակ, շեշտում է, թե ադրբեջանցի պաշտոնյաներն Իրանին համարում են Հայաստանի դաշնակիցը, նշելով, որ Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում անվտանգության հարցերում լուրջ տարաձայնություններ կան:[5] Նա գրում է.ՙՀայաստանն ու Իրանը պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագրեր ունեն եւ իրականացնում են լուրջ նախագծեր, այդ թվում` երկաթգիծ, Արաքսի վրա ՀԷԿ եւ նավթարդյունաբերական ապրանքների տարանցիկ խողովակաշարի կառուցում, մինչդեռ Բաքուն դեմ է Երեւանի հետ նման համագործակցություններին, մասնավորապես գրավյալ տարածքներում՚:  Նա հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում իր իրանցի պաշտոնակից Ահմադ Վահիդիի հետ հանդիպման ժամանակ (12 հոկտեմբերի, 2010թ.) խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշումը եւ նշել.ՙՄեր մտահոգությունները որոշ երկրների հանդեպ շարունակվում են, քանի որ նրանք մեզ հետ հանդիպելիս խոսում են բարեկամական փոխհարաբերություններից, երբ մեր թիկունքում ջանք չեն խնայում տնտեսական ու քաղաքական ոլորտներում հնարավորինս ընդլայնել Հայաստանի հետ փոխհարաբերությունները՚: Սա այն դեպքում, երբ ադրբեջանական աղբյուրների  համաձայն` Թեհրանը հենց Բաքվին է ռազմական բնագավառում համագործակցելու առաջարկություն արել: 2010թ. հոկտեմբերի 12-ին  Վահիդին Ադրբեջան կատարած այցի ընթացքում տված մի հարցազրույցում նշել է, թե Իրանն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցելու լուրջ հնարավորություններ ունեն, հավելելով, որ Իրանն այդ  տեսանկյունից զարգացած երկրների թվին է դասվում, ուստի  եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի, ապա Իրանը պատրաստ է համագործակցելու: Նա հնարավոր է համարել նաեւ երկու երկրների համատեղ զորավարժությունները Կասպից ծովում:[6]

Ավելացնենք, որ Ադրբեջան-Իրան տնտեսական փոխհարաբերությունների ծավալը բազմակի գերազանցում է հայ-իրանականի ծավալին, համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցում էլ Ադրբեջանը զգալիորեն շահեկան դիրքում է: Ահավասիկ, Իրան-Հայսաստան երկաթգծի կառուցման մասին համաձայնագիր կնքելուց հետո օրակարգ մտավ Ջուլֆա-Նախիջեւան-Իգդիր երկաթգծի կառուցման նախագիծը, եռակողմ համաձայնագիր կնքվեց, ինչը շատ կարեւոր ու բարձր են գնահատում նաեւ իրանցի վերլուծաբանները:[7]

 

 

1.www.hamashahrionline.ir,1հուլիսի, 2010թ.:

2. www.irna.ir, 6 հունիսի, 20011թ.:

3. www.iras.ir, 5, հունիսի, 2011թ.:

4. www.iraneurasia.ir, 6 հունիսի, 2011թ.:

5. www.dw-world.de, 18 հոկտեմբերի, 2010թ:

6. www.trend.az, 12 հոկտեմբերի, 2010թ.:

7.www.iras.ir, 17, մայիսի, 2011թ.:

Share

Comments are closed.