Պուտինի ապտակը հայկական քրեա-օլիգարխիային

Հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանի գլխավոր հայը՝ Արա Աբրահամյանը, խիստ հիասթափված եւ նույնիսկ զայրացած է ՌԴ նախագահ Պուտինի վրա, ով չի մասնակցել Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը: Ավելին, բացմանը չէր մասնակցել նաեւ Մոսկվայի քաղաքապետը, ում Սերժ Սարգսյանը շնորհավորել էր ընտրվելու կապակցությամբ:

 

Այս արարողությանը ներկա էին Ռուսաստանի եւ Հայաստանի խոշոր հայազգի գործարարները, եւ այն պետք է վերածվեր հպատակության հուզիչ ակտի. «Ասողը»՝ Պուտինը, պետք է «օծեր» այս մարդկանց իր ներկայությամբ եւ ընդուներ նրանց «ընծան»: Արա Աբրահամյանի հիասթափությունը կարելի է հասկանալ՝ այսքան ջանք ու փող գործադրվեց Հայաստանը Ռուսաստանին հպատակեցնելու համար, այսքան նվաստացումներ տարան, սակայն «ասողը» այդպես էլ չեկավ:

Եվրամիություն-Մաքսային միություն ողջ այս խառնաշփոթի մեջ շատ բաներ պարզվեցին ու բյուրեղացան: Հայկական քրեա-օլիգարխիան, որն ուզուրպացրել է Հայաստանի քաղաքական-տնտեսական բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները, իրեն ենթարկել պետական-քաղաքական ինստիտուտներն ու քաղաքական կուսակցություններին, պարզվեց կոմպրադորական բնույթի է (Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս ուներ սրանց հետ դեմոկրատական հեղափոխություն անել):

Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքագիտությունը սահմանում է, որ կոմպրադորական է համարվում հետամնաց երկրների բուրժուազիայի այն մասը, որն իրականացնում է առեւտրային միջնորդություն ներքին ու արտաքին շուկաներում եւ սերտորեն կապված է գաղութարարների հետ: Այն անվերապահ ենթարկվում է արտասահմանյան կապիտալին քաղաքական ու տնտեսական տեսակետից, եւ նրա կողմից օգտագործվում է տարբեր նպատակներով: Այս միջավայրից գաղութարարներն ընտրում են տեղական կառավարիչներ: Կոմպրադորական բուրժուազիայի բնութագրական գիծը ազգային-դեմոկրատական հեղափոխությունից հրաժարվելն է (Տեր-Պետրոսյանի ականջը կանչի) եւ հակազգային, պրոիմպերիալիստական դիրքորոշումը:

Ավելի պարզ ասած՝ կոմպրադորային բուրժուազիան պատրաստ է վաճառել ամեն ինչ, այդ թվում հայրենիքը՝ սեփական դիրքերը պահպանելու համար:

Թերեւս, գիտական այս մեջբերումը կարիք չունի լրացուցիչ մեկնաբանման հայկական «բուժուազիայի» վերաբերյալ: Հատկանշական է, որ երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, այս մարդիկ հայտարարեցին՝ Մաքսային միությունում շահավետ կվաճառենք միրգ ու բանջարեղեն:

Հայկական «բուրժուազիան»՝ քրեա-օլիգարխիան, ակտիվորեն ֆինանսավորեց եւ մասնակցեց Հայաստանի հանդեպ Ռուսաստանի շանտաժին ու սպառնալիքներին, թույլ չտալու համար երկրի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան, այսինքն՝ անկախ պետականության ամրապնդումն ու ապագաղութացումը: Հետաքրքիր է, որ այս գործում քրեա-օլիգարխիայի շահերը համընկան Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, որոնք նույնպես ակտիվ լոբբիստական գործունեություն էին ծավալել Հայաստանի արեւմտյան կուրսի դեմ: Բանն այն է, որ այդ կուրսն ամրապնդելու էր Հայաստանի միջազգային դիրքերը եւ մասնավորապես աշխարհքաղաքական վիճակը մի շարք միջազգային գործառույթներ ստանձնելու հեռանկարով: Պետությունը պետություն է այն ժամանակ, երբ ունի միջազգային որեւէ դեր: Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը չէին կարող նման բան թույլ տալ:

Բացի դրանից, հայկական քրեա-օլիգարխիան այդ դեպքում կամ ստիպված կլիներ վերափոխվել (ինչն անհնար է), կամ հեռանալ ասպարեզից, քաղաքական ու տնտեսական բնույթի այլ որակի տեխնոլոգիաների ներդրման արդյունքում: Այդ պատճառով, քրեա-օլիգարխիան իր ֆինանսական-քարոզչական ռեսուրսը, այդ թվում ռուսական ու թուրք-ադրբեջանական շանտաժը, օգտագործեց Հայաստանի գաղութային վիճակը եւ միջազգային մեկուսացումն ապահովելու համար:

Եւ ահա, նրանք գնացել էին Մոսկով՝ իրենց ջանքը Պուտինին մատուցելու եւ նրանից օծում ստանալու համար: Սակայն Պուտինը չէր կարող կանգնել նման զանգվածի կողքին: Ոչ մի տեղ աշխարհում, այդ թվում եւ Ռուսաստանում, չեն հարգում սեփական հայրենիքը հանձնողներին: Նրանց կողքին կանգնելով, Պուտինը կդառնար «հանցակից»: Հայաստանն ինքնին արդեն գլխացավանք է դարձել նրա համար, եւ կարիք չկա ստանձնել այդ գլխացավանքի հեղինակների անձնական խնդիրները: Ընդհակառակը, նրանց պետք է վերացնել, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում: Վերացնելուց առաջ լավագույնս ցուցադրելով նրանց հայկական եկեղեցում՝ կառուցված մետրոպոլիայում:

Հայկական կոմպրադորական բնույթի քաղաքական-բիզնես «էլիտային» միայն թվում է, թե փրկել են իրենց անձն ու ինչքը:

Հայկ Արամյան

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/88467

 

Share

Comments are closed.