Մաքսային միությունը և Հայաստանը. ակնկալիքներ և մարտահրավերներ

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար
Երևան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունների ու մարտահրավերների մասին փաստարկներ ներկայացնելուց առաջ հարկ է նկատել հետևյալը։

Տնտեսական ինտեգրացիայի առաջին փուլը Ազատ առևտրի գոտին է,  որն այդպես էլ չստեղծվեց ԱՊՀ երկրների միջև: Ընդամենը երկու տարի առաջ ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր, և դա այն դեպքում,  երբ արդեն  գոյություն ուներ Մաքսային միությունը: Այսինքն՝ այստեղ նաև շփոթ կա: Սկզբում ձևավորվում է Ազատ առևտրի գոտի, այնուհետև՝ Մաքսային միություն, ապա ընդհանուր շուկա,  որից հետո նոր քաղաքական և տնտեսական միություն: Համեմատության համար հարկ է նկատել,  որ արդեն 20 տարուց ավել է, ինչ գոյություն ունի Հյուսամերիկյան ազատ առևտրի գոտին՝ NAFTA-ն, որն այդպես էլ չվերածվեց մաքսային միության:  Այսինքն՝ այդքան էլ հեշտ չէ ցատկել ինտեգրման մեկ աստիճանից մյուսը:

Մյուս կողմից, իրականում արհեստածին է Հայաստանին դնել ընտրության առջև` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ, քանի որ Հայաստանը, և աշխարհաքաղաքական դիրքից, և տնտեսական ու քաղաքական շահերից ելնելով, պետք է փորձ իհարաբերությունները զարգացնել բոլոր երկրների հետ: Ավելին, մինչ Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամություն հայտնելը, Հայաստանը ուներ բավականին սերտ տնտեսական կապեր բոլոր հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ` Ադրբեջանի, ուստի այստեղ կարծես թե համագործակցության համար արդեն նպաստավոր դաշտ կար:

Քանի որ Մաքսային միությունն ընդամենը երկու տարվա պատմություն ունի , ապա, տնտեսական շահերը հաշվի առնելով, Հայաստանը կարող է լինել Մաքսային միությունը ձևավորողների և նախաձեռնողների շարքում, քանի որ այդ շրջանակներում ինտեգրացիային ակտիվ մասնակցությունը որպես համահիմնադիր անհամեմատ ավելի նախընտրելի է, քան հետագայում ձևավորված միության պահանջներին արձագանքելը: Մյուս կողմից, եվրաինտեգրման գործընթացը ոչ միայն չի հակասում Մաքային միության շահերին, այլև, հակառակը, կարող է օգնել ավելի լավ իրացնելու երկրների մրցակցային առավելությունները, այդ թվում ԵՄ շուկաներում, և էլ ավելի ուժեղացնել դիրքերը միջազգային ասպարեզում։ ԵՄ-ի և նրա առանձին անդամների հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամրապնդումը հնարավոր ենք համարում հենց չօգտագործված հնարավորություններն իրացնելու նպատակով։ Հարկ է նաև ուշադրություն դարձնել զարգացած և զարգացող երկրների քաղաքական և տնտեսական պայմանների տարբերություններին, ինչը վերջիններին հնարավորություն չի տալիս ոչ միայն իրականացնել իրենց մրցակցային առավելություններն արտաքին շուկաներում, այլև հաջող մրցակցել դրսից եկող սուբսիդավորված ապրանքների և ծառայությունների արհեստականորեն իջեցված գների հետ։Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն գործոնների վրա, որոնք որոշում են հետխորհրդային երկրների դերը համաշխարհային տնտեսությունում՝ միջազգային առևտրի փոփոխվող պայմաններում, և որոնք ակտուալ են դարձել նոր տնտեսակարգի ձևավորման հարցում։

Այս փուլում կարևոր է նաև այն, որ ռազամավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով արտաքին աշխարհի հետ զարգացնել առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև պետք է ամեն ինչ անել, որպեսզի նաև Բելառուսի և Ղազախստանի հետ միասին Հայաստանում վերագործարկվեն արտադրական ձեռնարկությունները:

Ակնկալիքներից մեկն էլ այն է,  որ Ղարաբաղի հարցում «ստատուս քվոն» կպահպանվի, և այդ աջակցությունը կլինի միանշանակ: Վերջերս Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառված զենքից հետո Հայաստանի հասարակությունը սկսեց մտորումների մեջ ընկնել, թե որքանով է հուսալի այդ երկրի հետ ռազմավարական դաշնակցությունը: Այստեղ այդ կասկածները կարող են փարատվել, եթե հնարավոր լինի ավելի սերտ համագործակցություն ունենալ ռազմաարդյունաբերական համալիրում, ուր դեռ ոչ հեռու անցյալից սկսած Հայաստանն ունի ավանդական համագործակցային հարաբերություններ և մրցակցային առավելություններ:

Բացի այդ, մեր համոզմամբ, տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղը որպես առանձին միավոր ընգրկել Մաքսային միության կազմում:  Սա լրացուցիչ երաշխիք կդառնա ինչպես արտաքին-քաղաքական կայունության, այնպես էլ տնտեսական զարգացման առումներով:  Սա, իր հերթին, հետագայում կարող է ստիպել Ադրբեջանին ընդունել «խաղի կանոններն»՝ ի շահ սեփական երկրի առավել կանխատեսելի զարգացման և տարածաշրջանային ինտեգրման:  Ավելին, Լեռնային Ղարաբաղում Մաքսային միության անդամ և այլ երկրների կողմից ակնկալվող ներդրումները ոչ միայն կնպաստեն տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորմանն ու զարգացմանը, այլև նվազագույնի կհասցնեն պատերազմի վերսկսման վտանգն ու իրական հնարավորություններ կստեղծեն միջազգային ճանաչման համար (հատկապես այն երկրների կողմից, ում տնտեսական շահերը ներկայացված կլինեն Լեռնային Ղարաբաղում):

Ներկայումս Մաքսային միության հարցում Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերում կարծես թե գերակշռում է քաղաքական տարրը, այլ ոչ թե տնտեսականը, այսինքն՝ փոխշահավետության սկզբունքը: Ցանկալի կլինի, որ պահպանվի այդ փոխշահավետության սկզբունքը:

Թեև քիչ խնդիրներ չկան նաև Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում, այնուամենայնիվ, չարժե համեմատել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հետ: Վաղուց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա են լարված հարաբերություններ: Գաղտնիք չէ, որ խիստ արտահայտված հակառուսական տրամադրություններ կային Ուկրաինայում, և պատահական չէ, որ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կոչվող դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Կիևում: Դաշինքի կազմի մեջ մտնող երկրները՝ Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան, առանձնապես սերտ հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ: Պատահական չէ, որ ՎՈւԱՄ ակտիվ գործունեությունն սկսվելուց շատ չանցած տեղի ունեցան «գունավոր հեղափոխություններ» Վրաստանում և Ուկրաինայում, որոնք, իհարկե, ավելի ուշ քաղաքական ձախողում կրեցին։ Իսկ նրանցից երկուսը (Ադրբեջանը և Վրաստանը) հրաժարվեցին մասնակցել ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն և Մաքսային միությանը։

Եվս մի կարևոր հանգամանք: Դեռեւս 1995-ին Հայաստանն ու Վրաստանը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են կնքել՝ ուղղված փոխադարձ տնտեսական համագործակցության ազատ զարգացմանը: Երկկողմ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումից հետո երկու երկրները դարձել են նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որի մի շարք չափանիշներ նրանց համար պարտադիր պայման են հանդիսանում: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեպքում որեւէ երաշխիք չունենք, որ Վրաստանը կշարունակի ազատ առեւտուրը ՀՀ-իհետ: Չլինելով միության անդամ՝ Վրաստանը կարող է գանձել միջնորդավճարներ: Այդ դեպքում ավելի շահեկան դիրքում կարող է հայտնվել Ադրբեջանը, որը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելով, Վրաստանի հետ առեւտրային հարաբերություններում կունենա «կրկնակի էժան մաքսատուրք»: Բնականաբար, դա կխախտի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքը, ինչի մասին Հայաստանը կարող է բարձրաձայնել, եթե նման անհրաժեշտություն լինի:

Կարևոր մտահոգություններից մեկն այն է, որ Հայաստանը ոչ միայն ցամաքային սահման չունի Մաքսային միության անդամ մյուս երկրների հետ, այլև ծովային:

Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, թե այս ձևաչափի դեպքում, ի վերջո, հայաստանցուն դա ի՞նչ կարող է տալ: Մաքսեր չենք գանձելու ԱՊՀ երկրներից ստացվող ապրանքների համար: Բայց չմոռանանք, որ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների մի զգալի մասը հենց մաքսատուրքերից է գոյանում: Ուրեմն` եթե մաքսատուրքերի կեսից ավելին չենք գանձելու, ապա ինչո՞վ պետք է լրացնենք: Սա լրջագույն խնդիր է Հայաստանի համար: Մենք գիտակցաբար գնում ենք դրան, բայց մեր գործընկերներն էլ պետք է հասկանան և աջակցեն Հայաստանին:

Դրա լուծումը ես տեսնում եմ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման միջոցով, բայց մինչ այդ փուլին հասնելը մեր ռազմավարական գործընկերների կողմից տրամաբանական կլիներ առժամանակ, ոչ մշտապես և ոչ ուղիղ հովանավորչական քայլերով աջակցելու Հայաստանին, որ Հայաստանը կարողանա այդ մրցունակությունը ձեռք բերել և եղածը չկորցնել, որպեսզի ունենանք արժանապատիվ հարաբերություններ, իսկ հետագայում այդ ծրագրերն իրագործելի լինեն, այլապես, այն կդառնա շատ վերացական:

Այնուամենայնիվ, եթե դիտարկենք տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից, ապա Հայաստանը պարտադիր պետք է մասնակցի դրանց և չպետք է մեկուսացված լինի, ինչպես նաև` հորդորի, որ մյուս մասնակիցներ ավելի սթափ ու լուրջ վերաբերմունք ունենան:

Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից հիմնականում ներմուծում է շուրջ 1 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ, իսկ արտահանումը գրեթե 3 անգամով պակաս է, առավել ևս, որ արտահանման համար որևէ մաքսատուրք չի գանձվում: Այսինքն` ներմուծումից ստացված մաքսերի հաշվին է, որ բավականին պատկառելի գումարներ են հավաքագրվում պետական բյուջե: Հարց է առաջանում, թե ինչո՞վ կփոխհատուցվի այն վնասը, որը առաջանալու է այդ մաքսատուրքերի չգանձումից, որի հաշվին ֆինանսավորվում է գիտությունը, առողջապահությունը, կրթությունն ու այլ ոլորտները:

Սկզբնական փուլում չի բացառվում, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե վերոնշյալ խնդիրը չլուծվի: Հակառակ դեպքում, վնասը շատ լուրջ կլինի: Շատ դրական է գնահատվում համագործակցությունը, բայց, քաղաքական որոշումների հետ մեկտեղ, ցանկալի է, որ կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել:

Մաքսային միությանը անդամակցելով՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ մյուս երկրները առևտրային քաղաքականության բնագավառում երրորդ երկրների նկատմամբ այլևս միակողմանի, ինքնակամ որոշումներ չեն կարող կայացնել: Այսինքն` հարցերը բոլոր երկրների հետ միասնաբար պետք է որոշվեն: Օրինակ` ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի այն երկրների հետ, որոնք չեն մտնում Մաքսային միության մեջ:

Հայաստանի համար ամենախոցելի ոլորտը մնում է գյուղատնտեսությունը։ Սակայն այստեղ ավելի պարզ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել պետության աջակցությամբ։ Առաջին հերթին, այս կամ այն մշակաբույսի աճեցման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը։ Խնդրի անլուծելիությունը հանգեցնում է վերաարտադրության կամ պակասուրդի, որն էլ ուղեկցվում է գների աճով։Այստեղ պետք է աշխատել, և այդ աշխատանքը կապված չէ ֆինանսավորման հետ։ Բացի այդ, պետք է լրջորեն աշխատել կազմակերպչական խնդիրների լուծման վրա, գյուղացիներին բացատրել առանձին գյուղատնտեսական մշակաբույսերի ներքին շուկայի պահանջները և ակնկալվող շահույթը։Պետք չէ նաև անտեսել, որ շատ պարենային ապրանքների հարցում Հայաստանն ինքնաբավ երկիր է։
Այս դեպքում նաև արտաքին շուկաներ դուրս գալով` գյուղացիները, հենվելով այդ աջակցության, որակի, չափանիշների, պահանջների մասին մասնագիտական խորհրդակցությունների վրա, կարող են հաջողության հասնել արտադրանքի արտահանման հարցում։

Մաքսային միությանն անդամակցումը նաև ժամանակի պահանջն է և այն ճանապարհը, որը թույլ կտա համարժեք պատասխանել համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին։ Կառույցի ներսում ուժերի ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում Միությունը կարող է դառնալ հետխորհրդային տարածքում ռեգիոնալացման գործընթացի կարևոր դրսևորումը՝ որպես հակակշիռ տնտեսական և քաղաքական գլոբալացմանը։ Վերջապես, զարգացման գիտականորեն հիմնավորված ծրագրերի և գործուն կառույցների ձևավորման կշռադատված որոշումների պարագայում Միությունը կարող է վերածվել համաշխարհային տնտեսության նոր ուժի կենտրոնի։ Դա, իր հերթին, կարագացնի բազմաբևեռ աշխարհի կազմավորման գործընթացը՝ նրա նոր դերակատարների ակտիվ մասնակցությամբ։  Ավելին, այն ավելի կհստակեցնի հետխորհրդային երկրների տեղը աշխատանքի միջազգային բաժանման մեջ՝ նպաստելով նրանց մրցակցային առավելությունների իրացմանը տարածաշրջանային ինտեգրման միջոցով:  Հայաստանի պարագայում ազգային մրցակցային առավելությունների արդյունավետ իրացմանը կարող են նպաստել Մաքսային միության անդամ երկրներում հայ համայնքները, որոնց ներուժի մոբիլիզացումը և արտերկրի «հայկական շուկայի» ձևավորումը դառնում է առաջնահերթ խնդիր:

Վերջապես, Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարել ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների դեմ։ Սպառողների համար ապրանքների նոր, ավելի բազմազան տեսականի առաջարկելուց բացի, Միության շրջանակներում տնտեսական համագործակցությունն ու մրցակցությունը կբերեն տեղական մենաշնորհների դիրքերի թուլացման և ապրանքների ու ծառայությունների գների որոշակի անկման:

ԱՊՀ երկրների անդամությունը միջազգային կազմակերպություններին այսօր էապես փոխել է զարգացող երկրների տեսակարար կշիռը։ Ընդհանուր առմամբ, հետխորհրդային երկրները, ավելի շատ ձայն ունենալով ԱՄՀ-ում և ՀԲ-ում, ի վիճակի են ժողովրդավարական և անկախ երկրների հետ համատեղ ավելի մեծ ազդեցություն գործել որոշումների ընդունման գործընթացի վրա՝ դրանք ուղղորդելով զարգացող երկրների շահերին։ Այսպիսով, Մաքսային միության անդամ հետխորհրդային երկրները ժամանակի ընթացքում կարող են համատեղ լոբբիի ենթարկել իրենց շահերը՝ համագործակցությունը և կոոպերացիան ավելի շահավետ դարձնելու նպատակներով։

Հաջողության կարևոր գործոն ենք համարում նաև որոշումների ընդունման գիտական հիմնավորումն ինչպես Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այնպես էլ նրա զարգացման ծրագրերի ուղղությամբ։ Դա տարածաշրջանային ինտեգրման գործընթացը կդարձնի արդյունավետ և անշրջելի։ Հարկ է հիշել, որ Դավոսի ներկայիս իմիջը ստեղծել են հենց գիտնականները, որոնց հաջողվել է հմտորեն կառուցել տնտեսական ինտեգրման սկզբունքները ոչ ֆորմալ երկխոսության և ինտեգրման մասնակից կողմերի շահերը համակողմանիորեն հաշվի առնելու միջոցով։

Share

Comments are closed.