Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց ջրախեղդ են անում

Ընդ որում՝ պուտինյան Ռուսաստանի օգտին

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փորձագետներն ու քաղաքագետները դեռ բոլորովին վերջերս փորձում էին բոլորին համոզել, թե շատ շուտով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում տեղի կունենա բեկում, այլապես մենք կսկսենք ազատագրման գործողություն: Եվ այս ամենն այն պարզ պատճառով, որ Հայաստանը որպես դաշնակից և «ֆորպոստ» Ռուսաստանին ապացուցել է իր անվստահելիությունը, իսկ մենք պատրաստ էինք Կրեմլին վճարել էներգետիկ համաձայնություններով և միջազգային գներով մեզ համար ոչ շատ կարևոր ռուսական սպառազինություների ձեռքբերմամբ:

Այժմ արդեն «նոր ադրբեջանցիների» ճամբարից չենք լսում ադրբեջանառուսական անխախտ դաշինքի մասին հրճվալից  հայտարարություններ: Այսօր լսվում է այլ բան. պարզվում է, որ համաձայնվելով անդամագրվել Մաքսային միությանը՝ Հայաստանն ապացուցել է, որ անկախ պետություն չէ, այլ՝ Ռուսաստանի վասալը:

Սա արտաքին քաղաքականության ծրագրավորման շատ տարօրինակ ոճ է: Պարզվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի մասով Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կառուցվում էր այն հաշվարկով, որ Հայաստանը Վիլնյուսում կստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և կհրաժարվի մասնակցել հետխորհրդային տարածությունում պուտինյան  ինտեգրացիոն նախագծերին: Այսինքն, բոլոր հաշվարկներն արվում էին Հայաստանի գործողությունների կամ անգործունեության, այլ ոչ թե պաշտոնական Բաքվի վարած արտաքին-քաղաքական ուղեգծի հաշվառմամբ: Բայց Հայաստանը հրաժարվել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից և հայտարարել է պուտինյան ինտեգրացիոն նախագծերին մասնակցելու ցանկության մասին: Եվ՝ «ամեն ինչ կորած է, շե՜ֆ»:

Բայց հազիվ թե Երևանում պետք է ուրախանան պաշտոնական Բաքվի այս արտաքին-քաղաքական ձախողման կապակցությամբ: Հայաստանի հետ Վլադիմիր Պուտինը վարվել է շատ ավելի դաժան: Հարցն անգամ այն չէ, որ Հայաստանը համաձայնվել է մասնակցել հետխորհրդային տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերին: Ի վերջո, վաղ թե ուշ նա ստիպված էր լինելու ընտրություն կատարել:

Այսօր փորձագետների մեծամասնությունը նշում է, որ Սարգսյանն այլընտրանք չուներ այն պարզ պատճառով, որ Արեմուտքն՝ ընդհանուր առմամբ, և Եվրամիությունը՝ մասնավորապես, ի վիճակի չէին երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: Այսպիսի երաշխիք կարող էր ընծայել միայն Ռուսաստանը: Եվ, որպես հետևանք, Սերժ Սարգսյանը չէր կարող հրաժարվել Պուտինի «հովանավորությունից»:

Այս ճշմարտությունը հայտնի էր բոլորին և վաղուց: Սակայն, հայ փորձագետները նախընտրում էին պնդել, թե ղարաբաղյան հակամարտության և Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման մեջ առաջընթացի բացակայությունը եվրաինտեգրման ճանապարհին խոչընդոտ չեն: Ընդհակառակը՝ եվրաինտեգրումը կօգնի այս հակամարտությունները կարգավորել ի նպաստ Հայաստանի:

Այսպիսով, տվյալ պահին խնդիրը Երևանի ընդունած որոշումների բովանդակային մասում չէ: Խնդիրը ձևի մեջ է, թե ո՞ր պայմաններում և ինչպե՞ս են Սերժ Սարգսյանին ստիպել հայտարարել Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Ձևն ինքնին վիրավորական էր թե՛ Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահի, և թե՛ Հայայստանի՝ որպես պետության համար:

Բայց չէ՞ որ հնարավոր էր փրկել Սերժ Սարգսյանի դեմքը: Վերջին երկու տարիների ընթացքում պաշտոնական Երևանն անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և ԵՄ հետ ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին պայմանագիրը: Սակայն Պուտինի հետ առանձնազրույցի երկու ժամը բավարար էր ամբողջը չեղյալ դարձնելու համար:

ՌԴ նախագահը որոշել է վերջին հարվածը հասցնել ոչ այնքան Սերժ Սարգսյանին, որքան հայ հասարակական մտքին, որը վերջին երկու տարիների ընթացքում կարծում էր, թե հնարավոր է դիմադրել անգամ անձամբ Պուտինին: Հայաստանի քաղաքական վերնախավը պետք է բուժվեր մեդվեդևյան ազատականության մնացորդային հատկանիշներից:

Մեծ հաշվով, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ Պուտինի այցն Ադրբեջան, ռուսական (ընդ որում՝ հարձակողական) սպառազինության մատակարարումները, էներգետիկ ոլորտում կնքված համաձայնությունները խայծ էին Հայաստանի համար: Ցավոք, պաշտոնական Երևանը ստիպված էր կուլ տալ այս խայծը:

Տողերիս հեղինակը բազմիցս գրել է, որ աշխարհաքաղաքական իրողությունների հաշվառմամբ ռուս-ադրբեջանական համագործակցությունը, ընդ որում՝ անկախ դիտարկվող ոլորտի, ազգային-պետական շահերի տեսանկյունից որոշիչ չէ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող միջպետական հարաբերություններում:

Առաջին հայացքից, երկու երկրների միջև երկկողմանի ապրանքաշրջանառությունն արձանագրում է աճի կայուն միտում: 2012 թվականի արդյունքներով այն կազմել է 11%՝ մինչև 3,4 միլիարդ դոլար, իսկ սույն թվականի հունվար-մայիս հատվածում ապրանքաշրջանառությունն աճել է 50%-ով:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականին ԱՊՀ երկրների հետ Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3629937,19 հազ. դոլար կամ՝ Ադրբեջանի արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 10,82% (33560842,37 հազ. դոլար.)՝ 2011թ. արձանագրված 15,1%-ի , 2010թ.՝ 14,47%-ի , 2009թ.՝ 16,15%-ի և 2008թ.՝ 7,21%-ի համեմատությամբ:

ԱՊՀ սահմաններից դուրս արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 29930905,18 հազ. դոլար կամ 89,18%: ԱՊՀ երկրներից դուրս արտահանումը կազմել է 22656077,30 հազ. դոլար (ընդհանուր արտահանման 94,76%-ը), ներկրումը՝ 7274828,88 հազ. դոլար (ընդհանուր ներկրման 75,36%-ը): Ադրբեջանն ուներ 15381248,42 հազ. դոլար դրական սալդո՝ 2011թ.16463307,91 հազ. դոլարի դիմաց:

2012թ. Ադրբեջանի արտաքին առևտրի հիմքը Եվրամիության հետ առևտուրն էր, որը կազմել է 13868474,92 հազ. դոլար կամ Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության 41,3%-ը:1

Իսկ 2012 թվականից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է համարյա 50 տոկոսով: Առաջին հայացքից դա բոլորիս պետք է ուրախացներ: Բայց իրականում ուրախանալու համար ոչ մի լուրջ առիթ չկա: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճը կապված է բացառապես Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինության գնման հետ: Պետք չէ տնտեսագետ լինել հասկանալու համար այն, որ դա եղած մակարդակի վրա ապրանքաշրջանառության պահպանման համար մշտապես գործող գործոն չէ: Ադրբեջանը տարեցտարի աճող ծավալներով զենք գնելու կարիք ունեցող պետություն չէ:

Անդրադառնալով Ադրբեջանի Պետնավթաընկերության (SOCAR) և «Ռոսնավթ» ընկերության միջև գովազդված պայմանավորվածություններին՝ նշենք, որ դրանք կրում են սոսկ շրջանակային բնույթ:

Մանրամասների վերաբերյալ դեռ պետք է պայմանավորվել: Բայց չէ՞ որ կարող են նաև համաձայնության չգալ: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ պահերի վրա. առաջինը՝ ազգային-պետական շահերի տեսանկյունից Ռուսաստանը կարիք չունի Ադրբեջանի հետ ունենալ այդպիսի սահմանափակ էներգետիկ համագործակցություն: Ծավալները բավարար չեն: Օրինակ՝ Ռուսաստանը Թուրքիային տասնյակ միլիարդավոր, իսկ Եվրոպային՝ հարյուրավոր միլիարդ դոլարների էներգակիրներ է վաճառում:

Այս ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի համար կունենար ահռելի աշխարհաքաղաքական նշանակություն, եթե Կրեմլի հսկողության տակ անցնեին ոչ միայն մեր էներգակիրների ողջ ծավալը, այլև դրանք համաշխարհային շուկաներ մատակարարող խողովակաշարերը: Բայց դա մեզ ձեռնտու չէ, ուստի և ինքնին անհնարին է:

Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը ոչնչով Հայաստանին չի սպառնում: Իսկ, ավելի ճիշտ, սպառնում է ոչ դրանով, ինչի մասին երազում են Բաքվում: Այսօր ռուսաստանյան փորձագետները դրա մասին բացեիբաց են խոսում:

Հայաստանի Առաջին տեղեկատվական ռեսուրսի հետ զրույցի ընթացքում ռուսաստանյան քաղաքագետ, Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանյուկը կարծիք է հայտնել, որ եթե ռուսական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանում ունենային մշտական բնույթ, ապա Հայաստանն իրոք կտուժեր: Սակայն, վերջինիս գնահատմամբ, դա այդպես չէ, և անհանգստանալու ոչ մի կարիք չկա. «Եթե ասվում է, որ մենք զինում ենք Ադրբեջանին, ապա՝ այո՛, ինչ-որ չափով մենք այն զինում ենք: Սակայն Ադրբեջանը Ռուսաստանից գնում է իր սպառազինությունների շուրջ 45 տոկոսը, մինչդեռ Իսրայելից՝ ավելի շատ: Իսրայելն Ադրբեջանին մեծ կարևորություն է տալիս, քանի որ դա իրեն սատարող միակ մահմեդական երկիրն է: Բացի դրանից, Ադրբեջանն Իսրայելից զենք է գնում ավելի ցածր գներով»: Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանից սպառազինություններ գնելու պատճառը գործադրված ճնշումն էր, քաղաքագետը պատասխանել է, թե դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:2

Ռուսաստանցի քաղաքագետի հետ կարելի է ամեն ինչում համաձայնվել, բացառությամբ այն բանի, որ զենքի մատակարարումները Հայաստանի վրա ճնշում գործադրելու եղանակ չեն: Որքան ավելի լավ է զինված Ադրբեջանը, այնքան շատ Հայաստանն ունի Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքի կարիք: Ռուսաստանը ոչ միայն շահույթ է ստանում, ինչն իրեն չի կարող թույլ տալ Հայաստանի հետ հարաբերություններում, այլև մեծացնում է Կրեմլից պաշտոնական Երևանի կախվածությունը:Դա արդեն Ռուսաստանի աշխարհաքաղաքական օգուտն է, որը ստանալու համար նա օգտվում է մեր «ծառայություններից»:

Մեծ հաշվով, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց ջրախեղդ անել, ընդ որում՝ հօգուտ Ռուսաստանի, դառնալով «ժամանակը մեր օգտին է աշխատում» մարտավարության զոհեր: Չէ՞ որ այժ Հայաստանին «համոզելուց» հետո Ռուսաստանը հնարավորություն է ստանում Ադրբեջանը շանտաժի ենթարկել հենց նույն Ղարաբաղով:

 
Photo: The Antlantic

 

 

Share

Comments are closed.