Զիջում՝ զիջման ետևից

Պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականությունը

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Քաղաքագետ
ԱՄՆ

Հայաստանի նախագահը հերթական անգամ շատերին, այդ թվում և իր թիմակիցներին «զարմացրեց», երբ այս ամսվա սկզբում հրապարակավ խոստացավ ներառել իր երկիրը Ռուսաստանի ստեղծած նոր տնտեսաքաղաքական միության մեջ: Այս հայտարարությունն ի չիք է դարձրել առավել քան երեք տարի նախապատրաստվող Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը և էապես սասանել է իր կառավարության հեղինակությունը եվրոպական մայրաքաղաքներում: Միաժամանակ, բանակցությունների գործընթացն ինքնին երկար ժամանակ պղտորում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները և չի կարողացել կանխել Հայաստանի համար այնպիսի տհաճ իրադարձություններ, ինչպիսին են Ադրբեջանին ռուսական սպառազինությունների վաճառքը:

Դատելով Մոսկվայում հայկական մայր տաճարի բացմանը Ռուսաստանի ղեկավարության ցուցադրական բացակայությունից՝ Սերժ Սարգսյանի վերջին խոստումները չեն նպաստել Կրեմլի հետ նրա հարաբերությունների առողջացմանը: Եվ, իրոք, Հայաստանի նախագահին դժվար է վստահել:

Վերջին կազուսները միանգամայն համահունչ են Սերժ Սարգսյանի քաղաքական ոճին, որն առանձնանում է շատախոսությամբ և սակավագործությամբ: Հայաստանի նախագահը վաղուց է սկսել սասանել վստահությունն իր խոսքերի և գործերի նկատմամբ: Ահա արտաքին քաղաքականության մեջ նրա ունեցած առավել հիշատակելի զիջումների և ձախողումների ցանկը.

2012թ. օգոստոսի վերջերին Ադրբեջանի ղեկավարության ջանքերով հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտից ազատելուց և հերոսացնելուց հետո արվել են կոշտ հայտարարություններ՝ այդ քայլից բխելիք հետևանքների մասին: Անցել է մեկ տարի, բայց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց և Եվրոպական դատարան հայց ներկայացնելուց բացի այլ հետևանքների մասին ոչինչ հայտնի չէ: Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց ՀՀ արտաքին գործերի նախարարը վերսկսել է ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումները, իսկ անցած ամիս Սարգսյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի վերընտրվելը բխում է հայկական շահերից: Վերջին շրջանում այս թեմայով որևէ նոր հայտարարություն չի հնչել, իսկ սույն խայտառակ միջադեպի մեկամյա տարեդարձից հետո սպանված սպայի հայրն ինքնասպանության փորձ է կատարել և տարվել հիվանդանոց:

2010թ. հունիսին չորս հայ զինվորականներ սպանվել են հրադադարի գծում հայկական կողմի համար տեղի ունեցած ամենաարյունալի միջադեպերից մեկի ժամանակ: Ի հեճուկս կատարվածի՝ Սերժ Սարգսյանը չի ընդհատել իր մասնակցությունը Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին, իսկ այնուհետև մեկնել է Գերմանիա: Սարգսյանը վրավորներին այցելել է միայն երկու շաբաթ անց: Նույն թվականի հոկտեմբերին ադրբեջանական սահմանին գերեվարված հովիվ Մանվել Սարիբեկյանը մահանում է ադրբեջանական բանտում: Մի քանի ամիս անց, ի հեճուկս հայկական ղեկավարության սկզբնական պնդումների, արդեն իսկ Ադրբեջանի ազգային հերոս հռչակված՝ հայ զինվորականներին սպանողի մարմինը հակառակորդին է փոխանցվել Սարիբեկյանի մարմնի դիմաց: Ալիևի հետ բանակցություններն այդ ժամանակ էլ չեն դադարել:

Նույն 2010 թվականին կառուցվում է Ստեփանակերտի օդանավակայանի նոր շենքը: Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է Երևանից ուղիղ չվերթներ սկսելու պատրաստակամության մասին, իսկ Սարգսյանը խոստանում է դառնալ առաջին ուղևորներից մեկը: Անցել է երեք տարի: Քաղաքացիական ինքնաթիռները հարվածելու Ադրբեջանի սպառնալիքներից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ներկայացուցիչների հորդորներից հետո ցայսօր օդանավի ոչ մի չվերթ չի կայացել: Փաստորեն, Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Ղարաբաղի օդային տարածքի վրա լիարժեք ինքնիշխանությունից:

Ղարաբաղի կարգավիճակի հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նույնպես կրել է բավական տհաճ փոփոխություններ: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը բացառում էր Ղարաբաղի ուղղահայաց ենթակայությունն Ադրբեջանին և իրեն էր վերապահում Ղարաբաղի միակողմանի ճանաչման իրավունքը բանակցություններում առաջընթացի բացակայության պարագայում: Սերժ Սարգսյանի գալով խոսվում է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա ընդունման մասին, իսկ ԼՂՀ միակողմանի ճանաչումը Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է քննարկել միայն Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիայի դեպքում: Սույն թվականի մարտ ամսին ԼՂՀ ճանաչման կոչերը Սարգսյանը որակել է «հիմարություն և դավաճանություն»:

Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» բուռն շրջանում Սարգսյանը խոստացել է մեկնել պատասխան խաղին և թուրք ղեկավարության հետ հանդիպել միայն բաց սահմանի միջով: Բայց 2009թ. սեպտեմբերին նա մեկնել է Բուրսա փակ սահմանով, որը փակ է մնում նաև այսօր՝ ի հեճուկս ստորագրված արձանագրությունների: Սերժ Սարգսյանը չի հարգել նաև իր սպառնալիքը արձանագրություններից ստորագրություն հետ կանչելու վերաբերյալ: Դրանից միանշանակ տուժել է ցեղասպանության ճանաչման սփյուռքյան արշավը, իսկ Սարգսյանը որոշ ժամանակով շահել է մի շարք երկրների ղեկավարների բարեհաճությունը:

– 2008թ. օգոստոսին Միխեիլ Սաակաշվիլու սանձազերծած վրաց-ռուսական պատերազմից ընդամենը 10 ամիս անց Հայաստանի նախագահն իր վրաց գործընկերոջը պարգևատրում է «Պատվո շքանշանով» և երկար ժամանակահատվածով թունավորում է ամենաազդեցիկ տարածաշրջանային տերության ղեկավարի հետ իր ունեցած հարաբերությունները:

Իհարկե, այս ոճն ունի նաև հակառակ՝ դրական կողմը: Ի տարբերություն Քոչարյանի կոշտ ներքին ուղեգծի՝ Սարգսյանը թե՛ քաղաքական ընդդիմախոսների, և թե՛ շարքային քննադատների հետ վարվում է ավելի ժողովրդավար և ձգտում խուսափել հակամարտություններից: Բայց երկրի ղեկավարի որակը պետք է չափվի հենց նման փոխզիջումային մոտեցումները սկզբունքային հարցերում անհրաժեշտ կարծրության հետ համատեղելու ու նաև՝ խոսքերը գործերի հետ համատեղելու ունակությամբ:

 

Share

Comments are closed.