Նման որոշումները պետք է կայացվեն հանրային լայն քննարկումների միջոցով

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը քննարկումների նոր ալիք բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում. երկու հայկական հանրապետություններում տարբեր կերպ ընդունվեց այդ որոշումը։ Տարաբնույթ քննարկումներ եղան նաև Լեռնային Ղարաբաղում: Այստեղ արձագանքներն այս անգամ առավել քան հակասական էին ու տարբեր, մի բացառությամբ, որ ոչ մեկը որոշմանը չանդրադարձավ տնտեսական տեսանկյունից՝ չնայած անուղղակի ակնարկներ, այնուամենայնիվ, եղան:

Բոլոր այդ արձագանքներում փորձ էր արվում ճշտել, թե ՄՄ-ին անդամակցելն ի՞նչ օգուտ կտա Արցախին, եւ ի՚՞նչ վնասներ կարող են լինել: Ինչպե՞ս այն կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման գործընթացի, ԼՂՀ անվտանգության վրա, որքանո՞վ է հնարավոր Ռուսաստանի կողմից Հայաստանի, հետեւաբար եւ Ղարաբաղի վրա «ճնշումների» շարունակումը, եւ ի՞նչ կտա ընդհանրապես Մաքսային միությունը: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել ներքոշարադրյալ կարծիքներում, որոնք տեղ են գտել տարբեր լրատվամիջոցներում:

 

ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնակի դերակատարությունը հայության կյանքում, գտնում է, որ նման որոշումը բավականին լավ մտածված է եղել, եւ Հայաստանը պարտավորված է լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն պետությունների հետ, որոնք տարածաշրջանում ունեն մեծ կշիռ, հնարավորություններ եւ ազդեցություն: Խոսնակի կարծիքով, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը վճռորոշ դերակատարություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի ապագայի կամ կարգավիճակի վրա եւ տեղին չէ այդ համատեքստում ղարաբաղյան թեման շրջանառության մեջ դնելը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի համոզմամբ՝ Հայաստանը կայացրել է մի այնպիսի որոշում, որը բխել է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի շահերից։

Հայաստանի եւ Արցախի միջեւ ընդգծված ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ լեզվական միասնության պայմաններում Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահմանի ստեղծումը Աշոտ Ղուլյանը չի պատկերացնում. «Ես դժվարանում եմ այս պահին ասել որեւէ տնտեսական առավելության մասին, որովհետեւ կարծում եմ, որ այդ նույն միության մեջ դեռեւս վերջնական ուրվագծված չեն, թե ինչպիսի առավելություններ կան, ինչպիսի ազդեցություն կարող է դրանք ունենալ եւ այլն»։

Իսկ ահա ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանը կարող է կայացնել ինքնուրույն, եւ այս հարցում չպետք է առաջնորդվել օգտապաշտական նպատակադրվածությամբ, որ Հայաստանը պարտադրված  է ցանկացած քայլ կատարել հօգուտ Ղարաբաղի։ «Իսկ ո՞վ է ասել, որ դա այդպես պետք է լինի։ Ինչո՞ւ ենք մենք փորձում Հայաստանի ապագան կանխորոշել Ղարաբաղի ապագայով։ Մենք անկախ երկիր ենք, եթե հռչակել ենք անկախություն, ապա պարտավոր ենք որոշումներ ընդունել մեր փոխարեն: Ղարաբաղում պետք է կշռադատեն օգուտն ու վնասը, մանավանդ, որ ազատ են Հայաստանի հետ քննարկումներում՝ ցանկացած մակարդակում»։ Միանշանակ «ոչ» ասելը, ըստ նրա, Հայաստանի ճանապարհը կաշկանդող գավառամտություն է, կաշկանդում է Հայաստանի ընտրության հնարավորությունները։ «Եւ ինձ թույլ եմ տալիս ասել, որ մենք ի վերջո պետք է Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման եւ ապագայի խնդիրները միմյանցից զատորոշենք, եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր, որովհետեւ միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության, ինքնորոշման իրավունքի երաշխավորը»,- գտնում է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ում կարծիքով ՄՄ անդամ երկրներից մեկը՝ պրոադրբեջանական դիրքորոշմամբ աչքի ընկնող Ղազախստանը, ամենայն հավանականությամբ վերապահումներ կունենա ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի՝ որպես մեկ տնտեսական տարածքի Մաքսային միությանն անդամակցելու հարցում»։Ամեն դեպքում, ըստ պատգամավորի, հանրային լայն քննարկումներ պետք է լինեն եւ հստակեցվեն, թե ինչ է այս փուլում անհրաժեշտ հայկական կողմին, ու որ տարբերակն է ավելի ձեռնտու եւ իրատեսական։

Ի տարբերություն պարոնայք Բաբայանի և Աթանեսյանի՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը գտնում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելն այնքան էլ ձեռնտու չի կարող լինել, ավելին՝ Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն նաեւ ՄՄ-ին անդամակցելուց հետո. «Կա կանխազգացողություն եւ մտայնություն, որ Մաքսային միության գործընթացի ընդհանուր բնույթը՝ հաշվի առնելով 2010-ից առայսօր Ռուսաստանի կողմից կոշտ միջամտությունները, յուրահատուկ պատգամները Հայաստանի իշխանություններին, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը թույլ է տալիս ենթադրելու, որ մաքսային միությանն անդամակցելը մեզ համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ։ Համոզված եմ, որ մենք թեւակոխել ենք պատմության մի նոր փուլ։ Թե ինչ կլինի այդ փուլում՝ դեռեւս լույսը չի երեւում, բայց կարող ենք ասել, որ այդ ամենը, ամենայն հավանականությամբ, կապված է նաեւ Ղարաբաղի անվտանգության եւ լինելիության հետ»։Դաշնակցականի կարծիքով՝ դժվար թե Հայաստանն առանց Ղարաբաղի անդամակցի Մաքսային կամ մեկ այլ միության։

Կուսակից ընկերոջ կարծիքը կիսում է նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ով գտնում է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմելու այնպիսի քայլի, որը կարող է վտանգ պարունակել: «Այսօր Արցախի տնտեսությունն ամբողջությամբ ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, Արցախի արտադրողի համար թիվ մեկ շուկան Հայաստանն է: Իսկ սա նշանակում է, որ հետդարձ քայլ չի կարող լինել: Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս կարգավիճակի վրա Մաքսային միության հնարավոր ներազդեցությանը, ապա դեռ վաղ է այդ մասին եզրահանգումներ անելը, քանի դեռ քննարկման առարկա չեն դարձել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հիմնարար սկզբունքները:  Բայց մի բան աներկբա է՝ այդ գործընթացը պետք է խարսխված լինի այն իրողության վրա, որ Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մի մասն է»,- գտնում է փոխվարչապետը, ում կարծիքով՝ եթե Հայաստանի առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության: Սա, ըստ նրա, գիտակցում են եւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը, ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի, Հայաստանի իշխանությունների ուղղակի դավաճանությունն է, Հայաստանի եւ Արցախի հերթական վաճառքն է Ռուսաստանին: «Մտնելով մաքսային միություն, որի անդամները պետք է մաքսեր չգանձեն, Հայաստանը կզրկվի մաքսային եկամուտներից, ներքին արտադրությունն էլ կտուժի»,- պնդում է արտահայտել ԱԺ պատգամավորը, ում համոզմամբ՝ Ռուսաստանը 200 տարի է, ինչ տիրապետում է Հայաստանին, քանդում այն. «Հիմա էլ ռուսական իշխանությունները մեր անկախությունն են քայլ առ քայլ վերցնում մեզնից»: Բադասյանը գտնում է, որ ՄՄ-ին միանալու փոխարեն լավ կլիներ, որ Հայաստանի իշխանությունները մտածեն երկիրը կայունացնելու, տնտեսությունը զարգացնելու, բանակը հզորացնելու, արտագաղթը կանխելու մասին:

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն էլ գտնում է, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը սահմանափակում է Հայաստանի առանց այն էլ ցածր ինքնիշխանությունը, բացի այդ՝ նվազեցնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի անվտանգությունը: «Անդամակցել մի միության, որտեղ գլխավոր դերակատարը Ռուսաստանն է՝ արդեն իսկ անհավասարություն է, եթե համեմատենք ԵՄ-ի հետ, որտեղ բոլոր մասնակիցները ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումներով հավասար են եւ մտահոգ են ընդհանուր շահերով»։

Արցախցի քաղաքագետ Արտակ Բեգլարյանը փաստում է, որ զուտ ռուսական վեկտորի ուղղությամբ ինտեգրացման յուրաքանչյուր քայլ էլ ավելի է դանդաղեցնում, դժվարացնում եվրոպական ուղղությամբ կատարվող հետագա քայլերը, քանզի այդ երկու ուղղությունները, ցավոք, հենց Մոսկվայի ու Բրյուսելի կողմից լայն առումով ընկալվում են որպես իրարամերժ վեկտորներ: «Այս համատեքստում առնվազն մոտակա տարիների ընթացքում դժվար է պատկերացնել որեւէ լուրջ քայլ դեպի Եվրոպա, քանի դեռ Հայաստանը պահպանում է Ռուսաստանից տնտեսական եւ անվտանգային միակողմանի ահռելի կախվածությունը, քանի որ, բնականաբար, ինչպես ցանկացած բեւեռ՝ Ռուսաստանը նույնպես հարկ եղած դեպքում օգտագործում է իր լծակները սեփական աշխարհաքաղաքական շահերն ապահովելու նպատակով»,- համոզված է նա:

Քարվաճառցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն էլ այն կարծիքին է, որ Մաքսային միությունը ոչ մի դրական բան չի կարող տալ, քանի որ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության ցանկացած նվազում մեծապես վնասակար է։ Հատկապես գոյաբանական ծանրագույն մարտահրավերների առջեւ կանգնած հայությանը մեր մի կտոր մնացած հայրենիքում պետականությունը պահպանելու իմաստով: «Պատմական փորձառությունը հայերիս պետք է հուշեր, որ ելնելով մեր աշխարհագրական եւ այլ առանձնահատկություններից՝ մենք պարտավոր ենք առաջնորդվել այն կեցվածքով, որն այսօր առհասարակ կոչվում է կոմպլեմենտարիզմ: Մենք չպետք է մտնենք որեւէ աշխարհաքաղաքական բլոկի մեջ, այլ պետք է մնայինք «մեջտեղում» եւ անհրաժեշտ չափով համագործակցեինք ուժի ամենատարբեր կենտրոնների հետ՝ ստանալով մեզ համար առավելագույն նպաստավոր քաղաքական արդյունք: Ներկա դրությամբ դա առավել քան հնարավոր էր,եթե Հայաստանն ունենար լիարժեք, կամ լիարժեքի նվազագույնի չափ դիվանագիտություն, որովհետեւ մեր տարածաշրջանում ոչ մի գերտերություն, ոչ մի աշխարհաքաղաքական խոշոր բլոկ չունի բացարձակ գերակայություն մյուսի հանդեպ»,- գտնում է նա։ Արցախի առնչությամբ Քանանյանը մի մտավախություն ունի՝ ելնելով ՄՄ անդամ Ղազախստանի դիրքորոշումից։ Այն է՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսային սահմանի հնարավորությունը: «Ըստ իմ ունեցած տվյալների՝ Արցախում արդեն նախնական աշխատանք է տարվում որոշ ժամանակ անց Արցախի եւ Հայաստանի վարչական սահմանին այսպես կոչված միջազգային չափանիշներին համապատասխանող մաքսատներ ստեղծելու ուղղությամբ: Եթե դա իրականություն դառնա, և մենք ունենանք հերթական Բագրատաշեն, ապա այն լինելու է հերթական ծանրագույն ոտնձգությունը հայ ժողովրդի եւ հայոց պետականության միասնության նկատմամբ, առավել եւս, եթե Հայաստանը որոշի Արցախը չճանաչված կարգավիճակով թողնել իր մաքսային սահմանից դուրս»:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հայտարարությունն անարձագանք չի մնացել նաեւ արցախցի երիտասարդների շրջանում. մի խումբ երիտասարդներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ՝ նշելով. «Մեր կարծիքով՝ տվյալ քայլը վտանգ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար, ուստի կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հաշվի նստել հասարակության կարծիքի հետ: Նման որոշումները պետք է կայացվեն միմիայն հանրային լայն քննարկումների միջոցով` օգտագործելով ժողովրդի կամարտահայտման համար գոյություն ունեցող հնարավոր մեխանիզմները»:

Share

Comments are closed.